Monday, February 11, 2008

Ո՞ւր է հայոց ՁԱԽ-ը` ճշմարիտ այլընտրանքը

Մեծ հետաքրքրութեամբ ընթերցեցի Արմինէ Առաքելեանի գրած խմբագրականը Հայաստանում տպագրւող ՏԵՍԱԿԵՏ պարբերականում: Այդ իսկ պատճառով յօդւածը ամբողջութեամբ ներկայացնում եմ այս տեղ առ ի ընթերցում բոլոր նրաց համար , ովքեր առիթը չեն ունեցել ընթերցել դա:
Յօդւածի ներկայացումը այստեղ չի նշանակում, որ ես լիովին ընդունում եմ յօդւածագրի տեսակետները: Յօդւածի ընդհանուր տրամաբանութիւնը ընդունելի է. Հայաստանում արդարութեան պակաս կայ , նաեւ գոյութիւն չունի իրական Ձախ կուսակցութիւն, որը ըստ յօդւածագրի եւ նաեւ իմ համոզմամբ ճշմարիտ այլընտրանքն է համարւում բայց թէ այդ անարդարութեան իրական արմատները ո՞ւր են գտնւում եւ ո՞վքեր կարող են դա անհետացնել ոչ մի խօսք չկայ:
Գիտական, ժողովրդավարական եւ յեղափոխական Ընկերվարութիւնը համոզւած է, որ անարդարութեան արմատները գտնւում են արտադրամիջոցների մասնաւոր սեփականատիրութեան մեջ, որը նաեւ հովանաւորւում է կառավարութիւնների կողմից եւ այդ անարդարութեան անհետացումը կապւած է միայն աշխատաւոր դասակարգի ու նրա միջոցով ստեղծւած իրական Ձախ՝ Ընկերվարական կուսակցութեան գիտակից գործին: Այս տեսակետները բացակայում էր յօդւածում:
Բոլոր այն Ձախ շարժումների ճակատագիրը, որոնք հիմնւում են միայն մարդասիրական լոզունքների վրայ եւ հրաժարւում են բացայայտել բուն անարդարութեան արմատները եւ դրանց ոչնչացման միջոցները, պարտութիւն է: Հնարաւոր չէ որեւէ երկրում կառավարութեան եւ նախագահին փոխելով արդարութիւն կայացնել: Անարդարութեան եւ կեղեքման արմատները այլ տեղ են եւ նախագահներն ու կառավարութիւններն շատ էլ դերակատար չեն եւ չեն էլ կարող լինել, որովհետեւ այդ կառոյցներն ու պաշտօնները ստեղծւել են նոյն այդ անարդարութեան արմատների՝ մասնաւոր սեփականատիրութիւնը եւ հասարակական գործի կեղեքումը ապահովելու եւ պաշտպանելու համար:
Իմ համար անձնապես այս յօդւածը կարեւորութիւն ստացաւ այն պատճառով, որ յօդւածագիրը շարքային Դաշնակցական է եւ սա ապացուցում է, որ Դաշնակցական շարքերում կրկին սկսւում է գաղափարների շուրջ մտածելու գործընթացքը եւ այն էլ այն գաղափարների շուրջ, որը տասնամեակներ շարունակ մոռացութեան է մատնւել:
Յոյսով եմ, որ Արմինէն վերջինը չլինի:
Յօդւածի ամբողջութիւնը ընթերցելու համար սեղմեք ներքեւում նշւած «Download» յղումը:

----------------------------------------------------------

Ո՞ւր է հայոց ՁԱԽ-ը` ճշմարիտ այլընտրանքը

Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտ՝ ՄԻԺԻ
Երեւան, 10 դեկտեմբերի, 2007թ.

PDF file --> Download here




Ո՞ւր է ՁԱԽ-ը Հայաստանում եւ հայ ժողովրդի ներկայում։Ոմանց այս հարցը զարմացնո՞ւմ է, ոմանց հեգնանքին արժանանո՞ւմ կամ անիմաստ հնչո՞ւմ։ Հենց այստեղ է մեր իրական ցավը՝ մեր քաղաքական ու քաղաքացիական տգիտության մեջ։ Մեր ժողովուրդը քաղաքական ու քաղաքացիական տգիտությամբ է տառապում եւ վերածվում է ԱՄԲՈԽ-ի` զուտ սպառողական ու նյութածին հզոր ցանկություններով, ճորտամիտ ու ճորտացող միանմանության (հեգեմոնության) հակող մարդկանց մի խմբավորման։

ԱՄԲՈԽ, որը տնօրինվում է եւ բթացվում, այլ ոչ թե` ղեկավարվում, կառավարվում, կրթվում ու առաջնորդվում, պատեհապաշտ ու նյութապաշտ վարչարարներով/իշխանավորներով, ու միջակությամբ տառապող պաշտոնական մտավորականությամբ ու արվեստի գործիչներով։Այո՛, մենք ժամանակին, եւ ժամանակ առ ժամանակ եղել ենք հզոր ժողովուրդ, սակայն այսօր այդպիսին ՉԵ՛ՆՔ։

Սա պետք է ընդունե՛նք, ինչքան էլ մեզ վիրավորած ու բարդույթավորված զգանք, քննադատական առողջ մտքով ու գիտակցությամբ պետք է ընկալե՛նք եւ դառն իրականության հետ հաշվի նստենք, պատճառները գիտակցելով փորձե՛նք վերլուծել` իբրեւ ճշմարտասեր, արդարատենչ, մարդասեր, զարգացող հայ ժողովուրդ, առաջնորդվելով հոգեւորով ու ոգեղենով, վերածնվող մշակույթով, իր ներկան ու ապագան գիտակցորեն տնօրինող ու ստեղծագործող մի գործոն՝ մի ժողովուրդ, եւ ոչ փողին, նյութականին ու սեփականատիրության ուժին տուրք տվող, քստմնող, ճորտամիտ ԱՄԲՈԽ. ազատագրված ու լիարժեք անհատականության (անհատ, ազգ) դեմ գնացող ամբոխ, որն ապրում ու վերարտադրում է մի նոր հասարակական կարգում, ուր ՄՇԱԿՈՒՅԹԸ ոչ թե վեհացնող ու ազատագրող է, այլեւ ստանդարտիզացված արտադրության մի շարան-սերիա, որը հաջողում է միատեսակացնել մտածելակերպերն ու ապրելակերպերը։ Մի նոր հասարակարգ, որտեղ վարչարար-իշխանավորները ընդունակ են հեշտությամբ տնօրինել ու վերարտադրել բնազդային, ճնշող ու նյութապաշտ հակա-մշակույթը եւ անարդար հասարակարգը` օգտագործելով իրենց ամբոխաճաշակ միջակությունը բեմադրող եւ ժողովրդին (ու մանավանդ երեխաներին) բթացնող գրպանային արվեստի գործիչներին ու մտավորականներին։

Քանզի այս հակա-մշակույթում ու հասարակարգում անհատը իրեն գործիքի է վերածում, իրեն հնազանդեցնում է թե՛ սեփական երկրում եւ թե՛ համաշխարհայնորեն օրինականացված/լեգիտիմացված տիրապետող մի նոր հասարակարգի հակարժեքներին ու կանոններին. այն է՝ նոր-ազատական աշխարհահայացքով աճող կապիտալիզմին։ Անհավասար, անարդար, ատոմիզացնող, մրցակցային, կարճատես, պետության կանոնավորող դերը քայքայող, հանրային ծառայությունները մասնավորեցնող եւ անվերահսկելի դարձնող, պետությունը եւ հասարակությունը թուլացնող, մեծամասնությանը աղքատացնող եւ միայն տիրապետող փոքրամասնության նյութական բարօրությանը ծառայող, քննադատական միտքը եւ կրթությունը քայքայող եւ զուտ տեխնոկրատական ընտրանի պատրաստող մի հասարակարգ։ Արդեն իսկ 25-30 տարիներ ի վեր այս հասարակարգն առավել արմատավորվում է «զարգացած» երկրներում` Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) առաջնորդությամբ եւ Եվրոպայի հետեւորդությամբ, իսկ սանձարձակ ու վայրագորեն արագ աճող ու հոշոտող կերպով ընդարձակվում է զարգացող երկրներում, դրանց շարքում նաեւ մեր հայրենիքում՝ Հայաստանում, անկախությունից սկսած` 16 տարի ի վեր։

* * *
Ողբամ հայ ժողովուրդ քո խոր վերքը.

Ճշմարիտ մի ասացվածքի համաձայն՝ «իմաստունը սովորում է ուրիշների սխալներից» իսկ «հիմարը կրկնում է ուրիշների սխալները»։
Մենք 16 տարի շարունակ, իբրեւ ժողովուրդ եւ պետություն, որդեգրում ենք երկրորդի կարգավիճակն ու վարքագիծը։
Եվ այս էլ այն ժամանակ, երբ դարեր անց մեզ վերջապես պատմական ու ճակատագրական հնարավորություն է ընդձեռվել ինքնուրույն կերտել մեր ինքնիշխան/սուվերեն պետությունը, լինել մեր մարդկային ու ազգային, անհատական ու հավաքական ինքնուրույն զարգացման ու բարօրության ստեղծագործողը։Եվ ահա, այս պատմական ու ճակատագրական ժամանակահատվածում, մենք տգիտությամբ կրկնում ու վերարտադրում ենք ուրիշների, բայց նաեւ մեր նախկին սխալները։
Եթե Եվրոպան 200 տարուց ավելի է, որ սկսել է արդի մարդասիրական մտքի ու մշակույթի, կապիտալիզմի ու արդյունաբերության, ժողովրդավարացման հոլովույթը, եւ հիմա, 21-րդ դարում իր առաջադեմ մտավորականությունը գնահատում է, որ իրենք հետքայլի/ռեգրեսիայի ժամանակաշրջան են ապրում, որ կա վերադարձի հակում/տենդենց դեպի 19-րդ դարի սկիզբ՝ «թագավոր-իշխան-նախագահ», «նոր-ճորտատիրություն», «նոր-կիսաֆաշիզմ»` շնորհիվ նոր-ազատական կապիտալիստական հասարակարգի, ապա ի՞նչ ենք կարող ասել մեր մասին, որտե՞ղ ենք, մեր պետության ո՞ր ժամանակահատվածն ենք ապրում կամ վերապրում մենք՝ հայ ժողովուրս եւ հայ պետականությունը։Չէ՞ որ մենք, իբրեւ ազատ ժողովուրդ եւ ինքնիշխան պետություն, չենք ապրել կապիտալիզմի, ազգ-պետության, արդի մարդասիրության մշակույթի վերածննդի սկզբնավորման ու զարգացման հոլովույթը եւ մեր ազգային, մշակութային ու պետականության պատմության մեջ ունենք մի հսկայական ճեղքվածք՝ դարեր կտրված արդի մարդկային մշակութային վերածննդից, հոլովույթներից ու զարգացումներից` իբրեւ՝ ազգ, ժողովուրդ եւ պետություն… Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը եւ ուրիշները կարող են գուցե ներկայումս իրենց թույլ տալ` վերարտադրել իրենց պատմության մութ ու լույս կողմերը` 19-րդ դարի սկզբից ի վեր, քանի որ ունեն դարեր շարունակ չընդհատված ինքնիշխան ու ինքնուրույն պետություն, 60 միլիոն եւ ավելի ժողովուրդ, ստեղծագործ ու հարուստ մշակույթ՝ քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական, ...հասարակական շարժումների հարուստ ժառանգություն ու կապիտալ։
Այդ բոլորի շնորհիվ էլ այսօր նրանք փորձում են խորհել, հարցականի ենթարկել, որոնել ու մշակել այլընտրանքներ` նոր-ազատական կապիտալիզմին: Նրանք փորձում են դիմակայել հասարակական ինքնակազմակերպմամբ եւ շարժումներով` հանուն իրենց մարդկային ու ազգային իրավունքների պաշտպանության, հանուն իրենց անհատական, հասարակական եւ պետական հարստության, կապիտալի ու նվաճումների պաշտպանության, ըմբոստանալով ու պայքարելով զանգվածային աղքատացման, մշակույթի աղավղման, աշխատանքի կորստի, չտեսնված գնաճի եւ միաժամանակ գնողության ուժի կորստի դեմ։
Վերջերս էր, որ ականատես եղանք նոյեմբերյան հսկայածավալ հասարակական շարժումների ու գործադուլների Եվրոպայի երկու հզոր երկրներում՝ Ֆրանսիայում եւ Գերմանիայում։ Վերջինում` երկաթգծի վարորդների շարժման գլխավորությամբ, որոնք պահանջում էին աշխատավարձի 31% բարձրացում։
Եվրոպայում, որտեղ սղաճը /ինֆլացիան իր ռեկորդային տոկոսին է հասել՝ տարեկան 3% (մի բան, որ 2001-ից չէր տեսնված) ... Իտալիայում տեղ գտած ռեկորդը, ուր հինգ տարիների ընթացքում մարդկանց գնողունակությունն ընկել է 1900 եվրոյով, եւ աշխատավարձերի անկումը պատճառ է դարձել նոր աղքատների ի հայտ գալուն։
Կամ Իսպանիայում ու Բելգիայում, որտեղ հիմնական սննդի անտեսված ու ահռելի գնաճ է արձանագրվել, եւ մարդկանց գնողունակության հսկայական նվազումը դժվարացնում է դրա մատչելիությունը աղքատացող մեծամասնության համար` Իսպանիայում հավկիթի գինը մեկ տարում աճել է 11%-ով, կարտոֆիլինը՝ 7%-ով, հացի ու կաթի գները` 18%-ով, Բելգիայում կարտոֆիլը թանկացել է 76%-ով, բժշկական ծառայությունները՝ 24%-ով։
Եվրոպայում, հասարակական շարժումների կապիտալին ու ներուժին գումարվում է աջ ազատական եւ ձախ մտավորականության՝ ինքնաքննադատական ու վերլուծական միտքը, դիալոգը/երկխոսությունն ու ստեղծագործական գործունեությունը։
Նրանք հարցականի են ենթարկում այս համակարգը՝ ֆինանսականացված, համաշխարհայնացված ու նոր-ազատականացված շուկայական կապիտալիզմը, եւ այդ անում են բազմակողմանի՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական ու մշակութային դիտանկյուններից։
Եվրոպայի աջ ազատականները, որոնք վերարծարծում են Կարլ Մարքսի եւ իր հետեւորդների մտքերը, վերլուծություններն ու ստեղծագործությունները, որքան էլ զարմանալի թվա` այդ համարում են անդարձելի անհրաժեշտություն՝ հասկանալու համար ներկա հասարակարգի թերությունները, վնասները, եւ այլընտրանքներ մշակելու փորձ են կատարում։ Այո, ինչքան էլ տարօրինակ է թվում, այսօր Եվրոպայում աջ ազատական ճակատում ենք գտնում՝ Մարքսի ամենակարկառուն պաշտպաններին։

Շարունակութիւնը ընթերցել այս տեղ --> Download here

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը