Wednesday, February 02, 2011

Բահրամին ժամանակին դատապարտվել էր Հոլանդիայում

Նիդերլանդների հեռուստաընկերության News Over հաղորդման ընթացքում բացահայտվել է, որ Իրանում մահապատժի ենթարկված Զահրա Բահրամին 2003 թվականին Կարիբյան կղզիներից Հոլանդիա ներմուծած 16 կգ կոկաին տեսակի թմրանյութի մաքսանենգության մեղադրանքով դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման: Նրան նաև 2007-ին մեղադրել էին կեղծ անձնագրեր պատրաստելու համար:

«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության հաղորդմամբ, Նիդերլանդների ԱԳ նախարար Ուրի Ռոզենթալը, անդրադառնալով News Over հաղորդաշարի բացահայտումներին, հայտարարել է. 

«Այդ բացահայտումները չեն ազդում Իրանում Բահրամիի դատական գործընթացի ու դրա արդյունքում կայացրած դատավճռի վրա: Միակ խնդիրը, որը մեզ հուզում է, Իրանում Բահրամիի դատական գործընթացն է: 

Մեզ համար պարզ չէ, թե նրա դատական գործընթացը ինչպես է ընթացել: Նրա դատական նիստերին ո՛չ փաստաբաններ են եղել, ո՛չ էլ Իրանում մեր դեսպանատան պաշտոնյաներին են թույլատրել ներկա գտնվել դատարանում: Ի վերջո, այդ դատական գործողությունը միայն ծիծաղելի ներկայացում էր Իրանի կողմից»։

Իրանական ծագումով Հոլանդիայի քաղաքացի Զահրա Բահրամին 2009-ին իրանական նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվեր էր: Հետո նրան մեղադրեցին թմրանյութեր պահելու և վաճառելու մեջ, և, ի վերջո, Բահրամին հունվարի 29-ին Իրանում մահապատժի ենթարկվեց:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

ՄԱԳԱՏԵ-ի նախագահի կարծիքով, Stuxnet-ը կարող է վնասել ատոմակայաններին

ՄԱԳԱՏԵ-ի նախագահ Յուկիո Ամանոն փետրվարի 1-ին Reuters գործակալության հետ ունեցած զրույցում հայտնել է, որ համակարգչային Stuxnet վիրուսը կարող է վնասել ատոմային կենտրոնների աշխատանքը, թեև Իրանն ու Ռուսաստանը Բուշեհրի ատոմակայանում կարողացել են կանխել վնասի հնարավոր հետևանքները: Ամանոյի համոզմամբ, Stuxnet-ը և, առհասարակ, որևէ կիբերհարձակում կարող է խիստ վնասել ատոմակայանների անվտանգությունը:

Յուկիո Ամանոյի հայտարարությամբ, ՄԱԳԱՏԵ-ն սահմանափակ տեղեկություններ ունի նմանօրինակ համակարգչային վիրուսների մասին, և, նրա գնահատումով, Stuxnet-ը առաջին կիբերհրթիռն է, որը ուղղորդվել է դեպի ատոմային կենտրոնների համակարգիչները: 

Ըստ Ամանոյի. «Այս պահին ՄԱԳԱՏԵ-ն չի պահանջում հետաձգել Բուշեհրի ատոմակայանի աշխատանքի մեկնարկը, որովհետև Իրանն ու Ռուսաստանը, խիստ ուշադրություն դարձնելով խնդրին, կասեցրին հավանական վտանգները: 

ՄԱԳԱՏԵ-ն ցանկություն ունի կիբերհարձակումների խնդրի շուրջ հանդիպումներ ունենալ մասնագետների հետ»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Մերկել. Իրանի կողմից սպառնալիքն իրական է

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Իսրայել կատարած իր այցի երկրորդ օրվա ընթացքում՝ փետրվարի 1-ին, հանդիպել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի և «Քադիմա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ցիպի Լիվնիի հետ:

Գերմանական Deutsche Welle գործակալության հաղորդմամբ, Իսրայելի նախագահ Պերեսի հետ հանդիպման ընթացքում Մերկելը, Իսրայելի դեմ ուղղված Իրանի սպառնալիքը նկատի ունենալով, չի բացառել Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը: 

Մերկելի հայտարարությամբ. «Իրանի կողմից սպառնալիքն իրական է, բայց պետք է տեսնել՝ արդյոք նոր պատժամիջոցների անհրաժեշտությունը կա՞, թե՞ ոչ: Նոր պատժամիջոցները միայն միջազգային մասշտաբում է, որ իմաստ կստանան, երբ դրան մասնակից լինեն Ռուսաստանն ու Չինաստանը»։

Իսրայելը հայտարարել է, որ մտահոգված է Մերձավոր Արևելքում Իրանի գործողությունների և Եգիպրոսում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, որոնց արդյունքում, ըստ Իսրայելի պետական պաշտոնյաների, հնարավոր է՝ ուժեղանա Իրանի դերակատարությունը տարածաշրջանում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Tuesday, February 01, 2011

«Հնարավո՞ր է արդյոք ԱՄՆ-ն մի օր էլ լքի Իսրայելը»


Իսրայելական Yediot Aharonot օրաթերթը փետրվարի 1-ի համարում, անդրադառնալով Եգիպտոսում կատարվող իրադարձություններին ու նաև այն հարցին, որ ԱՄՆ-ը, ճնշելով Մուբարաքին, հովանավորում է ցուցարարներին, կարծես թե մտահոգված գրում է. 

«Արդյոք հնարավո՞ր է մի օր էլ ԱՄՆ-ը լքի Իսրայելը: Մասնագետները համոզված են, որ եթե ԱՄՆ-ը լքեց իր դաշնակից Մուբարաքին, հնարավոր է, որ Իսրայելն էլ զերծ չմնա նման ճակատագրից: ԱՄՆ արձագանքը Եգիպտոսի իրադարձություններին ապացուցում է, որ ԱՄՆ անհանգիստ չէ իր հին դաշնակցի անկմամբ: 

ԱՄՆ-ն աջակցեց ցուցարարներին, անգամ Մուբարաքին հայտնեց, որ եթե բարեփոխումներ չիրականացնի, այլևս ֆինանսական օգնություններ չի տրամադրի Եգիպտոսին»:

Yediot Aharonot-ը, Իսրայելի Հրեական համալսարանի միջազգային հարաբերությունների ու ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների մասնագետ Միշել Փոմերանցի մեկնաբանությունը մեջբերելով, գրում է. 

«Սեփական շահի պատճառով միշտ էլ ԱՄՆ կողմից լքվելու վտանգ եղել է: ԱՄՆ-ն ոչ մի պարտավորություն չի զգում որևէ երկրի հանդեպ, և այն, ինչ տեղի է ունենում Եգիպտոսում, ու նաև 1979-ին տեղի ունեցավ Իրանում, ապացուցում է, որ միշտ էլ նման վտանգներ առկա են: 

ԱՄՆ-ն պիտի ի վերջո որոշի, թե ո՞ր իրավիճակն է լավ`Եգիպտոսն առանց ժողովրդավարությա՞ն, թե՞ փոփոխությունների հավանական հետևանքները»:

Թերթը նաև մեջբերել է Բար Իլան համալսարանի դասախոս, արտաքին քաղաքականության մասնագետ Իթան Գիլոբայի տեսակետները. «Բարաք Օբաման թիկունքից հարվածեց Մուբարաքին, ուրեմն մենք պիտի ավելի ուշադիր լինենք մեր ապագայի հանդեպ: Մենք պիտի զարգացնենք հարաբերությունները նոր հայտնված ուժերի՝ Հնդկաստանի ու Չինաստանի հետ` չմոռանալով Եվրոպայի հետ մեր հարաբերությունների մասին: 

Իրանը Մուբարաքի վարչակազմի անկումը համարելու է իր հաղթանակը, ու հնարավոր է, որ Օբամայի կարճատեսությունը միջազգային համակարգը փոփոխի հօգուտ Իրանի: 

Իրանի նպատակը տարածաշրջանում չափավորական ուժերի և ԱՄՆ դաշնակիցների փոփոխությունն է, չպետք է մոռանալ նաև, որ տարածաշրջանում գոյություն ունի միջուկային Իրան, իսկ ԱՄՆ-ն չափազանց հեռու է Մերձավոր Արևելքից»:

Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձություններին Իսրայելի պետական պաշտոնյաները ցավով են անդրադառնում`փորձելով իսլամական Մերձավոր Արևելքի ձևավորման հնարավորությունը ներկայացնել որպես սպառնալիք իրենց պետությանը, միջազգային հանրությանն ու ԱՄՆ-ին: 

Հնարավոր է նաև, որ Իսրայելի իշխանությունները իրենց համար վտանգ համարվող երևույթները պատրվակ դարձնելով` մի շարք գործողություններ իրականացնեն տարածաշրջանում, մասնավորապես` Գազայի հատվածում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Պետդեպը Իրանից պահանջեց կասեցնել մահապատիժները

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին, փետրվարի 1-ի հայտարարությամբ Իրանի իշխանություններից պահանջեց կասեցնել մահապատիժները:
France Presse գործակալության փոխանցմամբ, Ֆիլիպ Քրոուլին հայտնել է, որ ԱՄՆ-ն խիստ մտահոգված է Իրանում մարդու իրավունքների ոտնահարման երևույթից, ու Իրանից պահանջել է կառչած մնալ մարդու իրավունքների միջազգային համաձայնագրերին:
Քրոուլին, մատնանշելով վերջերս Իրանում Հոլանդիայի քաղաքացի Զահրա Բահրամիի մահապատժի իրագործումը, հայտարարել է.
«ԱՄՆ-ն մասնավորապես Հոլանդիայի քաղաքացի Զահրա Բահրամիի սպանությունից հետո, որը նաև իր պետության հյուպատոսության հետ շփվելու հնարավորություն չի ունեցել, հայտնել է իր մտահոգությունը: Բահրամիի մահապատիժը վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած տասնյակ մահապատիժներից մեկն էր, ուստի հարց է առաջանում` Իրանում բանտարկյալներն արդյոք օգտվո՞ւմ են իրենց քաղաքական ու քաղաքացիական իրավունքներից»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի խորհրդարանը քննության արդյունքում պաշտոնից ազատեց Իրանի տրանսպորտի նախարարին

Իրանական ISNA գործակալության հաղորդմամբ, փետրվարի 1-ին Իրանի խորհրդարանի օրակարգում էր Իրանի ճանապարհային և տրանսպորտի նախարար Համիդ Բեհբահանիի հարցի քննությունը:

Քննարկումների ավարտին խորհրդարանի 147 պատգամավորներ հրաժարվել են իրենց տված վստահության քվեից, և այդ իսկ պատճառով, խորհրդարանի որոշմամբ, նախարարը պաշտոնից ազատվել է: 

Նշենք, որ խորհրդարանի 78 պատգամավոր նախարարի օգտին է քվեարկել, և 9 պատգամավոր էլ ձեռնպահ է մնացել:

Մարդատար ինքնաթիռների հաճախակի վթարները նախարարին հարցաքննելու հիմնական առիթ են հանդիսացել, և արդյունքում նա պաշտոնանկ է արվել՝ կրկին խորհրդարանի վստահության քվեն ձեռք չբերելով:

Հարկ է նշել, որ Համիդ Բեհբահանին նախագահ Ահմադինեժադի խորհրդով իր հարցաքննության օրը չէր ներկայացել խորհրդարան։ 

Բացակայել էր նաև կառավարության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

Խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին երկրի նախագահի և խնդրահարույց նախարարի նմանօրինակ արարքը օրենքի խախտում գնահատեց:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Նաթանյահուն Եգիպտոսի` Իրան դառնալու հեռանկարի մասին

Reuters գործակալության հաղորդմամբ, Իսրայելի վարչապեր Բենիամին Նաթանյահուն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում Եգիպտոսում կատարվող իրադարձությունների մասին իր մտահոգությունը հայտնելով, հայտարարել է. 

«Խառնաշփոթ իրավիճակում իսլամիստական կազմակերպված որևէ կազմակերպություն հնարավորություն կունենա երկրը իր ձեռքը վերցնել. նմանօրինակ դեպքեր պատահել են Իրանում և այլուր»։

Այդ առնչությամբ իսրայելական Haaretz օրաթերթը նշել է, որ Եգիպտոսի խնդրի շուրջ խորհրդակցելու պատճառով Նաթանյահուի և Մերկելի հանդիպումը սահմանված ժամանակից ավելի է տևել:

Haaretz-ի մատուցմամբ, Նաթանյահուն փորձում է ԱՄՆ-ին և ԵՄ երկրներին համոզել, որ նվազեցնեն Մուբարաքի վրա գործադրած ճնշումները, որպեսզի հնարավոր լինի տարածաշրջանի կայունությունը պահպանել:

Մուբարաքի իշխանության անկման հավանականության բարձրանալուն զուգընթաց, իսրայելական պաշտոնյաներն ու մեկնաբանները զրույցներում ու գրություններում հայտարարում են իրենց մտահոգությունների մասին:

Haaretz-ի ռազմական հարցերի մեկնաբան Ամովս Հարելը հունվարի 31-ին հեղինակած իր հոդվածում գրում է. «Մուբարաքի վարչակարգի հավանական անկումը մեծ ազդեցություն և հետևանք կարող է ունենալ տարածաշրջանի համար: Մուբարաքի կառավարության փլուզումը կարող է վտանգել Եգիպտոսի ու Հորդանանի՝ Իսրայելի հետ ունեցած պայմանավորվածությունները:

Հարկ է նշել, որ Եգիպտոսը 1948-1973 թվականներին չորս անգամ պատերազմել է Իսրայելի հետ, և արաբական երկրներից առաջինն է եղել, որը Իսրայելի հետ խաղաղության պայմանագիր է ստորագրել:

Եգիպտոսի ներկայիս նախագահ Հուսնին Մուբարաքը, 1967-ի եգիպտա-իսրայելական պատերազմի ժամանակ Եգիպտոսի օդուժի հրամանատարն է եղել, իսկ 1981-ին` Եգիպտոսի նախկին նախագան Անվար Սադաթի ահաբեկումից հետո, դարձավ երկրի նախագահը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Մեծ Բրիտանիայի ՊՆ. Հնարավոր է, որ Իրանը մինչև 2012 թ. ատոմային ռումբ պատրաստելու կարողություն ունենա

Reuters գործակալության հաղորդմամբ, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Լիամ Ֆոքսը հայտարարել է, որ դեմ է իսրայելական «Մոսադի»՝ արդեն թոշակի անցած ղեկավար Մեյեր Դագանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Իրանը առաջիկա 4 տարիների ընթացքում հնարավորություն չունի ատոմային ռումբ պատրաստելու:
Լիամ Ֆոքսը, Դագանի հայտարարությունները լավատեսական գնահատելով, նաև ավելացրել է. «Ես դեմ եմ Մեյեր Դագանի այն մտքին, թե միշտ պետք է խնդիրների լավատեսական կողմին ավելի ուշադրություն դարձնել. դա սխալ մոտեցում է: Ինչպես արդեն նախկին փորձառությունների ընթացքում, մասնավորապես Հյուսիսային Կորեայի խնդրի առնչությամբ ականատես եղանք, միջազգային հանրությունը, եթե փոպձում է խնդիրը ավելի դրական գնահատել, քան երևում է իրականում, հնարավոր է՝ մի պահ անակնկալի գա: Ուստի հայտարարում եմ, որ հնարավոր է՝ Իրանը մինչև 2012 թվականը ատոմային ռումբ պատրաստելու կարողություն ունենա, և ավելի լավ է, որ մենք աշխատենք ըստ այդ զգուշացման»։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը չի ներկայացրել, թե ինքը ի՞նչ հաշվարկների ու տվյալների վրա հիմնվել է, որ նման հայտարարություն է անում, և միայն ավելացրել է. «Իրանը այս պահին միջուկային զենք չունի, բայց շարունակում է ուրանի հարստացումն ու ծանր ջրի ռեակտոր պատրաստելու գործընթացները, որոնք ռազմական օգտագործման պոտենցիալ ունեն»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Եգիպտոսի և Թունիսի դեպքերը` Իրանի իշխանությունների համար լակմո՞ւս

Իրանական ռեֆորմիստների լրատվական Kaleme կայքի հաղորդմամբ, Իրանի նախագահական ընտրություններում բարեկարգչականների թեկնածու Միր Հուսեյն Մուսավիի իրավական հարցերի խորհրդական, իրավաբան Արդեշիր Ամիր Արջմանը հայտարարել է. 

«Դեմոկրատիկ ու արդարատենչ շարժումները Մերձավոր Արևելքում ծայր առան 2009-ին Իրանում ասպարեզ եկած բարեկարգչական (Կանաչ շարժում) պայքարներից, և այսօր այդ գաղափարները հասել են Թունիս, Եգիպտոս ու արաբական այլ երկրներ: 

Ճիշտ է, յուրաքանչյուր երկիր իր հատուկ իրավիճակն ունի, բայց այս բոլորը մեկ ընդհանուր խնդիր ունեն, այն է դիկտատուրայի դեմ պայքարը: Տարածաշրջանի ժողովուրդն ապացուցեց, որ պահանջում են, ժողովրդավարական պետություններ կառուցելով, ձեռք բերել իրենց ինքնորոշման իրավունքը: 

Իրանի, Թունիսի, Եգիպտոսի մուսուլման ժողովուրդներն էլ ապացուցեցին, որ դեմ են բռնապետության բոլոր դրսևորումներին, լինի դա կրոնական, աշխարական թե զինվորական:

Իրանի նախագահական ընտրություններից հետո կայացած միլիոնների հասնող ցույցերի միջոցով, ինչը մինչ այդ աննախադեպ էր տարածաշրջանում, Իրանի ժողովուրդը ցուցադրեց իր քաղաքական հասունությունը:
Այս պահին հարկավոր է, որ Թեհրանի դիկտատորները ուշիմություն ցուցաբերեն, և քանի դեռ երկիրը չի մատնվել կույր բռնություններին, համաձայնեն ժողովրդի իրական քվեի արդյունքի հետ: 

Իրանի փարավոնական դիկտատուրան հաստատ շատ ավելի դաժան ու անբարոյական է Բեն Ալիի ու Մուբարաքի դիկտատուրայից, որովհետև վերջիններս գոնե իրենց բռնապետական իշխանությունը կայունացնելու համար չեն օգտագործում կրոնը:

Հետաքրքիր է, այս պարոնայք մտադիր էին իրենց հարաբերությունները զարգացնել թե՛ Բեն Ալիի և թե՛ Մուբարաքի իշխանությունների հետ, իսկ հիմա ճիշտ այն գողի նման, որ ինքն է բացականչում «ա՜յ, բռնեք գողին», սկսել են քննադատել Թունիսում և Եգիպտոսում ժողովրդի դեմ կիրառվող բռնություններն ու այդ երկրների իշխանություններին կոչ են անում՝ լսել ու հարգել ժողովրդի ձայնը: Բայց դիկտատուրան ճնշում, սպանություն և ոճրագործություն է՝ թե՛ Կահիրեում, թե՛ Թեհրանում:

Եթե այս պարոնայք իրոք դեմ են դիկտատորներին, թող թույլ տան, որ Իրանի ժողովուրդն ու «Կանաչ շարժումը» իսլամական հեղափոխության տարեդարձի օրը՝ փետրվարի 11-ին, խաղաղ քայլարշավ իրականացնեն, որտեղ կպարզվի, թե արդյո՞ք նրանց իրավիճակը Իրանում ավելի լավ է Բեն Ալիի ու Մուբարաքի վիճակից, թե՞ ոչ:»

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իսրայելցի լրտեսին կկախեն, ամերիկացիներին` դեռ ոչ

Իրանական լրատվական գործակալությունների հաղորդմամբ, Իրանի դատական իշխանության խոսնակ Ղոլամ Հուսեյն Մոհսենի Էժեին հայտարարել է, որ հնարավոր է՝ շուտով մահապատժի ենթարկվի Իսրայելի օգտին լրտեսություն իրականացրած մի քաղաքացի: 

Էժեիի հաղորդմամբ, «Հիշյալ լրտեսի մահվան դատավճիռը կայացվել է, և գերագույն ատյանի վավերացումից հետո նա շուտով մահապատժի կենթարկվի»։ Էժեին լրտեսի ինքնության մասին ոչ մի տեղեկություն չփոխանցեց:

Էժեին նաև ավելացրել է, որ փետրվարի 6-ին կայանալու է Իրանի սահմանը հատած և լրտեսության մեջ մեղադրվող ԱՄՆ երեք քաղաքացիների դատավարությունը: 

Նրա հայտարարությամբ, ձերբակալվածներից մեկը՝ Սառա Շուրդը, որ գրավի դիմաց ազատ էր արձակվել, նորից Իրան է կանչվել: Շրջանառվող լուրերի համաձայն, Սառա Շուրդը հայտարարել է, որ մտադիր չէ վերադառնալ Իրան ու Իրանի իշխանություններից պահանջում է ազատ արձակել իր երկու ընկերներին՝ Ջաշ Ֆաթալին ու Շեյն Բաովերին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանում արգելափակվեցին միջազգային լրատվական մի շարք կայքեր

Reuters գործակալությունը հաղորդել է, որ Իրանում արգելափակված կայքերի ցանկին ավելացել են Reuters և Yahoo News լրատվական կայքերը: Ըստ գործակալության՝ հունվարի 31-ից Իրանում հնարավորություն չկա այցելել նշված կայքերը:

Իրանի նախագահական վերջին ընտրություններից հետո կայքերի արգելափակման գործընթացը խիստ տարածում գտավ: Այդ օրերին արգելափակվեցին BBC լրատվական կայքը ու բոլոր սոցիալական կայքերը՝ ինչպիսիք են Facebook, Twitter և Youtube կայքերը:

Ըստ Reurters-ի՝ Իրանում դեռ հնարավոր է այցելել Google News կայք:

Հարկ է նշել, որ թեև Իրանի իշխանությունները մեծ գումարներ են ծախսել երկրում ինտերնետը սահմանափակելու համար, բայց իրանցիները հնարավորություն ունեն հակաֆիլտր ծրագրերի միջոցով շրջանցել սահմանափակումներն ու կապ հաստատել արգելափակված կայքերի հետ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանի նորընտիր ԱԳՆ առաջին պաշտոնական այցը չեղյալ հայտարարվեց


Իրանական լրատվական գործակալությունների հաղորդմամբ, Իրանի նորընտիր ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի առաջին պաշտոնական այցը չեղյալ է հայտարարվել: Սալեհին, արդեն որպես ԱԳ նախարար, Աֆրիկյան միության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով պետք է մեկներ Եթովպիա:

Նշենք, որ այդ այցի մասին առաջին անգամ գրեց հենց Իրանի նախագահի լրատու կայքը՝ հայտարարելով, որ Սալեհին խորհրդարանի վստահության քվեն ստանալուց հետո մեկնելու է Եթովպիա: Իսկ հետո իրանական Fars և ISNA գործակալությունները հայտարարեցին, որ Սալեհիի այցը չեղյալ է հայտարարվել:

ԱԳՆ խոսնակ Ռամին Մեհմանփարաստը լրագրողներին հայտնել է, որ Սալեհին ԱԳ նախարար ընտրվելու պատճառով, անհետաձգելի բազմաթիվ գործեր է ունեցել, որոնց պատճառով էլ նրա այցը Եթովպիա չեղյալ է հայտարարվել:

Հարկ է նշել, որ Եթովպիայում կայանալու է Աֆրիկյան երկրների ղեկավարների 16-րդ գագաթնաժողովը, որտեղ պետք է քննարկվեն Եգիպտոսի իրադարձությունները, թեև Եգիպտոսը արդեն հրաժարվել է անդամակցել հիշյալ միությանը:


Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Իրանը 2011-ին մահապատիժների ռեկորդակիրը կդառնա

Մարդու իրավունքների պաշտպան Human Rights Watch կազմակերությունը, հունվարի 30-ին անդրադառնալով իրանուն ընթացող մահապատիժներին, իր մտահոգություն է հայտնել մահապատիժների հաճախականության մասին:

Հիշյալ կազմակերպության մերձավորարևելքի պատասխանատու Սարա Լի Վիթսոնը France Presse գործակալության հայտնել է. «Եթե Իրանում մահապատիժները այս հաճախականությամբ տեղի ունենան, Իրանի իշխանությունները հեշտությամբ մինչև 2011-ի ավարտը 1,000 մարդու մահապատժի կենթարկեն»:

Գործակալության փոխանցմամբ, մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները հայտարարում են, որ 2011-ի ընթացքին իրանում նոր թափ է ստացել մահապատիժները: 

Human Rights Watch կազմակերպության հայտարարությամբ, նոր տարվա ընթացում արդեն մոտ 74 մարդ է մահապատժի ենթարկվել Իրանում, ու եթե այս հաճախականությունը շարունակվի, Իրանը 2011-ին մահապատիժների քանակով ռեկորդակիր երկիր կդառնա»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը