Saturday, February 05, 2011

ԱՄՆ-ն և «Մուսուլման եղբայրները» կոշտ հակահարված են տալիս Իրանի առաջնորդին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, փետրվարի 4-ին Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, Թեհրանի ուրբաթօրյա նամազի ընթացքում քննադատելով Եգիպտոսի ու Թունիսի ղեկավարներին, նրանց ԱՄՆ-ի ծառա էր որակել: Նա հայտարարել էր. «Արաբական երկրներում տեղի ունեցող ընդվզումը, իսլամական զարթոնքի ապացույցն է»:

Միջազգային լրատվական գործակալությունների փոխանցմամբ, այդ կապակցությամբ փետրվարի 5-ին ԱՄՆ Սպիտակ տան խոսնակ Ռոբերտ Գիբսը հայտարարել է. «Աշխարհը ակնկալում է, որ Իրանում էլ ժողովուրդը հնարավորություն ունենա, Եգիպտոսի ժողովրդի նման, խաղաղ միջոցներով ցույցի դուրս գալ: Իրանի դիրքորոշումը Եգիպտոսի վերաբերյալ շատ հետաքրքիր է, որովհետև 2009-ին Իրանի ժողովուրդն էլ պահանջում էր այն իրավունքները, որոնց համար այսօր Եգիպտոսի ժողովուրդն է ընդվզել: Տեսե՛ք, թե այն ժամանակ Իրանի իշխանություններն ինչ կերպ վարվեցին իրենց ժողովրդի հետ»:

Այաթոլլահ Խամենեիի հայտարարություններին արձագանքեց նաև Եգիպտոսի «Մուսուլման եղբայրներ» իսլամական կազմակերպությունը: Հրապարակված հայտարարության մեջ նշված է. «Եգիպտոսի ժողովրդի ընդվզումը պատկանում է այս երկրի ողջ ժողովրդին` քրիստոնյաներին, մուսուլմաններին և բոլոր կուսակցություններին, ու այդ ընդվզումը իսլամական հեղափոխություն չէ: Մենք չենք ձգտում երկրի ղեկը գրավելու, այլ միայն ցանկանում ենք երկրում բարեփոխումներ իրականացնել»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը