Կասպից ծովի հարցերով Իրանի նախագահի խորհրդական Մուհամադ Մեհդի Ախունդզադեն երեկ երեկոյան աննախադեպ հայտարարություն է արել. «Մենք Կասպից ծովի իրավական ռեժիմի հարցում արդարության կողմնակից ենք ու հիմնվում ենք 1921 և 1940 թվականներին կնքված պայմանագրերով սահմանված իրավական ռեժիմի վրա և մտադիր չենք զիջել այդ իրավունքները: Իրանի Իսլամական Հանրապետությունը համոզված է, որ Կասպից ծովի հարցում ոչ մի որոշում իրականություն չի դառնա` առանց Իրանի տեսակետները հաշվի առնելու»:
Ախունդզադեն հավելեց նաև, որ «1921 և 1940 թվականներին կնքված պատմական պայմանագրերը կնքվել են Իրանի ու Խորհրդային Միության միջև:»
Այս հայտարարության կարևորությունն այն է, որ հիշյալ պայմանագիրը, որը կնքվել է Իրանի ու նախկին Խորհրդային Միության միջև, Կասպից ծովի իրավական ռեժիմը հավասար կարգավիճակով բաժանել է երկու երկրների միջև, այնինչ Խորհրդային Միության փլուզումից հետո անկախացած Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ղազախստանն ու ՌԴ-ը չեն ընդունում ու պահանջում են նոր իրավական ռեժիմ սահմանել Կասպից ծովի համար:
Ախունդզադեն նաև նոյեմբերի 5-ին՝ Բաքվում կայացած Կասպից ծովի հարևան երկրների ԱԳՆ-ի տեղակալների խորհրդաժողովի ընթացքում, Թրենդ գործակալության հետ զրուցում հայտարարարել էր. «Այսօր Կասպից ծովի իրավական ռեժիմի հարցերը քննարկվում են 1921 և 1940թթ պայմանագրերի հիման վրա, և Իրանի Իսլամական Հանրապետությունը ձգտում է այնպիսի իրավական ռեժիմի սահմանմանը, որը համապատասխանի երկրի ազգային շահերին:»
Հարկ է նշել, որ նոյեմբերի 18-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Կասպից ծովի իրավական ռեժիմի քննարկման համար մեկնելու է Բաքու, որտեղ պիտի հանդիպի Ադրբեջանի, Թուրքմենստանի, Ղազախստանի ու ՌԴ նախագահների հետ:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment