Monday, March 21, 2011

Չեղյալ է հայտարարվել Իրանի նախագահի գրասենյակի ղեկավարի ուղևորությունը ԱՄՆ

BBC հեռուստաընկերության պարսկերեն ծառայության հաղորդմամբ, չեղյալ է հայտարարվել Իրանի նախագահի գրասենյակի ղեկավար Էսֆանյար Ռահիր Մաշաիի ուղևորությունը ԱՄՆ:

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Ռահիմ Մաշաին մտադիր էր իրանական Նովրուզի առիթով մեկնել ԱՄՆ, որտեղ հանդիպելու էր ԱՄՆ-ում ապրող իրանցիների ու նաև մի շարք ամերիկացի պաշտոնյաների հետ:

Իրանական գործակալությունները հաղորդում են, որ Ռահիմ Մաշաիի ուղևորությունը չեղյալ է հայտարարվել, երբ պահպանողական քաղաքական և կրոնական գործիչները խիստ քննադատության են ենթարկել Իրանի նախագահի քայլերը:

Հարկ է ավելացնել, որ նույն ուժերի ճնշման հետևանքով Ահմադինեժադը նաև հրաժարվել է «Թախթ Ջամշիդում» իրականացնել իրանական Նովրուզի տոնակատարությունը, որին հրավիրված էին նաև մի շարք երկրների նախագահները: Ահմադինեժադի ընդդիմադիրները նրան այս պարագայում նմանեցրել են Իրանի վերջին շահի հետ, երբ վերջինս Իրանի թագավորության 2500-ամյակի առիթով շքեղ տոնախմբություն էր անցկացրել Աքեմենյան թագավորներին պատկանող «Թախթ Ջամշիդում»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը