Եւ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Փորձելով պարզել, թե գոյություն ունի՞ խորքային կապ ու փոխպայմանավորվածություն՝ Իրաքը երեք վարչատարածքային միավորների բաժանելու մասին ԱՄՆ Սենատի սեպտեմբերի 24-ի որոշման, թուրք-քրդական վերջին բախումների եւ հոկտեմբերի 10-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող 102-րդ բանաձեւի միջեւ, մեր քաղաքական դետերը ներկայումս արտահայտում են երկու հակադիր, բայց հավասարապես միակողմանի տեսակետներ։
Առաջին տեսակետի կողմնակիցները հակված են կարծելու, թե Իրաքի հյուսիսում Քուրդիստանի վերջնական ձեւավորմանը տանող ամերիկյան քայլերը եւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը որեւէ կերպ կապված չեն իրար եւ վերջինս պայմանավորված է նախագահական ընտրություններին նախապատրաստվող Դեմոկրատական կուսակցության ու ԱՄՆ հայկական լոբբիի ակտիվ համագործակցության փաստով, ինչը հոկտեմբերի 10-ին թույլ տվեց հաղթահարել Սպիտակ տան ու նրա ղեկավարի դիմադրության առաջին արգելապատնեշը։
Երկրորդ տեսակետի կողմնակիցները, օրինակ՝ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռ.Սաֆրաստյանը, հակառակը, խորքային կապեր են նշմարում այս երկու գործընթացների միաժամանակյա ծավալման փաստի մեջ, սակայն, չգիտես ինչու, պնդում են, թե Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը սոսկ «կատալիզատորի դեր է խաղացել Անկարայի կողմից Իրաքում ռազմական օպերացիայի իրականացման համար»։Կարծում ենք՝ այս բարդ ու բազմաշերտ խնդրի ամբողջական ու հնարավորինս արագ բացահայտումը խիստ կարեւոր նշանակություն ունի ո՛չ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն իր ավարտին հասցնելու, այլեւ մեր տարածաշրջանի հարավային սահմաններում նշմարվող պատերազմի լուրջ վտանգը կանխատեսելու առումով։ Ուստի «պանդորրայի արկղի» բանալիները գտնելու համար ներկայումս պարտավոր ենք մի կողմ դնել նման պատկերացումներն ու մտակաղապարները եւ պատասխան տալ հետեւյալ հարցերին։Առաջին. ինչո՞ւ հոկտեմբերի 10-ին կոնգրեսականները այդպես էլ չանսացին Թուրքիայի տարածքով ամերիկյան զինվորականների մատակարարման ուղիները չշրջափակելու՝ գործող վարչակազմի եւ հանրապետական պատգամավորների պահանջին, որը ձեւակերպված էր իբրեւ ազգային անվտանգության խնդիր։ Այսինքն՝ բացարձակ առաջնահերթություն ԱՄՆ ազգային շահերի դիտանկյունից, ինչի պայմաններում բանաձեւի ընդունումը առնվազն պետք է հետաձգվեր։
Երկրորդ. նախօրեին ինչո՞ւ էր Թուրքիան համառորեն շանտաժի ենթարկում նաեւ Իսրայելին, սակայն, չնայած դրան, հոկտեմբերի 10-ի քվեարկության օրը հրեական լոբբիի ներկայացուցիչները եւ առաջին հերթին՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Թոմ Լանթոսը խոսքով աջակցեցին, բայց գործով ձախողեցին թուրքական լոբբիի համառ ջանքերը։
Եւ վերջապես՝ երրորդ. ինչո՞ւ են Իրաք ներխուժելու թուրքական նախապատրաստությունները ճշգրտորեն համընկել Իրաքի ֆեդերալիզացիայի մասին ԱՄՆ Սենատի սեպտեմբերի 24-ի որոշման եւ նրա հետ սերտորեն կապված՝ Քիրքուկի ճակատագրի շուրջ մինչեւ ներկա տարեվերջը նախատեսված հանրաքվեի ժամկետների հետ։Այս երեք հարցերի ճշգրիտ պատասխանը գտնելու համար հարկավոր է հաշվի առնել նաեւ այն փաստը, որ Իրաքում հակաահաբեկչական պատերազմը հաղթական ավարտի հասցնելու հնարավորության մասին գործող վարչակազմի տեսակետը ԱՄՆ-ում այլեւս լուրջ չի ընդունվում եւ Իրաքից պատվով դուրս գալու միակ տարբերակն է դիտվում ֆեդերալիզացիան, ինչը հեռանկարում այդ բազմազգ պետության ստույգ տրոհման ճանապարհն է։
Նման տարբերակը պաշտպանության է արժանանում Իրաքի հյուսիսում արդեն դե ֆակտո գոյություն ունեցող քրդական ինքնավարության ղեկավարների ու քրդական պետության ձեւավորմանը աջակցություն ցույց տվող Իսրայելի կողմից։ Այս պայմաններում իրաքյան հարցի հետ կապված ԱՄՆ-ում իրականում առկա են ամերիկյան ազգային շահի ոչ թե մեկ, այլ երկու տարբեր ընկալումներ։ Ընդ որում, Սենատը սեպտեմբերի 24-ին հավանություն է տվել հենց երկրորդ տարբերակին։
Իսկ արաբների դիմադրությունը ամենեւին էլ բավարար չէ այն ձախողելու համար, քանի որ ինքնավար Քուրդիստանն ունի մոտ 100 հազարանոց բանակ եւ մինչեւ ներկա տարեվերջ պատրաստվում է հանրաքվեի միջոցով վերջնականապես իրեն միացնել Քիրքուկի նավթաբեր շրջանը, ուր քրդերը սկսել են գերակշռել Թուրքիայի կողմից հովանավորվող՝ թուրքմենների հանդեպ։Նման պայմաններում ամերիկյան քաղաքական բեմահարթակում գործող հզոր հրեական լոբբին ամեն ինչ անում է քրդական պետության ձեւավորման ճանապարհին ուրվագծվող վտանգների չեզոքացման համար։ Դրանցից գլխավորն, իհարկե, թուրքականն է, քանի որ Քուրդիստանի անկախացման հեռանկարը սպառնում է Սիրիայի, Իրանի, բայց առաջին հերթին՝ Թուրքիայի տարածքային ամբողջականությանը։ Իրաքի սահմանին արդեն 200 հազարանոց բանակ կենտրոնացրած Թուրքիային «զսպաշապիկ» հագցնելու խնդիրը դառնում է Իրաքից պատվով դուրս գալու ԱՄՆ-ի ցանկության ու Քուրդիստանի ձեւավորման միջոցով «արաբական օվկիանոսում» հենակետ-լեռնակղզի ունենալու Իսրայելի բաղձանքի իրականացման հիմնական նախապայմանը։
Այս ռազմավարական խնդրի լուծման տեսանկյունից երկրորդական նշանակություն ունի թուրք-ամերիկյան հարաբերությունների ժամանակավոր սրման հեռանկարը, քանի որ թուրքական բանակի Իրաք մուտք գործելու դեպքում խնդրի լուծումն ավելի է բարդանալու։ Իսկ Իրաքում առկա ստատուս-քվոյի պահպանումը հնարավոր է առնվազն՝ մեկ տարի, քանզի դեմոկրատների հաղթանակի դեպքում ամերիկացիներն ի վերջո հեռանալու են այնտեղից՝ շատ ավելի անփառունակ կերպով։
Ուրեմն՝ հնարավոր չէ մեկ տարուց ավելի հետաձգել Իրաքի ֆեդերալիզացիայի ծրագրի գործադրումը, քանզի Իրաքում ամերիկյան ներկայության թուլացման դեպքում Թուրքիան 5 րոպե անգամ չի տատանվի այդ անպաշտպան մնացած երկրի հյուսիս ներխուժելու հարցում։ Ավելին՝ Թուրքիան արդեն սկսել է գործի անցնել եւ մշակել է ներխուժման մի քանի սցենարներ, որոնց իրականացման համար ՊԿԿ-ի զինյալների առկայությունը միայն հարմար առիթ է։
Այսպիսով, Թուրքիայի ագրեսիվությունը սանձելու խնդիրը միավորելով ԱՄՆ-ի, Իսրայելի ու Ինքնավար Քուրդիստանի խորքային շահերը, առաջիններին ստիպում է մտածել լուրջ հակակշիռների ձեւավորման մասին։ Արդյունքում՝ իշխանության ձգտող Դեմոկրատական կուսակցության ղեկավարությունը եւ դեմոկրատների վրա հսկայական ազդեցություն ունեցող հրեական լոբբին գործի են անցնում Թուրքիայի դեմ։
Հրեական կազմակերպությունների կողմից վերջին ամիսներին ԱՄՆ-ում նախաձեռնված ակտիվ հակաթուրք գործունեությունը ԱՄՆ-ի միջոցով թուրքական «գորշ գայլին» համապատասխան ամրության «դնչկալ» գտնելու համառ ու հետեւողական փորձերի արտահայտությունն է։ Այս համատեքստում է առաջադրվել նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ներկա տարեսկզբին Ներկայացուցիչների պալատի քննարկմանը ներկայացված 106-րդ բանաձեւի հանդեպ երկակի մոտեցում որդեգրելու գաղափարը։ Գործող վարչակազմի բացասական ու Կոնգրեսի դեմոկրատական մեծամասնության դրական վերաբերմունքի պայմաններում ԱՄՆ հրեական լոբբին հնարավորություն է ստանում ասելու իր վճռական խոսքը եւ հասկացնելու Թուրքիային, թե ի՞նչն է նրան թույլատրվում եւ ի՞նչը՝ ոչ։
Ուստի պատահական չէ, որ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում տեղի ունեցած քվեարկությունից հետո թուրքական կողմը դարձել է շատ զգույշ եւ ակնհայտորեն հետաձգում է Իրաք ներխուժելու իր ծրագրերի գործադրումը։ Կողմերը սկսել են ժամանակ շահել, սակայն չպետք է մոռանալ, որ նրա լիմիտը սպառվելու է ներկա տարեվերջին։
Պատճառն ակնհայտ է. Քիրքուկի հարցը իրենց օգտին լուծելուց հետո քրդերը կանգ չեն առնելու կես ճանապարհին եւ տիրանալով հսկայական նավթային պաշարների, հենց իրենք են նախաձեռնելու Իրաքի մասնատման գործընթացը։ ԱՄՆ-ը իր հերթին, դառնալու է Քուրդիստանի անկախացման գործընթացի երաշխավորը՝ այստեղ հաստատելով միանգամայն անվտանգ ու ապահով ռազմական հենակետեր։
Նման հեռանկարների առարկայացման յուրաքանչյուր հանգրվանում Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը արձանագրելու է իր հերթական հաջողությունը։ Ուստի, կարծում ենք, Ներկայացուցիչների պալատում քննարկվող 106-րդ բանաձեւի ընդունման հանգրվանները պետք է ճշգրտորեն համապատասխանեցվեն Իրաքի հյուսիսում նշմարվող զարգացումների ճգնաժամային փուլերին։
Ավելին՝ նման համապատասխանության ապահովումը պետք է դառնա սկիզբ առած ու ծավալման նոր հեռանկարներ խոստացող թուրք-ամերիկյան ապահարզանի հետեւանքներն օգտագործելու գործընթացի առաջին հանգրվանը։ Քուրդիստանի շուրջը նկատվող դիմակայության խորացմանը զուգահեռ, Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը կարող է աստիճանաբար փոխակերպվել Թուրքիային ավելի լուրջ ու առարկայական պահանջներ ներկայացնելու պրոցեսի։
«Հայոց Աշխարհ» օրաթերթ
0 Պատգամ:
Post a Comment