Wednesday, April 13, 2011

Իրանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները ոչ պաշտոնապես նվազել են մինչև հավատարմատարի մակարդակը

Իրանական Bultan News լրատվական կայքի հաղորդմամբ, Լոնդոնում և Թեհրանում Իրանի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները երկար ժամանակ է, ինչ աշխատում են հավատարմատարների գլխավորությամբ՝ առանց դեսպանների:
Կայքի փոխանցմամբ, անցյալ տարի Լոնդոնում Իրանի դեսպանի ժամկետը լրացել է, և նա Իրանի է վերադարձել, իսկ Իրանի ԱԳ նախարարությունը մինչև այսօր Մեծ Բրիտանիայում նոր դեսպան չի նշանակել:
Իսկ բրիտանական իշխանություններն էլ ամիսներ առաջ դեսպան Սայմոն Գեսի և Իրանի իշխանությունների միջև ծագած բանավեճի պատճառով վերջինիս նշանակել են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ավագ ներկայացուցիչ: Հետևաբար, Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն էլ դեսպանի բացակայությամբ ղեկավարվում է հավատարմատարի կողմից:
Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը փորձում է խորհրդարանում մի բանաձև ընդունել, որի հիման վրա Իրանի կառավարությունը պարտավորվելու է Մեծ Բրիտանիայի հետ խզել բոլոր հարաբերությունները:
Այս պահին երկու երկրների ԱԳ նախարարությունները պաշտոնապես չեն հաստատել միմյանց հարաբերությունները դեսպանի մակարդակից հավատարմատարի մակարդակի նվազեցնելու փաստը, սակայն իրականում արդեն մի քանի ամիս է, ինչ Իրանի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները ղեկավարում են հենց հավատարմատարները:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը