Tuesday, January 11, 2011

Պաոլո Կոելյոյի գրքերը արգելվեցին Իրանում


Բրազիլացի հանրահայտ գրող Պաոլո Կոելյոն անձնական կայքում հայտարարել է, որ իր բոլոր գրքերի տպագրությունն ու վաճառքն Իրանում արգելվել է: Այդ առնչությամբ նա Բրազիլիայի իշխանություններին խնդրել է միջամտել գործին:
Կոելյոյի հայտարարության համաձայն, ինքն այդ լուրը ստացել է Իրանում իր գրքերի պաշտոնական թարգմանիչ Արաշ Հեջազիից: Գրողի կարծիքով, իր գրքերի արգելման գլխավոր պատճառը հավանաբար այն է, որ ինքը սոցիալական կայքերում և անձնական բլոգում պաշտպանել է իր պաշտոնական թարգմանիչին:
Իրանում Կոելյոյի պաշտոնական թարգմանիչ, բժիշկ Արաշ Հեջազին Իրանի նախագահական վերջին ընտրություններից հետո տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում, երբ ոստիկանների կրակոցների պատճառով սպանվեց Նեդա Աղասոլթանը, գտնվում էր հենց Աղասոլթանի դիակի կողքին: Աղասոլթանի սպանության տեսագրությունը, որը տարածվեց սոցիալական կայքերում ու նաև դարձավ 2010-ին Youtube կայքի ամենադիտված տեսագրություններից մեկը, մեծ սկանդալ առաջացրեց Իրանի հասարակության մեջ։ Եվ երբ իշխանությունները փորձում էին կոծկել Աղասոլթանի՝ ոստիկանների կողմից սպանված լինելու փաստը, Արաշ Հեջազին բարձրացրեց իր բողոքի ձայնը՝ հայտարարելով, որ ինքը ներկա է եղել սպանության վայրում ու ականատես է եղել, թե ինչպես է ոստիկանների կրակոցների հետևանքով զոհվել Նեդա Աղասոլթանը:
Տարածված տեսագրություններից հայտնի դարձավ, որ Արաշ Հեջազին, սպանության վայրում գտնվելով, փորձել է փրկել անմեղ աղջկա կյանքը, բայց դա նրան չի հաջողվել: Հեջազին իր արած հայտարարությունների պատճառով նախագահական ընտրություններից հետո ձերբակալվեց:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը