Friday, January 07, 2011

Թուրքիան ցանկանում է վերականգնել Օսմանյան կայսրության իր դիրքերը

Ամերիկյան «New York Times» օրաթերթը դեկտեմբերի 7-ի համարում անդրադարձել է տարածաշրջանում Թուրքիայի տեղաշարժերին: Թերթը գրում է, որ «Թուրքիան ցանկանում է վերականգնել իր օսմանական նախկին դիրքն ու ազդեցությունը տարածաշրջանում և փորձում է դա իրականացնել Իրաք ներթափանցելով»:
Իրաքն այն երկիրն է, որ թե՛ հյուսիսում և թե՛ հարավում հարուստ է նավթահանքերով: Թուրքիան փորձում է Իրաքի միջոցով մուտք գործել արաբական աշխարհ: Իրաքը գտնվում է Իրանի ու ԱՄՆ-ի խիստ ազդեցության ներքո, ու թեև դժվար է նրանց համաձայնությունը ստանալ, բայց Թուրքիան փորձում է ամեն գնով ապացուցել, որ անկախ քաղաքականություն է վարում: Ուստի անհավանական չէ, որ Թուրքիան Իրաքի հարցով նաև համաձայնության գա Իրանի ու ԱՄՆ-ի հետ:
Երբ թուրք դիվանագետները խոսում են «Նոր օսմանականության» մասին, համաշխարհայնացման ու միջինարևելյան աճող շուկաները նկատի ունենալով, փորձում են կարևոր դեր ապահովել իրենց համար՝ Միջին Արևելքում արտադրված էներգիան իր սահմաններով դեպի Եվրոպա փոխանցելու միջոցով»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանում հրապարակավ կախաղան հանվեց ևս մեկ դատապարտյալ

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, 31-ամյա Յաղուբ Ալի Ջաֆարին, որը նաև հայտնի էր «Քաջ հրապարակի մարդասպան» անվամբ, հրապարակավ կախաղան հանվեց հենց Թեհրանի Քաջ հրապարակում:
Ջաֆարին անցյալ տարվա հոկտեմբերին հիշյալ հրապարակում ընտանեկան դրդապատճառներով վեճի էր բռնվել մի քաղաքացու հետ, ու նրան դանակի հարվածով վիրավորել: Սույն խնդիրը բարդացավ այն պահին, որ Ջավադին, վիրավորի գլխավերևում կանգնած, դանակի սպառնալիքով թույլ չի տվել որևէ մեկին, անգամ դեպքի վայրում գտնվող երկու ոստիկաններին մոտենալ և օգնել վիրավորին, ինչի արդյունքում վիրավորը, արնաքամ լինելով, մահանում է ժողովրդի աչքի առաջ:
Այդ սպանության տեսանյութերը ականատեսների կողմից դրվեցին նաև Youtube սոցիալական կայքում, ինչը մեծ աղմուկ առաջացրեց Իրանում: ԶԼՄ-ները քննադատեցին ոստիկանությանը, որը, դեպքի վայրում ներկա գտնվելով, չի կարողացել օգնել վիրավորին, նաև խոսվեց, թե Իրանի հասարակությունը հասել է անդունդի եզրին, քանի որ որևէ մեկը չփորձեց օգնել մահամերձ վիրավորին:
Ի վերջո, Թեհրանի դատախազի որոշմամբ, «Քաջ հրապարակի մարդասպանը» հանրության առքի առջև կախաղան բարձրացավ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանը հերքում է ամերիկացի լրտեսի ձերբակալման լուրը

Իրանական արաբալեզու «Ալ Ալամ» հեռուստաալիքը հերքեց հրապարակված լուրերը՝ Հայաստանի սահմանից անօրեն Իրան մտած ամերիկացի լրտեսուհու ձերբակալության լուրերը:
Հեռուստաընկերության փոխանցմամբ, 55-ամյա ամերիկացի Հելեն Թալայանը Իրան-Հայաստան՝ Նորդուզ սահմանագծում ցանկացել է մուտք գործել Իրան, բայց մուտքի վիզա չունենալու պատճառով՝ սահմանապահները մերժել են նրա մուտքը երկիր:
Հունվարի 6-ին իրանական «Ֆարս» գործակալությունը հայտարարել էր, որ Իրանի անվտանգության ծառայությունները, Իրան-Հայաստան սահմանագծում ձերբակալել են ամերիկացի մի լրտեսի, որի բերանում գտնվել է լրտեսական միկրո սարք:
Ինչպես փոխանցում է CNN-ը, ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտնել է, որ ամերիկյան կողմը դեռ ուսումնասիրում է այս լուրերը, քանի որ կան տարբեր վարկածներ` կապված այս գործի հետ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Thursday, January 06, 2011

Երբ սոցիալական ցանցերը փրկեցին անտուն մարդուն

Կրկին անգամ սոցիալական ցանցերը հրաշք գործեցին, երբ նրանց միջոցով՝ մեկ օրվա ընթացքում փոխվեց «Թեդ Վիլիամզի» ճակարագիրը:
Օրեր առաջ մի անհատ փողոցում մի կարճ հարցազրույց է ունեցել Վիլիամզի հետ, եւ հետո այդ տեսանյութը Youtube կայքում տեղադրել է: Մի քանի ժամվա ընթացքում նրա տեսանյութը միլիոնավոր դիտող է ունեցել, հետո մի հոգի նրա ֆիլմը Reddit կայքում տեղադրել է «Թեժ» նյութերի բաժնում: Եւ այդպես շարունակվել է Վիլիամզի արագընթաց հաջողությունները:
Այդ բոլորից հետո բազմաթիվ ռադիոկայաններ նրան մնայուն աշխատանք են առաջարկել, նաեւ մի շարք ընկերություններ ցանկացել են, որ Վիլիամզը դառնա իրենց գովազդային հաղորդումների խոսնակը: Նաեւ որոշ երգիչներ, ցանկացել են Վիլիամզի հետ միասին մի քանի երգ ձայնագրեն:
Եւ այսպես, կրկին անգամ սոցիալական ցանցերը ապացուցեցին, որ կարեւոր դերակատարություն ունեն հասարակական ոլորտում:


Wednesday, January 05, 2011

Թող եկեղեցու առաջին հոգսը ներքին փարիսեցիությունը լինի

Արթին Առաքելյան


Վերջին ամիսների ընթացքում, բազմիցս՝ հեռուստաալիքների, ռադիոյի, տպագիր ու էլեկտրոնային մամուլի միջոցով լսում ենք աղանդների «վտանգի» մասին: Նախ պիտի ասեմ, որ մեր եկեղեցին դեռ հստակ չի բնորոշել թե ի՞նչ է աղանդը: Դա պարզվում է հենց հոգեւորականների զանազան զրույցների ու բանավեճերի ընթացքում:
Բայց հարց է առաջանում, թե արդյոք այս պահին աղանդնե՞րն են մեր եկեղեցու միակ խնդիրը: Արդյոք կարելի է ոչ-առաքելական եկեղեցու հավատացյալների վրա ճնշում գործադրելով, նրանց վերադարձնել իրենց ճանապարհից: Միանշանակ պիտի ասեմ ո՛չ:
Եկեք ախտորոշում կատարենք, թե ինչո՞ւ մեր ժողովուրդի որոշ զանգվածը դառնում է աղանդավոր, իր հոգեւոր աշխարհը փնտրում այլ ժողովարաններում: Ինչո՞ւ:
Իմ կարծիքով  դրա գլխավոր պատճառն այն է, որ առաքելական եկեղեցին տարիներ է ինչ լքել է իր հավատացյալներին, ու զբաղվում է աշխարհիկ այլ հարցերով, որոնք ոչ մի կապ չունի իր առաքելության հետ: Առաքելական եկեղեցին այսօր վերածվել է Փարիսեցիների ցեղախումբի, որը ուշադրություն է դարձնում աշխարհիկ փառքին ու պատիվին ու միայն ձեւականորեն՝ ձեւացնում է որ հոգեւորական է: Եթե փորձեք միայն մի քանի ամիս ապրել Էջմիածնի, Անթիլիասի, Երուսաղեմի ու Կ. Պոլսի վանքերում, կհասկանաք թե իրականում ինչ է տեղի ունենում առաքելական եկեղեցում: Գլխավոր պայքարը այն է, թե ո՞վ կարող է ավելի շատ թեմ գրավել իր համար կամ ավելի շքեղ հանգստավայրեր կառուցել եւ այլն: Դեռ չասեմ սեռական այն շեղումների մասին, որը տիրում է այդ վանքերում:
Ուրեմն ինչո՞ւ պիտի զարմանանք, թե մեր ժողովուրդը լքում է եկեղեցին ու իր աստծուն փնտրում այլ վայրերում:
Ես անձնապես ոչ մի կրոնական թեքում չունեմ, չեմ պատկանում ոչ մի եկեղեցու ու նպատակ էլ չունեմ այստեղ պաշտպանել աղանդներին, բայց տեսնում եմ, որ վերջին ամիսներին, առաքելական եկեղեցին փորձում է աղանդների հարցով պղտոր ջրից ձուկ որսալ: Արդյոք Նվեր Մնացականյանն ու «Շանթ» հեռուստաընկերության ղեկավարները կհամաձայնվե՞ն նաեւ զբաղվել եկեղեցու ներքին խնդիրներին, թե նրանք էլ միայն ջուր են լցնում առաքելական եկեղեցու ջրաղացին, ու իրենց չի էլ հետաքրքրում թե ինչ է տեղի ունենում եկեղեցում եւ ինչ պատճառով է, որ օրինակի համար Եհովայի Վկաների թիվը օր-օրին աճելով, անցնում է 300 հազարի սահմանը (Դեռ հստակ վիճակագրություն չկա այդ մասին, ու այդ թվերը հստակ չեն): Արդյոք այսօր առաքելական եկեղեցում գոյությո՞ւն ունի բարեկարգչական լուրջ ցանկություններ ունեցող, ազդեցիկ հոգեւորականների շարժում, թե՞ միայն այն պահին, երբ հոգեւորականները տեսնում են, որ իրավիճակը նպաստավոր չէ, թողնում հեռանում են եկեղեցուց:
Այսօր առաքելական եկեղեցին շատ է հեռացել այն ուսմունքից, որը հիմք դրեց հենց Քրիստոսը, չէ որ Հիսուսը Փարիսեցիներին ասում էր, թե դուք նման եք գերեզմանի, որը դրսից մաքուր է, բայց ներսից փթած է: Առաքելական եկեղեցու վիճակը այս պահին նույնն է, փորձում են դրսից փայլուն ցույց տալ, բայց արի ու տես թե ներսում ինչ է տեղի ունենում:
Ուրեմն իմ կարծիքով, այս պահին առաքելական եկեղեցու առաջին հոգսն ու մտահոգությունը պիտի ներքին Փարիսեցիությունը լինի այլ ոչ թե աղանդավորները, որովհետեւ մեծ թվով աղանդավորները հենց այդ պատճառով թողնում եւ հեռանում են եկեղեցուց: Իհարկե նույն այդ Փարիսեցիությունը գոյություն ունի աղանդավորական հավաքների ղեկավարության մոտ, բայց դեռ ժամանակ է պետք, որ նորահավատները տեսնեն դրանք, որովհետեւ դեռ ստանում են այն բավարարությունը, որը չէին գտել առաքելական եկեղեցում:
Դեռ եկեղեցին այս հարցերը չլուծած, փորձում է հայաստանյան պետական կենտրոնների օգնությամբ, ամբողջությամբ գրավել հասարակական դաշտը, ասելով թե իրենք հային տեսնում են առաքելյական եկեղեցու անդամ..., մի խոսքով փորձում են հայաստանում իրականացնել պետական կրոնի երեւույթը՝ այն ինչ սահմանադրությամբ սահմանված չէ եկեղեցու համար:
Իմ կարծիքով աղանդների հարցը շեփորելով, առաքելական եկեղեցին այլ նպատակներ է հետապնդում Հայաստանում՝ փորձելով այդ միջոցով իր դիրքերն ամրացնել պետական ու հասարակական ոլորտներում: Ուրեմն չպիտի խաբվել նմանօրինակ հայտարարություններով, ու ուշադիր պիտի հետեւել ընթացող գործընթացին:

Իրանի վերջին շահի որդին ինքնասպան է եղել

Իրանի վերջին շահ՝ Մուհամադ Ռեզա Փահլավիի ավագ որդու՝ Ռեզա Փահլավիի կայքի փոխանցմամբ, Փահլավի ընտանիքի երկրորդ արու զավակը՝ 44-ամյա Ալի Ռեզա Փահլավին, դեկտեմբերի 4-ի առավոտյան, ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում ինքնասպան է եղել:
Ավագ եղբոր փոխանցմամբ, նա ողբում էր այն, ինչ տեղի է ունենում Իրանում, նաև խիստ տառապում էր հոր և քրոջ մահվան պատճառով:
Հարկ է նշել, որ նախկին շահի ամենակրտսեր որդին՝ Լեյլա Փահլավին ևս ինքնասպան է եղել` 2001 թվականին Լոնդոնում մեծ քանակությամբ քնաբեր ընդունելով:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Tuesday, January 04, 2011

Թեհրանում Ամանորի գիշերը երկու հայ երիտասարդների են ձերբակալել

Իրանական լրատվամիջոցները [+] հաղորդում են, որ Նոր տարվա գիշերը Թեհրանի ոստիկանությունը երկու հայ երիտասարդների է ձերբակալել:
Իրանի ոստիկանության «Բարոյական անվտանգության» բաժնի հրամանատար Ահմադ Ռուզբահանին հայտարարել է, որ Նոր տարվա գիշերը, որը համընկնում էր մուսուլմանների «Իմամ Սաջադի» նահատակության սգո արարողության հետ, Թեհրանի հյուսիսային մասում գտնվող «Դաշթ Բեհեշթ» համալիրում, ուր հայերը տոնում էին Ամանորը, երկու հայ երիտասարդներ հարբեցողության պատճառով ձերբակալվել են:
Ռուզբահանիի ասելով. «Հայերը Նոր տարվա գիշերը թույլտվություն ունեն մինչև առավոտյան ժամը 3:00-ը մասնակցել խնջույքների, սակայն՝ իրենց թույլատրած սրահների ներսում: Բայց այս Նոր տարվա առավոտյան մի քանի հայ երիտասարդներ, որոնք խիստ հարբած էին, փողոց դուրս գալով՝ անվայել արարքներ են թույլ տվել, որի պատճառով էլ ձերբակալվել են»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանում արգելվեց Վալենտինի տոնը

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Թեհրանի տպագրատների միության նախագահ Ալի Նիքու Սոխանը հայտարարել է, որ այսուհետ բոլոր տպագրատներին արգելվում է տպագրել որևէ բացիկ, պաստառ և այլ նմանօրինակ նվեր՝ կապված սիրո միջազգային օրվա՝ Վալենտինի տոնակատարության հետ:
Նիքու Սոխանը հայտարարել է. «Իրանի հնագույն ավանդություններում բազմաթիվ օրեր կան սիրո և սիրահարների համար, մինչդեռ արևմտյան նմանօրինակ տոները հասարակության մեջ տարածվում օտար մշակույթը: Հետևաբար, բոլոր տպագրատները պարտավորվում են չտպագրել Վալենտինին վերաբերող որևէ իր, իսկ բոլոր այն տպագրատները, որոնք, խախտելով են հրամանագիրը, կտպագրեն սրտի կամ կարմիր վարդի պատկերներով բացիկներ, օրենքի համաձայն, պատասխանատվության կկանչվեն»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Թեհրանի քաղաքապետը այցելել է հայոց թեմի առաջնորդարան

Իրանական «Թեհրան Էմրուզ» օրաթերթի հաղորդմամբ, Թեհրանի քաղաքապետ Մուհամադ Բաղեր Ղալիբաֆը Ամանորի առիթով այցելել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդարան և հանդիպել թեմի կրոնական առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանին, Իրան-Իրաք պատերազմի մի շարք հայ վետերանների ու զոհվածների ընտանիքների հետ:
Ղալիբաֆը բոլորին շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով և մաղթել է առողջություն, փառք ու երջանկություն:
Նա իր խոսքում նաև ընդգծել է. «Ես այսօր շատ հպարտ եմ, որ գտնվում է այն մարդկանց մեջ, ովքեր ոչ մի ջանք չեն խնայել Իրանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու գործում: Ես՝ որպես պատերազմին մասնակցած անհատ, համոզված եմ, որ հայերի դերն այնքան կարևոր է եղել պատերազմի դաշտում, որ խարսխվել է բոլորիս հիշողության մեջ:
Թեհրանի հայոց թեմի հոգևոր առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետին Ամանորի առիթով հայ համայնքին ուղղած իր շնորհավորանքների համար:
Իրանի իսլամական խորհրդարանում՝ Թեհրանի ու հյուսիսային Իրանի հայ համայնքի պատգամավոր Գևորգ Վարդանյանն էլ, իր բարիգալուստի պատգամը ուղղելով քաղաքապետին, հայտարարել է. «Այսօր դուք եկել եք Ձեր ռազմընկերներին այցելության, նրանց, ովքեր, երբ Իրանը պաշտպանվելու կարիք ունեցավ, իրենց ամենաթանկագինը՝ կյանքը, ուսապարկերի մեջ դրած, շտապեցին դեպի պատերազմի դաշտ ու բոլորի հետ մեկտեղ պաշտպանեցին Իրանի տարածքային ամբողջականությունը»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Monday, January 03, 2011

«Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի»

Իրանական «Թեհրան Էմրուզ» օրաթերթը հարցազրույց է ունեցել ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Ալիռեզա Հաղիղյանի հետ:
Զրույցի ընթացքում Հաղիղյանը հայտնել է, որ «Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծումն անորոշ արդյունք կունենա, իսկ լուծման այդ եղանակը՝ մարդկային ու նյութական ծանր հետևանքներ կարող է ունենալ երկու կողմերի համար: Ռազմական գործողությունը տարածաշրջանում նաև արտաքին ուժերի տեղակայման ու անկայունության տարածման առիթ կհանդիսանա: Ներկա իրավիճակում Ղարաբաղի աշխարհաքաղաքական դիրքի ու նաև երկու կողմերի պատմական հակամարտության, արտաքին ուժերի միջամտության պատճառներով հարցի կարգավորման հեռանկարում լուրջ խոչընդոտներ կան»:
Հարցին, թե ինչպիսի՞ն է Իրանի հայացքը Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին`Հաղիղյանը պատասխանել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման խնդրում խաղաղ եղանակներով հարցերի լուծման ու արտաքին ուժերի չմիջամտության կողմնակից է: Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրում Իրանը կարևորություն է տվել երկկողմ բանակցությունների կայացման և նմանօրինակ միջոցներով հարցի կարգավորմանը հասնելու եղանակներին ու բազմիցս առաջարկել է իր օժանդակությունը՝ հարցի խաղաղ կարգավորման խնդրում:»

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանը հայտարարել է, որ երկու լրտեսական ինքնաթիռ է ոչնչացրել

Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի օդուժի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն պահակազորի պաշտոնական օրգան «Փայամ Էնղելաբ» պարբերականի հետ ունեցած զրույցի ընթացքում հայտարարել է, որ պահակազորի օդուժը՝ Պարսից ծոցի օդային սահմանում ոչնչացրել է արևմտյան երկու անօդաչու լրտեսական ինքնաթիռներ: Հաջիզադեն հայտարարել է. «Մենք մինչ այսօր բազմաթիվ անօդաչու ինքնաթիռներ ենք ոչնչացրել ու դրանց մեխանիզմը ուսումնասիրելով՝ նմանօրինակ ինքնաթիռներ ենք պատրաստել: Իհարկե, մեր դիտանկյունից անարժեք ու անկարևոր խնդիրներ մասին պետք չէ խոսել, օրինակի համար այն, որ պահակազորը Պարսից ծոցի օդային սահմանում երկու անօդաչու ինքնաթիռ է ոչնչացրել:»
Հաջիզադեն նաև մատնանշել է. «Մենք ուշադրությամբ հետևում ենք թաշնամիների բոլոր տեղաշարժերին ու նրանց կատարած բոլոր քայլերի մասին իրազեկված ենք:»
Հարկ է նշել, որ Հաջիզադեն անօդաչու ինքնաթիռների ոչնչացման հայտարարությունն ապացուցելու ոչ մի հավելյալ տեղեկություն չի փոխանցել, թե այդ ինքնաթիռները ո՞ր երկրին են պատկանում կամ պահակազորը հիշյալ ինքնաթիռները ե՞րբ և ի՞նչ միջոցով է ոչնչացրել:
«Associated Press» գործակալության փոխանցմամբ, Պարսից ծոցում տեղակայված ԱՄՆ ծովուժի 5-րդ նավատորմը, արձագանքելով Հաջիզադեի հայտարարությանը, հայտարարել է. «Մինչև այս պահը Պարսից ծոցում անօդաչու ինքնաթիռի ոչնչացման ուղղությամբ ոչ մի զեկույց չենք ստացել:»

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ահմադինեժադը իր 14 խորհրդականներին պաշտոնանկ է արել

Իրանի նախագահի պաշտոնական կայքի համաձայն` Ահմադինեժադը իր 14 խորհրդականներին ազատել է պաշտոնից:
Որոշ աղբյուրների համաձայն` հիշյալ խորհրդականների պաշտոնազրկման գլխավոր պատճառը նրանց անարդյունավետ աշխատանքն է եղել:
Նախագահի հրամանով պաշտոնազրկված խորհրդականներն են.
• Մեհդի Քալհոր՝ լրատվամիջոցների հարցերով խորհրդական
• Մոջթաբա Ռահմանդուստ՝ իսառգարան (մարտիկների) հարցերով խորհրդական
• Դավուդ Դանեշջաֆարի՝ տնտեսական հարցերով խորհրդական
• Թավաքոլի Բինա և Թավաքոլյան՝ առևտրի հարցերով խորհրդականներ
• Վազիրի Համանե՝ նավթագազային հարցերով խորհրդական
• Սուսան Քեշավարզ՝ կրթադաստիարակչական հարցերով խորհրդական
• Սթար Վաֆայի և Հաջալի Աքբարի՝ երիտասարդության հարցերով խորհրդականներ
• Մեհդի Չամրան՝ քաղխորհուրդների հարցերով խորհրդական
• Ռոյանյան, Ալի Մոնթազերի և Ալի Ասղար Սալեհի՝ մշակույթի հարցերով խորհրդականներ
• Մեհդի Մոսթաֆավի՝ նախագահի խորհրդական:

Հաղորդված լուրերի համաձայն` Ահմադինեժադը Սիրիայում Իրանի դեսպան Ահմադ Մուսավիին ու Համիդ Մոլանային նշանակել է նախագահի` Պաղեստինի ու միջազգային հարցերով խորհրդականներ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանում թմրանյութերի 7 վաճառողներ կախաղան հանվեցին

Հունվարի 3-ի առավոտյան Իրանի Քերմանշահ քաղաքի կենտրոնական բանտում թմրանյութերի թվով 7 վաճառողներ կախաղան հանվեցին: 
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Քերմանշահի գլխավոր դատախազը լրագրողներին հայտնել է. «Օրենքի համաձայն` հերոինի 30 գրամից ավել վաճառքի համար մահապատիժ է սահմանված, բայց հիշյալ մեղավորները ավելի քան 5 կգ հերոին ու 100 կգ խտանյութ են վաճառել: Հիշյալ 7 հոգու համար արդեն երկու անգամ ներման հայց ենք ստացել, որոնք մերժվել են: Թող թմրանյութեր ներկրողներն ու վաճառողները հասկանան, որ դատական համակարգը նմանօրինակ խնդիրներին հանդուրժողականությամբ չի մոտենում, ոչ մեկի հանդեպ ներող չի լինելու»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը