ԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ
Վերջին 50 տարւայ ընթացքում միայն երկու դեմոկրատ նախագահներ են յայտնւել ԱՄՆ-ում. առաջինը՝ Ջիմի Քարթերը եւ երկրորդը՝ Բիլ Քլինթոնը: Այդ երկուսից էլ միայն մէկը՝ Բիլ Քլինթոնը, յաջողեց երկրորդ շրջանի համար կրկին նախագահ ընտրւել: Յիշեալ ժամանակաշրջանում, ի բաց առեալ երեք նախագահական շրջանի, բոլոր նախագահները եղել են հանրապետական եւ այդ ընթացքում միայն մէկը՝ Ջորջ Բուշ հայրը, մէկ շրջան նախագահեց ԱՄՆ-ում:
Զանազան ուսումնասիրութիւնների համաձայն՝ այդ իրականութեան գլխաւոր դրդապատճառը ԱՄՆ-ի գլխաւոր երկու կուսակցութիւնների՝ Հանրապետական ու Դեմոկրատ, կիրառած քարոզչութեան ձեւերն է: Հանրապետական կուսակցութեան ստրատեգիստները Ռիչարդ Նիքսոնի յաղթանակից յետոյ համոզւեցին, որ նախագահական ընտրապայքարը այն ժամանակ յաջողութեան կը յանգի, երբ քարոզչութեան թիրախը դառնայ ոչ թէ ժողովրդի տրամաբանութիւնը, այլ՝ զգացումները:Տնտեսագէտ Ռիչարդ Վիրտլինը, որ 1980-1984 թւականներին Ռոնալդ Ռէյգանի նախընտրական շտաբի քարոզչական բաժնի պատասխանատուն էր, երկար ուսումնասիրութիւններից յետոյ այն եզրակացութեան հասաւ, որ ընտրազանգւածը ընտրութիւնների ընթացքում չի առաջնորդւում իր տրամաբանութեամբ ու բանականութեամբ, այլ՝ հակառակը՝ առաջնորդւում է իր զգացումների համաձայն:
Նա իր ուսումնասիրութիւնների ընթացքում յայտնաբերեց, որ ժողովուրդը քաշւեց դէպի Ռէյգան, որովհետեւ նա խօսում էր «արժէքներ»-ի առաջնահերթութեան մասին: Այդ օրերում ժողովուրդը շատ կարեւորութիւն չէր տալիս այն խնդրին, թէ Ռէյգանի որոշ տեսակէտները հակասում են իր տեսակէտներին, որովհետեւ Ռէյգանը ընտրազանգւածի սրտերն էր թիրախ դարձրել եւ ոչ թէ՝ ուղեղները:Վերջին կէս դարի ընթացքում ընտրւած երկու դեմոկրատ նախագահները նոյնպէս ժողովրդի զգացումների մէջ թափանցելով էր, որ յաջողութեան հասան: Քարթերը «Կառավարութեան հանդէպ ժողովրդի կորած հաւատքի վերադարձը» լոզունգով (ըստ իրեն՝ ժողովրդի հաւատքը կառավարութեան հանդէպ կորել էր Վաթըրգէյթի դէպքից յետոյ) եւ Բիլ Քլինթոնը «յոյս»-ի ու «ամերիկեան երազանք»-ի վերածնունդի լոզունգներով շահեցին ժողովրդի վստահութիւնը:
Բայց Քարթերից ու Քլինթոնից բացի՝ Դեմոկրատ կուսակցութեան կողմից նախագահի թեկնածու ընտրւած այլ անհատները թւերին ու տւեալներին հիմնւելով էր, որ խօսում էին ժողովրդի հետ՝ ենթադրելով, թէ ժողովուրդը իրենց տրամաբանական տւեալները լսելուց յետոյ՝ քւէարկելու է ի շահ իրենց: Պարտութիւնների շարունակականութիւնը երբեք պատճառ չդարձաւ, որ ԱՄՆ-ի Դեմոկրատ կուսակցութիւնը հրաժարւի «տրամաբանական» լինելուց եւ այդ իսկ պատճառով՝ վերջին կէս դարի ընթացքում կայացած նախագահական ընտրութիւնների 3/4-ը յանձնեց Հանրապետական կուսակցութեանը: Որպէս օրինակ՝ կարելի է նշել 2000 թւականի Ջորջ Բուշ կրտսեր եւ Ալ Գորի հեռուստաբանավէճը, որի ընթացքում երբ Ալ Գորը փորձում էր թւերով ու տւեալներով ապացուցել իր խօսքերի ճշմարտացիութիւնը, Բուշը հեգնանքով նրան անւանեց հաշւամեքենայի գիւտարարը: Այդ պիտակով թէ՛ փլուզւեցին Ալ Գորի պատրաստած ապացոյցները, եւ թէ՛ Բուշը ժողովրդին անուղղակի յայտարարեց, որ Ալ Գորի խօսքերը այնքան բարդ են, որ ո՛չ ես եմ ըմբռնում եւ ո՛չ էլ՝ դուք: Հանրապետականները այն, ինչ որ անգլիացի փիլիսոփայ Դէյւիդ Հիւմը երեք դար առաջ յայտնաբերել էր, լաւագոյն ձեւով գործադրեցին. դա Հիւմի յայտնի խօսքն է՝ «Բանականութիւնը զգացումների գերին է եւ ոչ՝ հակառակը»: Բազմաթիւ նեարդաբաններ երկրորդելով Հիւմին՝ յայտարարում են՝ որքան մի պատգամի տրամաբանական կողմը ուժեղ լինի, այնքան աւելի նւազ է դրդում զգացումները, որը կազմում է մեր բնաւորութիւնը:Այս յօդւածի շարունակութեան մէջ կանդրադառնանք 1992-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրապայքարի ընթացքում սփռւած Բիլ Քլինթոնի քարոզչական տեսահոլովակի բովանդակութեանը, որը քաղաքական հոգեբանների համոզմամբ՝ ԱՄՆ-ի քաղաքական պատմութեան ամենաազդեցիկ քարոզչական գովազդն է եղել: Այդ տեսահոլովակը կոչւում էր «Յոյս» (Hope), որի պատմիչը նոյնինքն Բիլ Քլինթոնն էր:Դա այսպէս էր սկսում.«Ես ծնւել եմ Արկանզաս նահանգի «Յոյս» (Hope) կոչւած փոքրիկ քաղաքում: (Այդ ընթացքում ցուցադրւում է փոքր քաղաքն ու դրա փոքր երկաթուղակայանը , որի ճակատում աչքի է ընկնում Hope անունը մի լուսանկար): Երբ ես ծնւեցի, արդէն երեք ամիս էր, որ հայրս վախճանւել էր: Երկյարկանի հին տունը, որը ես տատիկիս ու պապիկիս հետ այնտեղ էինք բնակւում, լաւ յիշում եմ:
Նրանք շատ քիչ եկամուտ ունէին: 1963 թւականին ինձ յաջողւեց մի նախագծի օգնութեամբ, որը յատուկ պատրաստւել էր երիտասարդների համար, մեկենլ Վաշինգտոն եւ այցելել նախագահ Ջան Ֆ. Քենեդիին (այդ հատւածում ցուցադրւում է Քենեդիի նախընտրական ելոյթներից մի կարճ պատկեր եւ անմիջապէս յետոյ ցուցադրւում է երիտասարդ Քլինթոնի պատկերը, նախագահ Ջան Ֆ. Քենեդիի հետ ձեռք սեղմելու պահին): Ինքս ինձ մտածում էի, թէ սա ինչ հրաշալի երկիր է, որը նման աղքատ երիտասարդին նախագահի հետ հանդիպելու հնարաւորութիւն է շնորհում (այդ ընթացքում շարունակում է ցուցադրւել Քենենդիի ու Քլինթոնի ձեռք սեղմելու պատկերը եւ կամաց-կամաց պատճառ է դառնում, որ դիտողի մտքում Քլինթոնը հաւասարւի Քենեդիի հետ): Այդ միջադէպից յետոյ որոշեցի մտնել կառավարական կենտրոնները եւ ծառայել այն ժողովրդին, որոնց սրտանց սիրում էի: Ոչ-լիաժամ աշխատանքներն ընդունելով՝ յաջողեցի մուտք գործել Իրաւաբանական համալսարան: Աւարտելուց յետոյ միակ խնդիրը, որ ինձ չէր հետաքրքրում, դրամն ու հարստութիւնն էր (ցուցադրւում են Արկանզաս նահանգի չքաւորների բնակարանները): Միակ ցանկութիւնս այն էր, որ տուն վերադառնում եւ ծառայեմ ժողովրդիս (ցուցադրւում է Քլինթոնի նահանգապետ ընտրման օրւայ երդման արարողութիւնից մի պատկեր): Մենք Արկանզասում խիստ աշխատեցինք թէ՛ ուսումնական, եւ թէ բժշկական ապահովագրութեան ոլորտներում (ցուցադրւում է Քլինթոնի պատկերը՝ աշակերտների հետ դասարանում նստած եւ յետոյ մի այլ պատկեր՝ այս անգամ մի տատիկի գրկում):Մենք բազմաթիւ աշխատանքներ ստեղծեցինք ու զարգացանք: Եւ ահա, ես համոզւած եմ, որ եթէ դառնամ ԱՄՆ-ի նախագահ, անկասկած կը բարելաւեմ Ամերիկայի ժողովրդի կենսամակարդակը եւ բոլորի կեանքում կը վերադարձնեմ յոյսն ու ամերիկեան երազանքը»: Վերջին հատւածում Քլինթոնն ասում է. «Ես հաւատում եմ Ամերիկային ու «Յոյս»-ին»:
Այս տեսահոլովակը, որ ներկայացւեց ԱՄՆ-ի ամենասրամիտ նախագահի միջոցով, այնպէս թափանցեց Ամերիկայի ժողովրդի սրտի մէջ, որ պարտութեան մատնեց արիստոկրատ ընտանիքից սերած Ջորջ Բուշ հօրը, եւ վերջին կէս դարի ընթացքում առաջին ու վերջին անգամը լինելով՝ Հանրապետական կուսակցութեանը զրկեց երկրորդ շրջանի նախագահութիւնից: Քլինթոնը «Յոյս» տեսահոլովակով յոյս ներշնչեց ժողովրդի սրտի մէջ եւ իր անցած կեանքը պատմելով՝ փորձեց ժողովրդին համոզել, որ հնարաւոր է յաղթել ամերիկեան արիստոկրատիային: Եթէ մի աղքատ ընտանիքի զաւակ յաջողում է դառնալ նահանգապետ եւ մօտիկ ապագայում ինչու չէ նաեւ՝ երկրի նախագահ, ուրեմն՝ այդ հնարաւորութիւնը տրւած է ամբողջ ժողովրդին:
Քլինթոնը իր աղքատութեան ու չքաւորութեան վրայ շեշտ դնելով՝ փորձեց միջին խաւին հասկացնել, որ նա պատկանում է իրենց: Նա անդադար կրկնում էր, թէ «Այնպէս, որ Արկանզասում մեծ ջանքերով ժողովրդին օգնեցի իրականացնել իրենց երազանքը, նախագահի պաշտօնում եւս Ամերիկայի ամբողջ ժողովրդին կօգնեմ՝ իր երազանքը իրականացնելու համար»: Նա «Յոյսի վերադարձ» կարգախօսը երկու նպատակով էր կրկնում նախ այն, որ Ջորջ Բուշ հօր ղեկավարած կառավարութեան օրօք ժողովուրդը կորցրել է իր յոյսը, եւ դա պիտի վերադարձնել, երկրորդն այն, որ «ես» (Քլինթոն) կարողութիւնն ունեմ վերադարձնելու այդ կորած յոյսը:Երիտասարդ Քլինթոնի ու նախագահ Ջան Ֆ. Քենեդիի ձեռք սեղմելու պատկերը կարելի է համարել Քլինթոնի քարոզչական տեսահոլովակի ամենակարեւոր եւ ազդեցիկ բաժինը: Քենեդին համարւում է Ամերիկայի հպարտութեան սիմւոլը եւ մարդկային այն տիպարը, որ անարդար ձեւով հանգչեց: Ուրեմն՝ ձեռք սեղմելու այդ պատկերը ժողովրդին վստահեցնում էր, որ Քլինթոնին քւէարկելը նշանակում է քւէարկել Քենեդիին:Քլինթոնի տեսահոլովակը ընթանում էր մէկ առանցքի շուրջ եւ դա «յոյս»-ն էր: «Յոյս» նշանակում է փոփոխութիւն եւ փոփոխութիւն, այսինքն՝ անցնել տիրող իրավիճակից:Մասսան շատ զգայուն է այդ կարգախօսի նկատմամբ եւ, բնականաբար, «յոյս»-ի արծարծումով՝ նրա մէջ առաջանում է «փոփոխութեան» զգացումը, եւ սա, իր հերթին, ժողովրդի մօտ առաջացնում է բարելաււած կենսամակարդակ ունենալու յոյսը: Նշելի է, որ այս օրերում ԱՄՆ-ում ընթացող նախագահական ընտրութիւնների նախընտրական փուլում «փոփոխութիւն» կարգախօսը հանդիսանում է Դեմոկրատ կուսակցութիւնից նախագահական պաշտօնի յաւակնորդ երկու մրցակիցների՝ Հիլարի Քլինթոնի ու Բարաք Օբամայի քարոզչութեան առանցքը:«Յոյսի» ու «փոփոխութեան» կարգախօսքերի ազդեցութեան մի այլ օրինակ կարելի է նշել Իրանի վերջին երկու նախագահների՝ Խաթամիի ու Ահմադինեժադի ընտրապայքարները: Թէ՛ Խաթամին, եւ թէ՛ Ահմադինեժադը, հակառակ իրենց մրցակիցներին, ժողովրդի մօտ տարածեցին փոփոխութեան յոյսը եւ, ի վերջոյ, քւէների մեծամասնութիւնը շահելով՝ գրաւեցին նախագահի պաշտօնը:«Յոյս»-ն ու «փոփոխութիւն»-ը այն կարեւոր ազդակներից են, որ եթէ հարիւր անգամ էլ օգտագործւեն, նորից դրական արդիւնք կը տան:Մասսան զարմանալիօրէն անտարբեր է «յոյս» եւ «փոփոխութիւն» քարոզող թեկնածուի ազնւութեան ու անկեղծութեան նկատմամբ եւ այնքանով, որ «յոյսի» ու «փոփոխութեան» հովը փայփայում ու շոյում է իր սիրտը, նա խելքը յանձնում է սրտին եւ ինքը դառնում է իր զգացումների գերին:
********************************
«Յոյս» տեսաժապաւենը կարողէք դիտել
եւ
0 Պատգամ:
Post a Comment