Friday, February 04, 2011

Խամենեի. «Թունիսի և Եգիպտոսի նախագահները ծառայում էին ԱՄՆ-ին»

Իրանական լրատվական գործակալությունների հաղորդմամբ, փետրվարի 4-ին Թեհրանի ուրբաթօրյա նամազը գլխավորել է Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին: 

Նա իր ելույթում անդրադառնալով Թունիսի ու Եգիպտոսի ժողովուրդների ընդվզմանը, դրանք աստվածային երկրաշարժ համարելով՝ հայտարարել է. «Եթե Եգիպտոսի ժողովուրդը Աստծո օգնությամբ հաջողի իրականացնել իր ցանկությունները, տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունը լուրջ պարտության կմատնվի: Այսօր Թունիսի և Եգիպտոսի իշխանություններից ավելի մտահոգված է Իսրայելը, որովհետև գիտակցում է, որ եթե Եգիպտոսը հրաժարվի իր հետ դաշնակցելուց և վերագտնի իր իրական դերը, ի՜նչ մեծ իրադարձություններ տեղի կունենան տարածաշրջանում: Այդ ժամանակ է, որ կիրականանան իսլամական հանրապետության հիմնադիր Խոմեյնիի կանախատեսումները: Միջազգային մեկնաբանությունները փորձում են անտեսել Թունիսի և Եգիպտոսի հեղափոխությունների իրական դրդապատճառը՝ դրանք միայն սոցիալական ու տնտեսական դրդապատճառներով իրականացած հեղափոխություններ ներկայացնելով: Իհարկե, սոցիալական խնդիրները դերակատար են եղել, բայց իրականում այդ ժողովուրդները ընդվզեցին իրենց իշխանությունների կողմից պարտադրված նվաստացումների դեմ: Այդ երկրների իշխանությունները միայն ծառայում էին ԱՄՆ-ին: Թունիսի փախստական նախագահ Զեն Ալ-Աբեդին բեն Ալին ուղղակի ծառայում էր միայն ԱՄՆ-ին, անգամ մենք փաստեր ունենք, որ նա կապված է եղել ԱՄՆ CIA-ին»:

Իրանի առաջնորդը իր ելույթն ավարտել է՝ արաբերեն լեզվով պատգամ ուղղելով Թունիսի և Եգիպտոսի ժողովրդին, նրանց շնորհավորելով իրենց իրագործած հեղափոխությունների համար:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը