ԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ
1992 թւականի մայիսին Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Կիրգիզստանի, Ադրբեջանի եւ Բելոռուսիայի միջեւ կնքւեց Հաւաքական անվտանգութեան պաշտպանութեան պայմանագիրը եւ դրա հիման վրայ կազմւեց մի կազմակերպութիւն, որը անւանւեց Հաւաքական անվտանգութեան պաշտպանութեան կազմակերպութիւն (ՀԱՊԿ):
Վերոյիշեալ պայմանագիրը ստորագրող բոլոր երկրներից պահանջում էր խիստ համագործակցութիւն՝ ռազմական եւ հակաօդային պաշտպանութեան ստեղծման ոլորտներում եւ Ռուսաստանը որպէս այդ պայմանագրի հիմնադիրը՝ փորձեց տարածաշրջանում աւելիով ամրապնդել իր ռազմական ներկայութիւնը:
ՀԱՊԿ-ի պայմանագիրը, որպէս Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ կնքւած առաջին հաւաքական անվտանգութեան պայմանագիր, իրականում ապահովեց Ռուսաստանի ունեցած նախկին գերակշռութիւնը՝ Կովկասի եւ Միջին Ասիայի տարածաշրջաններում եւ իր քողի տակ առաւ տարածաշրջանում առկայ բոլոր հակամարտութիւնները:
Այդ հակամարտութիւններից մէկը, որ Խ. Միութեան փլուզումից 17 տարի անց դեռ գոյութիւն ունի, Խ. Միութիւնից ժառանգութիւն մնացած ղարաբաղեան հակամարտութիւնն է:
1988-ին Ղարաբաղի ժողովուրդը ապաստամբեց Ադրբեջանի իշխանութեան դէմ: 1991-ի սեպտեմբերի 2-ին ժողովրդի հանրաքւէի միջոցով Ղարաբաղը անկախացաւ եւ դրան զուգահեռ եւս պայթեց կենաց մահու պայքարը, որի արդիւնքում ազատագրւեց Ղարաբաղը եւ Ադրբեջանը կորցրեց հսկողութիւնը Ղարաբաղի եւ նրա յարակից 7 շրջանների վրայից:
1994-ի մայիսի 12-ին Բիշկեկում ստորագրւեց զինադադարի պայմանագիրը եւ վերջ դրւեց ռազմական հակամարտութեանը:
Նրանով հանդերձ, որ սկզբից հնարաւոր էր խուսափել ռազմական հակամարտութիւնից, բայց Աբուլֆազլ Էլչիբէյի կառավարութեան արեւմտամէտ քաղաքականութիւնները տագնապի մատնեցին Հարաւային Կովկասը եւ միջազգային ուժերին, ԱՄՆ-ին ու Եւրոմիութեանն առիթ ընծայեցին մուտք գործել տարածաշրջան: Այդ ընթացքում Ալիեւի ընտանիքն էլ, ինչպէս Ադրբեջանի առաջին նախագահը, շարունակեց հակւել դէպի Արեւմուտք, որն ապահովեց արեւմտեան ուժերի ներկայութիւնը Հարաւային Կովկասում:
Ադրբեջանի այս արեւմտամէտ քաղաքականութիւնը, ի վերջոյ, պարզեց իր թաքուն նպատակը եւ Ադրբեջանը 1999-ին իր կամքով հրաժարւեց ՀԱՊԿ-ի պայմանագրից:
Ադրբեջանի երեք նախագահներն էլ, անկախ իրենց տարաձայնութիւններից, Արեւմուտքին, ԱՄՆ-ից ու Իսրայէլից կախում ունենալու քաղաքականութեան մէջ նոյն ճամբով ընթացան: Նրանք ենթադրում էին, թէ հզօր Ռուսաստանը այլեւս ընդմիշտ միացել է պատմութեանը եւ անգամ ԱՄՆ-ի դիմաց կորցրել է իր հակաճառութեան ունակութիւնը: Բայց, իրականութիւնն այսօր այլ ձեւ է ստացել: Ռուսաստանը այսօր վերածւել է մի հզօր գերուժի՝ իր էներգիայի հսկայ պաշարներով ու ատոմական հարուստ զինապահեստով մրցակցութեան ասպարէզ է մտել ԱՄՆ-ի հետ: Ռուսաստանի տնտեսական եւ ռազմական ուժեղացումը պատճառ է դարձել, որ Մոսկւայի դիրքերը աւելիով ամրապնդւեն Ռուսաստանի վերահսկողութեան տակ գտնւող նախկին շրջաններում եւ դրա հետեւանքով օտար ուժերի ներկայութիւնը քիչ թէ շատ անգոյնացել է:
Որպէս օրինակ՝ կարելի է նշել ԱՄՆ-ի ռազմական յենակների հեռացումը Ուզբեկստանից:
Այս ընթացքում Ադրբեջանի հարեւանների եւ Ռուսաստանի միջեւ զարգացող տնտեսութեան հետեւանքով՝ ականատես ենք, որ Ադրբեջանը օրէցօր տարածաշրջանում աւելի է մեկուսանում եւ անկախ աշխարհաքաղաքական կարեւոր դիրքերից՝ Իրան-Ռուսաստան տարածաշրջանային համագործակցութեան հետեւանքով՝ իր ռազմավարական կարեւորութիւնը կորցնում է Արեւմուտքի համար:
Նաեւ Ադրբեջանի տնտեսութեան մէջ Իրանի եւ Ռուսաստանի ներկայութիւնը պատճառ է դարձել, որ Ադրբեջանը աւելի ուշադրութիւն դարձնի իր հարեւանների շահերին: Կասպից ծովի հարեւան երկրների համաժողովը, որի ընթացքում բոլոր կողմերը համաձայնեցին, որ Կասպից ծովում կասեցնեն իրենց վերտարածաշրջանային ու միջազգային դաշնակիցների ռազմական համատեղ փորձերը, ինքնին ապացուցում է դա:
Այս միջոցում Հայաստանի Հանրապետութիւնը, Իրանի եւ Ռուսաստանի հետ անվտանգութեան կապերը ամրապնդելով, վերածւել է Կովկասում ընդհանուր շահեր ունեցող այդ երկու երկրների գլխաւոր դաշնակցի: Այս հանգամանքը խիստ մտահոգել է Ադրբեջանի իշխանութիւններին: Ադրբեջանի արտգործնախարարութիւնը անգամներ իր մտահոգութիւնն է յայտնել Հայաստանին վաճառւող ռուսական զինամթերքի կապակցութեամբ: Վերջերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարարութեան խօսնակ Խազար Իբրահիմը յայտարարել է Ադրբեջանը խիստ մտահոգ է Ռուսաստանի միջոցով ՀԱՊԿ-ի պայմանագրի անդամ երկրներին, այդ շարքում նաեւ Հայաստանին, ռուսական էժան (գրեթէ Ռուսաստանի ներքին շուկային համարժէք) զինամթերքի վաճառման կապակցութեամբ եւ յոյս է յայտնել, որ Ռուսաստանը ճիշտ ըմբռնի Բաքւի մտահոգութիւնները: Նա անդրադառնալով այն խնդրին, թէ Ռուսաստանի այդ արարքը կատարւել է ՀԱՊԿ-ի պայմանագրի համաձայն, աւելացրեց, թէ նկատի ունենալով, որ Ռուսաստանը Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման միջնորդող խմբի՝ Մինսկի համանախագահներից մէկն է, յոյս ունեն, որ նմանօրինակ գործողութիւններում (զինամթերքի վաճառման) նրբութիւններին աւելի ուշադրութիւն դարձնի:
Բայց, Ռուսաստանի կողմից ՀԱՊԿ-ի պայմանագրի անդամ երկրներին վաճառւող զինամթերքի հարցը նորութիւն չէ եւ Ռուսաստանը երկու տարի է, որ այդ հարցն արծարծում է: ՀԱՊԿ-ի անդամ երկրներին զինամթերք վաճառելուց Ռուսաստանի գլխաւոր նպատակները նախ տւեալ պայմանագրի անդամ երկրների համագործակցութեան մակարդակի բարձրացումն է եւ երկրորդն էլ այդ երկրների բանակների «ռուսական» բնոյթի պահպանումը, յատկապէս այն պատճառով, որ ՆԱՏՕ-ն 1994-ին Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ կնքած «Խաղաղութեան համագործակցութիւն» պայմանագրի համաձայն, փորձում է փոխել այդ երկրների բանակների «ռուսական» բնոյթը եւ ցանկանում է չէզոքացնել Ռուսաստանի ռազմական ներկայութիւնն ու հսկողութիւնը՝ այդ երկրներում:
Ռուսաստանը նախկին Խորհրդային Միութեան սահմանները ճանաչում է որպէս իր արտաքին սահմանները եւ ՆԱՏՕ-ի մուտքը տւեալ երկրներ խախտում է Ռուսաստանի անվտանգութեան տւեալները եւ ճիշտ այդ պատճառով էր, որ Ռուսաստանը Տաջիկստանում կայացած ՀԱՊԿ-ի անդամ երկրների համաժողովում յայտարարեց, թէ այսուհետեւ սոյն պայմանագրի անդամներին Ռուսաստանի ներքին շուկայի գներով ռուսական զինամթերք է վաճառելու: Դա նաեւ պայմանաւորւած է նրանով, որ տւեալ երկրները ռուսական խաղաղապահներին թոյլատրեն իրենց երկրներում հաստատւելու նպատակով: Դրա հետեւանքով էր, որ 2007-ի դեկտեմբերին ռուսական խաղաղապահ ուժերը Վրաստանից դուրս գալով՝ հաստատւեցին Հարաւային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակից՝ Հայաստանի տարածքում: Նրանով հանդերձ, որ 2007-ի դեկտ. 5-ին Վրաստանում վերահաստատւեց հակառուսական թեւը, բայց պիտի ասել, որ նրանք դեռ չեն յաջողել լուծել Աբխազիայի ու Օսեթիայի խնդիրները: Վրաստանի արեւմտամէտ թեւը, երկրի նախագահ Սահակաշւիլիի գլխաւորութեամբ, Վրաստանից ռուսական խաղաղապահ ուժերի հեռացումը իր համար յաղթանակ է համարում, բայց պարզ է, որ ռուսները տարածաշրջանում իրենց ռազմական ներկայութիւնը պահպանելու համար՝ հեռաւոր նպատակներ են հետապնդում: Այդ նպատակի հիման վրայ եւ Ռուսաստանի նախաձեռնութեամբ ՀԱՊԿ-ի ու Շանգհայի համագործակցութիւնների կազմակերպութեան միջեւ կնքւեց «Անվտանգութեան համագործակցութիւն» պրոտոկոլը, որի արդիւնքում կարելի է ստեղծել ՆԱՏՕ-ի օրինակով մի եւրոասիական ռազմա-քաղաքական բլոկ, այն էլ Բելոռուսիայից մինչեւ Չինաստան:
Մի այլ դիտանկիւնից նայելով՝ պիտի ասել, որ տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ներկայութիւնը ձեռնտու է նաեւ Իրանին: Ռուսաստանն ու Իրանը տարածաշրջանում գլխաւորաբար վարում են նոյն քաղաքականութիւնը եւ դա վերտարածաշրջանային ուժերի՝ ընդհանրապէս եւ ԱՄՆ-ի՝ մասնաւորապէս ներկայութեան թուլացումն է, որովհետեւ նրանց ներկայութիւնը ապակայունացնում է տարածաշրջանը եւ զանազան հակամարտութիւններ առաջացնելով՝ նւազեցնում է տարածաշրջանի երկրների միջեւ գոյութիւն ունեցող վստահութեան մակարդակը:
Տարածաշրջանում միջազգային ուժերի եւ գլխաւորաբար ԱՄՆ-ի ներկայութեան նւազեցումը զարգացնում է Իրանի ու Ռուսաստանի, ինչու չէ նաեւ Չինաստանի դրական յարաբերութիւնները, որի արդիւնքում նաեւ երաշխաւորւում է տարածաշրջանի անվտանգութիւնը:
0 Պատգամ:
Post a Comment