Monday, February 07, 2011

Իրանի ռեֆորմիստները «ցասման օր» են նախապատրաստում

Իրանի ռեֆորմիստների առաջնորդները՝ Միր Հուսեյն Մուսավին և Մեհդի Քարուբին, իշխանություններից պահանջում են, որ իրենց թույլ տան Թունիսի և Եգիպտոսի ժողովուրդներին աջակցելու նպատակով փետրվարի 14-ին Թեհրանում ցույց կազմակերպել: Հիշյալ առաջնորդների ներկայացրած հայցը հրապարակել է իրանական Kaleme լրատվական կայքը:

Ռեֆորմիստ առաջնորդների հայցում հայտարարված է. «Իրանի Սահմանադրության 27-րդ կետի համաձայն, պահանջում ենք, որ փետրվարի 14-ին Թեհրանի Իմամ Հուսեյն հրապարակից մինչև Ազատության հրապարակ բողոքի քայլարշավ տեղի ունենա ի պաշտպանություն Թունիսի և Եգիպտոսի ժողովուրդների»:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահական վերջին ընտրություններից հետո Իրանում ժողովրդական ընդվզում բռնկվեց։ Մարդիկ բողոքում էին ընտրություններում իրականացված ընտրախախտումներից, բայց Իրանի իշխանությունները խիստ միջոցներով փորձեցին լռեցնել բողոքող ժողովրդին: Վերջին օրերի ընթացքում ռեֆորմիստների առաջնորդներից Միր Հուսեյն Մուսավին հայտարարել էր, որ Թունիսում, Եգիպտոսում և արաբական այլ երկրներում տիրող իրավիճակի սկզբնաղբյուրը հենց 2009-ին Իրանի ժողովրդի ընդվզումն է:

Հարկ է ավելացնել, որ Իրանի իշխանությունները ռեֆորմիստ կուսակցություններին արգելել են որևէ ցույց կազմակերպել, հետևաբար վերոհիշյալ հայցը իշխանություններին երկընտրանքի առջև է կանգնեցնելու և, հավանաբար, ռեֆորմիստներին ցույցի իրավունք չտալու նպատակով նույն օրերին համընդհանուր ցույց կազմակերպվի իշխանությունների միջոցով:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը