Sunday, August 07, 2011

«Եթե ռեֆորմիստները հաղթեին, նրանց առաջնորդներն անպայման կսպանվեին». իրանցի պաշտոնյա


Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ, Իրանի առաջնորդության և մշակույթի նախարարության մամուլի բաժնի նախկին ղեկավար Մուհամադ Ալի Ռամինը ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Եթե երկու տարի առաջ դավադիրները (ռեֆորմիստները) հաղթեին և հաջողության հասնեին, նրանց առաջնորդները առաջինն էին, որ Իրանի թշնամիների ձեռքով կսպանվեին: Իրանի ռեֆորմիստները երկրի թշնամիների ձեռքում մեր գերագույն առաջնորդին վնասելու գործիք են»:

Իրանի իշխանություններն ու պահպանողական գործիչները բազմիցս արդարացրել են Միր Հուսեյն Մուսավիին և Մեհդի Քարուբիին տնային կալանքում պահելու փաստը՝ հայտարարելով, որ դա կատարվում է նրանց անվտանգությունը ապահովելու նպատակով:

Մուհամադ Ալի Ռամինը նաև այաթոլլահ Խամենեիին «իմամ» չանվանելու փաստը երկրի թշնամիների դավադրությունը որակեց. «Եթե իմամ Խոմեյնիին փոխարինում է այաթոլլահ Խամենեիին, ինչո՞ւ վերջինիս չպիտի իմամ անվանենք: Մեր համակարգը կառուցվել է իմամ-ժողովուրդ սկզբունքի վրա, այլ ոչ թե արևմտյան՝ պետություն-ազգ հասկացողության վրա»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

«Թուրք գեներալների հրաժարականի դրդապատճառը միջամտությունն է Սիրիայի ներքին գործերին». իրանցի փորձագետ


Իրանցի քաղաքագետ Սաբահ Զանգանեն իրանական IRAN օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ թուրք գեներալներն իրենց բանտարկյալ զինակիցներին աջակցելու նպատակով է, որ հրաժարական են ներկայացրել:

Սաբահ Զանգանեի փոխանցմամբ՝ «Թուրքիայի իշխանությունները փորձում են նվազեցնել երկրում զինվորականների դերակատարությունը: Թեև հրաժարված գեներալներն իրենց բանտարկյալ զինակիցներին պաշտպանելու ու նրանց ազատ արձակելու ուղղությամբ են պայքարում, բայց թուրքիայի իշխանության կողմից Սիրիայի ներքին գործերին միջամտությունների հետ համաձայն չէին, ու այդ պատճառով էլ հրաժարական ներկայացրեցին երկրի նախագահին: 

Այդ բոլոր խնդիրները լուրջ իրավիճակ են ստեղծել Թուրքիայում: Այս ընթացքում էլ Արևմուտքը Թուրքիայում ժողովրդավարության տարածման ցանկությանը զուգահեռ նաև փորձում է բանակը կրկին վերադարձնել իր նախկին դիրքերին:»

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի ոստիկանությունը ձերբակալել է Ֆեյսբուքում «ջրոցի» կազմակերպող անհատներին


Իրանական Etedaal լրատվական կայքի հաղորդմամբ՝ Իրանի ոստիկանությունը ձերբակալել է օրեր առաջ Ֆեյսբուք սոցիալական ցանցում «ջրոցի» կազմակերպող անհատներին:

Մի շարք իրանցիներ Ֆեյսբուքի միջոցով Թեհրանի «Կրակ և ջուր» զբոսայգում կազմակերպել էին ջրցողի միջոցառում. բազմաթիվ իրանցի երիտասարդներ համախմբվելով՝ միմյանց վրա ջուր էին ցողել:

Հիշյալ նախաձեռնությունը Իրանի իշխանությունների կողմից որակվել էր որպես ոչ-բարոյական և իսլամական շարիաթի դեմ գործողություն: 

Etedaal-ի փոխանցմամբ, ձերբակալվածներ փորձում էին կրկին նմանօրինակ միջոցառում ձեռնարկել Թեհրանի ամենամեծ զբոսայգիներից մեկում՝ Մելաթ զբոսայգում, որի արդյունքում էլ ձերբակալվել են ոստիկանության կողմից:

Հիշեցնենք, որ այս նախաձեռնության պատճառով Թեհրանի հայերն էլ հնարավորություն չունեցան հայոց առաջնորդարանի դիմաց գտնվող Սուրբ Մարիամ զբոսայգում իրականացնել վարդավառի ավանդական տոնակատարությունը, քանի որ Թեհրանի ոստիկանությունն արգելել էր վարդավառի տոնակատարությունը՝ միջոցառումը «Կրակ ու ջուր» զբոսայգում կատարվածի շարունակությունը համարելով:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ահմադինեժադի ներկայացրած 4 նախարարներն էլ խորհրդարանից վստահության քվե ստացան


Իրանական Fars գործակալության հաղորդմամբ՝ Իրանի խորհրդարանը, ի վերջո, վստահության քվե տվեց Ահմադինեժադի ներկայացրած 4 նախարարներին, և այդկերպ Իրանի կառավարության կազմը համալրվեց 4 նորընտիր նախարարով:

Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», Իրանի կառավարությունը 6 նախարարություններ միաձուլել է և ստեղծել երեք նոր նախարարություն: Այդ ընթացքում նաև նավթի նախարարությունն էր առանց նախարարի մնացել, հետևաբար նախագահը պիտի 4 նախարարի թեկնածու ներկայացներ Իրանի խորհրդարան վստահության քվե ստանալու նպատակով:

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը խորհրդարանին էր ներկայացրել հետևյալ թեկնածուներին. Շեյխոլիսլամին՝ համագործակցության, աշխատանքի և հանրային բարեկեցության նախարարության համար, Մեհդի Ղազանֆարիին՝ արդյունաբերության, հանքի և առևտրի նախարարության համար, Ռոսթամ Ղասեմիին՝ նավթի նախարարության և Աբասիին՝ սպորտի և երիտասարդության նախարարությունների համար:

Իրանական լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ ներկայացված երեք նախարարները դյուրությամբ վստահության քվե ստացան երկրի խորհրդարանից, իսկ նավթի նախարարի տեղի համար ներկայացված Ռոսթամ Ղասեմիի շուրջ խորհրդարանում բազմաթիվ վեճեր ծագեցին:

Ռոսթամ Ղասեմին Իրանի պահակազորին պատկանող Խաթամոլանբիա ճամբարի հրամանատարն է, որին որպես նախարար ներկայացնելու փաստը, պահպանողականների կողմից դիտվում է որպես նախագահի տուրքը պահակազորին: Բայց բուռն վեճերի արդյունքում Ղասեմին էլ վստահության քվե ստացավ և մեկնեց նավթի նախարարություն:

Հիշեցնենք, որ Ռոսթամ Ղասեմին ընդգրկված է Արևմուտքի «պատժամիջոցների ցուցակում» և մի շարք երկրներ մուտքի իրավունք չունի:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

«Թեհրանի քաղաքապետը 82 լրատվամիջոց ունի». Փարվին Ահմադինեժադ


Իրանական IRAN օրաթերթի հաղորդմամբ, Թեհրանի քաղխորհրդի անդամ, նախագահ Մահմուդ Ահմադինեժադի քույրը՝ Փարվին Ահմադինեժադը, հայտարարել է, որ Թեհրանի քաղաքապետը 82 լրատվական միջոց ունի:

Փարվին Ահմադինեժադի փոխանցմամբ՝ Թեհրանի քաղաքապետ Ղալիբաֆը բազմաթիվ լրատվական միջոցներ՝ լրատվական կայքեր, օրաթերթեր, շաբաթաթերթեր ու պարբերականներ ունի, որոնց միջոցով քաղաքապետի անգամ թաղային մի գործարքը երկրի մակարդակով շրջանառության մեջ է մտնում:

Ըստ Փարվին Ահմադինեժադի՝ քաղաքապետարանը լոկ քաղաքային կառույց է, որը ծառայում է մայրաքաղաքի բարեկեցությունը ապահովելուն, բայց Ղալիբաֆի այս պահվածքն ապացուցում է, որ քաղաքապետը հեռանկարում այլ նպատակներ ունի:

Հիշեցնենք, որ Թեհրանի ներկայիս քաղաքապետ Ղալիբաֆը համարվում է նախագահական ընտրությունների գլխավոր թեկնածուներից, որը հնարավորություն ունի մրցակցել Ահմադինեժադի թիմակիցների հետ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Tuesday, August 02, 2011

«Հույս ունեմ՝ Ահմադինեժադին շրջապատող դևերը ռուսական, ամերիկյան և իսրայելական չեն լինի». Ահմադ Սալեք


«Պայքարող հոգևորականների հասարակություն» կազմակերպության խոսնակ Ահմադ Սալեքը իրանական Shargh օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով Ահմադինեժադի և այաթոլլահ Խամենեիի միջև ծագած անհամաձայնությունների արդյունքում նախագահի երկշաբաթյա խռովությանը, հայտարարել է. 

«Ահմադինեժադի մեկուսացման օրերին Օբաման և Նեթանյահուն աջակցեցին նրան՝ ընդդեմ այաթոլլահ Խամենեիի: Ահմադինեժադը համոզված էր, որ եթե նման քայլի դիմի, ժողովուրդը իրեն պաշտպանելու համար փողոց դուրս կգա, բայց հակառակը ապացուցվեց: Իսկ եթե Ահմադինեժադի մեկուսացումը երկար շարունակվեր, խորհրդարանը երկրի ճակատագիրը կպարզեր»։

Մատնանշելով կառավարություն ներթափանցած դավադիրների փաստը՝ Ահմադ Սալեքը ավելացրել է. «Դավադիրների ճամբարն այնտեղ է հասել, որ ասում են՝ եթե մենք փրկիչ մարգարեի հետ ուղղակի կապի մեջ ենք, էլ ինչու պիտի ենթարկվենք երկրի առաջնորդին: Մենք հույս ունենք, որ Ահմադինեժադի պաշտոնավարության այս երկու տարին էլ լավ ավարտ կունենան, բայց դեռ շուտ է եզրակացություններ անելու համար, պիտի սպասենք մինչև խորհրդարանական ընտրությունները, երբ շատ խնդիրներ պարզ կդառնան: Ես հույս ունեմ, որ Ահմադինեժադին շրջապատած դևերը ռուսական, ամերիկյան ու իսրայելական դևեր չեն լինի:»

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Թեհրանում արգելվել է վարդավառի տոնակատարությունը


Իրանական Tabnak լրատվական կայքի հաղորդմամբ՝ կիրակի օրը Թեհրանի հայոց առաջնորդարանի դիմաց գտնվող Սուրբ Մարիամ զբոսայգում մի խումբ իրանահայեր համախմբվել և վարդավառի ավանդական ջուր ցանելու տոնակատարությունն են իրականացրել, սակայն Թեհրանի ոստիկանության միջամտությամբ հայ երիտասարդները ստիպված են լքել տարածքը:

Կայքի հաղորդմամբ՝ մի քանի օր առաջ նման դեպք է գրանցվել Թեհրանի մեկ այլ զբոսայգում, որտեղ այս անգամ հենց իրանցիներն են ջուր ցանել միմյանց վրա:

Tabnak-ի եզրակացությամբ՝ նմանօրինակ գործողությունները ծրագրված են նախապես և նպատակ ունեն վնասել հասարակության բարոյական ու մշակությային արժեքները:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Յուրաքանչյուր ժամ Իրանում 15 ամուսնալուծություն է գրանցվում


Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, Իրանի ամուսնության և ամուսնալուծության գրանցման կենտրոնը հայտարարել է, որ, վերջին վիճակագրությունների համաձայն, Իրանում յուրաքանչյուր ժամ 15 ամուսնալուծություն է արձանագրվում:

Հիշյալ կենտրոնի փոխանցմամբ՝ յուրաքանչյուր 15 ամուսնալուծության դիմաց 104 ամուսնություն է գրանցվել:

Ներկայացված վիճակագրության համաձայն, վերջին երեք ամիսների ընթացքում Իրանում գրանցվել է 225,423 ամուսնություն և 32,766 ամուսնալուծություն։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ ամուսնությունների թիվը 1%-ով նվազել է, իսկ ամուսնալուծությունների թիվը՝ 9%-ով աճել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Monday, August 01, 2011

Իրանում բանտարկյալների թիվը նախորդ տասնամյակի համեմատությամբ 17% -ով աճել է


Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, Իրանի բանտարկյալների թիվը նախորդ տասնամյակի համեմատությամբ 17%-ով աճել է:

Գործակալության փոխանցմամբ, բանտարկյալների թվի աճի պատճառը թմրանյութերի օգտագործման տարածումն ու աղքատությունն են:

Mehr-ի մատուցմամբ, այսօր բանտարկյալների թվի աճը լուրջ մարտահրավեր է կառավարության համար, և այդ իրավիճակը լրջանում է բանտարկյալների ընտանիքներին անուշադրության մատնելու փաստով:

Հիշյալ զեկույցի մեջ նշված է, որ բանտերից ազատ արձակվածների 29%-ը կրկին բանտ են վերադառնում նոր ու ավելի ծանր հանցանք գործելու պատճառով: Հետևաբար, բանտերում գտնվող հանցագործների 71%-ը մինչև ձերբակալվելը ոչ մի անգամ դատական պատասխանատվության չեն ենթարկվել:

Զեկույցն ավելացնում է, որ բանտ մուտք գործողների 55%-ը ամուսնացած են և ունեն ընտանիք, իսկ 44%-ը կամ ամուսնացած չեն, կամ էլ ամուսնալուծված են:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

«Իրաքի իշխանությունները պետք է իմանան, որ Իրանի համբերությունը սահման ունի». իրանցի պատգամավոր


Իրանական Nasim Online լրատվական կայքի հաղորդմամբ՝ Իրանի «Բասիջ» աշխարհազորայինների նախկին հրամանատար, Իրանի խորհրդարանի ներքին անվտանգության կոմիտեի անդամ Փարվիզ Սարվարին հայտարարել է. «Իրաքի իշխանությունները պետք է իմանան, որ Իրանի համբերությունը սահման ունի: Եթե Իրաքի ինքնավար Քրդստանի ղեկավարությունը անկարող է պայքարել PJAK խմբակցության դեմ, Իրանը կարող է վճռական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»։

Հայտարարելով, որ շարունակվում են զինված ընդհարումները Իրանի պահակազորի և քրդական PJAK խմբակցության միջև՝ Սարվարին ավելացրել է. «Մինչև Իրաքի կենտրոնական իշխանության և Ինքնավար Քրդստանի զինված ուժերը չտեղակայվեն Իրան-Իրաք սահմանագծում ու չվերահսկեն սահմանների անվտանգությունը, Իրանի գործողությունները շարունակվելու են»։

Փարվիզ Սարվարին, անդրադառնալով այն փաստին, որ քրդական PJAK խմբակցության ղեկավար Աբդոլռահման Հաջահմադին այժմ գտնվում է Գերմանիայում, նշել է, թե դա հակասում է Արևմուտքի հակաահաբեկչական քարոզարշավին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանը ռազմական առումով աշխարհի ամենահզոր երկիրն է. Իրանի ՆԳ նախարար


Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, Իրանի ՆԳ նախարար Մուստաֆա Մուհամադ Նաջարը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ռազմական առումով աշխարհի ամենահզոր երկիրն է:

Ըստ նախարարի՝ այդ հզորությունը պայմանավորված է նրանով, որ իրանական զինված ուժերը, հավատարիմ իսլամական արժեքներին, առաջնորդակենտրոն և ժողովրդական են:

Mehr-ի մատուցմամբ՝ Մուհամադ Նաջարը նաև նշել է. «Իրանի զինված ուժերի կողմից ռազմական տեխնիկայի արտադրությունը մեծ հպարտություն ու պատիվ է երկրի համար: Այսօր Իրանը ոչ միայն ինքնաբավ է ռազմական տեխնիկայի արտադրության ոլորտում, այլ նաև վերածվել է ռազմական արդի տեխնիկա արտահանող հզոր երկրի»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի առաջնորդին միայն Ռաֆսանջանին կարող է փոխարինել. Ահմադ Ղաբել


Իրանական Saham News լրատվական կայքը հարցազրույց է ունեցել իրանցի կրոնական հետազոտող, ռեֆորմիստ մտավորական Ահմադ Ղաբելի հետ: Զրույցի ընթացքում Ղաբելը, պատասխանելով այն հարցին, թե առաջնորդի կողմից իշխանությունների հարաբերությունները կարգավորելու նոր խորհրդի կյանքի կոչելն ու այաթոլլահ Շահրուդիին որպես նախագահ նշանակելը արդյոք ապացուցո՞ւմ է, որ այաթոլլահ Խամենեիին Շահրուդիին պատրաստում է որպես իր իրավահաջորդի, ասել է. 

«Երբ տարիներ առաջ այաթոլլահ Շահրուդին նշանակվեց դատական իշխանության նախագահ, շշուկներ տարածվեցին, որ առաջնորդը իրավահաջորդ է փնտրում: Ես կարող եմ ենթադրել, որ նման խնդիր կա, բայց փաստեր հնարավոր չէ ներկայացնել:

Խոսվում է նաև, թե այաթոլլահ Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին է հաջորդելու հորը: Դրան զուգահեռ, հիշատակվում է նաև այաթոլլահ Մեսբահ Եազդիի անունը: Բայց վստահ կարող եմ ասել, որ առաջնորդի մերձավորները միայն մտածում են, որ եթե այաթոլլահ Խամենեիին մի բան պատահի, միակ մարդը, որ կարող է նրան փոխարինել, այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին է: Հենց այդ պատճառով էլ բոլորը փորձում են Ռաֆսանջանիին որևէ կերպ հեռացնել ասպարեզից, որ հերթը ուրիշին հասնի: Այդ գործընթացը արդեն 6-7 տարի է, ինչ սկսվել է, բայց չեմ կարծում, որ կարողանան Ռաֆսանջանիի հետ մրցակցել. միայն նա է, որ կարող է փոխարինել ներկայիս առաջնորդին»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

ՆԱՏՕ-ի ՀՕՊ սարքավորումը հնարավոր է օգտագործվել Իրանի դեմ


«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության հաղորդմամբ, ՆԱՏՕ-ում ՌԴ ներկայացուցիչ Դմիդրի Ռագոզինը հայտարարել է, որ Եվրոպայում տեղակայված ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության կայանները հնարավոր է՝ օգտագործվեն Իրանի դեմ։

Անկարայում Ռագոզինը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ավելացրել է.

«Ես չեմ թաքցնում այն, որ նման խնդրի շուրջ խորհրդակցություններ է տեղի ունեցել ՆԱՏՕ-ի ներսում։ Որևէ մեկը չի կարող «հակահրթիռային կայանով» խաբել իրեն, այդ համակարգն այդքան էլ պաշտպանական նպատակների համար չէ, առհասարակ կայանը պաշտպանում ու քողարկում է հարձակման համար օգտագործվող զենքը:»

Ռոգոզինի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն այս պահին Թուրքիայի իշխանությունների հետ բանակցում է ՀՕՊ համակարգերը այդ երկրում տեղադրելու շուրջ ու հավանաբար դրանք կտեղակայվեն թուրքիայի հարավ արևելյան շրջաններում։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը