Monday, January 17, 2011

«Իրանը Ստամբուլում ուրանի հարստացման գործընթացի դադարեցման խնդրի շուրջ չի բանակցելու»

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Աբոլֆազլ Զոհրևանդը հայտարարել է. «Սպասվում է, որ Ստամբուլում Իրանի և «վեցյակի» բանակցությունների ընթացքում ընդհանուր խնդիրների շուրջ համաձայնություն ձեռք բերվի, որը հնարավորություն կստեղծի Իրանի և «վեցյակի» միջև համագործակցության համար: Եթե Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցություններն ընթանան ընդհանուր այնպիսի խնդիրների շուրջ, ինչպես արվում է բոլոր երկրների միջուկային աշխատանքների համար, Իրանը կընդառաջի բանակցություններին, իսկ եթե փորձեն Իրանի միջուկային խնդիրը քննարկել առանձին ենթատեքստով, դա չի մտնի Ստամբուլի բանակցությունների օրակարգ, և նոր բանակցություններ պիտի կայանան այդ ուղղությամբ»։
Զոհրևանդը, իր խոսքը շարունակելով, ընդգծել է. «Եթե բանակցությունները ընթանան սպառազինության, զանգվածային բնաջնջման զենքերի չտարածման ու խաղաղասիրական նպատակներով միջուկային աշխատանքների շուրջ, դժվարություն չի առաջանա, իսկ Իրանը երբեք չի բանակցելու ուրանի հարստացման գործընթացը դադարեցնելու խնդրի շուրջ, ոչ էլ ցանկանում է դրա մասին խոսք անգամ լսել: Որոշ երկրներ փորձում են խեղաթյուրել Իրանի միջուկային աշխատանքների նպատակները, բայց Իրանը պատրաստ է այդ խնդրի շուրջ առաջացած մտահոգությունները փարատել միջազգային կառույցների հետ համագործակցության միջոցով»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը