Wednesday, January 26, 2011

«Էշթոնը Ստամբուլի բանակցություններում պատշաճ էր հագնված»

Բրիտանական The Daily Telegraph օրաթերթը, անդրադառնալով Իրանի մամուլում հրապարակված Քեթրին Էշթոնի լուսանկարներին, որոնք գրաքննության էին ենթարկվել, հայտարարել է. «Ստամբուլի բանակցությունների ընթացքում Քեթրին Էշթոնի հագուստը պատշաճ էր: Նրա հագուստը կարճ չի եղել՝ չնայած բանակցությունները ոչ թե Իրանում, այլ երրորդ երկրում էին տեղի ունենում: Էշթոնը նաև ուշադիր է եղել, որ պատահմամբ ձեռքսեղմում չունենա Իրանի բանագնաց խմբի ղեկավար Սայիդ Ջալիլիի հետ, այդ պատճառով ձեռքերը պահել է հետևում: Բայց նա չէր կարող ենթադրել, որ իր հագուստի օձիքը կարող է չհամապատասխանել իրանական ստանդարտներին, և իրանական մամուլը ստիպված, նրա լուսանկարը տպագրելիս, պիտի գրաքննության ենթարկեր»։
Հարկ է նշել, որ Ստամբուլում կայացած Իրանի ու «Վեցյակի» բանակցություններից հետո իրանական մամուլը Քեթրին Էշթոնի լուսանկարները իսլամական օրենքին համապատասխանեցնելու նպատակով փորձել էր դրանք գրաքննության ենթարկել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

«Իրանը վերածվում է զինվորական դիկտատուրայի»

Գերմանական Welt am Sonntag շաբաթաթերթը, որը հանրահայտ Die Welt օրաթերթի կիրակնօրյա պարբերականն է, իր այս շաբաթվա համարում անդրադարձել է Իրանի ներքաղաքական խնդիրներին:
Պարբերականը, վկայակոչելով իր արևմտյան աղբյուրների տեղեկությունները, հայտնում է, որ Իրանը անցումային փուլում է, և կրոնապետական պետությունից վերածվում է զինվորական դիկտատուրայի: Թերթի մատուցմամբ՝ «Իրանում կրոնավորների ազդեցությունը նվազում է, և դրան զուգահեռ բարձրանում է իսլամական պահակազորի դերակատարությունն ու ազդեցությունը: Պահակազորը փորձում է գրավել երկրի բոլոր տնտեսական ու քաղաքական ռեսուրսները»։
Պարբերականը, անդրադառնալով Իրանի նախագահական վերջին ընտրություններին, գրում է. «Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի վատառողջ լինելը պատճառ դարձավ, որ Ահմադինեժադն ու իրեն սատարող ուժերը վերջին նախագահական ընտրությունների ընթացքում դիմեն կեղծարարության, որի միջոցով հնարավորություն ստացան երկրի ղեկը պահել իրենց ձեռքում»։
Welt am Sonntag պարբերականը Իրանի հարցում ընդգծել է նաև Ադրբեջանի դերակատարությանը, որը, ըստ պարբերականի, դարձել է Իրանի դեմ Արևմուտքի հետախուզության կենտրոնը: Թերթը, վկայակոչելով Wikileaks-ի հրապարակումները, գրում է. «Բաքվում ԱՄՆ դեսպանատան հետ ունեցած կապերի միջոցով նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Իրանի նախագահական ընտրություններից հետո, Խամենեին անկարող է եղել կողմնորոշվել և փորձել է անձամբ, ուղղաթիռով քաղաքի վրա թռչելով, տեսնել, թե ինչ է կատարվում մայրաքաղաքում: Երբ տեսել է միլիոնավոր բողոքարարների, վախեցել ու փորձել է, Ահմադինեժադին պաշտպանելով, կայունացնել իրավիճակը: Ըստ Ալիևի՝ դա Իրանի փակուղի է տարել, երբ հոգևորականները տնտեսական ոլորտը վերահսկելու հարցում անկարող դարձան, և պահակազորը սկսեց գրավել տնտեսական բոլոր ոլորտները: Բաքվում ԱՄՆ դեսպանի հայտարարություններից պարզվում է, որ Իրանի անվտանգության ծառայությունները սեփականաշնորհման օրենքի օգնությամբ փորձում են գրավել երկրի բոլոր տնտեսական կառույցները, և դրա շնորհիվ Իրանի տնտեսությունը դառնում է զինվորականների տնտեսություն: 
Wikileaks-ի միջոցով բացահայտված՝ Բաքվում ԱՄՆ դեսպանատան զեկույցներից տեղեկանում ենք, որ ԱՄՆ դեսպանը Իրանի ազերիների հարցը համարում է Իրանի մեկ այլ գլխացավանքը: Նրա ասելով՝ Իրանը խիստ մտահոգված է պանթուրքիստների ակտիվությունից ու այդ իսկ պատճառով փորձում է անկայուն դարձնել Ադրբեջանի Հանրապետությունը: Ըստ փաստաթղթի, իսլամական հեղափոխության պահակազորը իր ծրագիրն է ներկայացրել Խամենեիին, համաձայն որի, նրանք պատրաստվում են Իրանի հյուսիսարևմտյան շրջանում աշխատող պանթուրքիստներին, արևմուտքի կողմից հովանավորվող հակակրոնական շարժումներ անվանել և օգտագործել ժողովրդի կրոնական զգացմունքերից: Նաև փորձում են Ադրբեջան ուղարկել մի քանի գործակալի, որոնք պիտի տեղի մամուլում նյութեր հրապարակեն իսլամի դեմ: Wikileaks-ի համաձայն, հիշյալ ծրագիրը ստորագրել է պահակազորի հրամանատար Յուսեֆ Շաքերին»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանին առաջին անգամ չհրավիրեցին Դավոս

Իրանական Asr Iran լրատու կայքի փոխանցմամբ, այս տարի, առաջին անգամ Իրանը չի հրավիրվել Դավոսի տարեկան խորհրդաժողովին:
2011-ի Դավոսի «Ընդհանուր արժեքներ, նոր իրականության համար» խորագրով խոհրդաժողովը հունվարի 26-ին մեկնարկել է Շվեյցարիայի Դավոս քաղաքում, որտեղ հրավիրված են ԱՄՆ-ը, Եվրոպայի ու մի շարք ասիական երկրներ, որոնք կարևոր դերակատարություն ունեն միջազգային տնտեսական ճգնաժամը կանխելու գործում: 
Կայքի մատուցմամբ, ամեն տարի Դավոսի խորհրդաժողովի կազմակերպիչները հրավիրում էին նաև Իրանի բարձրաստիճան դիվանագետների, բայց այս տարի, խորհրդաժողովի կազմակերպիչները, պատճառաբանելով, որ Իրանը կարևոր դերակատարություն չունի միջազգային տնտեսության ու ճգնաժամը կասեցնելու ոլորտներում, Իրանից ոչ մեկի չեն հրավիրել Դավոս:
Նշենք, որ Պարսից ծոցում Իրանի բոլոր հարևանները մի քանի ներկայացուցիչ ունեն այս տարվա խորհրդաժողովում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանը մտահոգված է Թունիսում ԱՄՆ ներկայությամբ

Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Ռամին Մեհմանփառասթը մտահոգություն է հայտնել Թունիսում ԱՄՆ-ի միջամտությունների և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի՝ Թունիս կատարած այցի մասին: ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Կարևոր է, որ Թունիսի մուսուլման ժողովուրդը, միավորված ու համախմբված, այդ երկրում կարգ ու կանոն հաստատի և, հիմնվելով հավատքի ու դավանական արժեքների վրա, իրականացնի Թունիսի մուսուլման ժողովրդի բոլոր իղձերն ու ցանկությունները»։
Հարկ է նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Սուդանում տեղի ունեցած հանրաքվեի միջոցով Հարավային Սուդանի անկախացումը դատապարտելով ու քննադատելով, դրական է արձագանքել Թունիսում տեղի ունեցածին՝ այդ իրադարձությունները Իրանի իսլամական հեղափոխության արդյունքը համարելով: Թունիսի կառավարության անկումից հետո ժամանակավոր կառավարությունը ազատ է հայտարարել բոլոր կուսակցությունների ու թերթերի աշխատանքը, որոնց թվում են նաև իսլամական թեքում ունեցող կուսակցություններ: Իրանը փորձում է, այդ առիթը օգտագործելով, Թունիսում ապահովել իր ներկայությունն ու դերակատարությունը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

«ԻՌՆԱ»-ի լրագրողը 4 տարվա ազատազրկման դատապարտվեց

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ, իրանական IRNA պետական գործակալության հայտնի լրագրող Սիամաք Ղադերին դատարանի կողմից մեղադրվել է համակարգի դեմ քարոզչության, հանրային կարծիքի խեղաթյուրման ու սուտ տեղեկություններ տարածելու համար և դատապարտվել 4 տարվա ազատազրկման:
Վեց ամիս առաջ Իրանի անվտանգության ծառայությունները ներխուժել էին Ղադերիի տուն ու ձերբակալել նրան։ Լրագրողը մինչ օրս գտնվում է ազատազրկման մեջ: Նա համարվում է IRNA գործակալության ղեկավարության գլխավոր քննադատներից և այդ նպատակով նաև ստեղծել է իր անձնական բլոգը՝ «Մեր IRNA-ն» անունով, որում գրում էր գործակալությունում կատարվող բազմաթիվ բացթողումների մասին:
Սիամաք Ղադերին ավելի քան 18 տարի է՝ աշխատում է IRNA գործակալությունում և համարվում է այդ գործակալության վաստակավոր լրագրողներից:
Երբ Իրանի նախագահ Ահմադինեժադը ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում ունեցած իր ելույթում հայտարարել էր, որ Իրանում միասեռականներ գոյություն չունեն, նա իր բլոգում հրապարակել էր մի քանի միասեռականների հետ իր ունեցած հարցազրույցները, որի համար նրան, միասեռականների հետ ունեցած համագործակցության մեղադրանքով, դատապարտել էին մտրակի 60 հարվածի:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ֆիլո Դիբլ. Եվրոպան պետք է անհատապես պատժի Իրանի պետական պաշտոնյաներին

Reuters գործակալության հաղորդմամբ, ԱՄՆ ԱԳ նախարարության բարձաստիճան դիվանագետ Ֆիլո Դիբլը, որը ԵՄ պաշտոնյաների հետ հանդիպման նպատակով գտնվում է Բրյուսելում, դիմելով Եվրոպական ղեկավարներին, հայտարարել է. «Մենք բոլորս ականատես ենք, որ Իրանում վատթարացել է մարդու իրավունքների պաշտպանության վիճակը: ԵՄ-ն, Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանակը ընդլայնելով, պետք է սահմանափակումներ առաջադրի նաև իրանցի պետական այն դիվանագետների հանդեպ, ովքեր Իրանում ոտնահարում են մարդու իրավունքները: Մենք եվրոպացիներին առաջարկում ենք նկատի առնել այն, ինչ ԱՄՆ-ն է արել մարդու իրավունքների խնդրի համար»։

Նշենք, որ ԱՄՆ-ն 2010-ի սեպտեմբերին 8 իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների ու պահակազորի հրամանատարների՝ ԱՄՆ-ում ունեցած բոլոր բանկային հաշիվներն ու ունեցվածքը առգրավեց:

Դիբլը, ԱՄՆ-ի փորձը մատնացույց անելով, հայտարարել է. «Մենք չեն ասում, թե այն, ինչ արվել է ԱՄՆ-ում, պիտի կատարվի նաև Եվրոպայում, այլ փորձում ենք ասել, որ մենք նման քայլ ենք կատարել, և սա էլ դրա արդյունքն է»։

Հարկ է նշել, որ Իրանի դեմ ԱՄՆ ու ԵՄ սահմանած շրջափակումները առհասարակ տնտեսական ոլորտն են ընդգրկում, ու նաև որոշ իրանցի պաշտոնյաների արգելում են մուտք գործել ԵՄ ու ԱՄՆ տարածք: Բայց վերջին շրջանում մարդու իրավունքների պաշտպան մի շարք եվրոպական կազմակերպությունները, ԵՄ-ին քննադատելով, հայտարարել են, որ ԵՄ-ն Իրանի հարցում չի կատարել մարդու իրավունքների հարցում ունեցած իր պարտականությունները:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ավիվ Քուչավի. Իրանը մինչև երկու տարի ատոմային ռումբ ձեռք կբերի

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Իսրայելի բանակի հետախուզական բաժնի նորընտիր հրամանատար Ավիվ Քուչավին հայտարարել է. «Պատժամիջոցները չեն կարողացել կասեցնել Իրանի միջուկային աշխատանքները, և այդ երկիրը մինչև երկու տարի ատոմային ռումբ է ձեռք բերելու: Հարցն այն չէ, թե իրանցիները ե՞րբ ատոմային ռումբ կունենան, կարևորն այն է, թե ինչքա՞ն ժամանակ է մնացել, մինչև Իրանի առաջնորդը ուրանի գերհարստացման գործողությունը սկսելու հրաման արձակի: Նկատի ունենալով Իրանի ունեցած ուրանն ու տեխնոլոգիաները՝ երկրի առաջնորդի հրամանից մեկ կամ երկու տարի հետո Իրանը կարող է ատոմային ռումբ պատրաստել»։

Քուչավիի հայտարարությունը արվում է այն դեպքում, երբ մոտ մեկ ամիս առաջ Իսրայելի «Մոսադ»-ի՝ արդեն թոշակի անցած ղեկավար Մեյեր Դագանը հայտարարել էր, թե իրանական ատոմակայաններում առաջացած խնդիրների հետևանքով Իրանը առաջիկա չորս տարիների ընթացքում ատոմային ռումբ պատրաստելու հնարավորություն չի ունենա:

Փորձագետների կարծիքով, իսրայելական երկու կարևոր կենտրոնների իրարամերժ հայտարարությունների գլխավոր պատճառը «Մոսադ»-ի և «Աման»-ի (բանակի հետախուզական բաժին) միջև գոյություն ունեցող մրցակցությունն է:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Լիբանանի ըմբոստացած ժողովուրդը հարձակվել է Press TV հեռուստաընկերության լրագրողի և ավտոմեքենայի վրա

Ինչպես հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը, Բեյրութում բողոքի ցույցի դուրս եկած ժողովուրդը հարձակվել է Press TV ու Al-Jazeera հեռուստաընկերությունների լրագրողների և ավտոմեքենաների վրա:

Ստացված լուրերի համաձայն, հունվարի 25-ին Press TV հեռուստաընկերության լրագրող Մարիամ Սալեքը ուղիղ եթերում հաղորդում պատրաստելու ժամանակ Սաադ Հարիրիի կողմնակիցների հարձակման թիրախ է դարձել:

Այդ ընթացքում ըմբոստացած ժողովուրդը հարձակվել է նաև Aljazeera հեռուստաընկերության ավտոմեքենայի վրա և տեղում հրկիզել այն:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանական «Մելաթ» բանկի 153 միլիոն դոլար ունեցվածքը առգրավվեց Մեծ Բրիտանիայում

Իրանական Tabnak լրատու կայքի փոխանցմամբ, Մեծ Բրիտանիայում գործող Իրանական «Մելաթ» բանկը, կրկին չհաջողեց հաղթել դատարանում ու այդ պատճառով, Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարության կողմից առգրավվեց այդ բանկի 153 միլիոն դոլար ունեցվածքը:

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը 2010-ի հուլիսին իրանական բանկին Իրանի միջուկային աշխատանքների օգտին ֆինանսական փոխադրություններ կատարելու մեղադրանքով արգելել էր աշխատել Մեծ Բրիտանիայում ու նաև բանկին արգելվել էր ձեռնհասություն ունենալ իր 153 միլիոն դոլարի արժողության ունեցվածքին:

Հիշյալ դատարանը 2011-ի հունվարին կրկին սկսել էր իր աշխատանքը, բայց արդյունքում պարզվել է, որ իրանական բանկին չի հաջողվել այս անգամ հաղթող դուրս գալ դատարանից, ու ի վերջո Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը, հակաահաբեկչական օրենքի հիման վրա, առգրավել է «Մելաթ» բանկի 153 միլիոն դոլարի համարժեք ամբողջ ունեցվածքը: Նշենք, որ Մեծ Բրիտանիայում աշխատող «Մելաթ» բանկը, տարեկան 25 միլիոն դոլար շրջանառություն էր ապահովել բանկի համար:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Tuesday, January 25, 2011

«Մոսկվայի դեպքերը արմատավորված են Կովկասում»

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ ու Իրան-ՌԴ բարեկամության խմբի նախագահ Մեհդի Սանային, Իրանական Fars գործակալության հետ հարցազրույցի ընթացքում, անդրադառնալով Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությանը, հայտարարել է. «Որոշ մուսուլմաններ այնպիսի արարքներ են կատարում, որը վնասում է համայն աշխարհի մուսուլմանների դիմագծին: Նկատի ունենալով, որ ՌԴ-ն բազմազգ ու բազմակրոն երկիր է, հետևաբար հնարավոր է, որ նմանօրինակ գործողությունների հիմնական նպատակն է ազգամիջյան ու միջկրոնական խռովություններ առաջացնելը»:
Հիմնական խնդիրների արմատները Կովկասի տարածաշրջանը համարելով` Սանային ավելացրել է. «Ահաբեկչական գործողությունները լուրջ արմատներ ունեն ու պիտի այդ արմատները ճանաչելով` փորձել գտնել դժգոհությունների հիմնական աղբյուրը, որոնց պատճառով էլ առաջանում են ծայրահեղական խմբավորումները: Վերջին տարիների ընթացքում ՌԴ իշխանութունները դրական քայլեր են կատարել հիշյալ շրջաններում բնակվող ժողովրդի կենցաղային բարեկարգումների ուղղությամբ, ու նրանք պիտի կրկնապատկեն նման աշխատանքները, որի արդյունքում կվերանան ահաբեկչական ու ծայրահեղական հակումները:
Մենք էլ մեր հերթին, առաջիկա հանդիպումների ընթացքում, Իրանի ժողովրդի ու կառավարության ցավակցականները կփոխանցենք մեր ռուս գործընկերներին»:
Սանային վերջում մատնանշել է. «Չափավորական իսլամի տարածումը, ու Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի մուսուլման երկրների, ինչպես նաև Իրանի ներկայությունը կարող է կայունություն ապահովել մուսուլմանաբնակ շրջաններում»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ահմադինեժադը ցավակցական նամակ է հղել ՌԴ նախագահին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը դատապարտելով, ցավակցական նամակ է հղել ՌԴ նախագահ Դիմիտրի Մեդվեդևին:
Ահմադինեժադն իր նամակում, որը հրապարակվել է նաև նախագահական կայքում, գրել է. «ՌԴ հարգելի նախագահ, Մոսկվայի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը խիստ հուզեց մեզ: Իրանի Իսլամական Հանրապետության դիտանկյունից, որը նաև ահաբեկչության հիմնական զոհերից է, նմանօրինակ ահաբեկչական ու բարբարոսական արարքները անընդունելի ու դատապարտելի են: Այսօր բոլորին պարզ է, որ ահաբեկչության հրեշի դեմ պայքարը միջազգային կամք ու ռազմավարություն է պահանջում: Այդ միջադեպի կապակցությամբ ցավակցություն եմ հայտնում Ձեզ ու Ռուսաստանի մեծ ժողովրդին:»

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Հոլոքոստի մասին, այս անգամ՝ պարսկերենով

Իսրայելում հրեական Հոլոքոստի Yad Vashem կոչվող հուշահամալիրի հետազոտական կենտրոնը, հունվարի 23-ին ՄԱԿ-ում Հոլոքոստի հիշատակին նվիրված օրվա առիթով, Youtube սոցիալական կայքում նոր բաժին է բացել, որտեղ հրեական Հոլոքոստի պատմության ու փաստերի մասին խոսվում է պարսկերեն լեզվով: Պարսկերենով Հոլոքոստի մասին պատմող էջի ստեղծման գլխավոր նպատակը իրանական ժողովրդին Հոլոքոստի պատմության ու փաստերի մասին ճշգրիտ տեղեկություններ փոխանցելն է, մի բան, որ շարունակաբար խեղաթյուրվում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից:
Yad Vashem կայքն ու Youtube-ի էջը մինչ այս գործում էր անգլերեն, արաբերեն, ռուսերեն, իսպաներեն ու եբրայերեն լեզուներով։ Հունվարի 23-ից այդ շարքին է ավելացել նաև պարսկերենը:
Yad Vashem հուշահամալիրը համարվում է «Արևմտյան պատից» հետո Իսրայելի երկրորդ ամենաշատ հետաքրքրություն ներկայացնող վայրը զբոսաշրջիկների համար. այն տարեկան ավելի քան 800 հազար այցելու ունի:
Ահմադինեժադը Իրանի նախագահ դառնալուց հետո միշտ ելույթների ընթացքում իր հայտարարել է, թե հրեական Հոլոքոստը «առասպել» է, որը պատրաստվել է հրեա սիոնիստների կողմից:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Ամանո. ՄԱԳԱՏԵ-ն վստահ չէ, թե Իրանի միջուկային աշխատանքները խաղաղասիրական են

ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, Associated Press գործակալության հետ ունեցած հարցազրույցում մատնանշելով, որ կազմակերպության հետ Իրանի համագործակցությունն անբավարար է եղել, հայտարարել է. «Մենք չենք կարող Իրանի չհայտարարած միջուկային աշխատանքների և, առհասարակ, ներկա միջուկային աշխատանքների խաղաղասիրական լինելու մասին վստահություն հայտնել: Իրանի միջուկային աշխատանքների մասին ՄԱԳԱՏԵ-ի տեղեկությունները շատ սահմանափակ են. դրանք միայն այն տեղեկություններն են, որոնք իրանական կողմը հայտնել է կազմակերպությանը: ՄԱԳԱՏԵ-ն Ղոմ քաղաքի մոտակայքում կառուցված միջուկային հաստատության մասին տեղեկացել է միայն այն ժամանակ, երբ դրա կառուցման աշխատանքներն ավարտին էին հասնում: Մենք, առհասարակ, իրանական կողմի՝ ուրանի հարստացման նոր ձեռնարկություններ կառուցելու մտադրությունների մասին իմացել ենք հենց իրանցի դիվանագետների հայտարարություններից և հստակ տեղեկություններ այդ մասին չունենք»։
Ամանոն վերջում նշել է. «ՄԱԳԱՏԵ-ը վստահ չէ՝ Իրանը ատոմային ռումբ պատրաստելու գաղտի ծրագիր ունի՞, թե՞ ոչ»։
Հարկ է նշել, որ Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին թե՛ Ստամբուլի բանակցություններից առաջ և թե՛ հետո բազմիցս հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԵ-ի բազմաթիվ զեկույցներում ասված է, որ Իրանի միջուկային աշխատանքները խաղաղասիրական են: Ամանոյի այս հայտարարությունը կարելի է դիտել որպես անուղղակի պատասխան Ջալիլիի հայտարարություններին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը