Tuesday, January 04, 2011

Թեհրանի քաղաքապետը այցելել է հայոց թեմի առաջնորդարան

Իրանական «Թեհրան Էմրուզ» օրաթերթի հաղորդմամբ, Թեհրանի քաղաքապետ Մուհամադ Բաղեր Ղալիբաֆը Ամանորի առիթով այցելել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդարան և հանդիպել թեմի կրոնական առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանին, Իրան-Իրաք պատերազմի մի շարք հայ վետերանների ու զոհվածների ընտանիքների հետ:
Ղալիբաֆը բոլորին շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով և մաղթել է առողջություն, փառք ու երջանկություն:
Նա իր խոսքում նաև ընդգծել է. «Ես այսօր շատ հպարտ եմ, որ գտնվում է այն մարդկանց մեջ, ովքեր ոչ մի ջանք չեն խնայել Իրանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու գործում: Ես՝ որպես պատերազմին մասնակցած անհատ, համոզված եմ, որ հայերի դերն այնքան կարևոր է եղել պատերազմի դաշտում, որ խարսխվել է բոլորիս հիշողության մեջ:
Թեհրանի հայոց թեմի հոգևոր առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետին Ամանորի առիթով հայ համայնքին ուղղած իր շնորհավորանքների համար:
Իրանի իսլամական խորհրդարանում՝ Թեհրանի ու հյուսիսային Իրանի հայ համայնքի պատգամավոր Գևորգ Վարդանյանն էլ, իր բարիգալուստի պատգամը ուղղելով քաղաքապետին, հայտարարել է. «Այսօր դուք եկել եք Ձեր ռազմընկերներին այցելության, նրանց, ովքեր, երբ Իրանը պաշտպանվելու կարիք ունեցավ, իրենց ամենաթանկագինը՝ կյանքը, ուսապարկերի մեջ դրած, շտապեցին դեպի պատերազմի դաշտ ու բոլորի հետ մեկտեղ պաշտպանեցին Իրանի տարածքային ամբողջականությունը»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը