Monday, March 14, 2011

Այաթոլլահ Ռաֆսանջանիի երկիմաստ և աննախադեպ հայտարարությունը

Իրանի բանիմացների խորհրդի նախկին նախագահ Այաթոլլահ Ռաֆսանջանին խորհուրդի նորընտիր նախագահության և Իմամ Խոմեյնիի թոռան՝ Հասան Խոմեյնիի ուղեկցությամբ այցելել է իսլամական հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի դամբարան:
Իրանական պետական լրատվական գործակալությունները հրաժարվել են հրապարակել Ռաֆսանջանիի՝ Խոմեյնիի դամբարանում ունեցած ելույթը: Այդ մասին միակ լրատվությունը հաղորդել է Իմամ Խոմեյնիի ընտանիքին պատկանող Jamaran լրատվական կայքը:
Անդրադառնալով տարածաշրջանի իրադարձություններին՝ Այաթոլլահ Ռաֆսանջանին Խոմեյնիի դամբարանում հայտարարել է. «Իմամ Խոմեյնին իսլամական շարժման առաջին իսկ օրերին մատնանշում էր, որ իսլամական կամքը ժողովրդին գիտակից դարձնելն է: Առանց ժողովրդի գիտակցության՝ ոչ մի գործ հնարավոր չի իրականացնել: Ժողովրդի թշնամիները միշտ փորձել են նրան անգիտակից ու անտեղյակ պահել: Ես մեր բարձրագույն առաջնորդին կարող եմ ասել, որ մուսուլման ժողովուրդներն այսօր հասել են գիտակցության: Հնարավոր է, որ մենք չեն աշխատել այդ ուղղությամբ, բայց դա այսօր կատարել են հաղորդակցության արդի տեխնոլոգիաներն ու միջոցները: Այսօր իսլամական ժողովուրդները արթնացել են, և դա շատ գնահատելի երևույթ է:
Արթնությունը կարող է Լիբիայի օրինակի նման ծախսատար լինել, բայց, ի վերջո, արդյունքի կհասնի: Լիբիայից բացի, հնարավոր է՝ նման իրադարձություններ այլ երկրներում էլ տեղի ունենան»:
Հարկ է նշել, որ վերջին տարիներին Իրանի կառավարական շրջանակները, նախագահ Ահմադինեժադի գլխավորությամբ, խիստ սահմանափակումներ են սահմանել Այաթոլլահ Ռաֆսանջանիի համար: Ռաֆսանջանին նախագահական վերջին ընտրություններից հետո մի նամակ հղեց երկրի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին, որում ասված էր, որ եթե այսպես շարունակվի, իսլամական հանրապետությունից հետք չի մնալու: Ռաֆսանջանին իր նամակում, դիմելով Այաթոլլահ Խամենեիին, գրել էր. «Այս պահին հեղափոխական ուժերից միայն ես և դուք ենք, որ մնացել ենք, եթե թույլ տանք, որ ոմանք մեզ էլ փորձեն հեռացնել ասպարեզից, հնարավոր է՝ այլևս ոչ մի հետք իսլամական հանրապետությունից չմնա»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը