Ինչպէս յիշում էք, Իրանի ատոմական նախագծի բացայայտումից յետոյ՝ ԱՄՆ-ի ղեկավարները համարեա ամենօրեայ կարգավիճակով Իրանին սպառնում էին ռազմական հակահարւածներով: ԱՄՆ-ն այդ սպառնալիքների քաղաքականութիւնը գործադրում էր այն պատրւակով, թէ համաշխարհային հանրութիւնը պիտի կանխի Իրանի ատոմական նախագիծը, որովհետեւ Իրանի բուն նպատակը ատոմական զէնքն է եւ ոչ թէ՝ էներգիան: Նոյն օրերում ամերիկեան մի շարք գիտնականներ հիմնւելով իրական փաստերի վրայ՝ յայտարարում էին՝ եթէ Իրանը մտադիր է ստեղծել ատոմական ռումբ, այն, ինչ շեփորում էր ԱՄՆ-ն, լաւագոյն դէպքում դա ձեռք կը բերի 7-10 տարի յետոյ եւ այս տասնամեայ ժամանակը բաւարար է Իրանին դիաւանագիտական ձեւերով կանխելու համար: Ինչ որ պարզ է ԱՄՆ-ի համար, Իրանի ատոմական ծրագիրը աւելի շուտ պատրւակ է՝ քան լուրջ մտահոգութիւն:Այստեղ նպատակ ունեմ խօսել ԱՄՆ-ի հակաիրանական նկրտումների մի այլ ու աւելի տրամաբանական դրդապատճառների մասին եւ տեսնել, թէ այդ պատճառների վրայ հիմնւած ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութիւնը ինչ արդիւնք է ունեցել նախ ԱՄՆ-ի եւ յետոյ Իրանի համար:Իրանի դէմ ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքի դրդապատճառներից մէկը եղաւ նաւթային բուրսա ստեղծելու Իրանի վճիռը: Իրանի նաւթային բուրսա ստեղծելը, որտեղ բոլոր առեւտուրներն ու գործարքները կատարւելու էին եւրոյով եւ ոչ դոլարով, լուրջ սպառնալիք էր ԱՄՆ-ի ու վերազգային նաւթային ընկերութիւնների համար: Մինչ այժմ աշխարհի բոլոր նաւթային բուրսաներում տիրական է դոլարը եւ պարզ ասած՝ Իրանի նաւթային բուրսայի ստեղծւելուց յետոյ՝ սպառող երկրների մօտ կը ստեղծւի նաւթային առեւտրի նոր այլընտրանք եւ դա իրականութեան մէջ կարող է վերջակէտ լինել նաւթա-դոլարի համաշխարհային գերիշխանութեան համար: Նաւթային բուրսայի գոյացումը, որը կաշխատի եւրոյով, էապէս կամրապնդի եւրոյի եւ Եւրոպայի դիրքերը, որը Եւրոպային թոյլ կը տայ կամաց-կամաց նւազեցնել ամերիկեան կախւածութեան աստիճանը: Ուրեմն՝ Եւրոպայի աւելի անկախ դիրքերն ամրապնդւելով՝ նւազելու են ԱՄՆ-ի աշխարհա-քաղաքական դիրքերը Եւրոպայում: Սա պարզապէս ԱՄՆ-ի համար նշանակում է սպառնալիք, որի պատճառն է Իրանը: Նաեւ պիտի մատնանշել, որ Իրանը իր նաւթային բուրսան հիմնելով՝ վտանգելու է տարածաշրջանից դէպի Արեւմուտք արտածող արտահոսքը, որի համար մեծ դրամագլուխ է յատկացրել ԱՄՆ-ն, ինչպիսին է Բաքու-Թիֆլիս-Ջէյհան, իրաքեան նաւթատար խողովակները եւ այլն:ԱՄՆ-ն Իրանին կանխելու նպատակով՝ որդեգրեց մի շարք քաղաքականութիւններ, որոնցից գլխաւորը հանդիսացաւ Իրանի ատոմական ծրագիրը:Ըստ որոշ փորձագէտների՝ կանխարգելիչ միջոցն էր երիտասադրութեան միջոցով գունաւոր յեղափոխութիւն իրականացնելը: Բայց սա նաեւ չի կարող ամուր հիմք հանդիսանալ ԱՄՆ-ի համար, որովհետեւ այսօրւայ իրանցի երիտասարդութիւնը, որի 70 %-ը 30 տարեկանից վար է եւ մի խօսքով՝ ծնւել ու դաստիարակւել է Իրանի Իսլ. յեղափոխութիւնից յետոյ, աւելի պահպանողական է՝ թէ՛ իր նախորդ սերնդից, եւ թէ՛ յետխորհրդային երկրներում ապրող երիտասարդութիւնից: Նաեւ պիտի ասել, որ այսօրւայ Իրանում հնարաւոր չէ հիմնել որեւէ կազմակերպութիւն՝ կառավարութեան հսկողութիւնից հեռու:Միւս կանխարգելիչ միջոցը ԱՄՆ-ի ղեկավարութեան համար դա ցեղային հակասութիւնները բորբոքելու ծրագիրն է: Դրա գլխաւոր օրինակը հանդիսացան վերջերս Իրանի Ատրպատական նահանգում առաջացած խռովութիւնները, որոնք, ի վերջոյ, յանգեցին ի վնաս անջատողական վարձկանների: Իրանի կառավարութեանը, որի կազմում անդամակցում էին նաեւ Ատրպատական նահանգի ծնունդ ունեցող անհատներ, ցոյց տւեց, որ կարողութիւն ունի որեւէ նմանօրինակ խառնակութիւն լուծել ի շահ Իրանի հողային ամբողջականութեան:ԱՄՆ-ի համար նաեւ մի քանի պատճառով անկարելի է Իրանի դէմ ռազմական գործողութիւնը. նախ լաւ գիտէ, որ պատերազմ սկսելու դէպքում՝ Իրանը կարող է դրդել Իրաքի շիա մահմեդականներին, որոնք լուրջ վնասներ կը հասցնեն ԱՄՆ-ին: Երկրորդը այն է, որ ԱՄՆ-ում աշխատող եւ մեծ ազդեցութիւններ ունեցող հրէական լաբբին կարող է լինել պատերազմի գլխաւոր ընդդիմադիրը՝ քաջ գիտակցելով, որ Իրան-ԱՄՆ բախման առաջին թիրախը կարող լինել ինքը՝ Իսրայէլը: Նաեւ պէտք է աւելացնել, որ պատերազմը մեծ վնասներ է հասցնելու Եւրոպային ու Ռուսաստանին եւ նրանք որեւէ ջանք չեն խնայելու պատերազմը կասեցնելու ուղղութեամբ: Մատնանշելի է, որ Իրանը կարողութիւն ունի պատասխանելու ԱՄՆ-ի կողմից իր դէմ սահմանւած բոյկոտներին իր դաշնակից պետութիւնների հետ տնտեսական պայմանագրեր կնքելով:Այս բոլորից յետոյ մնում է վերջին ու գլխաւոր փուլը՝ Իրան-ԱՄՆ երկկողմ բանակցութիւնը, որը, ըստ երեւոյթին, ցանկալի է երկու կողմի համար:Թէ այս բանակցութիւնները ինչպէս կընթանան եւ Իրանը ինչ պատասխան կը տայ եւրոպական վեցնեակի առաջարկած փաթեթին, մի բան պարզ է բոլորին եւ դա այն է, որ այսօրւայ միջազգային քաղաքականութեան ոլորտում Իրանը եղաւ միաբեւեռ աշխարհակարգի գերեզմանափորը եւ այդ առաքելութիւնը կարող է կատարել մԵինչեւ վերջ, մինչեւ բազմաբեւեռ աշխարհակարգի կայացումը, որին ձգտում են՝ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանն ու Եւրոպան:
1 Պատգամ:
Nice colors. Keep up the good work. thnx!
»
Post a Comment