Friday, February 18, 2011

Իրանի իսլամական հեղափոխության պահակազորը հրաժարվում է կրակել սեփական ժողովրդի վրա

Բրիտանական The Daily Telegraph օրաթերթը հայտարարում է, որ Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի մի շարք հրամանատարներ նամակով դիմել են պահակազորի գլխավոր հրամանատար Մուհամար Ալի Ջաֆարիին, որում գլխավոր հրամանատարից պահանջել են, որ փետրվարի 20-ի հավանական ցույցերի օրը իրենց չհրահանգեն կրակ բացել սեփական ժողովրդի վրա:

The Daily Telegraph-ը, հայտարարելով, թե տեսել է այդ նամակի կրկնօրինակը, գրել է. «Իրանի պահակազորի մի շարք հրամանատարներ իրենց նամակում հայտարարել են, որ սեփական ժողովրդի վրա կրակ բացելը դեմ է կրոնական ու իսլամական օրենքներին»:

Հիշյալ նամակը ստորագրող հրամանատարները պահակազորի գլխավոր հրամանատարությունից պահանջել են, որ ժողովրդական ցույցերի ընթացքում պահակազորի և «Բեսիջ» աշխարհազորային կազմակերպության անդամներին չհրահանգեն կրակ բացել ցուցարարների վրա:

Ըստ օրաթերթի՝ հիշյալ նամակը ստորագրվել է Թեհրան, Ղոմ, Սպահան և Թավրիզ քաղաքներում պահակազորի մի շարք հրամանատարների կողմից: Նրանք գլխավոր հրամանատարին խորհուրդ են տվել հաջորդ ցույցերի ընթացքում «Բեսիջ» աշխարհազորայիններին հրահանգել, որ իրենց մահակները թողնեն տանը:

The Daily Telegraph-ը շարունակել է. «Պահակազորի հրամանատարները ժողովրդին հայտարարել են, որ այլևս բռնություն չեն կիրառելու ցուցարարների դեմ, որոնք, օգտվելով իրենց օրինական իրավունքից, բողոքում են երկրի ղեկավարության ու նրա վարած քաղաքականության դեմ»:

Բրիտանական օրաթերթը հավաստիացնում է, որ Թեհրանում գործող արտասահմանյան դիվանագետները հաստատել են այդ նամակի հրապարակումը, որի մեկ օրինակն արդեն հանձնվել է երկրի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին:

Թերթի մեկնաբանությամբ, այդ փաստն ապացուցում է, որ Իրանի պահակազորի ղեկավարության մեջ լուրջ ճեղքվածք է առաջացել:

Հարկ է նշել, որ իրանական կողմը դեռևս չի արձագանքել այս լուրին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը