Friday, December 24, 2010

Իրանի ընդդիմության առաջնորդները` Մուսավին և Քյարուբին, զգուշացնում են երկրի տնտեսության մութ ապագայի մասին

Իրանի վերջին նախագահական ընտրությունների արդյունքը բողոքարկած երկու ռեֆորմիստ թեկնածուները՝ Միր Հուսեյն Մուսավին ու Մեհդի Քյարուբին, միմյանց հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են Իրանի ներկա իրավիճակը:
Իրանի «Ազգային վստահություն» կուսակցության «Սահամ Նյուզ» լրատու կայքը հաղորդում է, թե բարեկարգչական առաջնորդները նախ ցավակցություն են հայտնել Չաբահար քաղաքում ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին:
Նրանք նաև անդրադարձել են Իրանի տնտեսական ոլորտում արվող սուբսիդավորումների կրճատման՝ նախագահի նախագծին: Նրանք այդ նախագիծը տնտեսական ոլորտի հիմնական քայլերից համարեցին, բայց նաև նշեցին. «Երկրի տնտեսական ներկա վատ իրավիճակում, երբ Իրանը գտնվում է միջազգային տնտեսական շրջափակումների ճնշման տակ, նմանօրինակ նախագծերի իրականացումը մտահոգություն է առաջացնում: Երբ երկրում գործազրկությունը անցել է 30%-ի սահմանը, ու գներն օր օրի ավելի սանձարձակ են բարձրանում, սուբսիդավորումների կրճատման նախագիծը լուրջ հարված է հասցնելու հենց միջին ու աղքատ ընտանիքներին: Նրանք նաև ավելացրին. «Երբ ամեն օր գործարաններ են փակվում, ու գործատուներն այլևս չեն կարող վճարել աշխատողների աշխատավարձերը, երբ երկրից փախչում են ֆինանսական ռեսուրսները, ու առհասարակ այլևս ապահով չէ երկրում ներդնում իրականացնելը, այս ամենն ապացուցում են, որ մութ ապագա է սպասվում երկրի տնտեսությանը: Այս իրավիճակը ավելի է բարդանում, երբ նախագահը փորձագետների ու գիտնականների կոչերը լսելու ականջ չի ունենում»։
Մուսավին ու Քյարուբին նաև անդրադարձել են քաղբանտարկյալների վատ պայմաններին և Իրանի արտաքին քաղաքականության ոլորտի խղճուկ լինելու փաստերին: Նրանց կարծիքով՝ «Երկրի արտաքին քաղաքականությունն այնքան ծիծաղելի է դարձել, որ ԱԳ նախարարը, դիվանագիտական առաքելության մեջ գտնվելով, իր պաշտոնանկության մասին լսում է այլ երկրի նախագահից: Նմանօրինակ արարքները միջազգային ոլորտում լուրջ վնասներ են պատճառելու Իրանի դիրքերին, ու նրա նկատմամբ անվստահություն սերմանելու»։
Մուսավին ու Քյարուբին իրենց հանդիպման ավարտին ավելացրին. «Մենք շարունակելու ենք ընթանալ այն ճանապարհով, որը ընտրել ենք. դա ժողովրդի իրավունքները վերականգնելու պայքարի ճանապարհն է: Մենք տարբերություն չենք տեսնում այս մեծ բանտի, որում ապրում ենք, և այն փոքր բանտի միջև, որում անարդարացիորեն ապրում են քաղբանտարկյալները: Հուսով ենք՝մի օր դավադիրները պատասխան կտան իրենց արարքների համար»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը