Wednesday, December 15, 2010

Ո՞վ է փոխարինելու Մոթաքիին

Արթին Առաքելյան

Այս պահին, երբ արդեն Իրանի ԱԳ նախարարն ազատվել է պաշտոնից, ու հիշյալ նախարարությունը ժամանակավորապես նախարար չունի, Իրանի քաղաքական ներքին խոհանոցում նախարարի պաշտոնը զբաղեցնելու նպատակով սկսվել է դիվանագետների հերթագրությունը:
Դեռ սեպտեմբերին, երբ Մոթաքիի հրաժարական ներկայացնելու մասին շշուկներ էին տարածվել, իրանական մի շարք լրատվամիջոցներ փորձեցին գրել, թե Մոթաքիին հավանաբար փոխարինելու է խորհրդարանի արտաքին քաղաքականությունների հանձնաժողովի նախագահ Ալաօլդին Բուրուջերդին: Ենթադրությունների ցանկում էին նաև ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին, զբոսաշրջության կազմակերպության նախագահ Ռահիմ Մաշային և նախագահի խորհրդական Մոջթաբա Սամարե Հաշեմին:
Այնուամենայնիվ, Մոթաքիի հրաժարականի շուրջ ծագած շշուկները իրականություն չդարձան, և կասեցվեց նրան փոխարինող փնտրելու գործընթացը:
Այս օրերին՝ Մոթաքիի պաշտոնանկությունից հետո, կրկին սկսվել է կասեցված գործընթացը:
Այս պահին ԱԳ նախարարի պաշտոնի համար հավանական երկու թեկնածու կարելի է ենթադրել. Իրանի խորհրդարանի կոնսուլական ու իրանական սփյուռքի հարցերի պատասխանատուի օգնական Հասան Ղաշղավին ու միջուկային կազմակերպության ղեկավար, այժմ ԱԳՆ ժամանակավոր պատասխանատու Ալի Աքբար Սալեհին: Ղաշղավին անցյալում եղել է ԱԳՆ խոսնակ, նաև, որպես Իրանի դեսպան, ծառայել է Շվեդիայում և Ղազախստանում: Նա սերտ հարաբերություն ունի նախագահի գրասենյակի ղեկավար Ռահիմ Մաշայի հետ: Իսկ Սալեհին, որը ժամանակավորապես ղեկավարում է ԱԳՆ-ը, ևս կարևոր թեկնածու է նախարարի թափուր մնացած պաշտոնը զբաղեցնելու համար: Նա ծնվել է Իրաքում և, ուսումը Լիբանանի ամերիկյան համալսարանում ավարտելուց հետո, մեկնել Ամերիկայի Մասաչուսեթ համալսարան, ուր ստացել է դոկտորական տիտղոս:
Փորձագետների կարծիքով, Սալեհին համարվում է ԱԳ նախարարի լավագույն թեկնածուն, որովհետև լիարժեքորեն տիրապետում է թե՛ անգլերեն լեզվին և թե՛ իրանի միջուկային ծրագրին: Ենթադրություններ կան, որ Ահմադինեժադը հենց Սալեհիին է ներկայացնելու որպես ԱԳ նախարար: Նա այդ քայլով երկու նպատակ կարող է հետապնդել։ Նախ՝ միջուկային ծրագրին լավատեղյակ ԱԳ նախարարի միջոցով, նախագահը կարող է մեծ ազդեցություն ունենալ միջուկային հարցի շուրջ ընթացող բանակցությունների ընթացքի վրա, և ապա՝ ԱՄՆ-ում ապրած և ԱՄՆ-ի հասարակությանը ծանոթ ԱԳ նախարարը Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման հարցում կարևոր դերակատարություն կարող է ունենալ Ահմադինեժադի համար:

Հարկ է ավելացնել, որ վերոհիշյալ երկու ոլորտները գտնվում են Իրանի առաջնորդ այաթոլահ Խամենեիի խիստ վերահսկողության ներքո, և այդ հարցերով զբաղվում է Իրանի ազգային անվտանգության խորհուրդը:
Բայց և այնպես, Ահմադինեժադը համարվում է անակնկալներով լի նախագահ, ուրեմն պետք է սպասել ու տեսնել, թե նա ո՞ւմ է որպես ԱԳ նախարար խորհրդարանին ներկայացնելու:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը