Wednesday, April 13, 2011

Եգիպտոսի հեղափոխությունից հետո իրանցի առաջին պաշտոնյան մեկնեց Կահիրե

Իրանական Asr Iran լրատվական կայքը, վկայակոչելով եգիպտական Al Ahram օրաթերթի լուրը, հաղորդում է, որ հունվարի 25-ին Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, իրանցի պետական առաջին պաշտոնյան պաշտոնական այցով մեկնել է Կահիրե:
Al Ahram-ի փոխանցմամբ, ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մուհամադ Ալի Խազային երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Եգիպտոս, որտեղ պիտի քննարկի Իրանի ու Եգիպտոսի հարաբերությունների նոր ձևաչափի հարցը:
Խազային Կահիրեում նաև քննարկելու է Իրան-Եգիպտոս բանկ հիմնելու և հետագա տնտեսական հարաբերությունների հարցեր:
Ինչպես տեղեկացրել է «Առաջին լրատվականը», վերջին օրերին թե՛ Եգիպտոսի և թե՛ Իրանի ղեկավարությունը ցանկություն են հայտնել քննարկել երկու երկրների միջև նոր հարաբերություններ սահմանելու խնդիրը: Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին, Եգիպտոսում Իրանի շահերը ներկայացնող գրասենյակի ղեկավար Մոջթաբա Ամանիի միջոցով, Եգիպտոսի ԱԳ նախարար Նաբիլ Ալ Արաբիին Թեհրան է հրավիրել՝ երկկողմ հարաբերությունների վերականգնման խնդրի շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով:
Հիշեցնենք, որ Իրանն ու Եգիպտոսը երեք տասնամյակ է, ինչ խզել են դիվանագիտական հարաբերությունները, երբ Եգիպտոսի իշխանությունները 1979-ին Իսրայելի հետ ստորագրեցին «Քեմփ Դեյվիդի» խաղաղության պայմանագիրը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը