Wednesday, May 04, 2011

UNESCO-ի մամուլի ազատության մրցանակը հանձնվեց իրանցի քաղբանտարկյալ լրագրող Ահմադ Զեյդաբադիին

UNESCO-ի, ԱՄՆ պետքարտուղարության և ավելի քան 30 ՀԿ-ների համատեղ ջանքերով, մայիսի 3-ին Վաշինգտոնում կայացավ մամուլի ազատության միջազգային օրվան նվիրված շնորհանդեսը:

Միջոցառման ընթացքում մամուլի ազատության «Գիլերմո Կանո» մրցանակը շահեց իրանցի քաղբանտարկյալ լրագրող Ահմադ Զեյդաբադին:

Զեյդաբադին ազատազրկված լինելու պատճառով բացակա էր հիշյալ միջոցառումից ու բավարարվել էր միայն իր պատգամը կազմակերպիչներին ուղղելով:

Զեյդաբադին իր պատգամում նշել է. «Իրանի հեղափոխական դատարանն ինձ դատապարտել է 6 տարվա ազատազրկման, 5 տարի աքսորի ու ցմահ զրկել քաղաքական, հասարակական ու լրագրողական ակտիվությունից: Ուրեմն, իմ յուրաքանչյուր պատգամը միայն ավելացնելու է իմ և ընտանիքիս ցավերը:

Այդ մրցանակը, որը շնորհվել է իմ երկրի բոլոր քաղբանտարկյալներին ու աքսորված գործակիցներին, նվիրում եմ իմ կնոջն ու զավակներին, ովքեր ավելի քան 10 տարի վախի ու սարսափի մեջ են ապրել: Այդ պարգևը ես նվիրում եմ այն մայրերին, որոնց զավակներն այլևս տուն չեն վերադարձել, և այն կանանց ու զավակներին, ովքեր իրենց սիրելիների բացակայության պատճառով ամեն օր արցունք են թափում»։

Հիշեցնենք, որ Ահմադ Զեյդաբադին Իրանի նախագահական վերջին ընտրություններից հետո ձերբակալվել է ու դատապարտվել 6 տարվա ազատազրկման և 5 տարվա աքսորի: Դատարանը նաև նրան ցմահ արգելել է ցուցաբերել քաղաքական, հասարակական ու լրագրողական ակտիվություն:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը