Sunday, February 13, 2011

Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը նշանակվեց Քաբուլում ՆԱՏՕ-ի ոչ զինվորական ներկայացուցիչ

Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Գեսը նշանակվել է Քաբուլում ՆԱՏՕ-ի ոչ զինվորական ներկայացուցիչ:
Գործակալությունը, վկայակոչելով ՆԱՏՕ-ի հայտարարությունը, նշել է. «Սայմոն Գեսը իր նոր պաշտոնը կստանձնի ապրիլի 14-15-ը կայանալիք՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ»:

Fars գործակալությունը Սայմոն Գեսի նոր պաշտոնը մեկնաբանել է որպես ՆԱՏՕ-ի հակաքայլը Իրանից Մեծ Բրիտանիայի դեսպանի հավանական վռնդվելու դեմ:

Հարկ է նշել, որ Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Գեսը 2010-ի դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով, իր անձնական կայքում հրապարակել էր մի հոդված, որում խիստ քննադատության էր արժանացրել Իրանի իշխանություններին այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումների կապակցությամբ: Հիշյալ հոդվածը բողոքի մեծ ալիք բարձրացրեց Իրանի պետական համակարգում և Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովը խորհրդարանի նախագահությանը հանձնած մի բանաձևով պահանջել էր բոլոր կապերը խզել Մեծ Բրիտանիայի հետ: Խորհրդարանը արդեն քննում է ներկայացված առաջարկը, և, հաստատվելու դեպքում, Իրանի կառավարությունը կպարտավորվի խզել բոլոր կապերը Մեծ Բրիտանիայի հետ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը