Wednesday, November 10, 2010

Ահմադինեժադի խորհրդական. Իրանի սահմանադրությունը պետք է փոփոխության ենթարկվի

Լրատվամիջոցների հարցերով Իրանի նախագահի խորհրդական Ալի Աքբար Ջավանֆեքրը, իրանական «Խաբար» օրաթերթի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում քննադատելով Իրանի «Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող» խորհրդի աշխատանքները, հայտարարել է, թե Իրանի սահմանադրությունը փոփոխության պիտի ենթարկվի: Հարկ է նշել, որ հիշյալ խորհրդի անդամները նշանակվում են Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլահ Խամենեիի միջոցով, և ի սկզբանե խորհուրդը գլխավորել է Իրանի նախկին նախագահ, Ահմադինեժադի մրցակից համարվող Այաթոլահ Ռաֆսանջանին: Ջավանֆեքրը ավելացրել է, թե «երկրի սահմանադրության համաձայն` խորհուրդը միայն պիտի զբաղվի համակարգի նպատակահարմարության բնորոշման հարցերով, բայց այն, ինչ այսօր առկա է, ապացուցում է, թե այդ խորհուրդը նպատակահարմարությունը բնորոշելուց անցել է ու քաղաքական և կուսակցական աշխատանքներով է զբաղվում»:
Ալի Աքբար Ջավանֆեքրն իր զրույցի շարունակության մեջ, անդրադառնալով երկրի սահմանադրության որոշ կետերի փոփոխության խնդրին, հայտնել է. «Նախ՝ սահմանադրության մեջ ավելի հաստակ և թափանցիկ պիտի դառնան «Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող» խորհրդի պարտականությունները, երկրորդ` որոշ բաժիններում պիտի բարեփոխվեն այն կետերը, որոնք խոչընդոտում են կառավարության աշխատանքները և պատճառ են դառնում, որ կառավարությունն ավելի դանդաղ շարժվի երկրի զարգացման ոլորտներում:»
Ջավանֆեքրն իր զրույցի երկրորդ բաժնում, անդրադառնալով գործադիր իշխանության կարևորությանը, ասել է. «Երբ Իմամ Խոմեյնին (իսլամական հանրապետության հիմնադիր) հայտարարեց, որ խորհրդարանն է պետության գլխավորողը, չի նշանակում, որ իրավական առումով խորհրդարանի լիազորությունները վեր են գործադիր իշխանությունից: Սահմանադրության համաձայն` գործադիր իշխանությունը շատ մեծ պատասխանատվություններ ունի, որն անկարելի է համեմատել օրենսդիր ու դատական իշխանությունների հետ:»
Մոտ երկու ամիս առաջ էլ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը «Իրան» օրաթերթի հետ հարցազրույցի ընթացքում ասել էր. «Այն, որ Իմամ Խոմեյնին էր ասել, թե խորհրդարանն է պետության գլխավորը, վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ խորհրդարանի միջոցով էր ընտրվում երկրի վարչապետը, բայց հիմա գործադիր իշխանությունն է համարվում պետության գլխավորողը:» Այս հայտարարությունը մեծ բողոքի ալիք բարձրացրեց Իրանի խորհրդարանում, և պատգամավորները, երկրի նախագահին գրավոր բողոք ներկայացնելով, հորդորեցին խորհրդարանի դերը մերժելու փոխարեն զբաղվել իր պարտականություններով:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը