Wednesday, November 21, 2007

Պուտինի պատգամի գաղտնազերծումը

տարածաշրջանում նոր բլոկի կազմաւորման հեռանկարով

ԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ
Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը Ստալինից յետոյ առաջին ռուս նախագահն էր, որ այցելեց Իրան՝ Կասպից ծովի համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովի աւարտին, երբ նա մեծ շուքով թողեց Իրանը, Թեհրանում ստեղծւեց քաղաքական հսկայ քաշքշուկ, որի ընթացքում Իրանի Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հրաժարւեց (կամ որոշ հոսանքների ասութեամբ՝ պաշտօնանկ եղաւ) իր պաշտօնից:
Համաժողովի աւարտին Ալի Լարիջանին յայտարարեց, թէ Պուտինը Իրանի ատոմական խնդրով նոր առաջարկներ է ներկայացրել Իրանի յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէին: Բայց, յաջորդ օրը նախագահ Ահմադինեժադը իր յայտարարութեամբ զարմացրեց բոլորին՝ ասելով, թէ Պուտինը ատոմական խնդրով ոչ մի առաջարկ չի ներկայացել: Դրան անմիջապէս յաջորդեց Լարիջանիի հրաժարականը, որի կարեւորութեան պատճառով՝ ստւերի տակ մնաց այն հարցը, թէ իրօք Պուտինը ատոմական խնդրով նեկայացրե՞լ է առաջարկներ թէ՝ ոչ: Դա այնպէս էլ չբացայայտւեց ու մնաց գաղտնիք:Այստեղ նպատակ ունեմ տարածաշրջանի ու միջազգային դիւանագիտական անցուդարձերը վերլուծելով՝ մի կերպ գաղտնազերծել Պուտինի առաջարկի առեղծւածը:

Հանդիպումների խճողում

Վերջին շրջանում տարածաշրջանի դիւանագէտների բազմաթիւ հանդիպումները իրենց հարեւան եւ դաշնակից պետութիւնների ղեկավարների հետ ստեղծել է դիւանագիտական հանդիպումների խճողւած մթնոլորտ: Դրանց գլխաւոր դրդապատճառները կարելի է համարել Պուտինի Իրան կատարած այցելութիւնն ու ԱՄՆ-ի կողմից Իրանի դէմ իրագործւած նոր եւ միակողմանի շրջափակումները:Տարածաշրջանի քաղաքական քաշքշուկների եռանկիւնին ձեւաւորւում է Իրանի, Թուրքիայի ու Սաուդական Արաբիայի եւ նրանց հովանաւորող կամ սպառնող ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Եւրոպայի առանցքով:Ռուսաստանը հովանաւորում է Իրանի ատոմական ծրագիրն ու ԱՄՆ-ի դէմ ստեղծւած թրքական նոր ճակատը եւ փոխարէնը՝ ԱՄՆ-ն Եւրոպայի ու արաբական երկրների հետ միատեղ խիստ ճնշումներ է բանեցնում Իրանի նկատմամբ:Իրանը բազմիցս յայտարարել է, թէ ոչ մի պայմանով չի կասեցնելու իր ատոմական աշխատանքները, Թուրքիան էլ իր հերթին քուրդ անջատողականների վիճակը պարզելու նպատակով՝ պատերազմական դիրք է բռնել: Այս ընթացքում Պարսից ծոցի արաբական երկրները թէ՛ Իրանի, եւ թէ՛ ԱՄՆ-ի կողմից ստացւող ճնշումների պատճառով՝ խուճապի են մատնւել: Արաբական երկրները, ըստ սովորութեան, հարցերը լուծելու նպատակով՝ միաւորւել են Արեւմուտքի հետ:Բայց, այդ դիրքորոշումները միայն սառոյցի լեռան այն բաժինն են, որ գտնւում է ջրից դուրս: Տարածաշրջանի աննախընթաց փոփոխութիւնների դրդապատճառները առաջին հայեացքով համարւում են Իրանի ատոմական տագնապն ու անկախ Քուրդստանի ստեղծումը, բայց այս բոլորից վեր տարածաշրջանում փոփոխութիւնների ու նոր դիրքորոշումների գլխաւոր եւ հիմնական դրդապատճառները պիտի որոնել Կրեմլի ու Սպիտակ տան կիրառած նոր քաղաքականութիւնների շրջագծում: Այս երկու պալատների բնակիչների կիրառած նոր դիրքորոշումները բազմակողմանի ու համապարփակ վերլուծութիւնը մեզ առիթ կը տայ պարզ պատկերացում կազմելու Միջին Արեւելքի ներկայ ու ապագայ փոփոխութիւնների մասին:

Պուտինի պատգամը ատոմակա՞ն էր

Իրանի ատոմական ծրագիրը ու դրա շուրջ ծայր առած քաշքշուկները Ռուսաստանին առիթ ընծայեցին, որ այլ ուժերին ապացուցի, թէ այլեւս ծնւել է մի նոր Ռուսաստան, որը ցանկանում է լրջօրէն համագործակցել միջազգային զանազան կառոյցների հետ, ինչպիսին են՝ Մեծ ութնեակը, Առեւտրի միջազգային կենտրոնը եւ այլն: Բայց, Սպիտակ տան կիրառած նոր քաղաքականութիւնները ապարդիւն թողեցին Ռուսաստանի բոլոր ցանկութիւնները: Ռուսաստանը մտադիր էր որոշ արտօնութիւններ ստանալու դիմաց փարատել Իրանի ատոմական խնդրով առաջացած Արեւմուտքի մտագոհութիւնները՝ համագործակցելով խնդրայարոյց կողմերի հետ, բայց այդպէս չեղաւ:Արեւմուտքի դիւանագիութիւնը համոզւած էր, որ Իրանի «փոսից» դուրս գալու համար չպէտք է կալանւել Ռուսաստանի «հորում»: Նրանք համոզւած էին, որ մինչեւ անգամ ատոմական ռումբին ձգտող Իրանի հետ աւելի հեշտ կարելի է լեզու գտնել՝ քան ռումբերով լի զինապահեստներ ունեցող վիրաւոր Ռուսաստանի հետ:

ԱՄՆ-ի նոյն այս դիրքորոշումն ու դրան զուգահեռ Եւրոպայում տեղադրւած հակահրթիռային յենակները պատճառ դարձան, որ Պուտինի իրանական այցելութեան գլխաւոր նպատակը քողարկւի ահաբեկչութեան սպանալիքների ու Իրանի ատոմական ծրագրի միջոցով: Եւ Կրեմլը իր «մարած ճրագներ»-ի քաղաքականութեամբ Իրանի հոգեւոր առաջնորդին ներկայացրեց իր առաջարկը:

Պուտինի առաջարկը ի՞նչ էր պարունակում: Սա այն գլխաւոր հարցն է, որ զբաղեցրել է բազմաթիւ վերլուծաբնների միտքը: Վերլուծաբանների մեծամասնութիւնը համոզւած է, որ Պուտինի առաջարկն ուղղակի առնչւում էր ատոմկան խնդրին, բայց քաղաքական-դիւանագիտական այլ տւեալներն ու երեւոյթները ուսումնասիրելով՝ պարզւմ է, որ Պուտինի առաջարկը չէր վերաբերւում Իրանի ատոմական խնդրին, այլ աւելի կարեւոր ռազմավարական հարցեր էր պարունակում:

Գաղտնազերծող հարցումներ

Իրանի համար ի՞նչը կարող է աւելի կարեւոր լինել ատոմական ծրագրից բացի: Ինչո՞ւ Պուտինը նախընտրում է իր առաջարկը ուղղակի յայտնել Իրանի հոգեւոր առաջնորդին: Ի՞նչն է պատճառ դառնում, որ Պուտինը նման առաջարկ ներկայացնէ Իրանին: Ինչո՞ւ Պուտինի Իրան կատարած այցից անմիջապէս յետոյ (երկու օր անց) Բուշը իր յայտարարութեան ընթացքում խօսեց Երրորդ աշխարհամարտի սկսման հաւանականութեան մասին: Արդեօք Պուտինի առաջարկի բովանդակութեան մասին տեղեկութիւնը պատճառ դարձաւ Բուշի նմանօրինակ արտայայտութեան: Ինչո՞ւ Վաշինգտոնը անսպասելիօէն Իրանի դէմ յայտարարեց ու գործադրեց ամենախիստ շրջափակումները: Ինչո՞ւ Իրանը անտարբերութեամբ վերաբերւեց այդ լայնածաւալ շրջափակումներին: Ինչո՞ւ Իրանի դիւանագիտութիւնը, Պուտինի այցելութեան աւարտից յետոյ, աւելի հիմնւեց Իրանի ու Ռուսաստանի հարեւան եւ դաշնակից երկրներ (Հայաստան, Սիրիա, Թուրքիա, Իրաք) այցելութեան վրայ՝ քան ատոմական խնդրի կարգաւորմանը: Հակառակ Իրանի տրամաբանական ցանկութեանը, ինչը պատճառ դարձաւ, որ Թեհրանը հակառակւի Իրաք ներխուժելու Թուրքիայի ցանկութեանը: Ինչո՞ւ Իրանի արտգործնախարար Մոթթաքին Պուտինի այցից յետոյ անմիջապէս այցելեց Իրաք եւ Սիրիա: Իսրայէլի, Գերմանիայի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի դիւանագէտների Չինաստան եւ Պարսից ծոցի արաբական երկրներ կատարած այցելութիւնները ի՞նչ նպատակով տեղի ունեցան: Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը ինչո՞ւ անակնկալ կերպով այցելեց Իրան:Այս ռազմավարական հարցերին պատասխանելով՝ հնարաւոր կը դառնայ քողազերծել Միջին Արեւելքում մինչ օրս առկախ մնացած բազմաթիւ դիւանագիտական անորոշութիւնները:

Ռուսական արջի մռնչիւնը

Իրանի հոգեւոր առաջնորդին ներկայացրած Պուտինի առաջարկը քննարկելիս՝ չպէտք է անտեսել Վլադիմիր Պուտինի պաշտօնավարութեան շրջանում տեղի ունեցած Ռուսաստանի ներքին եւ արտաքին անցուդարձերը ու նաեւ Եւրոպայում տեղադրւած ամերիկեան հակահրթիռային յենակների հարցը:

Բեռլինի պատի փլուզումից եւ սառը պատերազմից յետոյ Ամերիկան յաճախ իր քաղաքականութիւնը պարտադրում էր Ռուսաստանին եւ միջազգային յարաբերութիւններում աւելի բարձր դիրքերից էր խօսում Մոսկւայի հետ: Այդ երեւոյթը սկսւեց Գորբաչովի շրջանից եւ շարունակւեց մինչեւ Պուտինի պաշտօնավարութեան առաջին շրջանը: Բայց Պուտինի նախագահութեան երկրորդ շրջանում այդ հակադրութիւնը փոխւեց համակերպութեան: Պուտինը երկրորդ շրջանում իր վարկանիշը, որպէս ազգայնական նախագահ, աւելիով բարելաւեց ժողովրդի մօտ: Նա իր ուշադրութիւնը կենտրոնացրեց ֆեդերալ կառավարութեան հզօրացման, տնտեսութեան բարգաւաճման ու էներգետիկ ոլորտի զարգացման վրայ: Այս գործելակերպը պատճառ դարձաւ, որ Ռուսաստանը մասամբ վերագտեց իր անցեալի փառաւոր հզօրութիւնը՝ լուրջ մրցակից դառնալով ԱՄՆ-ի համար: Պուտինը հակադրւելով Ռուսաստանում ԱՄՆ-ի միջամտութիւններին, դէպի Արեւելք ծաւալող ՆԱՏՕ-ի ընդլայնմանը եւ ծնունդ առած գոնաւոր յեղափոխութիւններին ու նաեւ ԱՄՆ-ի ցանկութեան հակառակ՝ Թեհրանի ու Դամասկոսի հետ յարաբերութիւնները բարելաւելով՝ բոլորին փաստեց, որ այլեւս աւարտւել է ամերիկեան միաբեւեռ աշխարհակարգը: Պուտինը Ռոսաստանի միջազգային ու տարածաշրջանային դիրքը բարելաւելու համար ուշադրութիւն դարձրեց Կրեմլի ազգային ու ռազմավարական շահերին: Ճիշտ այդ տրամաբանութեամբ էր, որ Ռուսատսանը մուտք գործեց Իրանի ատոմական խնդրի կարգաւորման գործընթաց՝ երկակի յարաբերութիւն ստեղծելով թէ՛ Իրանի, եւ թէ՛ ԱՄՆ-ի հետ: Ռուսաստանը իր այս երկակի յարաբերութեան ընթացքում ո՛չ վշտացրեց Թեհրանին, եւ ո՛չ էլ Վաշինգտոնին : Մոսկւայի այս երկակի խաղը պիտի մի օր հասնէր իր աւարտին եւ այդ պահը եղաւ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն հակառակւեց Առեւտրի համաշխարհային կենտրոնին միանալու Ռուսաստանի ցանկութեան հետ ու արեւելեան Եւրոպայում հակահրթիռային յենակներ տեղադրելով՝ սպառնաց Ռուսաստանի տարածաշրջանային հեգեմոնիային:Պուտինը ԱՄՆ-ի այս վերջին քայլը նմանացրեց 60-ական թւականներին ԱՄՆ-Խ. Միութեան միջեւ առաջացած հրթիռային տագնապին, երբ ԱՄՆ-ն Խ. Միութեան հաւանական յարձակումից պաշտպանւելու պատրւակով Եւրոպայում եւ Թուրքիայում տեղադրեց իր հրթիռային յենակները: Խ. Միութիւնն այդ քայլին հակազդելու համար՝ իր հրթիռային յենակները տեղադրեց Կուբայում: Ի վերջոյ, այն ժամանակւայ երկու գերհզօր բեւեռները պատերազմից խուսափելու համար՝ համաձայնեցին իրենց յենակները հեռացնել միմեանց սահմաններից: Նաեւ Խ. Միութեան Կոմունիստական կուսակցութեան գլխաւոր քարտուղար Խրուշչովը յայտարարեց, թէ երկու տարբեր տնտեսական ու հասարակական համակարգերի համակեցութիւնը հնարաւոր է: Սա ուղղակի հակասում էր Մարքսի գաղափարախօսութեանը:Պուտինը նաեւ իր հերթին հաւատարիմ մնաց Խրուշչովի խորհուրդներին, մինչեւ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն նորից իր հրթիռային յենակներով սպառնաց Ռուսաստանին:

Ուժային բլոկի ծնունդը

ԱՄՆ-ն իր այս տեսակ քաղաքականութեամբ, որը խորքում գործադրւում է Ռուսաստանին մեկուսացնելու նպատակով, գործնականում Մոսկւային նետել է Թեհրանի գիրկը, որը վճռել է ամէն գնով պահպանել իր ատոմական աշխատանքները: Ռուսաստանի համար դաշնակցումը Իրանի նման ազդեցիկ ու հզօր երկրի հետ, որը համարւում է ԱՄՆ-ի գլխաւոր հակառակորդը՝ Միջին Արեւելքում, ստեղծեց փայլուն հնարաւորութիւն՝ իրականացնելու իր տարածաշրջանային ու միջազգային երկարատեւ նպատակները: Ի՞նչ է Ռուսաստանի ռազմավարական նպատակները՝ Իրանում, տարածաշրջանում եւ աշխարհում: Կրեմլը այդ նպատակներին հասնելու համար՝ ի՞նչ տեսակ քաղաքականութիւն է որդեգրելու: Այս ընթացքում ի՞նչ դեր է վերապահւած Իրանին, Թուրքիային, Հայաստանին, Իրաքին ու Սիրիային: Վերոյիշեալ հարցերը քննարկելու համար՝ պիտի ուշադրութիւնը դարձնել.1 - Իրանի առաջնորդին ներկայացրած Պուտինի առաջարկը, 2 - Եւրոպայում տեղադրւած յենակների եւ Կուբայի հրթիռային տագնապի միջեւ առկայ նմանութիւնը ու 3 - Բուշի յայտարարած Երրորդ աշխարհամարտի առաջացման երեւոյթները: Այս տւեալների դասաւորութիւնը ճշտելով՝ հնարաւոր կը դառնայ քողազերծել Պուտինի գաղտնի առաջարկը:

Հաւանական քողազերծում

Ա - Միջին Արեւելքում, Կենտրոնական Ասիայում եւ Պարսից ծոցում ԱՄՆ-ի ծաւալւող տիրակալութեանը դիմադրելու նպատակով` Ռուսաստանը առաջարկում է կազմաւորել ուժային նոր բլոկ` Ռուսաստան, Իրան, Թուրքիա եւ Սիրիա, Հայաստան, Իրաք առանցքով:Բ - ԱՄՆ-ի ռազմական սպառնալիքին դիմադրելու համար` Ռուսաստանը յանձն է առնում աւարտել Բուշեհրի ատոմակայանը՝ միջազգային ոլորտում լիարժէք Իրանին հովանաւորելով, ի դիմաց՝ պահանջում է Իրանում կամ Իրանի դաշնակից երկրներում տեղադրել հակահրթիռային նոր յենակներ:Գ - Իրանը վերոյիշեալ առաջարկներին համաձայնելով՝ պարտականութիւն կը ստանայ տարածաշրջանի երկրներին միաւորելով՝ ապահովել նրանց համագործակցութիւնը եւ Ռուսաստանն էլ իր հերթին հովանաւորելու է բոլորին:
Այս գաղտնազերծութեան ճշմարտութիւնը ապացուցելու համար՝ պիտի նշենք այն տւեալները, որոնք հնարաւորութիւն ստեղծեցին գաղտնիքը բացայայտելու աշխատանքում:
1 - Վլադիմիր Պուտինի այցը Իրան միայն Կասպից ծովի հերթական համաժողովին մասնակցելու նպատակով տեղի չունեցաւ, այլ Ռուսաստանի կողմից յստակ պատգամ էր ԱՄՆ-ին: Յիշեալ այցելութիւնը կատարւեց այն ժամանակ, երբ Ռուսաստանը վերաորակաւորելով իր դերը՝ մտադիր է միջազգային ոլորտում ազդեցիկ ներկայութիւն ապահովել իր համար: Եւրոպայում տեղադրւած ամերիկեան հակահրթիռային յենակների ու նաեւ Ամերիկայի արտգործնախարարի ու պաշտպանութեան նախարարի Մոսկւա կատարած այցի ընթացքում ստացած պատգամների հանդէպ Պուտինի վերաբերմունքը ինքնին ապացուցում է դա:
2 - Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը ցանկանում են սերտ համագործակցութիւն հաստատել Եւրոպայի հետ: Թուրքերը մտադիր են մուտք գործել Եւրոմիութիւն, ռուսները ցանկութիւն ունեն էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցութիւն ստեղծել Եւրոպայի հետ եւ Իրանն էլ իր հերթին տնտեսութեան ու մշակոյթի ոլորտներում Եւրոպայի հետ լուրջ համագործակցելու ակնկալութիւն ունի: Բայց, Մոսկւայի, Անկարայի եւ Թեհրանի մերձեցման համար մի հզօր դրդապատճառի կարիք էր զգացւում եւ դա առաջացրեց Վաշինգտոնը՝ Ռուսաստանի դէմ տեղադրելով հրթիռային յենակներ, Իրանի դէմ զարգացնելով միակողմանի շրջափակումներ, եւ Թուրքիայի դէմ արծարծելով Հայոց Ցեղասպանութեան բանաձեւն ու քրդերին պաշտպանելու միջոցով:Այս երեք երկրների դաշնակցումը նշանակում է նոր ուժային բլոկի ծնունդ:
3 - Ռուսաստանը քաջ գիտակցում է, որ այս ուժերի միացումը զգալի կերպով մերձեցնելու է Մոսկւային, Թեհրանին, Անկարային ու անգամ Դամասկոսին: Միայն այդ ընթացքում է, որ Իրանը, Թուրքիան եւ Սիրիան որդեգրելու են հակաահաբեկչական ռազմավարութիւն, որոնց որդեգրած ընթացքը պարտադրաբար պիտի հովանաւորի Արեւմուտքը: Այսօրւայ իրողութիւնը նման է Իրանի, Թուրքիայի եւ Իրաքի միջեւ կնքւած 1950 թ. հակակոմունիստական ու հակաքրդական պայմանագրին, միայն այն տարբերութեամբ, որ այս անգամ Ռուսաստանն որպէս գերուժ՝ հովանաւորում է դաշնակիցներին եւ ոչ ԱՄՆ-ը: Ռուսաստանը կարգաւորելու է Քրդական հարցը եւ այդ ուղղութեամբ հնարաւոր է երեւան գայ աւելի չափաւորական Իրան, որը սերտ յարաբերութիւն կը ստեղծի Իրաքի շիա կառավարութեան հետ ու Ռուսաստանի, եւ ոչ ԱՄՆ-ի միջամտութեամբ կը զսպի ապստամբ քրդերին:
4 - Ռազմական ոլորտում Ռուսաստանը աւելի նւազ է ԱՄՆ-ից, բայց էներգետիկ ոլորտում դա Ռուսաստանն է, որ իր որոշ որոշումները պարտադրում է ԱՄՆ-ին: ԱՄՆ-ի ռազմական բիւջէն կազմում է մօտ 400 միլիարդ դոլար եւ Ռուսաստանինը միայն 21 միլիոն դոլար, որը ապացուցում է ԱՄՆ-ի ռազմական գերակայութիւնը, բայց էներգետիկ ոլորտում ԱՄՆ-ն իր 60% նաւթի կարիքը (օրական 21 միլիոն տակառ) ներածում է միջազգային շուկայից: Տարածաշրջանում նոր ուժային բլոկի յայտնութիւնը, որ վերահսկում է աշխարհի նաւթի 90%-ը, ԱՄՆ-ի համար նշանակում է մեծ պարտութիւն, իսկ Ռուսաստանի համար՝ մեծ յաղթանակ:
5 - Այս բլոկի կողմից վերահսկւող նաւթային արտադրութիւնը պատճառ կը դառնայ, որ այդ ռազմավարական նիւթը գների սղաճ արձանագրի: Ներկայում Վլադիմիր Պուտինի կարճաժամկէտ ռազմավարութիւնն էլ հիմնւած է միջազգային շուկայում նաւթի գնի բարձրացման վրայ: Դա նաեւ պատճառ կը դառնայ Ռուսաստանում Պուտինի վարկանիշի բարելաւմանը եւ կերաշխաւորի նրա գոյատեւումը՝ քաղաքական ասպարէզում, անգամ վարչապետի պաշտօնով:
6 - Պուտինը Իրան-Արեւմուտք լարւածութիւնը զարգացնելով՝ բարձրացրեց Իրանի վրայ յարձակւելու հաւանականութիւնը: Պուտինը այս քայլով Իրանին պարտադրեց իր ատոմական խնդիրը կարգաւորելու համար՝ աւելիով յենւել Ռուսաստանին: Դա նման է 1967-ին կատարած Բրեժնեւի քայլին, երբ Եգիպտոսի նախագահ Ջամալ Աբդոլնասերին քաջալերեց պատերազմել Իսրայէլի դէմ: Այդ պատերազմի հետեւանքով՝ Եգիպտոսը անցաւ Խ. Միութեան գիրկը:
7 - Նոր բլոկի կազմաւորման ընթացքում Ռուսաստանը ատոմական էներգիայի, զինամթերքի վաճառման ու տեխնոլոգիայի փոխանցման միջոցով աւելի է մօտենալու Արաբական աշխարհին: Կրեմլը այս քայլով նպատակ ունի. ա - Տարածաշրջանի երկրների հետ ռազմականօրէն համագործակցելով՝ չէզոքացնել Միջին Արեւելքում ծաւալւող ԱՄՆ-ի տիրակալութիւնը: բ - Միջին Արեւելքի երկրներում Իրանին վաճառւող ռուսական զինամթերքի պատճառով առաջացած մտահոգութիւնների նւազեցումը: գ - Պարսից ծոցում գոյութիւն ունեցող նաւթային հսկայ առեւտրի գործում ապահովել Ռուսաստանի ներկայութիւնը:
8 - Ռուսաստանը Իրանին իր հետ ուղեկից դարձնելու նպատակով՝ սերտ համագործակցում է Չինաստանի հետ: Նրանք 1996-ին ստեղծեցին Շանհայի պայմանագիրը, որը հակաահաբեկչական ու անվտանգութեան բնոյթ ունէր, բայց յետոյ այդ պայմանագիրն իր գործունէութիւնը ոչ միայն տարածեց տնտեսական ոլորտում, այլ նաեւ ռազմական ոլորտում լուրջ զարգացումներ արձանագրեց: Շանհայի պայմանագիրը իրեն վերանւանելով «Շանհայի համագործակցութիւնների կազմակերպութիւն», ապացուցում է յիշեալ փոփոխութիւնները: Ռուսաստանի միջնորդութեամբ Իրանը այսօր անդամակցում է այդ կազմակերպութեանը՝ դիտորդի կարգավիճակով եւ մօտ ժամանակներում դառնալու է լիիրաւ անդամ:
9 - Պուտինը ԱՄՆ-ի դէմ իր ուժային ցուցադրութեան ընթացքում իր համաձայնութիւնը յայտնեց Իրանի հոգեւոր առաջնորդի կողմից առաջարկւած գազային ՕՊԵԿ-ի նախագծին:
10 - Եթէ Պուտինի Իրանի առանցքով կատարած քաղաքական եւ տնտեսական գործադրումները յաջողութեան հասնեն եւ միաւորւեն տարածաշրջանի երկրները, բնականաբար կը ծնւի մի ուժային նոր բլոկ, որը ոչ կախում ունի Արեւմուտքից եւ ոչ էլ Արեւելքից:Նմանօրինակ բլոկի ձեւաւորումը նշանակում է, թէ այլեւս փոփոխւում են ներկայ աշխարհակարգի ուժային դիրքորոշումները:Ուրեմն՝ հարկաւոր է, որ Հայաստանն էլ իր հերթին վերանայի իր դիրքորոշումներն ու առաջնահերթութիւնները՝ աւելի լուրջ դեր ապահովելով տարածաշրջանի ուժային նոր համակարգում:
Յօդւածը տպագրւել է Հայաստանում հրատարակւող
«Երրորդ Ուժ Պլուս» շաբաթաթերթի թիւ 7 համարում
նաեւ
Եւ

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը