Saturday, November 24, 2007

Թաքուն ձեռքերը վերափոխում են Միջին Արեւելքի դիմանկարը

ԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ

Վերջին շրջաններում շատ բարդ իրավիճակ է ստեղծւել Իրաքի Քուրդստանում: Հրապարակւած լուրերը ապացուցում են դա: Թեմայի խիստ կարեւորութեան պատճառով՝ հարկաւոր է ուշի- ուշով հետեւել տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխութիւններին:Թուրքիային տասնամեակներ շարունակ խանգարել է Քրդական հարցը: Տարիներ է, ինչ ՔԲԿ-ը (PKK) իր զինւած աշխարհազօրայինների միջոցով անապահով է դարձրել Թուրքիայի հարաւարեւելեան շրջանները: Բայց, ի՞նչը պատճառ դարձաւ, որ Թուրքիայի կառավարութիւնը, խորհրդարանի հաւանութիւնը ստանալով, 200 հազար բանակով շարժւի դէպի Թուրքիա-Իրաք սահմանագիծը՝ սպառնալով Իրաքի Քուրդստանի տեղական կառավարութեանը, թէ եթէ չկասեցնի հովանաւորութիւնը ՔԲԿ-ին, կը ներխուժի այդ տարածքները: Արդեօք քուրդ ապստամբները նախկին տարիների համեմատութեամբ՝ աւելի՞ էին աշխուժացել Թուրքիայի դէմ գործողութիւններով թէ աւելի հիմնական դրդապատճառ Թուրքիային մղեց այդ քայլին:
Երեւոյթները քննարկելով՝ պարզւում է, որ կան այլ խնդիրներ, Թուրքիայի դէմ կատարւող ՔԲԿ-ի գործողութիւններից աւելի կարեւոր, որը Թուրքիային դրդեցին աննախընթաց արշաւանք իրականացնել դէպի Իրաքի Քուրդստանի շրջանը, այն, ինչ անգամ նախընթաց չունէր Թուրքիայում գեներալների իշխանութեան ժամանակ:
Ուրեմն՝ ի՞նչ էր այդ զայրոյթի գլխաւոր դրդապատճառը.
1. ԱՄՆ-ն Իրաքի Քուրդստանի տեղական կառավարութեան հետ տնտեսական պայմանագիր կնքելու նպատակով՝ անտեսեց ու շրջանցեց Իրաքի կենտրոնական կառավարութեանը:
2. ԱՄՆ-ն իր ծրագրած Նոր Միջին Արեւելք եւ Իրաքի մասնատման նախագծի բերումով՝ քրդերին հովանաւորում է ամերիկեան զինամթերքով զինելու միջոցով:


* * *

Թուրքիայի կառավարութիւնը ամիսներ առաջ տեղեկացաւ, որ ամերիկեան «Հանթ էներջի» (Hunt energy) նաւթային ընկերութիւնը, որ պատկանում է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի մերձակից Ռէյ Հանթին, Իրաքի կենտրոնական կառավարութեան դերը անտեսելով՝ նաւթային պայմանագիր է կնքել Իրաքի քրդական տեղական կառավարութեան հետ: Վերոյիշեալ ընկերութեան տնօրէն Ռէյ Հանթը անդամակցում է ԱՄՆ-ի Արտաքին տեղեկատւութեան հարցերով զբաղւող խորհրդին, որը Բուշին խորհուրդներ է տալիս արտաքին տեղեկատւական ու անվտանգութեան հարցերով: Ուրեմն՝ նմանօրինակ ընկերութեան կնքած պայմանագիրը՝ քուրդ տեղական կառավարութեան հետ, այն էլ այն պահին, երբ դեռ չի յստակեցւել Իրաքի նաւթարդիւնաբերութիւնից գոյացած շահերի արդարացի բաժանման կանոնները, մեզ մտածելու առիթ են տալիս, թէ ինչը պատճառ դարձաւ, որ Ռէյ Հանթի ընկերութիւնը Իրաքի կետրոնական կառավարութեան կողմից մտահոգութիւն չզգալով՝ նաւթային պայմանագիր է կնքել Իրաքի քրդական տեղական կառավարութեան հետ:
Պատասխանը պարզ է: Ըստ երեւոյթին, Ռէյ Հանթը մի կերպ տեղեակ էր որոշ պայմանաւորւածութիւնների բովանդակութեան մասին, թէ մօտ ապագայում հնարաւոր է Իրաքի քրդական տեղական կառավարութիւնը իր շրջանում գտնւող նաւթահորերը անկախ տնօրինելու արտօնութիւնը ստանայ:
Այս ուղղութեամբ ամերիկացի հանրայայտ տնտեսագէտ Փօլ Քրուգմանը «Նիւ Եօրք թայմզ»-ում գրած իր խմբագրականում անդրադառնալով Ռէյ Հանթին՝ ասաց, թէ Հանթը աշխատում է անվտանգութեան ոլորտում եւ միաժամանակ որպէս առեւտրական՝ յայտնւում է Իրաքի Քուրդստանի շրջանում: Քրուգմանը իր յօդւածով խիստ քննադատեց Ռէյ Հանթի ընթացքը՝ յայտարարելով, թէ Իրաքի նկատմամբ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութիւնը ճշտւում է մի վաճառականի միջոցով: Հետաքրքիրն այն է, որ Քրուգմանի յօդւածը լուրջ ուշադրութեան չարժանացաւ: Դա երեւի սովորական երեւոյթ է Ամերիկայում:
Նաւթային կնքւած պայմանագրից յետոյ պարզւում է, որ անվտանգութեան ոլորտում աշխատող «Բլաք վաթըր» (Black water) ամերիկեան ընկերութիւնը, որ ղեկավարում է աշխարհի ամենամեծ մասնաւոր բանակը (ըստ որոշ տւեալների՝ այդ ընկերութիւնը 20-30 հազար բանակային է տեղադրել Իրաքում, բայց ըստ «Թայմ» պարբերականի՝ այդ թիւը հասնում է շուրջ 100 հազարի) թաքուն կերպով աշխատում է նաեւ քրդերին զինամթերք տրամադրելու ուղղութեամբ: Թուրքիայի կառավարութիւնը յուլիս ամսում այս խնդրի մասին զեկուցել է ԱՄՆ-ին՝ յայտնելով, թէ ՔԲԿ-ի աշխարհազօրայինների մօտ յայտնաբերւել է մեծ քանակութեամբ ամերիկեան զինամթերք:
Այս բոլոր տւեալները ապացուցում են, թէ տարածաշրջանում լուրջ փոփոխութիւններ են տեղի ունենում եւ թուրքերը դա գիտակցելով է, որ պատերազմական դիրք են բռնել:
Նոր Միջին Արեւելքի նախագիծը 2006-ից է, ինչ լրջօրէն արծարծւում է քաղաքական շրջանակներում: Այդ օրւանից, երբ ամերիկայի զինւած ուժերի պաշտօնաթերթում տպագրւեց գնդապետ Ռալֆ Փիթըրզին վերագրւած Նոր Միջին Արեւելքի գծւած քարտէզը, քաղաքագէտները աւելի խիստ ուշադրութեամբ հետեւեցին Միջին Արեւելքի անցուդարձերին: Յիշեալ քարտէզի համաձայն՝ նախատեսւած է անկախ Քուրդստանի ստեղծումը, որը իր մէջ է ընդգրկելու Իրանի եւ Թուրքիայի որոշ բաժիններ:
Այն, ինչ որ պարզ է, ԱՄՆ-ն Թուրքիայի հանդէպ խոստացած իր պարտականութիւնները չկատարելով՝ Իրանին ու Թուրքիային աւելիով է մօտեցրել իրար: Նաեւ տարածաշրջանում ամերիկեան զինամթերքով իրականացած ՔԲԿ-ի սանձարձակ գործողութիւնները պատճառ է դարձել, որ Թեհրանն ու Անկարան միատեղ պայքարեն իրենց ընդհանուր թշնամու դէմ, որը սպառնալիք է տւեալ երկու պետութիւնների հողային ամբողջականութեան համար:Այս իրավիճակը պատճառ է դարձել, որ ամերիկամէտ համարւող թուրք գեներալները ժողովրդի մօտ կորցնեն իրենց վստահութիւնն ու համբաւը: Թուրք ժողովրդի այդ տրամաբանութիւնը աւելի զարկ առաւ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում ընդունւեց Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող 106-րդ բանաձեւը:

Իրանի փայլուն հնարաւորութիւնները

Ինչպէս որ յայտնի է, տարածաշրջանում քրդերի առանցքով տեղի ունեցող փոփոխութիւնները մտահոգել են Թուրքիային, Իրանին ու Սիրիային: Վերջին ամիսներում յիշեալ երկրների դիւանագէտների միմեանց հետ հանդիպումները նաեւ այդ մտահոգութեան ապացոյցն են: Իրանը համոզւած է, որ ԱՄՆ-ն Իրաքի Քուրդստանում իր ռազմական յենակները տեղադրելու համար որոնում է լուրջ պատրւակ, եւ այդ պատրւակը կարող է գտնել Իրաքի վրայ կատարւող Թուրքիայի հաւանական յարձակումով: Ըստ հաւաստի աղբիւրների՝ Իրաքի Քուրդստանի ղեկավար Բարզանին իրեն հովանաւորող որոշ ամերիկեան լաբբիներից խորհուրդ է ստացել Թուրքիային դրդել պատերազմի ուղղութեամբ: Ըստ այդ նախագծի՝ Թուրքիան ներխուժելով Իրաք՝ միջազգային ատեաններում դասւելու է Իրանի ու Սիրիայի շարքը: Այդ իրավիճակում Բարզանին առիթ կունենայ քրդերին աւելի մօտեցնելու Իսրայէլին ու Արեւմուտքին:Իրանը մտահոգ է այդ խաղի աւարտի կապակցութեամբ եւ ճիշտ այս պատճառով՝ Իրանի արտգործնախարար Մոթթաքին անակնկալ կերպով այցելեց Սիրիա՝ իրավիճակը պարզելու համար, Դամասկոսին զերծ պահելու որեւէ ռազմական գործողութիւնից: Իրաքի Քուրդստանում ամերիկեան ռազմայենակներ տեղադրելով՝ տարածաշրջանը ալյեւս անապահով է դառնալու Իրանի, Թուրքիայի ու Սիրիայի համար:
Այս իրավիճակը փայլուն առիթ է ընձեռել Իրանին՝ իր ռազմավարական նպատակներն իրագործելու ուղղութեամբ:

Որո՞նք են Իրանի ռազմավարական նպատակները.
1. Տարածաշրջանում կառուցողական ներկայութեամբ՝ նւազեցնել ԱՄՆ-ի ու Իսրայէլի տիրակալութիւնը:2.Չէզոքացնել Իրաքի մասնատման հաւանականութիւնը:
3. Ոչնչացնել Իրանում աշխատող ՔԲԿ-ի մարտական մասնաճիւղ Փեժաքին:
4. Քրդական հարցը կարգաւորելով՝ Իրանը Թուրքիայից պահանջելու է, որ Իրանի դէմ ԱՄՆ-ի հաւանական յարձակման ընթացքում թոյլ չտան այլ ուժերը իր սահմանից ներխուժեն Իրան:
5. Տարածաշրջանում գոյութիւն ունեցող հակաամերիկեան տրամադրութիւնից Իրանը օգտւում է այդ երկրներին մի նոր եւ պարզապէս ոչ-ամերիկեան բլոկի շուրջ միաւորելու խնդրում:6. Տարածաշրջանում առհասարակ նւազեցնել քուրդ ապստամբների գործողութիւնները:


Ուրեմն՝ Իրանը իր ակտիւ դիւանագիտութեամբ փորձում է անփոփոխ պահել տարածաշրջանի ուրոյն դիմագիծը, այն, ինչ որ ԱՄՆ-ն փորձում է խաթարել՝ իր մաշկը փրկելու համար:
Յօդւածը տպագրւել է Հայաստանում հրատարակւող
«Երրորդ Ուժ Պլուս» շաբաթաթերթի թիւ 8 համարում
նաեւ

Wednesday, November 21, 2007

Փի Սի Մագազին - PC Magazine

PC Magazine
Nov. 2007

132 Էջ

28 MB

Download

Պուտինի պատգամի գաղտնազերծումը

տարածաշրջանում նոր բլոկի կազմաւորման հեռանկարով

ԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ
Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը Ստալինից յետոյ առաջին ռուս նախագահն էր, որ այցելեց Իրան՝ Կասպից ծովի համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովի աւարտին, երբ նա մեծ շուքով թողեց Իրանը, Թեհրանում ստեղծւեց քաղաքական հսկայ քաշքշուկ, որի ընթացքում Իրանի Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հրաժարւեց (կամ որոշ հոսանքների ասութեամբ՝ պաշտօնանկ եղաւ) իր պաշտօնից:
Համաժողովի աւարտին Ալի Լարիջանին յայտարարեց, թէ Պուտինը Իրանի ատոմական խնդրով նոր առաջարկներ է ներկայացրել Իրանի յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէին: Բայց, յաջորդ օրը նախագահ Ահմադինեժադը իր յայտարարութեամբ զարմացրեց բոլորին՝ ասելով, թէ Պուտինը ատոմական խնդրով ոչ մի առաջարկ չի ներկայացել: Դրան անմիջապէս յաջորդեց Լարիջանիի հրաժարականը, որի կարեւորութեան պատճառով՝ ստւերի տակ մնաց այն հարցը, թէ իրօք Պուտինը ատոմական խնդրով նեկայացրե՞լ է առաջարկներ թէ՝ ոչ: Դա այնպէս էլ չբացայայտւեց ու մնաց գաղտնիք:Այստեղ նպատակ ունեմ տարածաշրջանի ու միջազգային դիւանագիտական անցուդարձերը վերլուծելով՝ մի կերպ գաղտնազերծել Պուտինի առաջարկի առեղծւածը:

Հանդիպումների խճողում

Վերջին շրջանում տարածաշրջանի դիւանագէտների բազմաթիւ հանդիպումները իրենց հարեւան եւ դաշնակից պետութիւնների ղեկավարների հետ ստեղծել է դիւանագիտական հանդիպումների խճողւած մթնոլորտ: Դրանց գլխաւոր դրդապատճառները կարելի է համարել Պուտինի Իրան կատարած այցելութիւնն ու ԱՄՆ-ի կողմից Իրանի դէմ իրագործւած նոր եւ միակողմանի շրջափակումները:Տարածաշրջանի քաղաքական քաշքշուկների եռանկիւնին ձեւաւորւում է Իրանի, Թուրքիայի ու Սաուդական Արաբիայի եւ նրանց հովանաւորող կամ սպառնող ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Եւրոպայի առանցքով:Ռուսաստանը հովանաւորում է Իրանի ատոմական ծրագիրն ու ԱՄՆ-ի դէմ ստեղծւած թրքական նոր ճակատը եւ փոխարէնը՝ ԱՄՆ-ն Եւրոպայի ու արաբական երկրների հետ միատեղ խիստ ճնշումներ է բանեցնում Իրանի նկատմամբ:Իրանը բազմիցս յայտարարել է, թէ ոչ մի պայմանով չի կասեցնելու իր ատոմական աշխատանքները, Թուրքիան էլ իր հերթին քուրդ անջատողականների վիճակը պարզելու նպատակով՝ պատերազմական դիրք է բռնել: Այս ընթացքում Պարսից ծոցի արաբական երկրները թէ՛ Իրանի, եւ թէ՛ ԱՄՆ-ի կողմից ստացւող ճնշումների պատճառով՝ խուճապի են մատնւել: Արաբական երկրները, ըստ սովորութեան, հարցերը լուծելու նպատակով՝ միաւորւել են Արեւմուտքի հետ:Բայց, այդ դիրքորոշումները միայն սառոյցի լեռան այն բաժինն են, որ գտնւում է ջրից դուրս: Տարածաշրջանի աննախընթաց փոփոխութիւնների դրդապատճառները առաջին հայեացքով համարւում են Իրանի ատոմական տագնապն ու անկախ Քուրդստանի ստեղծումը, բայց այս բոլորից վեր տարածաշրջանում փոփոխութիւնների ու նոր դիրքորոշումների գլխաւոր եւ հիմնական դրդապատճառները պիտի որոնել Կրեմլի ու Սպիտակ տան կիրառած նոր քաղաքականութիւնների շրջագծում: Այս երկու պալատների բնակիչների կիրառած նոր դիրքորոշումները բազմակողմանի ու համապարփակ վերլուծութիւնը մեզ առիթ կը տայ պարզ պատկերացում կազմելու Միջին Արեւելքի ներկայ ու ապագայ փոփոխութիւնների մասին:

Պուտինի պատգամը ատոմակա՞ն էր

Իրանի ատոմական ծրագիրը ու դրա շուրջ ծայր առած քաշքշուկները Ռուսաստանին առիթ ընծայեցին, որ այլ ուժերին ապացուցի, թէ այլեւս ծնւել է մի նոր Ռուսաստան, որը ցանկանում է լրջօրէն համագործակցել միջազգային զանազան կառոյցների հետ, ինչպիսին են՝ Մեծ ութնեակը, Առեւտրի միջազգային կենտրոնը եւ այլն: Բայց, Սպիտակ տան կիրառած նոր քաղաքականութիւնները ապարդիւն թողեցին Ռուսաստանի բոլոր ցանկութիւնները: Ռուսաստանը մտադիր էր որոշ արտօնութիւններ ստանալու դիմաց փարատել Իրանի ատոմական խնդրով առաջացած Արեւմուտքի մտագոհութիւնները՝ համագործակցելով խնդրայարոյց կողմերի հետ, բայց այդպէս չեղաւ:Արեւմուտքի դիւանագիութիւնը համոզւած էր, որ Իրանի «փոսից» դուրս գալու համար չպէտք է կալանւել Ռուսաստանի «հորում»: Նրանք համոզւած էին, որ մինչեւ անգամ ատոմական ռումբին ձգտող Իրանի հետ աւելի հեշտ կարելի է լեզու գտնել՝ քան ռումբերով լի զինապահեստներ ունեցող վիրաւոր Ռուսաստանի հետ:

ԱՄՆ-ի նոյն այս դիրքորոշումն ու դրան զուգահեռ Եւրոպայում տեղադրւած հակահրթիռային յենակները պատճառ դարձան, որ Պուտինի իրանական այցելութեան գլխաւոր նպատակը քողարկւի ահաբեկչութեան սպանալիքների ու Իրանի ատոմական ծրագրի միջոցով: Եւ Կրեմլը իր «մարած ճրագներ»-ի քաղաքականութեամբ Իրանի հոգեւոր առաջնորդին ներկայացրեց իր առաջարկը:

Պուտինի առաջարկը ի՞նչ էր պարունակում: Սա այն գլխաւոր հարցն է, որ զբաղեցրել է բազմաթիւ վերլուծաբնների միտքը: Վերլուծաբանների մեծամասնութիւնը համոզւած է, որ Պուտինի առաջարկն ուղղակի առնչւում էր ատոմկան խնդրին, բայց քաղաքական-դիւանագիտական այլ տւեալներն ու երեւոյթները ուսումնասիրելով՝ պարզւմ է, որ Պուտինի առաջարկը չէր վերաբերւում Իրանի ատոմական խնդրին, այլ աւելի կարեւոր ռազմավարական հարցեր էր պարունակում:

Գաղտնազերծող հարցումներ

Իրանի համար ի՞նչը կարող է աւելի կարեւոր լինել ատոմական ծրագրից բացի: Ինչո՞ւ Պուտինը նախընտրում է իր առաջարկը ուղղակի յայտնել Իրանի հոգեւոր առաջնորդին: Ի՞նչն է պատճառ դառնում, որ Պուտինը նման առաջարկ ներկայացնէ Իրանին: Ինչո՞ւ Պուտինի Իրան կատարած այցից անմիջապէս յետոյ (երկու օր անց) Բուշը իր յայտարարութեան ընթացքում խօսեց Երրորդ աշխարհամարտի սկսման հաւանականութեան մասին: Արդեօք Պուտինի առաջարկի բովանդակութեան մասին տեղեկութիւնը պատճառ դարձաւ Բուշի նմանօրինակ արտայայտութեան: Ինչո՞ւ Վաշինգտոնը անսպասելիօէն Իրանի դէմ յայտարարեց ու գործադրեց ամենախիստ շրջափակումները: Ինչո՞ւ Իրանը անտարբերութեամբ վերաբերւեց այդ լայնածաւալ շրջափակումներին: Ինչո՞ւ Իրանի դիւանագիտութիւնը, Պուտինի այցելութեան աւարտից յետոյ, աւելի հիմնւեց Իրանի ու Ռուսաստանի հարեւան եւ դաշնակից երկրներ (Հայաստան, Սիրիա, Թուրքիա, Իրաք) այցելութեան վրայ՝ քան ատոմական խնդրի կարգաւորմանը: Հակառակ Իրանի տրամաբանական ցանկութեանը, ինչը պատճառ դարձաւ, որ Թեհրանը հակառակւի Իրաք ներխուժելու Թուրքիայի ցանկութեանը: Ինչո՞ւ Իրանի արտգործնախարար Մոթթաքին Պուտինի այցից յետոյ անմիջապէս այցելեց Իրաք եւ Սիրիա: Իսրայէլի, Գերմանիայի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի դիւանագէտների Չինաստան եւ Պարսից ծոցի արաբական երկրներ կատարած այցելութիւնները ի՞նչ նպատակով տեղի ունեցան: Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը ինչո՞ւ անակնկալ կերպով այցելեց Իրան:Այս ռազմավարական հարցերին պատասխանելով՝ հնարաւոր կը դառնայ քողազերծել Միջին Արեւելքում մինչ օրս առկախ մնացած բազմաթիւ դիւանագիտական անորոշութիւնները:

Ռուսական արջի մռնչիւնը

Իրանի հոգեւոր առաջնորդին ներկայացրած Պուտինի առաջարկը քննարկելիս՝ չպէտք է անտեսել Վլադիմիր Պուտինի պաշտօնավարութեան շրջանում տեղի ունեցած Ռուսաստանի ներքին եւ արտաքին անցուդարձերը ու նաեւ Եւրոպայում տեղադրւած ամերիկեան հակահրթիռային յենակների հարցը:

Բեռլինի պատի փլուզումից եւ սառը պատերազմից յետոյ Ամերիկան յաճախ իր քաղաքականութիւնը պարտադրում էր Ռուսաստանին եւ միջազգային յարաբերութիւններում աւելի բարձր դիրքերից էր խօսում Մոսկւայի հետ: Այդ երեւոյթը սկսւեց Գորբաչովի շրջանից եւ շարունակւեց մինչեւ Պուտինի պաշտօնավարութեան առաջին շրջանը: Բայց Պուտինի նախագահութեան երկրորդ շրջանում այդ հակադրութիւնը փոխւեց համակերպութեան: Պուտինը երկրորդ շրջանում իր վարկանիշը, որպէս ազգայնական նախագահ, աւելիով բարելաւեց ժողովրդի մօտ: Նա իր ուշադրութիւնը կենտրոնացրեց ֆեդերալ կառավարութեան հզօրացման, տնտեսութեան բարգաւաճման ու էներգետիկ ոլորտի զարգացման վրայ: Այս գործելակերպը պատճառ դարձաւ, որ Ռուսաստանը մասամբ վերագտեց իր անցեալի փառաւոր հզօրութիւնը՝ լուրջ մրցակից դառնալով ԱՄՆ-ի համար: Պուտինը հակադրւելով Ռուսաստանում ԱՄՆ-ի միջամտութիւններին, դէպի Արեւելք ծաւալող ՆԱՏՕ-ի ընդլայնմանը եւ ծնունդ առած գոնաւոր յեղափոխութիւններին ու նաեւ ԱՄՆ-ի ցանկութեան հակառակ՝ Թեհրանի ու Դամասկոսի հետ յարաբերութիւնները բարելաւելով՝ բոլորին փաստեց, որ այլեւս աւարտւել է ամերիկեան միաբեւեռ աշխարհակարգը: Պուտինը Ռոսաստանի միջազգային ու տարածաշրջանային դիրքը բարելաւելու համար ուշադրութիւն դարձրեց Կրեմլի ազգային ու ռազմավարական շահերին: Ճիշտ այդ տրամաբանութեամբ էր, որ Ռուսատսանը մուտք գործեց Իրանի ատոմական խնդրի կարգաւորման գործընթաց՝ երկակի յարաբերութիւն ստեղծելով թէ՛ Իրանի, եւ թէ՛ ԱՄՆ-ի հետ: Ռուսաստանը իր այս երկակի յարաբերութեան ընթացքում ո՛չ վշտացրեց Թեհրանին, եւ ո՛չ էլ Վաշինգտոնին : Մոսկւայի այս երկակի խաղը պիտի մի օր հասնէր իր աւարտին եւ այդ պահը եղաւ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն հակառակւեց Առեւտրի համաշխարհային կենտրոնին միանալու Ռուսաստանի ցանկութեան հետ ու արեւելեան Եւրոպայում հակահրթիռային յենակներ տեղադրելով՝ սպառնաց Ռուսաստանի տարածաշրջանային հեգեմոնիային:Պուտինը ԱՄՆ-ի այս վերջին քայլը նմանացրեց 60-ական թւականներին ԱՄՆ-Խ. Միութեան միջեւ առաջացած հրթիռային տագնապին, երբ ԱՄՆ-ն Խ. Միութեան հաւանական յարձակումից պաշտպանւելու պատրւակով Եւրոպայում եւ Թուրքիայում տեղադրեց իր հրթիռային յենակները: Խ. Միութիւնն այդ քայլին հակազդելու համար՝ իր հրթիռային յենակները տեղադրեց Կուբայում: Ի վերջոյ, այն ժամանակւայ երկու գերհզօր բեւեռները պատերազմից խուսափելու համար՝ համաձայնեցին իրենց յենակները հեռացնել միմեանց սահմաններից: Նաեւ Խ. Միութեան Կոմունիստական կուսակցութեան գլխաւոր քարտուղար Խրուշչովը յայտարարեց, թէ երկու տարբեր տնտեսական ու հասարակական համակարգերի համակեցութիւնը հնարաւոր է: Սա ուղղակի հակասում էր Մարքսի գաղափարախօսութեանը:Պուտինը նաեւ իր հերթին հաւատարիմ մնաց Խրուշչովի խորհուրդներին, մինչեւ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն նորից իր հրթիռային յենակներով սպառնաց Ռուսաստանին:

Ուժային բլոկի ծնունդը

ԱՄՆ-ն իր այս տեսակ քաղաքականութեամբ, որը խորքում գործադրւում է Ռուսաստանին մեկուսացնելու նպատակով, գործնականում Մոսկւային նետել է Թեհրանի գիրկը, որը վճռել է ամէն գնով պահպանել իր ատոմական աշխատանքները: Ռուսաստանի համար դաշնակցումը Իրանի նման ազդեցիկ ու հզօր երկրի հետ, որը համարւում է ԱՄՆ-ի գլխաւոր հակառակորդը՝ Միջին Արեւելքում, ստեղծեց փայլուն հնարաւորութիւն՝ իրականացնելու իր տարածաշրջանային ու միջազգային երկարատեւ նպատակները: Ի՞նչ է Ռուսաստանի ռազմավարական նպատակները՝ Իրանում, տարածաշրջանում եւ աշխարհում: Կրեմլը այդ նպատակներին հասնելու համար՝ ի՞նչ տեսակ քաղաքականութիւն է որդեգրելու: Այս ընթացքում ի՞նչ դեր է վերապահւած Իրանին, Թուրքիային, Հայաստանին, Իրաքին ու Սիրիային: Վերոյիշեալ հարցերը քննարկելու համար՝ պիտի ուշադրութիւնը դարձնել.1 - Իրանի առաջնորդին ներկայացրած Պուտինի առաջարկը, 2 - Եւրոպայում տեղադրւած յենակների եւ Կուբայի հրթիռային տագնապի միջեւ առկայ նմանութիւնը ու 3 - Բուշի յայտարարած Երրորդ աշխարհամարտի առաջացման երեւոյթները: Այս տւեալների դասաւորութիւնը ճշտելով՝ հնարաւոր կը դառնայ քողազերծել Պուտինի գաղտնի առաջարկը:

Հաւանական քողազերծում

Ա - Միջին Արեւելքում, Կենտրոնական Ասիայում եւ Պարսից ծոցում ԱՄՆ-ի ծաւալւող տիրակալութեանը դիմադրելու նպատակով` Ռուսաստանը առաջարկում է կազմաւորել ուժային նոր բլոկ` Ռուսաստան, Իրան, Թուրքիա եւ Սիրիա, Հայաստան, Իրաք առանցքով:Բ - ԱՄՆ-ի ռազմական սպառնալիքին դիմադրելու համար` Ռուսաստանը յանձն է առնում աւարտել Բուշեհրի ատոմակայանը՝ միջազգային ոլորտում լիարժէք Իրանին հովանաւորելով, ի դիմաց՝ պահանջում է Իրանում կամ Իրանի դաշնակից երկրներում տեղադրել հակահրթիռային նոր յենակներ:Գ - Իրանը վերոյիշեալ առաջարկներին համաձայնելով՝ պարտականութիւն կը ստանայ տարածաշրջանի երկրներին միաւորելով՝ ապահովել նրանց համագործակցութիւնը եւ Ռուսաստանն էլ իր հերթին հովանաւորելու է բոլորին:
Այս գաղտնազերծութեան ճշմարտութիւնը ապացուցելու համար՝ պիտի նշենք այն տւեալները, որոնք հնարաւորութիւն ստեղծեցին գաղտնիքը բացայայտելու աշխատանքում:
1 - Վլադիմիր Պուտինի այցը Իրան միայն Կասպից ծովի հերթական համաժողովին մասնակցելու նպատակով տեղի չունեցաւ, այլ Ռուսաստանի կողմից յստակ պատգամ էր ԱՄՆ-ին: Յիշեալ այցելութիւնը կատարւեց այն ժամանակ, երբ Ռուսաստանը վերաորակաւորելով իր դերը՝ մտադիր է միջազգային ոլորտում ազդեցիկ ներկայութիւն ապահովել իր համար: Եւրոպայում տեղադրւած ամերիկեան հակահրթիռային յենակների ու նաեւ Ամերիկայի արտգործնախարարի ու պաշտպանութեան նախարարի Մոսկւա կատարած այցի ընթացքում ստացած պատգամների հանդէպ Պուտինի վերաբերմունքը ինքնին ապացուցում է դա:
2 - Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը ցանկանում են սերտ համագործակցութիւն հաստատել Եւրոպայի հետ: Թուրքերը մտադիր են մուտք գործել Եւրոմիութիւն, ռուսները ցանկութիւն ունեն էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցութիւն ստեղծել Եւրոպայի հետ եւ Իրանն էլ իր հերթին տնտեսութեան ու մշակոյթի ոլորտներում Եւրոպայի հետ լուրջ համագործակցելու ակնկալութիւն ունի: Բայց, Մոսկւայի, Անկարայի եւ Թեհրանի մերձեցման համար մի հզօր դրդապատճառի կարիք էր զգացւում եւ դա առաջացրեց Վաշինգտոնը՝ Ռուսաստանի դէմ տեղադրելով հրթիռային յենակներ, Իրանի դէմ զարգացնելով միակողմանի շրջափակումներ, եւ Թուրքիայի դէմ արծարծելով Հայոց Ցեղասպանութեան բանաձեւն ու քրդերին պաշտպանելու միջոցով:Այս երեք երկրների դաշնակցումը նշանակում է նոր ուժային բլոկի ծնունդ:
3 - Ռուսաստանը քաջ գիտակցում է, որ այս ուժերի միացումը զգալի կերպով մերձեցնելու է Մոսկւային, Թեհրանին, Անկարային ու անգամ Դամասկոսին: Միայն այդ ընթացքում է, որ Իրանը, Թուրքիան եւ Սիրիան որդեգրելու են հակաահաբեկչական ռազմավարութիւն, որոնց որդեգրած ընթացքը պարտադրաբար պիտի հովանաւորի Արեւմուտքը: Այսօրւայ իրողութիւնը նման է Իրանի, Թուրքիայի եւ Իրաքի միջեւ կնքւած 1950 թ. հակակոմունիստական ու հակաքրդական պայմանագրին, միայն այն տարբերութեամբ, որ այս անգամ Ռուսաստանն որպէս գերուժ՝ հովանաւորում է դաշնակիցներին եւ ոչ ԱՄՆ-ը: Ռուսաստանը կարգաւորելու է Քրդական հարցը եւ այդ ուղղութեամբ հնարաւոր է երեւան գայ աւելի չափաւորական Իրան, որը սերտ յարաբերութիւն կը ստեղծի Իրաքի շիա կառավարութեան հետ ու Ռուսաստանի, եւ ոչ ԱՄՆ-ի միջամտութեամբ կը զսպի ապստամբ քրդերին:
4 - Ռազմական ոլորտում Ռուսաստանը աւելի նւազ է ԱՄՆ-ից, բայց էներգետիկ ոլորտում դա Ռուսաստանն է, որ իր որոշ որոշումները պարտադրում է ԱՄՆ-ին: ԱՄՆ-ի ռազմական բիւջէն կազմում է մօտ 400 միլիարդ դոլար եւ Ռուսաստանինը միայն 21 միլիոն դոլար, որը ապացուցում է ԱՄՆ-ի ռազմական գերակայութիւնը, բայց էներգետիկ ոլորտում ԱՄՆ-ն իր 60% նաւթի կարիքը (օրական 21 միլիոն տակառ) ներածում է միջազգային շուկայից: Տարածաշրջանում նոր ուժային բլոկի յայտնութիւնը, որ վերահսկում է աշխարհի նաւթի 90%-ը, ԱՄՆ-ի համար նշանակում է մեծ պարտութիւն, իսկ Ռուսաստանի համար՝ մեծ յաղթանակ:
5 - Այս բլոկի կողմից վերահսկւող նաւթային արտադրութիւնը պատճառ կը դառնայ, որ այդ ռազմավարական նիւթը գների սղաճ արձանագրի: Ներկայում Վլադիմիր Պուտինի կարճաժամկէտ ռազմավարութիւնն էլ հիմնւած է միջազգային շուկայում նաւթի գնի բարձրացման վրայ: Դա նաեւ պատճառ կը դառնայ Ռուսաստանում Պուտինի վարկանիշի բարելաւմանը եւ կերաշխաւորի նրա գոյատեւումը՝ քաղաքական ասպարէզում, անգամ վարչապետի պաշտօնով:
6 - Պուտինը Իրան-Արեւմուտք լարւածութիւնը զարգացնելով՝ բարձրացրեց Իրանի վրայ յարձակւելու հաւանականութիւնը: Պուտինը այս քայլով Իրանին պարտադրեց իր ատոմական խնդիրը կարգաւորելու համար՝ աւելիով յենւել Ռուսաստանին: Դա նման է 1967-ին կատարած Բրեժնեւի քայլին, երբ Եգիպտոսի նախագահ Ջամալ Աբդոլնասերին քաջալերեց պատերազմել Իսրայէլի դէմ: Այդ պատերազմի հետեւանքով՝ Եգիպտոսը անցաւ Խ. Միութեան գիրկը:
7 - Նոր բլոկի կազմաւորման ընթացքում Ռուսաստանը ատոմական էներգիայի, զինամթերքի վաճառման ու տեխնոլոգիայի փոխանցման միջոցով աւելի է մօտենալու Արաբական աշխարհին: Կրեմլը այս քայլով նպատակ ունի. ա - Տարածաշրջանի երկրների հետ ռազմականօրէն համագործակցելով՝ չէզոքացնել Միջին Արեւելքում ծաւալւող ԱՄՆ-ի տիրակալութիւնը: բ - Միջին Արեւելքի երկրներում Իրանին վաճառւող ռուսական զինամթերքի պատճառով առաջացած մտահոգութիւնների նւազեցումը: գ - Պարսից ծոցում գոյութիւն ունեցող նաւթային հսկայ առեւտրի գործում ապահովել Ռուսաստանի ներկայութիւնը:
8 - Ռուսաստանը Իրանին իր հետ ուղեկից դարձնելու նպատակով՝ սերտ համագործակցում է Չինաստանի հետ: Նրանք 1996-ին ստեղծեցին Շանհայի պայմանագիրը, որը հակաահաբեկչական ու անվտանգութեան բնոյթ ունէր, բայց յետոյ այդ պայմանագիրն իր գործունէութիւնը ոչ միայն տարածեց տնտեսական ոլորտում, այլ նաեւ ռազմական ոլորտում լուրջ զարգացումներ արձանագրեց: Շանհայի պայմանագիրը իրեն վերանւանելով «Շանհայի համագործակցութիւնների կազմակերպութիւն», ապացուցում է յիշեալ փոփոխութիւնները: Ռուսաստանի միջնորդութեամբ Իրանը այսօր անդամակցում է այդ կազմակերպութեանը՝ դիտորդի կարգավիճակով եւ մօտ ժամանակներում դառնալու է լիիրաւ անդամ:
9 - Պուտինը ԱՄՆ-ի դէմ իր ուժային ցուցադրութեան ընթացքում իր համաձայնութիւնը յայտնեց Իրանի հոգեւոր առաջնորդի կողմից առաջարկւած գազային ՕՊԵԿ-ի նախագծին:
10 - Եթէ Պուտինի Իրանի առանցքով կատարած քաղաքական եւ տնտեսական գործադրումները յաջողութեան հասնեն եւ միաւորւեն տարածաշրջանի երկրները, բնականաբար կը ծնւի մի ուժային նոր բլոկ, որը ոչ կախում ունի Արեւմուտքից եւ ոչ էլ Արեւելքից:Նմանօրինակ բլոկի ձեւաւորումը նշանակում է, թէ այլեւս փոփոխւում են ներկայ աշխարհակարգի ուժային դիրքորոշումները:Ուրեմն՝ հարկաւոր է, որ Հայաստանն էլ իր հերթին վերանայի իր դիրքորոշումներն ու առաջնահերթութիւնները՝ աւելի լուրջ դեր ապահովելով տարածաշրջանի ուժային նոր համակարգում:
Յօդւածը տպագրւել է Հայաստանում հրատարակւող
«Երրորդ Ուժ Պլուս» շաբաթաթերթի թիւ 7 համարում
նաեւ
Եւ

Վորլդ Սաքեր - World Soccer

Այսօրւանից կփորձեմ ներկայացնել միջազգային հետաքրքի պարբերաթերթերի էլեկտրոնային տարբերակը
World Soccer
Nov. 2007


116 Էջ
15 MB

Wednesday, November 14, 2007

Գործնապաշտ դարձած գաղափարապաշտը

Հրաժարո՞ւմ թէ պաշտօնանկութիւն

ԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ

Երբ Իրանի դիւանագէտները պատրաստւում էին ատոմական նախագծի ուղղութեամբ Հռոմում հանդիպել Խաւիէր Սոլանային, լրատու ցանցերի թէժ լուրերում յայտնւեց սպասւած եւ ոչ-շատ անակնկալ մի լուր՝ «Իրանի Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հրաժարւեց իր պաշտօնից»:
Սա անակնկալ չէր քաղաքագէտների համար, ճիշտ այն պատճառով, որ այլեւս որինաչափ դարձած «Ամէն շշուկ սուտ չէ եւ իրականանալու համար կարիք ունի ժամանակի» հասարակական ասացւածքը, կրկին իրականութիւն դարձաւ: Ամիսներ էր, ինչ շշուկ էր տարածւում թէ Ալի Լարիջանին ցանկանում է հրաժարւել իր պաշտօնից, բայց ամէն անգամ չէր ընդունւում նախագահ Ահմադինեժադի կողմից, ի վերջոյ, շշուկներն իրականութիւն դարձան, երբ Լարիջանիի հրաժարումից անմիջապէս յետոյ՝ Ահմադինեժադը Ջալիլիին նշանակեց Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար:
Կառավարութեան խօսնակ Էլհամը իր յայտարարութեան մէջ յայտնեց, թէ Ալի Լարիջանին իր անձնական դժւարութիւնների պատճառով՝ հրաժարւել է իր պաշտօնից: Բայց, այս պատճառը, այն էլ երկրի քաղաքական խիստ կարեւոր օրերում, համոզիչ չէր եւ մի կերպ ընկալւում էր որպէս անարգանք՝ սեփական ժողովրդի հանդէպ: Այդ պատճառով էլ մի քանի օր անց Լարիջանին մամուլին ասաց, թէ ինչքան իմ մէջ փնտրում եմ անձնական դժւարութիւն, չեմ գտնում: Լարիջանիի այս յայտարարութիւնը եկաւ լրացնելու խորհրդարանի փոխնախագահ Բահոնարի խօսքերը, թէ այլեւս Ահմադինեժադ-Լարիջանիի համագործակցութիւնը հնարաւոր չէր:Լարիջանին նախագահական ընտրութիւններում մրցակից էր Ահմադինեժադին, բայց պատկանում էր նոյն Ահմադինեժադի Արմատական թեւին:
Երբ Ահմադինեժադն ընտրւեց երկրի նախագահ, անմիջապէս փոխեց Անվտանգութեան խորհրդի քարտուղար Ռոհանիին՝ Լարիջանիին որպէս նոր քարտուղար հոգեւոր առաջնորդին ներկայացնելով: Լարիջանին եւ նոյնպէս Ահմադինեժադը իրենց պաշտօնավարութեան առաջին օրերից երեւան եկան որպէս իդէալիստներ՝ քննադատելով նախկին կառավարութիւններին ու ատոմական խնդրով բանագնաց խմբին: Լարիջանիի հրաժարականը գալիս է փաստելու այն իրականութիւնը, որ այս երկու տարւայ ընթացքում երբ Լարիջանին բազմիցս հանդիպել է միջազգային զանազան դիւանագէտների ու մօտկից ծանօթացել է Իրանի ատոմական թղթածրարին, մի կերպ ասես դարձել է գործնապաշտ (պրագմատիստ), ինչը նաեւ կարելի է համարել նրա եւ Ահմադինեժադի անհամաձայնութեան գլխաւոր դրդապատճառը: Նոյն այս պրագմատիստ դարձած նախկին իդէալիստի ջանքերով էր, որ բարելաււեցին Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի յարաբերութիւնները, այն հեռանկարով, որ Իրանի թղթածրարը պիտի վերադառնայ ՄԱԳԱՏԷ: Նաեւ նրա երկարատեւ աշխատանքի հետեւանքն էին Իրան- Իրաք- ԱՄՆ եռակողմ բանակցութիւնները եւ այդ ուղղութեամբ նաեւ Իրանի դէմ երրորդ բանաձեւի հաստատման կասեցումը:
Բայց թէ ինչու նախագահ Ահմադինեժադի եւ նրա քաղաքականութիւններին յարող Լարիջանիի մինջեւ ծագեց այնպիսի անհամաձայնութիւն, որը եւ յանգեց վերջնիս հրաժարականին:Երբ 2005-ի սեպտեմբերին Ահմադինեժադը ստանձնեց նախագահական պաշտօնը, Իրանի Ազգային անվտանգութեան խորհրդի փորձառու քարտուղար Ռոհանին, որը այդ պաշտօնում աշխատել էր շուրջ 16 տարի, նախագահի ծայրայեղական ուղղւածութիւնը տեսնելով ու նաեւ ծանօթ լինելով արմատականների գործելաոճին, որը տիրում էր խորհրդարանում եւ այլեւս հաստատւել էր նաեւ կառավարութեան կազմում, ինքնակամ հրաժարւեց իր պաշտօնից՝ տեղը զիջելով Ալի Լարիջանիին: Լարիջանին ստանձնելով Անվտանգութեան խորհրդի քարտուղարութիւնը, ինչպէս նախագահ Ահմադինեժադը, իրեն ամրագրելու համար սկսեց քննադատել նախկին կառավարութիւններին ու մասնաւորապէս նախկին բանագնաց խմբի գործունէութիւնը՝ ասելով, թէ նախկինները մարգարիտ տւեցին Արեւմուտքին, փոխարէնը ստացան միայն քաղցրաւենիք: Նա այս գնահատականը տւեց նախկին կառավարութեան կողմից ստորագրւած Փարիզի եւ Սաադաբադիի (Թեհրանի) պայմանագրերին: Լարիջանին մինչեւ իր պաշտօնավարութեան վերջին օրերը հանդէս էր գալիս մերթ ռադիկալ եւ մերթ նուրբ ու հաշտւողական ոճով, բայց ժամանակի անցումով, երբ միջազգային տրամադրութիւններն աւելի սրւեցին Իրանի դէմ, Լարիջանին եւս մեղմացրեց իր դիրքերն ու մերւեց նախկին բանագնաց խմբի տեսակէտներին, այսինքն՝ ատոմական աշխատանքների ժամանակաւոր կասեցում եւ սահմանափակ գործունէութիւն: Այլեւս փոխւել էր Լարիջանին ու դարձել աւելի գործնապաշտ իրատես՝ քան գաղափարապաշտ: Այդ ընթացքում էր , որ նախագահ Ահմադինեժադը սկսեց իր արտայայտութիւնները՝ ատոմական թղթածրարի ուղղութեամբ՝ ասելով, թէ Իրանը երբեք, անգամ մէկ վայրկեան չի կասեցնելու ուրանի յագեցման աշխատանքը: Նա անգամներ զանազան բեմերից յայտարարեց, որ Իրանի ատոմական ծրագրի «գնացքը» չունի արգելակ եւ անսասան գնում է դէպ առաջ: Ահմադինեժադը այդ օրերում խիստ քննադատեց այն անձանց, որոնք վախով են բանակցում Արեւմուտքի հետ ու բազմիցս յայտարարեց, թէ Իրանը հասել է ատոմական ծրագրի գագաթնակէտին եւ այլեւս աւարտւած պիտի համարել դա: Բոլորին պարզ յայտնի էր թէ, երկրի նախագահը իր այդ խօսքերով ում է թիրախ դարձնում:Ահմադինեժադի ու Լարիջանիի անհամաձայնութեան վերջին դրսեւորումը եղաւ այն ժամանակ, երբ Լարիջանին յայտարարեց, որ Ռուսաստանի նախագահն իր հետ Թեհրան է բերել մի յատուկ առաջարկ՝ ատոմական խնդրով, որը Ահմադինեժադը յաջորդ օրը հերքեց:
Լարիջանիի հրաժարականի պատճառների մի այլ վարկածն էլ այն է, թէ անկախ արմատական խմբակցութիւններն ու անհատները, ինչպիսին են՝ Թեհրանի քաղաքապետ Ղալիբաֆն ու Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի քարտուղար Մոհսէն Ռեզային, այն կարծիքի են, թէ խորհրդարանական առաջիկայ ընտրութիւններին պիտի մասնակցել համախմբւած ձեւով, ուրեմն՝ պիտի աւելի ուշադրութիւն դարձւի ներքին հարցերին՝ քան արտաքին: Այս օրերում աջ թեքում ունեցող թեւը մի կերպ մասնատւած է եւ Լարիջանիի նման փորձառու ու աջերի մօտ աւելի համբաւ վայելող անհատը կարող է համախմբել անկախ աջերին՝ ընտրութիւններում յաջողութեան հասնելու համար:

Ատոմական ծրագրի հեռանկարները

Ինչպէս յօդւածի սկզբում նշեցի, Ահմադինեժադի եւ Լարիջանիի միջեւ գոյացած անհամաձայնութիւնը նոր երեւոյթ չէր, ու այդ պատճառով էլ՝ Լարիջանիի հրաժարականը այսպէս ասած՝ անակնկալ չհամարւեց: Շուրջ 10 ամիս առաջ «Համշահրի» (Համաքաղաքացի) օրաթերթը, որ ղեկավարւում է Ազգային անվտանգութեան խորհրդի խօսնակ Հոսէյն Էնթեզամիի միջոցով, իր վերլուծութեան մէջ այսպէս գրեց. «Համարեա 2005-ի ապրիլ ամսից կազմւեց մի զուգահեռ այլ հոսանք ու դիւանագիտութիւն, որն իր ստւերն է տարածել ատոմական հնարագիտական դիւանագիտութեան վրայ, որը սպառնալիք է այդ ոլորտի ձեռքբերումների համար: Այս զուգահեռ դիւանագիտութիւնը, յատկապէս նախագահի զանազան արտայայտութիւններով, պարզապէս ատոմական դիւանագիտութիւնը հանեց ձեռքբերւած հաւասարակշիռ հունից, այնպէս, որ Իրանի թղթածրարը, որ առաջարկւած փաթեթին դրական պատասխանելով՝ դուրս էր գալիս ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդից, թէժ յայտարարութիւնների միջոցով նորից կասկածի մատնւեց եւ դրա արդիւնքում Իրանի դէմ երկու բանաձեւեր հաստատւեցին»: Այդ վերլուծութիւնը Լարիջանիի դիւանագիտութիւնը որակեց որպէս հնարագիտական եւ Ահմադինեժադի դիւանագիտութիւնը որպէս սուր արտայայտութիւնների վրայ հիմնւած:
Վերոյիշեալ յօդւածը առաջինն էր, որ թափանցիկ կերպով քննադատեց նախագահ Ահմադինեժադի դիւանագիտութիւնը եւ նրա սուր յայտարարութիւնները համարեց գլխաւոր դրդապատճառը Իրանի դէմ հաստատւած ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի երկու բանաձեւերի: Բայց, Ահմադինեժադը, որ փաստել է, որ իրեն հասցէագրւած որեւէ քննադատութիւն անպատասխան չի թողնում, անմիջապէս պատասխանեց Լարիջանիի խօսնակի յօդւածին: Մի քանի օր անց Ահմադինեժադի կառավարութեան խօսնակ Ղոլամհոսէյն Էլհամը լրագրողներին յայտարարեց, որ «Իրանի ատոմական դիւանագիտութեան դիրքորոշումները ճշտւում են միայն հանրապետութեան նախագահի միջոցով»: Ուրեմն՝ Էլհամի յայտարարութեամբ՝ Իրանի դիրքորոշումներն այն են, ինչ յայտարարել է նախագահը եւ դա սառը ջուր թափեց Լարիջանիի կողմնակիցների վրայ, որոնք կարծում էին, թէ կարող են Ահմադինեժադին համոզել հրաժարւել իր ծայրայեղական յայտարարութիւններից:Ուրեմն՝ աւանդական պահպանողականների ջանքերն ապարդիւն մնացին ու Լարիջանին իր տեղը զիջեց արտգործնախարարութեան Եւրոպա-Ամերիկա բաժնի խորհրդական ու Ահմադինեժադի դասախօսութիւնները կազմող Սաիդ Ջալիլիին:
Այս փոփոխութիւնից անմիջապէս յետոյ թէ՛ Ահմադինեժադը եւ թէ՛ Լարիջանին յայտարարեցին, որ Անվտանգութեան խորհրդի քարտուղարի ու ատոմական խնդրով բանագնացի փոփոխութիւնը ոչ մի կերպ չեն ազդելու բանակցութիւնների ընթացքի վրայ:
Բայց, արդեօք իրականում այդպէ՞ս է:
Լարիջանիի դիւանագիտութիւնը, իրօք, պիտի որակել հնարագիտական: Նրա ռազմավարութիւնը հետեւեալն էր՝ ատոմական տագնապը հասցնել գագաթնակէտի, ապա դիմացնից ստանալ առաւելագոյն արտօնութիւններ եւ ի վերջոյ տագնապը կասեցնել մեղմ երանգով: Նոյն այս հնարագիտական դիւանագիտութեամբ էր, որ Լարիջանին զգալի յաջողութիւնների էր հասել, որն այսպէս թէ այնպէս աննկատ մնաց, երբ Ահմադինեժադը իր անզիջող յայտարարութիւններով հակազդեց Լարիջանիի ձեռքբերումներին:
Այս երեւոյթը պարզում է, որ Ահմադինեժադն ու նրա պաշտպանները մտադիր չեն Արեւմուտքի հետ բանակցութիւնների աւարտին կասեցնել ուրանի յագեցման գործընթացը:Լարիջանիի հեռանալով՝ աւանդական պահպանողականները կորցրեցին իրենց ամենակարեւոր ուժային յենակ Ազգային անվտանգութեան խորհուրդը, իսկ Ահմադինեժադի արմատական թեւը աւելիով ուժեղացրեց իր դիրքերը, այն, ինչ սկսւեց Ահմադինեժադի պաշտօնավարութեան առաջին իսկ օրերից, երբ բազմաթիւ պաշտօնավարներ իրենց պաշտօնը զիջեցին նախագահի մերձաւորներին: Այս ուղղութեամբ Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի խօսնակ Մոհսէն Ռեզայիին վերագրւող արգելափակւած «Բազթաբ» (Արձագանգ) լրատու կայքէջի ուղին շարունակող «Թաբնաք» (Լուսաշող) կայքէջը անդրադառնալով Լարիջանիի հրաժարականին՝ յայտարարեց՝ «Հրաժարւեց (կամ պաշտօնանկ եղաւ) Անվտանգութեան խորհրդում յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէիի խորհրդական ու ներկայացուցիչը՝ Ալի Լարիջանին»: Այս տեսակ յայտրարութիւնները լրացնում են նոյն շրջանառւող այն տեսակէտները, թէ աւանդական պահպանողականները աստիճանաբար կորցնում են իրենց ազդեցիկ դիրքերը:
Ուրեմն՝ հնարաւոր չէ հաւատալ այն խօսքերին, թէ Անվտանգութեան խորհրդի քարտուղար եւ գլխաւոր բանագնացի փոփոխութեամբ՝ չեն փոխւելու Իրանի դիրքորոշումներն ու դիւանագիտութիւնը՝ մասնաւորապէս՝ ատոմական խնդրի մասին: Բայց, թէ դա ինչպիսի երանգ կը ստանայ՝ կախում ունի ժամանակից: Արդեօք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բերած առաջարկները, որոնք, ըստ երեւոյթին, դեռ չեն բացայայտւել, կարո՞ղ են փոխել Իրանի ատոմական թղթածրարի ու նախագահ Ահմադինեժադի ուղղւածութիւնը, թէ ոչ:
Դրա մասին կը խօսեմ յաջորդ յօդւածում:

Յօդւածը տպագրւել է Հայաստանում հրատարակւող
«Երրորդ Ուժ Պլուս» շաբաթաթերթի թիւ 6 համարում

Նաեւ

Թեհրանի Ալիք օրաթերթում

Monday, November 05, 2007

Տիեզերագնաց

Առանց բացատրութեան....

Saturday, November 03, 2007

Հետաքրքիր պատգամ

«Ռմբակոծել խաղաղութեան համար նման է բռնաբարել կուսութիւնը պահպանելու համար»:

Այս կարճ պատգամը լաւագոյն կերպով բացայայտում է ԱՄՆ-ի վարած քաղաքականութիւնը այլ ժողովուրդների նկատմամբ:

Wednesday, October 24, 2007

ԱՄՆ-ի կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 106-րդ բանաձեւ



Յարգելի ընթերցող, ԱՄՆ-ի կոնգրեսի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում ընդունւած Հայոց Ցեղասպանութեան իրողութեան եւ առնչակից խնդիրների մասին ներկայացւած բանաձեւի հայերէն թարգմանութիւնը (ոչ-պաշտօնական) ստորեւ ներկայացւում է ձեզ՝ առ ի յաւելեալ տեղեկատւութիւն:


* * *
Կոչ անելով նախագահին հավաստելու, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունն արտացոլում է համապատասխան ըմբռնում և զգայունություն այն հարցերի շուրջ, որոնք առնչվում են մարդու իրավունքներին, էթնիկ զտումներին և ցեղասպանությանը, որը փաստագրված է Միացյալ Նահանգների արձանագրություններում և վերաբերում է Հայոց ցեղասպանությանը և այլ նպատակներին.

Մաս 1 ՀԱՄԱՌՈՏ ՎԵՐՆԱԳԻՐ

Այս բանաձևը կարող է մեջբերվել որպես «Միացյալ Նահանգների արձանագրությունների հաստատումը Հայոց ցեղասպանության բանաձևի վերաբերյալ»:

Մաս 2 ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ

Ներկայացուցիչների պալատը եզրակացնում է հետևյալը`

1. Հայոց ցեղասպանությունը ծրագրվել և իրականացվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ` պատճառ հանդիսանալով մոտ 2000000 հայերի բռնի տեղահանմանը, որոնցից 1500000 այր, կին և երեխա սպանվեցին, իսկ 500000 փրկված հայեր արտաքսվեցին իրենց տներից, որի արդյունքում ոչնչացվեց հայերի 2500 տարվա ներկայությունն իրենց պատմական հայրենիքում:

2. 1915թ մայիսի 24-ին Դաշնակից պետությունները` Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը միահամուռ հայտարարեցին առաջին անգամ մեղադրելով մի կառավարության, «մարդկության դեմ հանցանք» գործելու մեջ:

3. Այս միացյալ հայտարարությունը նշում էր. «Դաշնակից կառավարությունները հրապարակավ հայտարարում են Բարձր Դռանը, որ Օսմանյան կառավարության բոլոր անդամները, ինչպես նաև ջարդերն իրագործած նրանց կատարածուները պատասխանատու են այս կոտորածների համար»:

4. Առաջին համաշխարհային պատերազմից հետո թուրքական կառավարությունը մատնանշեց գլխավոր ղեկավարներին, ովքեր ներգրավված են եղել հայերի դեմ ցեղասպանության «կազմակերպման և իրագործման» և «հայերի ջարդերի և կոտորածների» մեջ:

5. Մի շարք ռազմական դատարաններում երիտթուրքերի ռեժիմի պաշտոնյաները դատապարտվեցին և մեղավոր ճանաչվեցին հայ ժողովրդի նկատմամբ ջարդեր կազմակերպելու և իրականացնելու համար: 6. Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչները`ռազմական նախարար Էնվերը, ներքին գործերի նախարար Թալեաթը և ռազմածովային նախարար Ջեմալը իրենց գործած ոճիրների համար մահվան դատապարտվեցին, սակայն դատարանի դատավճիռը չիրագործվեց:

7. Հայոց ցեղասպանությունը և տեղի արդարադատության ձախողումները փաստագրված են ապացույցներով Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Վատիկանի և շատ այլ երկրների ազգային արխիվներում և այդ մեծ քանակությամբ ապացույցները վկայում են միևնույն փաստերը, միևնույն դեպքերը, միևնույն հետևանքները:

8. Միացյալ Նահանգների պետական արխիվը և Արձանագրությունների վարչությունը հայոց ցեղասպանության վերաբերյալ պարունակում են հիմնավոր փաստաթղթեր: Հատկանշական է Միացյալ նահանգների Պետական Դեպարտամենտի 59-րդ արձանագրությունների խումբը, որը ներառում է 867.00 և 867.40 թղթապանակները, որոնք բաց և հասանելի են լայն հանրությանը և շահագրգիռ հաստատություններին:

9. Հարգարժան Հենրի Մորգենթաուն, 1913-1916թթ. Միացյալ Նահանգների դեսպանը Օսմանյան կայսրությունում, Հայոց ցեղասպանության դեմ բողոքի ելույթներ է ունեցել այլ երկրների, այդ թվում Օսմանյան կայսրության դաշնակից երկրների պաշտոնյաների հետ միասին:

10. Դեսպան Մորգենթաուն պարզորոշ նկարագրում է Միացյալ Նահանգների Պետական Դեպարտամենտին Օսմանյան կայսրության կառավարության քաղաքականությունը` որպես «ցեղի ոչնչացման արշավ»: Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռոբերտ Լենսինգը 1915թ հուլիսի 16-ին կարգադրել է, որ «Դեպարտամենտը հավանություն է տալիս Ձեր գործելակերպին` դադարեցնելու հայերի հալածանքները»:

11. Սենատը 1916թ փետրվարի 9-ի համանման 12-րդ բանաձևում հաստատեց, որ «Միացյալ Նահանգների նախագահին հարգանքով խնդրվում է հատուկ օր սահմանել, որ այդ երկրի քաղաքացիները իրենց կարեկցանքն արտահայտեն հայերին օգնելու նպատակով ստեղծված ֆոնդերում նվիրատվություններ կատարելով», որոնք այդ ժամանակ մահանում էին «սովից, հիվանդություններից ու անասելի տառապանքներից»:

12. Նախագահ Վուդրոու Վիլսոնը Կոնգրեսի որոշումով արտոնված աջակցում և խրախուսում է «Մերձավոր Արևելքի օգնության ֆոնդ», կազմակերպության ստեղծումը. որը 116000000 դոլար է տրամադրել 1915-1930թթ որպես օգնություն` հայոց ցեղասպանության փրկվածներին, ներառյալ 132000 որբերին, որոնք ամերիկացի ժողովրդի հոգեզավակները դարձան:

13. 1920թ մայիսի 11-ին ընդունված Սենատի 359-րդ բանաձևը, մասամբ նշում է, «որպես ապացույց բերվում են այն լսումները, որոնք ղեկավարել է Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի ենթահանձնաժողովը»: Այն հստակորեն նշում է ջարդերի և այլ դաժանությունների վերաբերյալ զեկույցների ճշմարտությունը, որոնց պատճառով հայ ժողովուրդը տառապել է:

14. 1920թ ապրիլի 13-ի բանաձևին հետևում է Սենատին գեներալ Ջեյմս Հարբորդի ղեկավարությամբ դեպի Հայաստան կատարված ամերիկյան ռազմական առաքելության զեկույցը, որտեղ նշվում է «կտտանքները, բռնությունները, տանջանքները և մահը անջնջելի հետք են թողել հայկական բազում գեղեցիկ հովիտներում, իսկ այդ շրջանով անցնող ճանապարհորդները շատ քիչ դեպքերում ականատես չեն լինի բոլոր ժամանակների վիթխարի հանցանքի փաստերին»:

15. Ինչպես Միացյալ Նահանգների Հոլոքոստի թանգարանում է ցուցադրվում, Ադոլֆ Հիտլերը, կարգադրելով իր զորահրամանատարներին 1939թ հարձակվել Լեհաստանի վրա, առանց սադրանքների, ընդդիմանալով եղած առարկություններին, ասել է. «Ո̉վ է ի վերջո խոսում հայերի բնաջնջման մասին», այսպիսով ճանապարհ հարթելով Հոլոքոստն իրականացնելու համար:

16. Ռաֆայել Լեմկինը, ով ձևակերպեց «ցեղասպանություն» տերմինը 1944թ, և ով Միացյալ ազգերի կոնվենցիայի ցեղասպանության կանխարգելման և պատժի կողմնակիցն էր, հայկական դեպքը անվանել է 20-րդ դարի ցեղասպանության ցայտուն օրինակ:

17. Լեմկինի պնդմամբ Միացյալ ազգերի ցեղասպանության վերաբերյալ առաջին բանաձևն ընդունվել է 1946թ դեկտեմբերի 11-ին, ըստ որի Միացյալ ազգերի Գլխավոր ասամբլեայի 96-1 բանաձևը և ցեղասպանության կանխարգելման ու պատժի վերաբերյալ Միացյալ ազգերի կոնվենցիան ճանաչում են հայոց ցեղասպանությունը` որպես մի գործողություն, որը Միացյալ ազգերը նպատակադրված են կանխարգելել և պատժել` գոյություն ունեցող օրենսդրական չափանիշներով:

18. 1948թ Միացյալ ազգերի պատերազմական հանցանքների հանձնաժողովը հայոց ցեղասպանությունը անվանեց «գործողությունների տեսակ, որը համապատասխանում է ժամանակակից տերմինով “մարդկության դեմ հանցագործությունների» բնորոշմանը, հանդիսանալով Նյուրմբերգյան դատավարությունների նախադեպը: 19. Հանձնաժողովը նշում է, «1915թ Դաշնակիցների փաստաթղթի համաձայն Սևրի դաշնագրի 230 հոդվածի դրույթները ակնհայտորեն ընդգրկում են այն հանցանքները, որոնք իրագործվել են ծագումով հայ կամ հույն թուրքական քաղաքացիություն ունեցող անհատների դեմ թուրքական տարածքում»: Ուստի այս հոդվածը փոխարինում է Նյուրմբերգյան և Տոկիոյի կանոնադրությունների 5-րդ և 6-րդ հոդվածներին` որպես նախորդ, և կատեգորիաներից մեկով օրինակ է հանդիսանում`որպես «մարդկության դեմ հանցանք»:

20. 1975թ. ապրիլի 8-ին ընդունված Պալատի 148-րդ միասնական բանաձևը հաստատում է, «1915թ ապրիլի 24-ը այսուհետ նշվում է որպես «մարդու հանդեպ մարդու դաժան վերաբերմունքի հիշատակման ազգային օր», իսկ Միացյալ Նահանգների նախագահը հաստատում և պահանջում է կազմել հռչակագիր` կոչ անելով Միացյալ Նահանգների ժողովրդին համարել այդ օրը ցեղասպանության, հատկապես հայ ժողովրդի ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակման օր»:

21. Նախագահ Ռոնալդ Ռեգանը 1981թ ապրիլի 22-ի 4838 հռչակագրում մասամբ նշում է, «Հոլոքոստի դասերը չպետք է մոռացվեն, ինչպես շատ այլ ժողովուրդների բազում հալածանքները, որոնց նախորդել է հայերի ցեղասպանությունը և հաջորդել է կամբոջացիների ցեղասպանությունը»:

22. 1984թ սեպտեմբերի 10-ին ընդունված Պալատի 247 միացյալ բանաձևը հաստատում է, «1985թ ապրիլի 24-ը այսուհետ նշվում է «Մարդու հանդեպ մարդու դաժան վերաբերմունքի» հիշատակման ազգային օր, և Միացյալ Նահանգների նախագահին վերապահվում է և առաջարկվում հաստատել հռչակագիր, որը կոչ կանի Միացյալ Նահանգների ժողովրդին համարել այդ օրը, որպես ցեղասպանության զոհերի, հատկապես մեկ ու կես միլիոն հայերի հիշատակման օր...»:

23. 1985թ. օգոստոսին համակողմանի և ուշադիր ուսումնասիրությունից հետո Միացյալ Նահանգների Փոքրամասնությունների պաշտպանության և խտրականության կանխարգելման հարցերով ենթահանձնաժողովը 14 կողմ և 1 դեմ ձայնով քվեարկեց «Ցեղասպանության ոճիրի կանխարգելման և պատժի հարցերով ուսումնասիրությունը» զեկույցի օգտին, որում նշվում է. «Նացիստական հանցագործությունները 20-րդ դարի ցեղասպանության միակ դեպքը չեն: Ի թիվս այլոց նման որակում ունեցող օրինակներից է Օսմանյան հայերի ջարդերը 1915-1916թթ.»:

24. Այդ զեկույցը բացատրում է նաև, որ, «անկախ (երկրների) պաշտոնյաները և ականատեսները առնվազն 1000000, և հնարավոր է հայ բնակչության կեսից ավելին ստույգորեն հաշվվում են սպանված կամ մահվան գաղթի դատապարտված: Սա հիմնավորված է Միացյալ Նահանգների, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Օսմանյան կայսրության ժամանակակից դիվանագետների, ներառյալ դաշնակից Գերմանիայի արխիվներում գտնվող զեկույցներում»:

25. Միացյալ նահանգների Հոլոքոստի հիշատակման խորհուրդը, որը անկախ դաշնային գործակալություն է, 1981թ ապրիլի 30-ին միահամուռ կերպով հաստատում է, որ Միացյալ Նահանգների Հոլոքոստի թանգարանը ներառելու է նաև հայոց ցեղասպանությունը և այդպես էլ արվեց:

26. Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի հաստատած 1982թ խոտորված արտահայտության վերանայումը (ավելի ուշ չեղյալ հայտարարվեց), հաստատում էր, որ հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերը կասկած են հարուցում: 1993 թ Միացյալ Նահանգների Կոլումբիայի շրջանի Բողոքների դատարանը Միացյալ Նահանգների քաղաքականության արձանագրությանը պատկանող փաստաթղթերի վերանայումից հետո նշեց, որ հայոց ցեղասպանության կասկած հարուցող արձանագրությունը «հակազդում է Միացյալ Նահանգների վաղեմի քաղաքականությանը և ի վերջո չեղյալ հայտարարվեց»:

27. 1996թ հունիսի 5-ին Ներկայացուցիչների պալատը լրացում մտցրեց Պալատի 3540 օրինագծում` (արտաքին գործողություններ, արտահանման ֆինանսավորում, գումարհատկացման առընթեր ծրագրերի ակտ, 1997), որպեսզի նվազեցնի Թուրքիային հատկացվելիք 3000000 դոլարի օգնությունը, (այն Միացյալ նահանգների լոբբիստական ծախսերի նախահաշիվն էր), մինչև թուրքական կառավարությունը ճանաչի հայոց ցեղասպանությունը և քայլեր ձեռնարկի հարգելու զոհերի հիշատակը:

28. Նախագահ Վիլյամ Ջեֆերսոն Քլինթընը 1998թ ապրիլի 24-ին նշեց, «Այս տարի, ինչպես անցյալում, մենք միանում ենք ամերիկահայերին` հիշատակելու համար այս դարի պատմության ամենատխուր իրադարձությունը, Օսմանյան կայսրությունում մեկ ու կես միլիոն հայերի բռնի տեղահանություններն ու ջարդերը 1915-1923թթ. ընթացքում»:

29. Նախագահ Ջորջ Բուշը 2004թ ապրիլի 24-ին նշեց, «Այս օրը մենք հիշում ենք 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկը` ավելի քան 1500000 հայերի բնաջնջումը Օսմանյան կայսրությունում` բռնագաղթի և սպանությունների միջոցով»:

30. Չնայած հայոց ցեղասպանության ճանաչմանն ու հաստատմանը, տեղական և օտարերկրյա իշխանությունների անկարողությունը պատժելու հայոց ցեղասպանության պատասխանատուներին, պատճառ հանդիսացավ համանման ցեղասպանությունների իրագործման, նաև ապագայում դրանց կրկնման համար, հետևաբար նման արդար բանաձևը կօգնի կանխարգելել ապագա ցեղասպանությունները:

Մաս 3 ՀՌՉԱԿԱԳՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ներկայացուցիչների պալատը

1. Կոչ է անում նախագահին հավաստելու, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը արտացոլի համապատասխան ըմբռնում և զգայունություն այն հարցերի շուրջ, որոնք առնչվում են մարդու իրավունքներին, էթնիկ զտումներին և ապացուցված ցեղասպանություններին, որոնց թվում է հայոց ցեղասպանությունը, գիտակցի այս արդար բանաձևի ձախողման հետևանքները և,

2. Կոչ է անում նախագահին իր ապրիլի 24-ի նախագահական ամենամյա ուղերձում հիշատակել հայոց ցեղասպանությունը` ճշգրտորեն բնութագրելով 1500000 հայերի սիստեմատիկ և կանխամտածված բնաջնջումը` որպես ցեղասպանություն` վերականգնելով Միացյալ Նահանգների միջամտության պատվաբեր պատմությունն ընդդեմ Հայոց ցեղասպանության:

Saturday, October 20, 2007

Էդիսոնի մահւան տարելիցի առթիւ

Թոմաս Ալվա Էդիսոն. Ծնունդ՝ 11 Փետ.1847 – Մահ՝ 18 Հոկ.1931
Նա հեղինակն է աւելի քան 2500 գիւտերի եւ ամենակաեւորը, որը մենք իրեն ճանաչում ենք դրանով, դա Էլեկտրականութեամբ աշխատող Լամպան է:

Այդ մեծ մարդի մահւան տարելիցի առիթով, Ձեզ կներկայացնեմ նրա պատմական ձայնը:




Thursday, October 18, 2007

Հայութիւնը որպէ՞ս քաւութեան նոխազ


Այս օրերին հայկական բոլոր շրջանակներում խօսւում է ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերութիւնների յանձնաժողովի կողմից ընդունւած Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի մասին:
Կան պարզամիտ ու երբեմնի մտաւորականներ, որ անսարձակ ուրախ են ասելով թէ ճշմարտութիւննը ի վերջոյ յաղթեց:
Նախ պիտի ասեմ թէ ՎԱՅ այն ժողովրդին որ իր պատմական ճշմարտութեան յաղթանակը կախւած է գերուժերի քմահաճոյքներից: ՎԱՅ այն ժողովրդին, որ իր ինքնահաստատումը կախեալ է օտարներից:
Ինչպէս տեսանք լուրերում, երբ այդ բանաձեւը հաստատւեց տւեալ յանձնախմբի կողմից, Թուրքիայի բանակը ներխուժեց Իրաքի Քիւրդստանի շրջանը: Դրան յաջորդեց սենատում Ցաղասպանութեան բանաձեւին աջակցող սենատորների թւի նւազումը (
+):
Բայց թէ ինչո՞ւ ԱՄՆ-ն անբարենպաստ իր այս օրերին առաջ է քաշում Հայկական հարցը, որը խանգարելու է հարաբերութիւնները դաշնակից Թուրքիայի հետ: Սա այն հարցն է որ առհասարակ չի խօսւում մասին, որովհետեւ ճշմարտութիւնը յաղթում է, ասում են պատասխանատուները եւ նրաց կապկող մասսան:
ԱՄՆ-ի պայքարը 21-րդ դարում ընթանում է էներգիայի շուրջ:
Իրաքի Քիւրդստանը հարուստ է այդ նիւթով, եւ այդ պատճառով արժանացել է գերուժերի ուղադրութեանը:
Եւրոպան ու վերազգային ընկերութիւնները իրենց տնտեսական շահերն ապահովելու նպատակով ճնշում են բանեցնում ԱՄՆ-ի վրայ թէ մուտք չգործէ Իրաքի Քիւրդստանի շրջանը, բացատրելով թէ այնտեղ կայուն վիճակ է տիրում:
Եւ այս օրերին ԱՄՆ-ն մտածում է ամեն գնով ներխուժել այդ շրջանը ու դա կատարեց Հայկական հարցի բարձրացմամբ: Երբ Թուրքիան հակազդելու համար ներխուժի Իրաք, այն փայլուն պահն է, որ ԱՄՆ-ն առիթ կ՛ունենայ Իրաքը «պաշտպանելու» համար ներխուժել Քիւրդստան: Պիտի չմոռանալ որ Իրաքը մասնատելու Ամերիկեան նախագիծը նաեւ խօսում է անկախ Քիւրդստանի ստեղծման մասին:
Նորէն հայերը դառնում են քաւութեան նոխազ ինչպէս որ եղանք առաջին աշխարհամարտի օրերին:
Կարելի է այդ բանաձեւի ընդունումը որակել որպէս Հայկական հարցի յաջողութիւն արտաքին ճակատում, բայց թէ ներքին ճակատում նաեւ ի՞նչ աշխատանքներ պիտի իրականացնել, ոչ ոքու չի հետաքրքրում:
Հայկական հարցի լուծումը գտնւում է Հայաստանում եւ ոչ այլուր:


Արթին

-------------------------------------------------------------
Արտաքին յղումներ այս թեմայի շուրջ
-------------------------------------------------------------
***

Monday, October 15, 2007

ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻ ԱՆԿԱԽԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Եւ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Փորձելով պարզել, թե գոյություն ունի՞ խորքային կապ ու փոխպայմանավորվածություն՝ Իրաքը երեք վարչատարածքային միավորների բաժանելու մասին ԱՄՆ Սենատի սեպտեմբերի 24-ի որոշման, թուրք-քրդական վերջին բախումների եւ հոկտեմբերի 10-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող 102-րդ բանաձեւի միջեւ, մեր քաղաքական դետերը ներկայումս արտահայտում են երկու հակադիր, բայց հավասարապես միակողմանի տեսակետներ։
Առաջին տեսակետի կողմնակիցները հակված են կարծելու, թե Իրաքի հյուսիսում Քուրդիստանի վերջնական ձեւավորմանը տանող ամերիկյան քայլերը եւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը որեւէ կերպ կապված չեն իրար եւ վերջինս պայմանավորված է նախագահական ընտրություններին նախապատրաստվող Դեմոկրատական կուսակցության ու ԱՄՆ հայկական լոբբիի ակտիվ համագործակցության փաստով, ինչը հոկտեմբերի 10-ին թույլ տվեց հաղթահարել Սպիտակ տան ու նրա ղեկավարի դիմադրության առաջին արգելապատնեշը։
Երկրորդ տեսակետի կողմնակիցները, օրինակ՝ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռ.Սաֆրաստյանը, հակառակը, խորքային կապեր են նշմարում այս երկու գործընթացների միաժամանակյա ծավալման փաստի մեջ, սակայն, չգիտես ինչու, պնդում են, թե Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը սոսկ «կատալիզատորի դեր է խաղացել Անկարայի կողմից Իրաքում ռազմական օպերացիայի իրականացման համար»։Կարծում ենք՝ այս բարդ ու բազմաշերտ խնդրի ամբողջական ու հնարավորինս արագ բացահայտումը խիստ կարեւոր նշանակություն ունի ո՛չ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն իր ավարտին հասցնելու, այլեւ մեր տարածաշրջանի հարավային սահմաններում նշմարվող պատերազմի լուրջ վտանգը կանխատեսելու առումով։ Ուստի «պանդորրայի արկղի» բանալիները գտնելու համար ներկայումս պարտավոր ենք մի կողմ դնել նման պատկերացումներն ու մտակաղապարները եւ պատասխան տալ հետեւյալ հարցերին։Առաջին. ինչո՞ւ հոկտեմբերի 10-ին կոնգրեսականները այդպես էլ չանսացին Թուրքիայի տարածքով ամերիկյան զինվորականների մատակարարման ուղիները չշրջափակելու՝ գործող վարչակազմի եւ հանրապետական պատգամավորների պահանջին, որը ձեւակերպված էր իբրեւ ազգային անվտանգության խնդիր։ Այսինքն՝ բացարձակ առաջնահերթություն ԱՄՆ ազգային շահերի դիտանկյունից, ինչի պայմաններում բանաձեւի ընդունումը առնվազն պետք է հետաձգվեր։
Երկրորդ. նախօրեին ինչո՞ւ էր Թուրքիան համառորեն շանտաժի ենթարկում նաեւ Իսրայելին, սակայն, չնայած դրան, հոկտեմբերի 10-ի քվեարկության օրը հրեական լոբբիի ներկայացուցիչները եւ առաջին հերթին՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Թոմ Լանթոսը խոսքով աջակցեցին, բայց գործով ձախողեցին թուրքական լոբբիի համառ ջանքերը։
Եւ վերջապես՝ երրորդ. ինչո՞ւ են Իրաք ներխուժելու թուրքական նախապատրաստությունները ճշգրտորեն համընկել Իրաքի ֆեդերալիզացիայի մասին ԱՄՆ Սենատի սեպտեմբերի 24-ի որոշման եւ նրա հետ սերտորեն կապված՝ Քիրքուկի ճակատագրի շուրջ մինչեւ ներկա տարեվերջը նախատեսված հանրաքվեի ժամկետների հետ։Այս երեք հարցերի ճշգրիտ պատասխանը գտնելու համար հարկավոր է հաշվի առնել նաեւ այն փաստը, որ Իրաքում հակաահաբեկչական պատերազմը հաղթական ավարտի հասցնելու հնարավորության մասին գործող վարչակազմի տեսակետը ԱՄՆ-ում այլեւս լուրջ չի ընդունվում եւ Իրաքից պատվով դուրս գալու միակ տարբերակն է դիտվում ֆեդերալիզացիան, ինչը հեռանկարում այդ բազմազգ պետության ստույգ տրոհման ճանապարհն է։
Նման տարբերակը պաշտպանության է արժանանում Իրաքի հյուսիսում արդեն դե ֆակտո գոյություն ունեցող քրդական ինքնավարության ղեկավարների ու քրդական պետության ձեւավորմանը աջակցություն ցույց տվող Իսրայելի կողմից։ Այս պայմաններում իրաքյան հարցի հետ կապված ԱՄՆ-ում իրականում առկա են ամերիկյան ազգային շահի ոչ թե մեկ, այլ երկու տարբեր ընկալումներ։ Ընդ որում, Սենատը սեպտեմբերի 24-ին հավանություն է տվել հենց երկրորդ տարբերակին։
Իսկ արաբների դիմադրությունը ամենեւին էլ բավարար չէ այն ձախողելու համար, քանի որ ինքնավար Քուրդիստանն ունի մոտ 100 հազարանոց բանակ եւ մինչեւ ներկա տարեվերջ պատրաստվում է հանրաքվեի միջոցով վերջնականապես իրեն միացնել Քիրքուկի նավթաբեր շրջանը, ուր քրդերը սկսել են գերակշռել Թուրքիայի կողմից հովանավորվող՝ թուրքմենների հանդեպ։Նման պայմաններում ամերիկյան քաղաքական բեմահարթակում գործող հզոր հրեական լոբբին ամեն ինչ անում է քրդական պետության ձեւավորման ճանապարհին ուրվագծվող վտանգների չեզոքացման համար։ Դրանցից գլխավորն, իհարկե, թուրքականն է, քանի որ Քուրդիստանի անկախացման հեռանկարը սպառնում է Սիրիայի, Իրանի, բայց առաջին հերթին՝ Թուրքիայի տարածքային ամբողջականությանը։ Իրաքի սահմանին արդեն 200 հազարանոց բանակ կենտրոնացրած Թուրքիային «զսպաշապիկ» հագցնելու խնդիրը դառնում է Իրաքից պատվով դուրս գալու ԱՄՆ-ի ցանկության ու Քուրդիստանի ձեւավորման միջոցով «արաբական օվկիանոսում» հենակետ-լեռնակղզի ունենալու Իսրայելի բաղձանքի իրականացման հիմնական նախապայմանը։
Այս ռազմավարական խնդրի լուծման տեսանկյունից երկրորդական նշանակություն ունի թուրք-ամերիկյան հարաբերությունների ժամանակավոր սրման հեռանկարը, քանի որ թուրքական բանակի Իրաք մուտք գործելու դեպքում խնդրի լուծումն ավելի է բարդանալու։ Իսկ Իրաքում առկա ստատուս-քվոյի պահպանումը հնարավոր է առնվազն՝ մեկ տարի, քանզի դեմոկրատների հաղթանակի դեպքում ամերիկացիներն ի վերջո հեռանալու են այնտեղից՝ շատ ավելի անփառունակ կերպով։
Ուրեմն՝ հնարավոր չէ մեկ տարուց ավելի հետաձգել Իրաքի ֆեդերալիզացիայի ծրագրի գործադրումը, քանզի Իրաքում ամերիկյան ներկայության թուլացման դեպքում Թուրքիան 5 րոպե անգամ չի տատանվի այդ անպաշտպան մնացած երկրի հյուսիս ներխուժելու հարցում։ Ավելին՝ Թուրքիան արդեն սկսել է գործի անցնել եւ մշակել է ներխուժման մի քանի սցենարներ, որոնց իրականացման համար ՊԿԿ-ի զինյալների առկայությունը միայն հարմար առիթ է։
Այսպիսով, Թուրքիայի ագրեսիվությունը սանձելու խնդիրը միավորելով ԱՄՆ-ի, Իսրայելի ու Ինքնավար Քուրդիստանի խորքային շահերը, առաջիններին ստիպում է մտածել լուրջ հակակշիռների ձեւավորման մասին։ Արդյունքում՝ իշխանության ձգտող Դեմոկրատական կուսակցության ղեկավարությունը եւ դեմոկրատների վրա հսկայական ազդեցություն ունեցող հրեական լոբբին գործի են անցնում Թուրքիայի դեմ։
Հրեական կազմակերպությունների կողմից վերջին ամիսներին ԱՄՆ-ում նախաձեռնված ակտիվ հակաթուրք գործունեությունը ԱՄՆ-ի միջոցով թուրքական «գորշ գայլին» համապատասխան ամրության «դնչկալ» գտնելու համառ ու հետեւողական փորձերի արտահայտությունն է։ Այս համատեքստում է առաջադրվել նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ներկա տարեսկզբին Ներկայացուցիչների պալատի քննարկմանը ներկայացված 106-րդ բանաձեւի հանդեպ երկակի մոտեցում որդեգրելու գաղափարը։ Գործող վարչակազմի բացասական ու Կոնգրեսի դեմոկրատական մեծամասնության դրական վերաբերմունքի պայմաններում ԱՄՆ հրեական լոբբին հնարավորություն է ստանում ասելու իր վճռական խոսքը եւ հասկացնելու Թուրքիային, թե ի՞նչն է նրան թույլատրվում եւ ի՞նչը՝ ոչ։
Ուստի պատահական չէ, որ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում տեղի ունեցած քվեարկությունից հետո թուրքական կողմը դարձել է շատ զգույշ եւ ակնհայտորեն հետաձգում է Իրաք ներխուժելու իր ծրագրերի գործադրումը։ Կողմերը սկսել են ժամանակ շահել, սակայն չպետք է մոռանալ, որ նրա լիմիտը սպառվելու է ներկա տարեվերջին։
Պատճառն ակնհայտ է. Քիրքուկի հարցը իրենց օգտին լուծելուց հետո քրդերը կանգ չեն առնելու կես ճանապարհին եւ տիրանալով հսկայական նավթային պաշարների, հենց իրենք են նախաձեռնելու Իրաքի մասնատման գործընթացը։ ԱՄՆ-ը իր հերթին, դառնալու է Քուրդիստանի անկախացման գործընթացի երաշխավորը՝ այստեղ հաստատելով միանգամայն անվտանգ ու ապահով ռազմական հենակետեր։
Նման հեռանկարների առարկայացման յուրաքանչյուր հանգրվանում Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը արձանագրելու է իր հերթական հաջողությունը։ Ուստի, կարծում ենք, Ներկայացուցիչների պալատում քննարկվող 106-րդ բանաձեւի ընդունման հանգրվանները պետք է ճշգրտորեն համապատասխանեցվեն Իրաքի հյուսիսում նշմարվող զարգացումների ճգնաժամային փուլերին։
Ավելին՝ նման համապատասխանության ապահովումը պետք է դառնա սկիզբ առած ու ծավալման նոր հեռանկարներ խոստացող թուրք-ամերիկյան ապահարզանի հետեւանքներն օգտագործելու գործընթացի առաջին հանգրվանը։ Քուրդիստանի շուրջը նկատվող դիմակայության խորացմանը զուգահեռ, Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը կարող է աստիճանաբար փոխակերպվել Թուրքիային ավելի լուրջ ու առարկայական պահանջներ ներկայացնելու պրոցեսի։



«Հայոց Աշխարհ» օրաթերթ


Sunday, October 14, 2007

Հայոց Ցեղասպանութեան բանաձեւը

ԱՄՆ-ը իր ներքին ու արտաքին շահերի համար փորձեր է կատարում Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչել ինքը եւս: Բայց ակնյայտ է որ դա մնացել է, մնում է եւ հաւանական կ՛մնայ հենց նման արտայայտութիւնների սահմանում, Թուրքիայից մի շարք իրաւունքներ խլելու նպատակով:
Արդեօք այսօրւայ գլխաւոր ցեղասպանը, ճանաչե՞լու է իր պաշտօնակից՝ Թուրքիայի հրէշաւոր արարքը:
Հայկական հարցի լուծումը կախւած է միայն արիացած, ինքնաճանաչ ու հոգեփոխւած Հայ ժողովրդից, ոչ արտաքին ուժերից:

Thursday, October 11, 2007

Հայոց ցեղասպանության բանաձեւը կոնգրեսում


Հոկտեմբերի 1Օ-ին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 27 կողմ, 21 դեմ ձայներով քվեարկեց հայոց ցեղասպանությունը վերահաստատող թիվ 1Օ6 բանաձեւի օգտին։
Մինչեւ քվեարկությունը հնչած ելույթները կենտրոնացան հիմնականում երկու հանգամանքների՝ պատմական իրողությունը ճանաչելու եւ բանաձեւը ընդունելու դեպքում՝ թուրք-ամերիկյան հարաբերությունները վնասելու հնարավորության վրա։
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Թոմ Լանթոսը Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ջարդերը համարեց պատմական փաստ.
՛՛Մենք չենք քննարկում այն հարցը, թե հայերը դարասկզբին Թուրքիայում ենթարկվել են ջարդերի, թե՝ ոչ։ Եթե հարցը դրվեր այդպես, այն կանցներ միաձայն։ Սակայն այժմ հարցն այն է, թե արդյոք ԱՄՆ-ը իր արտաքին քաղաքականությունը պիտի հենվի ցեղասպանությունը ճանաչելու փաստի վրա՝՝։
Հաջորդ ելույթ ունեցողներից մի քանիսը ներկայացրին պատմական փաստեր ցեղասպանությունից, Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի արխիվներում պահվող փաստաթղթերից։ Շատերը կոչ արեցին անպայման քվեարկել, ինչպես իրենք ասացին, հանուն պատմական ճշմարտության։
՛՛Եթե այսօր չընդունենք այս բանաձեւը, այն հովանավորող 225 ու դեռ ավելի կոնգրեսականներ եկող տարի պիտի նորից հարցը դնեն այս դահլիճում։ Եթե սա գրգռում է Թուրքիային, եկե՛ք դադարեցնենք նրան գրգռել՝ բանաձեւը ընդունելով՝՝, ասել է կոնգրեսական Բրեթ Շերմանը։
Նյու Ջըրսի նահանգը ներկայացնող կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթի խոսքերով, երբ հայերի դեմ իրականացվում էին ջարդեր, ՛՛ցեղասպանություն՝՝ որակումը դեռեւս գոյություն չուներ, սակայն գոյություն ուներ փաստը՝՝։
՛՛Կոչ եմ անում, որ հանձնաժողովը կողմ քվեարկի այս բանաձեւին ու հորդորում մեր թուրք բարեկամներին ընդունել, որ մենք շարժվում ենք ճշմարտության դիրքերից՝՝, ավել է կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթը։
Խոսք գնաց Մերձավոր Արեւելքում, հատկապես Իրաքում ԱՄՆ-ի վարած քաղաքականության նկատմամբ Թուրքիայի աջակցության կարեւորության մասին։ Նշվեց, որ այստեղ ամերիկյան ուժերի ու զենքի տեղաբաշխումը հիմնականում իրականացվում է Թուրքիայի տարածքով եւ հայոց ցեղասպանությունը վերահաստատող թիվ 1Օ6-րդ բանաձեւը ընդունելով, այդ աջակցությունը կարող է կրել մեծ կորուստներ։
՛՛Այդ դեպքերը տեղի են ունեցել ավելի քան 9Օ տարի առաջ, իսկ այսօր այս տարածաշրջանում կան այլ վտանգներ, այդ թվում ամերիկյան զինվորականների կյանքին սպասվող վտանգը։ Այդ պատճառով, գտնում եմ, որ բանաձեւը ընդունելու համար չի ընտրված ճիշտ ժամանակը՝՝, ասել է կոնգրեսական Թոմ Բըրթընը։
Ավելի քան երկու ժամ տեւած ելույթներից հետո բանաձեւն ընդունվեց ձայների 27 –ը 21-ի հարաբերությամբ։ Կողմ քվեարկեց նաեւ իր ելույթում դրա դեմ հանդես եկած հանձնաժողովի նախագահ Թոմ Լանթոսը։
Հանձնաժողովում բանաձեւի ընդունումը թույլ է տալիս այն դնել Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի քննարկմանը։ Այս մասին որոշում պիտի կայացնի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, որը բազմիցս է հանդես եկել այդ քայլի օգտին։

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը