Friday, December 24, 2010

ՆԱՏՕ-ի ուժերը Աֆղանստանում ձերբակալել են Իրանի պահակազորի անդամներից մեկին

«AFP» ֆրանսական գործակալությունը հաղորդում է, որ Աֆղանստանի հարավում տեղակայված ՆԱՏՕ-ի զինված ուժերը, ձերբակալել են Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի հովանու ներքո աշխատող՝ «Ղուդս» բանակի անդամներից մեկին:
«AFP» գործակալությունը վկայակոչելով ՆԱՏՕ-ի ուժերի կողմից հայտարարությունը, գրում է. «Ղուդս բանակի անդամներից, որը «Ալ Ղայիդա» խմբակցության համար զինամթերք հայթայթելու պարտականություն ուներ, ձերբակալվել է Աֆղանստանի հարավային շրջանի՝ Ղանդահար նահանգում:»
Հարկ է նշել, որ դեկտեմբերի 24-ին անգլիական «The Times» պարբերականը բացահայտել էր, որ Իրանի իշխանությունները ազատ են արձակել «Ալ Ղաիդա» խմբակցության մի շարք կալանավոր բարձաստիճան անդամների, և նրանք մտադիր են վերաակտիվացնեն «Ալ Ղաիդայի» աշխատանքները:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանը «վեցյակի» հետ Ստամբուլում կայանալիք բանակցությունների երկրորդ փուլը կարևոր համարեց

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, դեկտեմբերի 23-ին՝ Տնտեսական համագործակցությունների կազմակերպության հերթական գագաթնաժողովի ավարտից հետո, Իրանի ու «վեցյակի» միջև Ստամբուլում կայանալիք բանակցությունները կարևորելով, հայտարարեց. «Այդ բանակցությունները շատ կարևոր են, և Իրանը լուրջ է վերաբերվում այդ խնդրին»։ 
Ըստ «AFP» գործակալության՝ Ահմադինեժադը նաև ավելացրել է. «Մենք անգամ առաջարկել ենք, որ Ստամբուլի բանակցությունները հակադրությունից վերածենք համագործակցության ու հանդուրժողության: Մենք համոզված ենք, որ համագործակցությունը բոլորի օգտին է, և համագործակցության պարագայում էլ ոչ մի կողմին պարտություն չի սպասվի: Ուրեմն, մենք համոզված ենք, որ Ստամբուլի բանակցությունները բոլորի համար դառնալու են պատմական, որտեղ հակադրությունները կվերածվեն համագործակցության»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի ընդդիմության առաջնորդները` Մուսավին և Քյարուբին, զգուշացնում են երկրի տնտեսության մութ ապագայի մասին

Իրանի վերջին նախագահական ընտրությունների արդյունքը բողոքարկած երկու ռեֆորմիստ թեկնածուները՝ Միր Հուսեյն Մուսավին ու Մեհդի Քյարուբին, միմյանց հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են Իրանի ներկա իրավիճակը:
Իրանի «Ազգային վստահություն» կուսակցության «Սահամ Նյուզ» լրատու կայքը հաղորդում է, թե բարեկարգչական առաջնորդները նախ ցավակցություն են հայտնել Չաբահար քաղաքում ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին:
Նրանք նաև անդրադարձել են Իրանի տնտեսական ոլորտում արվող սուբսիդավորումների կրճատման՝ նախագահի նախագծին: Նրանք այդ նախագիծը տնտեսական ոլորտի հիմնական քայլերից համարեցին, բայց նաև նշեցին. «Երկրի տնտեսական ներկա վատ իրավիճակում, երբ Իրանը գտնվում է միջազգային տնտեսական շրջափակումների ճնշման տակ, նմանօրինակ նախագծերի իրականացումը մտահոգություն է առաջացնում: Երբ երկրում գործազրկությունը անցել է 30%-ի սահմանը, ու գներն օր օրի ավելի սանձարձակ են բարձրանում, սուբսիդավորումների կրճատման նախագիծը լուրջ հարված է հասցնելու հենց միջին ու աղքատ ընտանիքներին: Նրանք նաև ավելացրին. «Երբ ամեն օր գործարաններ են փակվում, ու գործատուներն այլևս չեն կարող վճարել աշխատողների աշխատավարձերը, երբ երկրից փախչում են ֆինանսական ռեսուրսները, ու առհասարակ այլևս ապահով չէ երկրում ներդնում իրականացնելը, այս ամենն ապացուցում են, որ մութ ապագա է սպասվում երկրի տնտեսությանը: Այս իրավիճակը ավելի է բարդանում, երբ նախագահը փորձագետների ու գիտնականների կոչերը լսելու ականջ չի ունենում»։
Մուսավին ու Քյարուբին նաև անդրադարձել են քաղբանտարկյալների վատ պայմաններին և Իրանի արտաքին քաղաքականության ոլորտի խղճուկ լինելու փաստերին: Նրանց կարծիքով՝ «Երկրի արտաքին քաղաքականությունն այնքան ծիծաղելի է դարձել, որ ԱԳ նախարարը, դիվանագիտական առաքելության մեջ գտնվելով, իր պաշտոնանկության մասին լսում է այլ երկրի նախագահից: Նմանօրինակ արարքները միջազգային ոլորտում լուրջ վնասներ են պատճառելու Իրանի դիրքերին, ու նրա նկատմամբ անվստահություն սերմանելու»։
Մուսավին ու Քյարուբին իրենց հանդիպման ավարտին ավելացրին. «Մենք շարունակելու ենք ընթանալ այն ճանապարհով, որը ընտրել ենք. դա ժողովրդի իրավունքները վերականգնելու պայքարի ճանապարհն է: Մենք տարբերություն չենք տեսնում այս մեծ բանտի, որում ապրում ենք, և այն փոքր բանտի միջև, որում անարդարացիորեն ապրում են քաղբանտարկյալները: Հուսով ենք՝մի օր դավադիրները պատասխան կտան իրենց արարքների համար»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Դեկտեմբերի 26-ին մահապատժի է ենթարկվելու ևս մեկ քուրդ քաղբանտարկյալ գործիչ

«Kurdish Perspective» լրատու կայքը, Իրանի դատական մարմինների փոխանցմամբ, հայտնում է, որ քուրդ քաղբանտարկյալ Հաբիբոլլահ Լաթիֆին կիրակի՝ դեկտեմբերի 26-ին, մահապատժի է ենթարկվելու:
Լաթիֆիի փաստաբան Սալեք Նիքբախտը դատավճիռը ստացել է դետեմբերի 22-ին: Նրա փոխանցմամբ՝ «ես՝ որպես փաստաբան, այլևս ոչ մի գործ, բացի ներում խնդրելուց, չեմ կարող անել»։
Հաբիբոլլահ Լաթիֆին 2007 թ. Ազգային անվտանգությունը խափանելու մեղադրանքով ձերբակալվել էր անվտանգության ծառայությունների կողմից:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

«Մուհամադ մարգարեն իրանցի է եղել»


Իրանի նախագահի գրասենյակի ղեկավար Էսֆանդյար Ռահիմ Մաշային Տաջիկստան կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ մուսուլմանների մարգարեն՝ Մուհամադը, իրանցի է եղել:
Մաշայիի հայտարարությունը կրկին սկանդալ է առաջացրել Իրանի հոգևորականների շրջանակներում: 
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս կապակցությամբ Իրանի խորհրդարանում Ղոմ քաղաքի հոգևորական պատգամավոր Մուհամադ Ռեզա Աշթիանին, բողոքելով Մաշայիի կողմից արված հայտարարության դեմ, հայտնել է. «Եթե Մուհամադ մարգարեն իրանցի լիներ, ուրեմն Ղուրանն էլ պիտի այդ ազգի լեզվով հայտնվեր իրեն»։ Աշթիանին նաև Մաշայիի խոսքերը հակաիսլամական է գնահատել:
Հարկ է նշել, որ Մաշային օրեր առաջ, դիմելով իրանցի հոգևորականներին, հայտարարել էր. «Նրանք, ովքեր երաժշտությունը ճիշտ չեն հասկանում ու առհասարակ խորթ են բանաստեղծության ու երաժշտության հետ, դա հարամ են հայտարարում»։ Մուսուլմաններ հոգևորականները Մաշայիի այդ հայտարարությունը իսլամական հանրապետության հիմնադիր Այաթոլահ Խոմեյնիի հասցեին հնչեցված վիրավորանք համարեցին:
Մաշային առհասարակ հայտնի է իր սկանդալային հայտարարություններով, որոնցից ամենակարևորը կարելի է համարել նաև այն, թե Իսրայելի ժողովուրդը իրանցիների բարեկամն է:
Հակառակ բոլոր այն քննադատություններին, որ հնչում են Մաշայիի դեմ, Իրանի նախագահը խիստ հովանավորում է իր խնամի Մաշայիին:


Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

ԱՄՆ կոնգրեսականը, ավստրիական ընկերությանը ճնշելով, առաջարկում է հրաժարվել Իրանին օդանավի վառելանյութ մատակարարելուց

Ավստրիական «Die Presse» պարբերականը իր դեկտեմբերի 23-ի համարում հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսից դեմոկրատ Ֆրանկ Փալոնը մի սպառնալիքներով նամակ է հղել ավստրիական նավթային VMO ընկերության նախագահ Վոլֆգանգ Ռութնշտոֆերին ու առաջարկել, որ հիշյալ ընկերությունը հրաժարվի Իրանին օդանավի վառելանյութ մատակարարելու գործընթացից:
Պարբերականի փոխանցմամբ, Փալոնն իր նամակում գրել է. «Ես այս նամակով փորձում եմ ներկայացնել իմ ունեցած մտահոգությունները ձեր ընկերության միջոցով Իրանին օդանավի վառելանյութ մատակարարելու առնչությամբ»։ Շարունակության մեջ Փալոնը, VMO ընկերությանը սպառնալով, հայտնել է, թե ԱՄՆ օրենքների համաձայն, չի թույլատրվում Իրանին ամսական 1 միլիոն դոլար և տարեկան 5 միլիոն դոլարից ավելի օդանավի վառելանյութ վաճառել,՝ հակառակ դեպքում տվյալ ընկերությունը ներառվելու է ԱՄՆ կողմից պատժամիջոցների ենթարկվող ընկերությունների ցանկում»։
«Die Presse»-ի մատուցմամբ, Փալոնն իր նամակում նաև թվարկել է այն պատժամիջոցները, որ հնարավոր է՝ սահմանվեն Իրանի հետ համագործակցությունը շարունակող VMO ընկերության դեմ: Պարբերականը, Փալոնի նամակից մեջբերելով, թվարկել է հիշյալ պատժամիջոցները. «ԱՄՆ-ում գտնվող VMO ընկերության բոլոր ունեցվածքների ու բանկային հաշիվների առգրավումն ու սառեցումը, ԱՄՆ ֆինանսական շուկաներում աշխատելու իրավունքից զրկվելը, ամերիկյան տեխնոլոգիային ձեռնհասություն ունենալու իրավունքից զրկվելը ու անգամ ԱՄՆ-ում աշխատելու բոլոր իրավունքներից զրկվելը:»
VMO ընկերության խոսնակը հայտարարել է, որ ընկերությունը չի ցանկանում զբաղվել կոնգրեսականի նամակով և շարունակելու է Իրանին օդանավի վառելանյութ մատակարարելու աշխատանքը:
Հարկ է նշել, որ օդանավի վառելանյութը ընդգրկված չէ Իրանի դեմ սահմանված ՄԱԿ-ի ԱԽ պատժամիջոցներում, բայց ԱՄՆ Կոնգրեսը մեկ տարի առաջ մի բանաձև հաստատեց, որի համաձայն՝ Իրանին նավթային զտված բոլոր նյութերի վաճառքը արգելեց բոլոր ընկերությունների համար:
Այդ իսկ պատճառով ցայժմ «BP», «Shell» և «Q8» նավթային ընկերությունները չեղյալ են հայտարարել Իրանին օդանավի վառելանյութ վաճառելու բոլոր պայմանագրերը:

َԱրթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ձերբակալվել է ծայրահեղական «Ջունդոլլահ» խմբակցության առաջնորդը

Իրանական «ԻՌՆԱ» գործակալությունը հաղորդում է, որ Պակիստանի անվտանգության ծառայությունները ձերբակալել են ծայրահեղական «Ջունդոլլահ» խմբակցության առաջնորդ Աբդոլռաուֆ Ռիգիին:
Աբդոլռաուֆը համարվում էր «Ջունդոլլահի» հիմնադիր Աբդոլմալեք Ռիգիի օգնականը, և երբ վերջինս ձերբակալվեց ու մահապատժի ենթարկվեց Իրանի իշխանությունների կողմից, Աբդոլռաուֆը շարունակեց առաջնորդել՝ Իրանի հարավ-արևելքում աշխատող ու տեղի սունի մուսալմանների իրավունքների համար՝ ծայրահեղական ու ահաբեկչական միջոցներով պայքարող «Ջունդոլլահ« խմբակցությանը:
2003 թ. հիմնադրված «Ջունդոլլահ» ծայրահեղական կազմակերպությունը, ցայժմ բազմաթիվ ահաբեկչական գործողություններ է իրականացրել Իրանի սահմաններից ներս, և այդ շարքի վերջին գործողությունը կարելի համարել Չաբահար քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը:
Հիշյալ գործողությունից անմիջապես հետո Իրանի իշխանությունները մահապատժի ենթարկեցին «Ջունդոլլահի» 11 համակիրների:
Օրեր առաջ նաև Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատարը հայտարարել էր, որ եթե Պակիստանի իշխանությունները թերանան՝ իրենց հողում գործող ու այնտեղից Իրանի սահմաններում ահաբեկչական գործողություններ իրականացնող ահաբեկիչներին ձերբակալել ու ոչնչացնել, Իրանն օգտվելու է իրեն վերապահած իրավունքներից՝ ահաբեկիչներին ոչնչացնելու համար: Այդ բացահայտ սպառնալիքից հետո, ահա Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ արդեն ձերբակալել են ահաբեկիչների առաջնորդ համարվող Աբդոլռաուֆ Ռիգիին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Քլինթոն. «ԱՄՆ-ն և միջազգային հանրությունը ազատատենչ իրանցիների կողքին են»

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դեկտեմբերի 22-ի իր հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ կառավարության կայքում, ընդառաջելով Իրանում մարդու իրավունքների ոտնահարման դեմ ՄԱԿ-ի վավերացրած բանաձևին, ասել է. «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հաստատած բանաձևը Իրանում ազատազրկված այլախոհների վիճակի հանդեպ առկա մտահոգությունների արտացոլանքն է, երբ ազատատենչ քաղաքացիները, իրենց տարրական իրավունքները պաշտպանելու պատճառով բանտարկվում են ու ճարահատ հացադուլի դիմում»։
Քլինթոնը շարունակության մեջ ավելացրել է. «Այն իրանցիները, ովքեր իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու նպատակով շարունակում են պայքարել, թող քաջ գիտակցեն, որ իրենց պայքարում միայնակ չեն, և ԱՄՆ-ն ու միջազգային հանրությունը կանգնած են իրենց կողքին»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Thursday, December 23, 2010

Իրանը քննարկում է Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները խզելու բանաձևը

Իրանական «Թեհրան Էմրուզ» օրաթերթի փոխանցմամբ, Իրանի խորհրդարանի նախագահության անձնակազմի խոսնակ՝ Մոհսեն Քուհքանը, հայտարարել է, թե խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականությունների հանձնաժողովի կողմից վավերացված բանաձևը՝ Մեծ Բրիտանիայի հետ Իրանի բոլոր հարաբերություննները խզելու ուղղությամբ, հաջորդ շաբաթվա ընթացքում քննարկվելու խորհրդարանի կայանալիք նիստում: Քուհքանի փոխանցմամբ «հիշյալ բանաձևը ավելի քան մեկ տարի է, ինչ քննարկվում էր ազգային անվտանգության և արտաքին քաղաքակությունների հանձնաժողովի կողմից ու հանձնաժողովի անդամները սպասում էին, թե արդյոք Մեծ Բրիտանիան վերանայելո՞ւ իր կիրառած դիրքորոշումները թե՞ ոչ: Այս պահին, հիշյան բանաձևը բաժանվել է պատգամավորների մեջ և խորհրդարանը շուտով որոշում է կայացնելու այդ ուղղությամբ:»
Օրաթերթի հաղորդած լուրի համաձայն, Քուհքանը Մեծ Բրիտանիայի դեսպանի միջամտությունները քննադատելով ավելացրել է. «Եթե Մեծ Բրիտանիայի կառավարությը պաշտոնապես ներողություն խնդրի և խոստանա, որ այլևս չի միջամտելու Իրանի ներքին գործերին, հնարավոր է, որ խորհրդարանն այլ եզրակացության հանգի: Թե ո՞չ, պատգամավորները վճռական են խզել Իրանի բոլոր հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ:»

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Թուրքիան, Իրանն ու Ադրբեջանը ձգտում են սերտացնել հարաբերությունները

«Ahram» լրատու կայիքի փոխանցմամբ, Դեկտեմբերի 23-ին Ստամբուլում կայացած Տնտեսական համագործակցությունների կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ՝ Դավութօղլուի, Սալեհիի եւ Մամեդյարովի հանդիպումը, որտեղ ԱԳ նախարարները ցանկություն են հայտնել, որ միմյանց օգնությամբ լուծել տարածաշրջանում առկա չլուծված հակամարտությունները և լուրջ պայքար ծավալել ահաբեկչության ու կազմակերպված հանցագործությունների դեմ:
Նախարարներն ընդգծել են, որ տարածաշրջանում առկա չլուծված հակամարտությունները պիտի լուծվեն խաղաղ գործընթացով՝ տարածքային ամբողջականությունը հիմք ընդունելով:
Եռակողմ նախարարների հայտարարության մեջ ասվում է, թե նախարարները պայմանավորվել են շարունակել հերթական եռակողմ հանդիպումները` ավելացնելով այն, որ հաջորդ հանդիպումը կայանալու է Թեհրանում:
«Ahram» -ը վերջում ավելացնում է. «Թուրքիան, որը Ադրբեջանի ավանդական դաշնակիցն է համարվում, վերջին շրջանում ավելի սերտացրել իր հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ու ձգտում է Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ծագած լարվածություննեը լուծելու ուղղությամբ»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Մեդվեդևը քննադատում է միջուկային խնդրի շուրջ Իրանի որդեգրած դիրքորոշումը

ՌԴ նախագահ Դիմիտրի Մեդվեդևը, Հնդկաստանի Մումբայ քաղաքի ուսանողության հետ ունեցած հանդիպման ընթացքում անդրադառնալով Իրանի միջուկային հարցին, հայտարարեց. «Միջուկային հարցում Իրանի դիրքորոշումները չափազանց կոշտ են, և Իրանի դեմ սահմանված տնտեսական շրջափակումների ու միջազգային հանրության խիստ դիրքորոշումների գլխավոր դրդապատճառն էլ հենց այդ կոշտություններն են:»
«Bloomberg» լրատվական կայքի փոխանցմամբ, Մեդվեդևը Իրանին կոչ է արել բացել իր միջուկային կենտրոնների դռները՝ ՄԱԳԱՏԵ-ի քննիչների դիմաց: Նա ավելացրել է. «Իրանը պիտի ՄԱԳԱՏԵ-ի փորձագետներին թույլատրի մուտք գործել իր միջուկային կենտրոններ ու մոտիկից վերահսկողություն ունենան Իրանի միջուկային աշխատանքների վրա»:
Մեդվեդևը նաև սույն տարվա հուլիսն էլ հայտարարել էր, թե Իրանը մոտենում է՝ ատոմային զենք պատրաստելու կարողություններին: 
Ամիսներ առաջ, երբ ՌԴ հրաժարվեց Իրանին վաճառել C-300 հակահրթիռային համակարգը, վատացան Ռուսաստանի ու Իրանի՝ մինչ այդ չափազանց ջերմ հարաբերությունները:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ո՞վ է Ահմադինեժադի հաջորդ թիրախը

Ամերիկյան «The Diplomat» պարբերականը իր վերջին համարում, անդրադառնալով Ահմադինեժադի նախագահության ժամանակաշրջանում տեղի ունեցած կադրային փոփոխություններին, մասնավորապես՝ վերջին շրջանում կատարված պաշտոնանկություններին, գրում է. «Ահմադինեժադը պաշտոնավարության շրջանում իր երկու կարևորագույն դիվանագետներին պաշտոնանկ է արել: Դա սկսվեց այն ժամանակ, երբ Ահմադինեժադը Իրանի ազգային անվտանգության քարտուղար և միջուկային հարցով բանագնաց Ալի Լարիջանիին 2007 թ. ազատեց աշխատանքից: Վերջին շրջանում էլ ականատես եղանք, թե նախագահը ինչպես պաշտոնանկ արեց իր ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքիին:
Իրանի նախագահի համար հենց սկզբից էլ իր կառավարության կազմում հիշյալ երկու դիվանագետների ներկայությունը ցանկալի չէր, բայց, ելնելով այն իրականությունից, որ թե՛ Լարիջանին և թե՛ Մոթաքին համարվում են առաջնորդ Խամենեիի վստահված անձինք, Ահմադինեժադը համաձայնեց նրանց ներառել իր կառավարության կազմում»։
Պարբերականը շարունակության մեջ գրում է. «Վերջին ամիսներին Ահմադինեժադի կողմնակիցների կողմից ավելացել է քննադատությունների շարանը նաև մեկ այլ դիվանագետի՝ Թեհրանի քաղաքապետ Մուհամադ Բաղեր Ղալիբաֆի նկատմամբ: Եթե Իրանի նախագահը քաղաքապետին պաշտոնից ազատելու լիազորությունն ունենար, վստահաբար նրան ազատած կլիներ պաշտոնից: Սակայն նույնիսկ եթե նախագահը չունի նման լիազորություն, չի նշանակում, որ նա քայլեր չի ձեռնարկում Ղալիբաֆին պաշտոնից ազատելու ուղղությամբ:
Այս գործընթացում նախագահի հիմնական զենքը ներքին գործերի նախարարությունն է: ՆԳ նախարարությունն է, որ քաղաքապետարանին իր աշխատանքների համար բյուջե է հատկացնում, և երբ վերջին շրջանում Թեհրանի քաղաքապետարանը, մայրաքաղաքի երթևեկության համակարգը բարեկարգելու նպատակով, մոտ 120 միլիոն դոլարի նախագիծ էր ներկայացրել, ՆԳ նախարարությունը մինչև այս պահը միայն 3 միլիոն դոլարն է հատկացրել քաղաքապետարանին»։
«The Diplomat»-ը վերջում ավելացնում է. «Բայց քաղաքապետը խելամտորեն փորձում է հնարավորինս չբախվել կառավարության ու դրա ղեկավար Ահմադինեժադի հետ: Ղալիբաֆի նման դիրքորոշումը գնահատվել է նաև բազմաթիվ դիվանագետների ու պետական այրերի կողմից: Ղալիբաֆը Իրանի խորհրդարանում էլ հովանավորների մեծ բանակ ունի, բայց Ահմադինեժադի ու նրա կողմնակիցների ուժեղանալու պայմաններում հովանավորների այդ բանակն էլ չի կարող օգնել քաղաքապետին»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ահմադինեժադը հանդիպեց Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Ստամբուլում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում, դեկտեմբերի 22-ին հանդիպել է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ:
Իրանի նախագահականի լրատվական կայքի փոխանցմամբ, երկու նախագահները մեկ ժամ տևողությամբ հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ու տարածաշրջանային ու միջազգային մի շարք խնդիրներ:
Իրանի նախագահը ՏՀԿ -ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով դեկտեմբերի 22-ին մեկնել էր Ստամբուլ:
Ահմադինեժադն ու Էրդողան, հանդիպման ընթացքում մատնանշելով երկկողմ հարաբերությունների զարգացման կարևորությանը, դրական գնահատեցին այդ հարաբերությունները երկու երկրների ժողովուրդների ու նաև տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու խնդրում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը