Thursday, February 10, 2011

Ահմադինեժադի կինը գլխացավանք է դարձել

Իրանի Իսլամական Հանրապետությունը անմաս չի մնացել Եգիպտոսում կատարվող իրադարձություններից:

Արդեն բոլորը փորձում են քննադատել Իրանի իշխանություններին` ասելով` «եթե Մուբարաքը դիկտատոր է, ինչու էիք ամեն գնով փորձում հարաբերությունները վերականգնել Եգիպտոսի հետ»:

Այդ քննադատություններից զերծ չի մնացել նաև նախագահ Ահմադինեժադի կինը՝ Ազամսադաթ Ֆարահին: 

Խնդիրը ծագեց այն պահին, երբ Իրանի անձնուրաց կանանց կազմակերպության գլխավոր նախագահ Ֆորուզ Ռաջայիֆարը, Իրանի պետական հեռուստաընկերության երրորդ ալիքի «Երեկ, այսօր, վաղը» հաղորդման ժամանակ քննադատեց Իրանի նախագահի կնոջ հանդիպումը` Եգիպտոսի նախագահի կնոջ՝ Սուզան Մուբարաքի հետ:

Հաջորդ օրը, նախագահական նստավայրից հերքվեցին այդ հանդիպման մասին հայտարարությունները, իսկ Ռաջայիֆարը մի այլ նամակում հղում կատարեց Ահմադինեժադի մերձավոր կայք համարվող Raja News կայքի հաղորդած լուրին, որը կատարվել էր ավելի քան մեկ տարի առաջ: Կայքում տեղադրված էր նաև այդ հանդիպման լուսանկարը, որի ներքևում գրված է եղել «Ահմադինեժադի կնոջ և Սուզան Մուբարաքի հանդիպում» գրությունը: Ռաջայիֆարը նաև իր նամակում բողոքեց նախագահական գրասենյակի հանրային կապերի բաժնին, թե ինչու նրանք 448 օր հետո, նոր են անդրադարձել, որ պիտի հերքեն այդ հանդիպման մասին հրապարակված լուրը:

Ռաջայիֆարի նամակից հետո, Raja News կայքը անմիջապես իր հաղորդած լուրը փոփոխության ենթարկելով, լուսանկարի ներքևում գրեց «Ահմադինեժադի կնոջ և Լիբանանի նախագահի կնոջ՝ Վաֆա Սուլեյմանի հանդիպում» բացատրությունը: Կայքը իր դեմ ուղղված մեղադրանքները արդարացրեց այսպես, թե «եթե մի սխալ ենք թույլ տվել, ուրեմն իրավունք ունենք դա շտկել»:

Բայց այն ինչ որ պարզ է, Իրանի իշխանությունները Ահմադինեժադի պաշտոնավարության առաջին օրվանից, փորձել են վերականգնել երկկողմ հարաբերությունները, որը խզվել էին 1979-ին, երբ Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը «Քեմփ Դեյվիդ» կոչված խաղաղության պայմանագիրը ստորագրեց Իսրայելի հետ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը