Wednesday, May 11, 2011

«ԼՂ-ի հարցում Իրանի միջամտությունը շատ արդյունավետ էր»

Թեհրանի պետական համալսարանի Կովկասի ուսումնասիրությունների հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «ԼՂՀ հակամարտության կարգավորումը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լույսի ներքո» խորագրով գիտական խորհրդաժողով, որին մասնակցել են Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանն ու ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Ֆարհադ Քոլեյնին:

Իրանական ISNA գործակալության հաղորդմամբ, խորհրդաժողովի ընթացքում Գրիգոր Առաքելյանը, անդրադառնալով Իրան-Հայաստան հարաբերություններին, հայտարարել է. «Վերջին 20 տարիների ընթացքում Իրանը Հայաստանի հանդեպ իր բարեկամությունն ու հավատարմությունն ապացուցել է, որոնց մասին արդեն բազմաթիվ փաստեր ու վկայություններ գոյություն ունեն»։

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ Իրանում ՀՀ դեսպանը ասել է. «Այս պահին երկու կողմերն էլ կասեցրել են հարաբերությունների վերսկսման բանակցությունները այն պատճառով, որ Թուրքիան Հայաստանի հետ իր հարաբերությունները վերսկսելու համար Արցախի հակամարտության կարգավորումը որպես նախապայման էր ներկայացնում: Հայկական կողմի համոզմամբ, այդ երկու հարցերը առանձին խնդիրներ են»։

Մատնանշելով ԼՂՀ հակամարտության կարգավորման տարբերակները՝ Գրիգոր Առաքելյանը ասել է. «Հանրաքվեն միակ տարբերակն է, որի միջոցով հնարավորություն կստեղծվի արդար ձևով լուծել հակամարտությունը: Մյուս կողմից, հանրաքվեն չի հակասում միջազգային օրենքներին ու համապատասխանում է ինքորոշման իրավունքին:

Հայաստանի և Ադրբեջանի ինտեգրումը ԵՄ-ին պատճառ կդառնա, որ Արցախի նման հակամարտություններն ինքնըստինքյան կարգավորվեն: Նույն կերպ՝ Հայաստանի և Թուրքիայի՝ ԵՄ-ին ինտեգրվելով կբացվեն երկու երկրների փակ սահմանները»։

Գրիգոր Առաքելյանի համոզմամբ, Իրանի և Հայաստանի հարաբերությունները սերտացնելու բազմաթիվ ազդակներ գոյություն ունեն. «Իրանը վերջին 20 տարիների ընթացքում ապացուցել է Հայաստանի հետ իր բարեկամությունն ու հավատարմությունը: Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը ԼՂՀ հակամարտության հանդեպ կրավորական չի եղել, այլ հակառակը՝ Իրանը միջնորդի դերում է հանդես եկել, և պատերազմի տարիներին Իրանի միջնորդությունը շատ արդյունավետ է եղել։ Այս պահին էլ, Իրանի և Հայաստանի հարաբերությունների սերտացմամբ, Իրանի միջնորդությունը կրկին կարող է արդյունավետ լինել: ԼՂՀ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են, և լավ կլինի, որ այդ բանակցությունների ֆորմատը փոփոխության չենթարկվի:

Իրանի և Հայաստանի հարաբերությունների սերտացման հարցում Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցությունները դրականորեն միակարծիք են»։

ISNA-ի փոխանցմամբ, խորհրդաժողովի ընթացքում Իրանի ԱԳ նախարարության Ամերիկայի բաժնի ղեկավար Սոբհանին, իր հերթին անդրադառնալով Իրանի և Հայաստանի հարաբերություններին, մատնանշել է. «Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը արդեն համոզվել են, որ իրենց ամենավստահելի և կարևոր հարևանը Իրանն է: Եթե տարածաշրջանի հարաբերությունները ուսումնասիրենք, պարզ կդառնա, որ Իրանը լավագույն հարևանն է բոլոր երկրների համար: Թեև Իրանը Ադրբեջանի Հանրապետության հետ հարաբերություններ ունի, բայց Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջնորդվում է իր արտաքին քաղաքականության սկզբունքներով»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը