Tuesday, May 10, 2011

Իրանի պահակազորը հաստատեց, որ Ահմադինեժադը երկրի առաջնորդին նախապայմաններ է առաջադրել

Իրանական 19dey լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի պահակազորի քաղաքական բաժնի պետի տեղակալ Ռասուլ Սանայիռադը Ղոմ քաղաքի «Բասիջ» աշխարհազորային կազմակերպության անդամների հետ հանդիպման ընթացքում Ահմադինեժադին քննադատելով՝ հայտարարել է. «Ահմադինեժադի կողմից Իրանի առաջնորդին նախապայման առաջադրելը ոչ մի տրամաբանությամբ հնարավոր չէ բացատրել:»

Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», օրեր առաջ իրանական Raja News լրատվական կայքի լրագրողն իր բլոգում հայտարարել էր, որ Ահմադինեժադն աշխատանքի վերադառնալու համար երկրի առաջնորդին երեք նախապայման է առաջադրել. նախ՝ իր գրասենյակի ղեկավար Ռահիմ Մաշային պիտի նշանակվի նախագահի առաջին տեղակալ, ապա՝ հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհին հեռացվի իր պաշտոնից ու վերջում էլ, Սայիդ Ջալիլին հեռանա անվտանգության խորհուրդից:

Հատկանշական է, որ Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին կտրականապես դեմ է հիշյալ երեք պայմաններին ու վերջին տարիներին այդ հարցերով միշտ հակասություններ է ունեցել Մահմուդ Ահմադինեժադի հետ:

Թեև կառավարությանը պատկանող կայքերը փորձում էին հերքել նախապայմանների վերաբերյալ լուրերը, Իրանի պահակազորի հրամանատարների միջոցով հաստատվել էր այդ լուրերի ճշմարտացիությունը:

Հիշեցնենք, որ Իրանում երկրի առաջնորդը բացարձակ իշխանություն ունի, և դեռ չէր պատահել, որ պետական որևէ պաշտոնյա նրա հետ նախապայմանների լեզվով խոսեր:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը