Sunday, March 16, 2008

Անթեղւած կրակը թէժանում է

ԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ
Իրանի տնտեսութեան նախարարութիւնը ամիսներ առաջ յայտարարել էր, որ Իրանի նաւթային բորսան իր աշխատանքն սկսելու է այս տարւայ փետրւարի 1-11-ը, բայց, ըստ երեւոյթին, համացանցի գծերի խանգարումների պատճառով՝ չիրագործւեց դա: Երկու տարի առաջ երբ Իրանի նաւթային բորսայի ստեղծման շշուկները տարածւեցին, բոլոր վերլուծաբանները սկսեցին խօսել դոլարի արժեզրկման մասին, որի գլխաւոր դրդապատճառը, ըստ իրենց, հէնց Իրանի նաւթային բորսան էր: Մենք այդ մասին անդրադարձել ենք «Ալիք դիպլոմատիկ»-ի 2006-ի յունիսի 27-ի համարի «Իրան-ԱՄՆ երկկողմ բանակցութիւնը այլընտրանք չունի» յօդւածում, երբ դեռ նոր էին տարածւել Իրանի նաւթային բորսայի ստեղծման շշուկները, եւ այսօր երկու տարի անց, երբ այդ բորսայի ստեղծման նախագիծը հասել է իր աւարտին, կը փորձենք վերլուծել Իրանի նաւթային բորսայի շահարկութեան հետեւանքները՝ միջազգային յարաբերութեան՝ ընդհանրապէս եւ Իրան-ԱՄՆ յարաբերութեան՝ մասնաւորապէս ոլորտներում:Նրանց համար, ովքեր հետեւում են նաւթային միջազգային առեւտրին, ծանօթ է Քրիս Քուք անունը: Նա վեց տարի ղեկավարել է «International petroleum exchange» նաւթային ընկերութիւնը եւ դեռ կարեւոր ներկայութիւն ունի այսօրւայ միջազգային նաւթի շուկայում:Քրիս Քուքը նաեւ ճանաչւած է որպէս Իրանի նաւթային բորսայի գլխաւոր նախաձեռնողն ու ծրագրաւորողը: Նրա եւ Իրանի իշխանութեան յարաբերութիւնները այն ժամանակ սերտացան, երբ նա 2001-ին խիստ քննադատեց միջազգային ներդրող բանկերի աւերիչ միջամտութիւնները եւ յայտարարեց, որ միջազգային շուկայում այդ բանկերի ոչ-բարոյական միջամտութիւններն աւարտւում են նաւթ արտահանող եւ նաւթ սպառող երկրների վնասին: Ըստ իր ասութեան՝ «ես մի ընկեր ունէի, որը ծանօթ էր Իրանի Կենտրոնական բանկի տնօրէնի (Մոհսէն Նուրբախշ) հետ, եւ նրա առաջարկով էր, որ ես 2001-ի յունիսին մի նամակով ակնարկեցի նաւթային շուկայի անարդար ընթացքին, շուկայում միջամտող ու վերահսկող խմբակցութիւնների աւերիչ աշխատանքներին եւ դրա պատճառով արտահանող եւ սպառող երկրների կրած վնասների ծաւալներին: Այդ նամակով ես առաջարկեցի Միջին Արեւելքում ստեղծել էներգիայի բորսա: Իրանի նաւթային բորսան այդ նամակի հետեւանքն է»:
Քրիս Քուքը «Վիմփոլ» կոնսերցիումի անդամ է, որը Իրանի իշխանութեան հետ մէկտեղ՝ համագործակցում է նաւթային բորսայի նախագծում:Քրիս Քուքը, իր հարցազրոյցներից մէկի ընթացքում, անդրադառնալով Իրանի նաւթային բորսային, յայտարարեց՝ «շատերը համոզւած են, որ Իրանի նաւթային բորսան միայն ստեղծւում է ԱՄՆ-ի դոլարին հարւածելու նպատակով, բայց պիտի ասեմ, թէ առաջին իսկ օրւանից նմանօրինակ տրամաբանութիւն գոյութիւն չի ունեցել: Թոյլ տւէք եւրոյի իրավիճակը քննարկել: Նաւթային շուկայի մեծ պահանջարկի պատճառով՝ եթէ փորձենք նաւթի ամբողջ առեւտուրը եւրոյով կատարել, դա հնարաւոր չէ, որովհետեւ միջազգային շուկայում բաւարար եւրօ գոյութիւն չունի: Այդ դժւարութեանը յաղթելու համար՝ Եւրոպայի Կենտրոնական բանկը կը պարտադրւի հսկայածաւալ եւրօ տպագրել, եւ հսկայածաւալ եւրոյի տպագրութիւնը միջազգային ոլորտում ենթադրւելու է Եւրոպայի կողմից ԱՄՆ-ի դէմ յայտարարւած տնտեսական պատերազմ: Ես նմանօրինակ իրավիճակի առաջացումը հաւանական չեմ գտնում»: Նա համոզւած է, որ Իրանի բորսայի առեւտրի համար պէտք է նոր միջոց եւ դրամական նոր համակարգ ստեղծել:
Իրանի նաւթային բորսայի ստեղծման տրամաբանութիւնը շատ պարզ է. պէտք է նաւթային շուկան զերծ պահել միջնորդներից եւ այն խմբակցութիւններից, որոնք իրենց նիւթական անսահման հնարաւորութիւններով առաջացնում են ռիսկային առեւտուր եւ այդ միջոցով նաւթային շուկան իրենց հսկողութեան տակ են առնում: Իրանի նաւթային բորսայում գնողն ու վաճառողը, առանց միջնորդների ներկայութեան, համակարգչից համակարգիչ առեւտուր են անելու:
Այդ առեւտրի գործընթացին վերահսկելու է «վճարման հսկողութեան» մի յատուկ համակարգ:Բոլորին պարզ է, որ նաւթային բորսաներում աշխատող միջնորդները սովորական անհատներ չեն, որոնք վաճառողի եւ գնորդի միջեւ միջնորդելով՝ մի որոշ տոկոս են ստանում: Միջնորդները ներդրող ընկերութիւնների հսկայածաւալ դրամագլխի օգնութեամբ կազմակերպում են ռիսկային առեւտուր: Նրանք նաւթի սպառող չեն եւ միայն ստորագրում են նաւթային խոշոր պայմանագրեր ու այդ միջոցով շուկայում ստեղծում են կեղծ պահանջարկ: Երբ այդ կեղծ պահանջարկի պատճառով՝ նաւթի գները սղաճ են արձանագրում, նրանք իրենց պատկանող պայմանագրերը վաճառում են ցանկացող ընկերութիւններին եւ այդ միջոցով մեծ օգուտներ են շահում:Քրիս Քուքի համոզմամբ՝ նաւթը կենսական խիստ կարեւորութիւն ունի եւ չպէտք է սահմանափակ անհատների ձեռքի խաղալիքը դառնալով՝ վտանգւի ժողովուրդների կեանքը:Սա Իրանի նաւթային բորսայի յատկանշական կէտերից է: Իրանի նաւթային բորսան այնպէս է ծրագրաւորւել, որ միայն վաճառորդներին ու գնորդներին է առեւտրի հնարաւորութիւն տալիս՝ միջնորդների բացակայութեամբ: Ներկայում միայն երկու կենտրոնում՝ Լոնդոնում ու Նիւ Եօրքում է նաւթային բորսա աշխատում եւ Իրանի նաւթային բորսան, որ աշխատելու է Իրանի հարաւում գտնւող Քիշ կղզում, այն էլ նոր ոճով, համարւելու է Լոնդոնի ու Նիւ Եօրքի նաւթային շուկաների գլխաւոր, եւ ինչու չէ նաեւ՝ ամենակարեւոր մրցակիցը:Քրիս Քուքի ասութեամբ՝ Իրանի նաւթային բորսայում ներկայ են լինելու Ռուսաստանը եւ Նորւեգիան, որոնք համարւում են նաւթ արտահանող կարեւոր երկրներ:Այս բոլորից յետոյ այն կարեւոր բաժինը, որ ցանկանում եմ ձեր ուշադրութեանը յանձնել, հետեւեալն է, որ Քրիս Քուքը մի լրագրողի հարցին, թէ Իրանի նաւթային բորսայի աշխատանքի պատճառով շրջանառութիւնից դուրս մնացած ամերիկեան նաւթադոլարները ինչ ազդեցութիւն են թողնելու ԱՄՆ-ի տնտեսութեան եւ առհասարակ դոլարի գերակայութեան վրայ, երկար լռութիւնից յետոյ պատասխանեց. «Սա սխալ մեկնաբանութիւն է, թէ եթէ Իրանի նաւթային բորսան աշխատի այլ դրամական համակարգով եւ ոչ՝ դոլարով, կը վնասւի է ԱՄՆ-ի տնտեսութիւնը: Էներգիայի առեւտուրը, միջազգային առեւտուրի մի փոքր բաժինն է կազմում: Օրինակի համար՝ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ կատարւած առեւտուրների պատճառով՝ դոլարի շրջանառութեան ծաւալը համեմատելի չէ նաւթային առեւտուրներից գոյացած գումարների ծաւալի հետ: Ուրեմն՝ ես համոզւած չեմ, որ Իրանի նաւթային բորսայի ոչ-դոլարային առեւտրի ծաւալը խանգարի ԱՄՆ-ի տնտեսութեանը: Մի խօսքով՝ Իրանի նաւթային բորսայի առեւտրի ծաւալը այնքան չի լինելու, որ պատճառ դառնայ, որ Չինաստանը մի օր հրաժարւի դոլարով առեւտուր կատարելուց»:
Ինչպէս տեսնում ենք, Քրիս Քուքը փորձում է համոզել, որ Իրանի նաւթային բորսան չի խոչընդոտելու ԱՄՆ-ի դոլարի գերակայութիւնը եւ, ինչպէս յօդւածի սկզբում նշեցինք, նա համոզւած է, որ եւրոյի քանակի սահմանափակ լինելու պատճառով՝ շատ էլ դիւրին չէ միայն եւրոյով առեւտուրը: Կարեւոր բաժինն այն է, որ Քրիս Քուքի բոլոր յայտարարութիւնները մի կերպ հակասում են իրար: Նա մի հարցազրոյցում յայտարարել է, թէ միջազգային շուկայում բաւարար քանակութեամբ եւրօ գոյութիւն չունի, որ Իրանի նաւթային բորսան իր ամբողջ առեւտուրը դրանով կատարի եւ մի այլ տեղ յայտարարել է, թէ էներգիայի առեւտուրը, միջազգային առեւտրի չնչին բաժինն է կազմում: Այս երկու յայտարարութիւններով պարզւում են հակասութիւնները. ա) Եթէ էներգիայի առեւտուրը միջազգային առեւտրի չնչին բաժինն է կազմում, եւ այդ յայտարարութեան համաձայն ենթադրւում է, թէ Իրանի նաւթային բորսայի առեւտրի մակարդակը միջազգային առեւտրի շատ աւելի չնչին բաժինն է կազմելու. ուրեմն՝ ինչո՞ւ եւրօն չի կարող բաւարարել այդ բորսայի բոլոր առեւտուրները:բ) Ըստ Քուքի՝ եթէ Իրանը մերժի դոլարով առեւտուր կատարել եւ միջազգային շուկայում էլ բաւարար քանակութեամբ եւրօ գոյութիւն չունենայ, ուրեմն՝ Իրանի նաւթային բորսան բոլորի կողմից ընդունւած ի՞նչ դրամական համակարգով է ուզում կատարել իր առեւտուրը: գ) Քրիս Քուքի ասութեամբ՝ Իրանի նաւթային բորսան չի վտանգելու ԱՄՆ դոլարի գերակայութիւնը, որովհետեւ առհասարակ էներգիայի առեւտուրը միջազգային առեւտրի մի չնչին բաժինն է կազմում: Բայց, տւեալներն այլ բան են փաստում: Ըստ Առեւտրի համաշխարհային կազմակերպութեան տւեալների՝ 2004-ին էներգիայի առեւտուրը կազմել է 993 միլիարդ դոլար, որի դիմաց նոյն տարում կատարւած ապրանքային առեւտուրը միայն 497 միլիարդ դոլար է եղել: Այսօր էներգիայի առեւտուրը հասել է տարեկան շուրջ 3 տրիլիոն (3 հազար միլիարդ) դոլարի, որի հետ ապրանքային առեւտուրը համեմատւել անգամ չի կարող: Ուրեմն՝ Քուքի ապացոյցները, որ Իրանի նաւթային բորսան չի վտանգելու դոլարի գերակայութիւնը, հիմնովին սխալ են: Այս բոլորը տեսնելով՝ պիտի եզրակացնել, որ Իրանի նաւթային բորսայի շահարկումով՝ արժեզրկւելու է ԱՄՆ-ի դոլարը: Նաեւ՝ Լոնդոնի ու Նիւ Եօրքի նաւթային առեւտրի կենտրոնները կորցնելու են իրենց հսկողութիւնը եւ վտանգւելու են միջնորդական ընկերութիւնների, ներդրող բանկերի ու նաւթային վերազգային ընկերութիւնների շահերը, եւ դոլարը զրկւելու է 1970-ից մինչ այսօր ունեցած գերակշռութիւնը: Դոլարի գերակշռութեան աւարտով՝ նաեւ աւարտւելու է ԱՄՆ-ի քաղաքական գերակշռութիւնը: Եթէ միջազգային շուկան իր էներգիայի կարիքը հոգալու համար՝ դոլարի կարիքը չզգայ, ուրեմն՝ նաեւ տրամաբանական չէ, որ Կենտրոնական բանկերը իրենց դրամական պաշարները դոլարով պահեն: ԱՄՆ-ի համար, որ 1980-ից մինչ այսօր համարեա իր բոլոր կարիքները արտերկրի շուկաներից է հոգացել, դոլարի արժեզրկութիւնը հաւասար է աղէտի:Ուրեմն՝ Իրանի նաւթային շուկայի շահարկութեան յանձնւելով՝ մեծ, յստակ եւ կտրուկ փոփոխութիւնների ականատես ենք լինելու: Պաշտօնական տեղեկութիւնների համաձայն՝ Ռուսաստանի կառավարութիւնը յայտարարել է, որ ցանկանում է իր էներգիան վաճառել ռուբլով: Արդեօք Իրա՞նը եւս միանալու է Ռուսաստանին՝ ԱՄՆ-ի տնտեսական հեգեմոնիան ոչնչացնելու համար թէ ԱՄՆ-ը յաջողելու է մէկ անգամ եւս խոյս տալ իրեն սպառնացող վտանգից:

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը