Friday, February 04, 2011

Լարիջանի. Եգիպտոսում ինտերնետի անջատումով ոչ մի լուծման չեն հասնի

Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, փետրվարի 3-ին Բաբոլսար քաղաքում իր ելույթի ընթացքում անդրադառնալով Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձություններին, խիստ քննադատել է ԱՄՆ ղեկավարության պահվածքը՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն է Մուբարաքի կողմնակիցներին հրահանգել դուրս գալ ցուցարարների դեմ:

Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, Լարիջանին հայտարարել է. «Եթե դուք (ԱՄՆ) ժողովրդավարություն էիք փնտրում, չէիք հրամայի, որ Մուբարաքի կողմնակիցները ձիերով ու ուղտերով գրոհեին ցուցարարներին: Դա ուղտային ժողովրդավարություն է»։

Լարիջանին, իր ելույթի շարունակության մեջ անդրադառնալով Եգիպտոսի ցույցերի ընթացքում ինտերնետի սահմանափակումներին, ավելացրել է. «Այսօրվա երիտասարդները քաղաքական խնդիրներին քաջածանոթ են, և ինտերնետն անջատելն էլ իշխանություններին չի օգնի լուծել հարցերը»։

Հարկ է նշել, որ 2009-ին Իրանի նախագահական ընտրություններից հետո կայացած բողոքի ցույցերի ընթացքում Իրանի իշխանությունները անջատել էին ինտերնետն ու բջջային հեռախոսակապերը: Մինչ այժմ էլ Իրանում արգելափակված են հազարավոր կայքեր ու բլոգներ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը