Friday, March 25, 2011

Տոնախմբություն` Երևանում Իրանի դեսպանատանը

Երևանում Իրանի դեսպանատունը Նովրուզի առիթով տոնախմբություն էր կազմակերպել, որտեղ ներկա էին Հայաստանում Իրանի ներկայացուցիչներն իրենց ընտանիքներով:

Այդ առիթով ՀՀ-ում Իրանի դեսպան Ալի Սաղաիանը, Նովրուզը շնորհավորելով, անդրադարձավ Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի կողմից Նոր տարին «տնտեսական ջիհադ» անվանելու խնդրին և դրա լույսի ներքո վերլուծեց տարածաշրջանի երկրների իրավիճակը:

Դեսպանը, Իրան-Հայաստան հարաբերությունները բարձր գնահատելով, հույս հայտնեց, որ ապագայում այդ հարաբերությունները շատ ավելի կսերտանան:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Բահրեյնը դադարեցրել է իր չվերթները դեպի Իրան, Լիբանան ու Իրաք

«Ազատություն» ռ/կ –ի պարսկերեն ծառայության փոխանցմամբ, Բահրեյնի իշխանությունները կասեցրել են իրենց չվերթները դեպի Իրան, Լիբանան ու Իրաք:

Կայքի փոխանցմամբ, բահրեյնական Bahrain Air և Gulf Air ավիաընկերությունները դեպի Լիբանան տանող իրենց չվերթները դադարեցրել են: Դրա պատճառը Լիբանանի «Հիզբոլլահ» խմբակցության առաջնորդ Հասան Նասրալլահի վերջին հայտարարությունն է, որով առաջնորդը խիստ քննադատել է Սաուդյան Արաբիայի միջամտությունն ու ցուցարար ժողովուրդի դեմ կիրառած բռնությունները:

Բահրեյնի իշխանությունները նաև դադարեցրել են Gulf Air ավիաընկերության չվերթները դեպի Իրան ու Իրաք: Լուրերի համաձայն` Իրանի իշխանությունների ու Իրաքում՝ Մուղթադա Սադրի կողմնակիցների հրապարակած քննադատությունների ու դատապարտանքների արդյունքում են Բահրեյնի իշխանությունները նման քայլերի դիմել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Wednesday, March 23, 2011

Իրանական ինքնաթիռի վայրէջքի պատճառները` ըստ թուրքական Aksam օրաթերթի

Իրանական Fararu լրատվական կայքի հաղորդմամբ, թուրքական Aksam օրաթերթը, իր մարտի 22-ի համարում անդրադառնալով Դիարբեքիրի օդանավակայանում իջեցված իրանական բեռնատար ինքնաթիռի մասին լուրերին, «Ամերիկայի գաղտնաբառը» խորագրով մեկնաբանության մեջ գրել է. 

«Դիարբեքիրի օդանավակայանում իրանական ինքնաթիռի վայրէջքի հետևում թաքնված է ԱՄՆ-ի ձեռքը: ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի միջոցով թուրքական անվտանգության ծառայություններին հայտնել է, թե հավաստի տեղեկություն է ստացել այն մասին, որ իրանական բեռնատար ինքնաթիռում կասկածելի ապրանքներ կան: 

2010-ի հունվարի 9-ին, երբ Իրանի դեմ սահմանված շրջափակումները խստացվել էին, տասնյակ իրանական ինքնաթիռներ թուրքական կողմի պահանջով վայրէջք են կատարել Թուրքիայում և ստուգվել են: Դրանցից միայն երկուսի մասին են լուրեր հրապարակվել մամուլում:

Իրանական կողմը անհանգստացած է հաճախակի վայրէջքների հրամաններից և արդեն մի քանի չվերթ չեղյալ է հայտարարել»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանը փորձում է շահարկել Մերձավոր Արևելքի իրադարձությունները

Reuters գործակալության հաղորդմամբ, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բեն Ռոդեսը, Իրանի իշխանություններին ծայրահեղ կեղծավոր անվանելով, հայտարարել է. «Իրանի իշխանությունները մի կողմից հովանավորում են արաբական երկրների ռեֆորմիստներին, իսկ մյուս կողմից ներսում դաժանորեն ոչնչացնում է ընդդիմադիրներին ու հակառակորդներին: Նրանք փորձում են արաբական երկրների իրադարձությունները շահարկել իրենց օգտին»:

Հարկ է նշել, որ Իրանի իշխանությունները արաբական երկրներում ծայր առաջ փոփոխությունները համարում են Իրանի իսլամական հեղափոխության բնական շարունակությունը, և արաբական հեղափոխությունները անվանում են իսլամական արթնություն: Իրանի առաջնորդն ու նախագահը բազմիցս դատապարտել են արաբական երկրների ղեկավարությանը փողոց դուրս եկած ժողովուրդի դեմ բռնություն իրականացնելու համար:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Բահրեյնի անկումը տարածաշրջանում բարձրացնելու է Իրանի դերակատարությունն ու հանդուգն է դարձնելու Սաուդյան Արաբիայի շիաներին

Ամերիկյան հանրահայտ Stratfor ուսումնասիրական կենտրոնի վերլուծաբան Ջորջ Ֆրիդմանը, անդրադառնալով Բահրեյնում տեղի ունեցող իրադարձություններին, իր հեղինակած «Բահրեյնը և պայքարը Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև» վերլուծական հոդվածում գրում է. «Շիա շարժումների միջոցով Բահրեյնի վարչակարգի փլուզումը պատճառ կդառնա, որ Սաուդյան Արաբիայի հյուսիս-արևելքի նավթաշատ շրջանում բնակվող շիաները հանդուգն դառնան, նաև կթուլացնի ԱՄՆ ռազմական ներկայությունը տարածաշրջանում և կբարձրացնի Իրանի տարածաշրջանային դերակատարությունը:

Բահրեյնում Սաուդյան Արաբիայի միջամտությունը առիթ տվեց Իրանի իշխանություններին ակնհայտ միջամտություններ իրականացնել տարածաշրջանի երկրներում, մասնավորապես՝ Բահրեյնում:

Իհարկե, հիմնական նպատակը հենց Սաուդյան Արաբիան է: Բահրեյնի իրադարձությունները ազդելու են Սաուդյան Արաբիայի հյուսիսարևելյան շրջանների վրա, իսկ Եմենի դեպքերը ուղղակիորեն ազդելու են Սաուդյան Արաբիայի հարավային շրջանների վրա: Ուրեմն զարմանալի չէ, որ Սաուդյան Արաբիան աչալուրջ կերպով փորձում է կանխել տարածաշրջանային շիաների յուրաքանչյուր քայլը: Սաուդյան Արաբիայի իշխանությունները վախեցած է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Բահրեյնից արտաքսում են բոլոր իրանցիներին

Իրանական Shia Online լրատվական գործակալության հաղորդմամբ, Բահրեյնի թագավոր Համդ Բեն Իսա Ալ Խալիֆեի հրամանով, Բահրեյնում բնակվող բոլոր իրանցիները շուտափույթ պետք է հեռանան այդ երկրից:

Կայքի հաղորդմամբ, հիշյալ հրամանին պետք է ենթարկվեն նաև այն իրանցի կանայք, որոնք ամուսնացած են բահրեյնցի տղամարդկանց հետ և անգամ Բահրեյնի քաղաքացիություն են ստացել:

Shia Online-ը հաղորդում է, որ մարտի 22-ին Բահրեյնում բնակվող իրանցիների առաջին խումբը Gulf Air ավիաընկերության ինքնաթիռով վերադարձել է Իրան:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրան-Հայաստան սահմանը բաց է և շարունակում է ընդունել զբոսաշրջիկներին

Մարտի 23-ի երեկոյան իրանական IRIB պետական լրատվական գործակալությունը հայտարարեց, որ հայկական կողմը փակել է Մեղրու սահմանը և չի ընդունում իրանցի զբոսաշրջիկներին:

Գործակալության մատուցմամբ, ՀՀ մաքսային ծառայությունները հայտնել են, որ զբոսաշրջիկների թվի բարձր լինելու և Հայաստանում այդ թվով զբոսաշրջիկների համար հարմարության բացակայության պատճառով հրաժարվում են ընդունել իրանցի զբոսաշրջիկներին:

Հիշյալ լուրի հրապարակումից անմիջապես հետո մենք կապ հաստատեցինք Մեղրու սահմանակետի մաքսային ծառայության աշխատակիցների հետ ու փորձեցին խնդիրը ստուգել նրանցից: Մեզ փոխանցված տեղեկության համաձայն, իրանական գործակալության լուրը չի համապատասխանում իրականությանը, և իրանցի զբոսաշրջիկները առանց սահմանափակումների մուտք են գործում ՀՀ տարածք:

Մեզ չհաջողվեց պարզել, թե իրանական պետական լրատվական գործակալությունը ի՞նչ նպատակով է նման լուր հրապարակել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանը Նովրուզի առիթով ՄԱԿ-ում իր ձեռնարկած տոնակատարությունը կասեցրել է

Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մուհամադ Խազային հայտարարել է, որ Իրանը կասեցրել է ՄԱԿ-ում իր ձեռնարկած Նովրուզի տոնակատարությունը: Ըստ Խազայիի՝ Իրանը դա արել է վերջին շրջանում տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով և մասնավորապես Բահրեյնի ժողովրդին աջակցելու ու ցավակցելու նպատակով:

Հարկ է նշել, որ Իրանի ջանքերով 2010-ի փետրվար 18-ին ՄԱԿ-ում ընդունվեց մի բանաձև, որի համաձայն, մարտի 21-ը ճանաչվեց որպես Նովրուզի միջազգային օր:

Անցյալ տարի առաջին անգամ Թեհրանում տեղի ունեցավ Նովրուզի միջազգային օրվա տոնակատարությունը, իսկ Թեհրանը ընտրվեց որպես Նովրուզի միջազգային օրվա տոնակատարության պատասխանատու:

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Իրանի նախագահը մտադիր էր այս տարվա Նովրուզի տոնակատարություններն անցկացնել Աքեմենյան թագավորների «Թախթ Ջամշիդ» տարածքում, սակայն պահպանողական հոգևորականների և քաղաքական գործիչների ճնշումների արդյունքում հրաժարվեց իր մտադրությունից:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Tuesday, March 22, 2011

Թուրքական անվտանգության ծառայությունները իրանական ինքնաթիռում մեծ քանակությամբ զինամթերք են հայտնաբերել

Թուրքական Hurriyet օրաթերթը հաղորդում է, որ մարտի 21-ին Դիարբեքիրի օդանավակայանում վայրէջք կատարած իրանական ինքնաթիռի բեռնամասում հայտնաբերել են մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:

Հաղորդված լուրի համաձայն, իրանական ինքնաթիռում հայտնաբերվել են Կալաշնիկով մակնիշի զենքեր, նռնակներ ու հրթիռներ, որոնք հմտորեն տեղադրված են եղել բեռների մեջ:

Իրանական ինքնաթիռը դեռ պահվում է Դիարբեքիրի օդանավակայանում, որտեղ շարունակվում է հետաքննությունը:

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», իրանական Mahan ընկերությանը պատկանող բեռնատար ինքնաթիռը ուղևորվում էր դեպի Սիրիա, սակայն Դիարբեքիրի օդային տարածքում թուրքական անվտանգության ծառայությունների պահանջով վայրէջք է կատարել:

Հետաքրքիր է, որ իրանական կողմը, լուրին անդրադառնալով, հայտարարել էր, թե ինքնաթիռի վայրէջքը թուրքական իշխանությունների հետ ունեցած պայմանավորվածության համաձայն է եղել, իսկ հրապարակված լուրերի համաձայն, թուրքական անվտանգության ծառայությունները իրանական ինքնաթիռին ռազմական ինքնաթիռների միջոցով են պարտադրել վայրէջք կատարել Դիարբեքիրի օդանավակայանում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Բոլիվիան կվերանայի Իրանի համագործակցությամբ նոր ատոմակայաններ կառուցելու նախագծերը

«Ազատության» ռ/կ պարսկերեն ծառայության հաղորդմամբ, Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, անդրադառնալով Ճապոնիայի երկրաշարժի պատճառով ատոմակայանների պայթյուններին, հայտարարել է. «Մենք պայմանավորվածություններ ունեինք, որ մի քանի ատոմակայաններ կառուցելով, ատոմային էներգիան շահագործեինք մեր երկրում: Բայց այն, ինչ տեղի ունեցավ Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում, մեզ մտածելու առիթ է տվել»:

Բոլիվիան Իրանի Իսլամական Հանրապետության հետ պայմանավորվածություն էր ստորագրել, որի համաձայն, Իրանը պիտի աջակցեր Բոլիվիայում ատոմակայան կառուցելուն:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Քարուբիի որդուն հաջողվել է հանդիպել ծնողներին

Իրանական Kaleme լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդ, տնային կալանքում պահվող Մեհդի Քարուբիի որդիին՝ Ալի Քարուբիին, որը օրեր առաջ գրավի դիմաց ազատ էր արձագվել բանտից, հաջողվել է հանդիպել ծնողներին:

Ալի Քարուբին մի կարճ հաղորդագրությամբ հայտարարել է, որ Նովրուզի առիթով իրեն թույլատրել են հանդիպել ծնողներին, որոնք պահվում են տնային կալանքում, և ընթրել նրանց հետ: Ըստ նրա՝ Մեհդի Քարուբին և իր կինը առողջ են: Ալի Քարուբին նաև Նովրուզի կապակցությամբ Իրանի ժողովրդին ուղղված իր հոր շնորհավորական ուղերձն է փոխանցել, որը հրապարակվել է ռեֆորմիստական շարժմանը պատկանող լրատվական կայքերում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի կառավարության կողմնակից ուսանողները ցանկանում են մեկնել Բահրեյն

Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, անկախ ուսանողական իսլամական խորհուրդների միության քարտուղար Մուհամադ Աֆքանեն հայտարարել է. «Բահրեյնի, Լիբիայի և Եմենի մուսուլման ժողովրդի բնաջնջումը դառնացրեց Նովրուզը Իրանի ժողովուրդի համար: Իրանի զորքերը կարողություն ունեն Բահրեյնից դուրս հանելու Սաուդյան Արաբիայի ուժերին, բայց մի քանի հազար ուսանողներով էլ կկարողանանք պայքարել Սաուդյան Արաբիայի զինվորների դեմ»:

Հարկ է նշել, որ վերջին օրերին, Իրանի կառավարության կողմնակից այլ ուսանողական խմբակցություններ էլ բողոքի ցույցեր էին կազմակերպել Թեհրանում Բահրեյնի և ՄԱԿ-ի դեսպանատների առջև ու Իրանի իշխանություններից պահանջել, որ իրենց թույլ տան մեկնել Բահրեյն ու պայքարել Սաուդյան Արաբիայի զորքի դեմ:

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», իրանական մի շարք կազմակերպություններ սկսել են մահապարտներ հավաքագրել Բահրեյնում Սաուդյան Արաբիայի ուժերի դեմ պայքարելու նպատակով:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի առաջնորդը արձագանքեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շնորհավորական ուղերձին

Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին Մաշհադ քաղաքում ունեցած իր ելույթում արձագանքեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Նովրուզի առիթով Իրանի ժողովրդին ուղղած շնորհավորական ուղերձին:

Այաթոլլահ Խամենեին, անդրադառնալով Օբամայի ուղերձին, Արևմուտքի պարտված գործողությունը երկու բառով է բնութագրել՝ պատեհապաշտություն և կրկնօրինակում:

Իրանի առաջնորդը հայտարարել է. «Կրկնօրինակությունն այն է, որ Արևմուտքը փորձեց Եգիպտոսում, Թունիսում, Լիբիայում և արաբական այլ երկրներում ծայր առած ընդվզումները իրականացնել նաև Իրանում, մի երկրում, որտեղ տիրում է կրոնական ժողովրդավարություն, մի երկրում, որը պատկանում է ժողովրդին: Արևմուտքի աջակիցները մեր երկրում փորձեցին մի բան անել, այն հույսով, որ կստացվի, բայց չստացվեց: Նա (Օբաման) ասել է, թե Եգիպտոսի Թահրիր հրապարակում և Թեհրանի Ազադի հրապարակում համախմբվածները նույն մտադրությամբ են համախմբվել: Նա շատ ճիշտ է: Ամեն տարի Իրանի ժողովուրդը իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի առիթով համախմբվում է Ազադի հրապարակում, ու նրա գլխավոր լոզունգն է՝ «Մահ Ամերիկային»:
Նրանք ասում են, թե դեմ են դիկտատորներին, բայց սուտ են ասում: Հենց ԱՄՆ ներկայիս նախագահը տնտեսական ճգնաժամի ժամանակ ամերիկյան ժողովուրդի հարստությունից միլիարդավոր դոլարներ հատկացրեց երկրի բանկերին նրանց ասպարեզում պահելու նպատակով: Այսօր Ամերիկայի ժողովուրդը տառապում է տնտեսական ճգնաժամի պատճառով, ու նրանց նախագահն էլ չգիտի՝ ինչ պետք է անել»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը