«Reuters» գործակալության հաղորդմամբ, Լիբանանի կոալիցիոն կառավարության անդամ «Հիզբոլլահ» կուսակցությունը ու նրանց համակիր ուժերը հայտարարել են, որ այսօր՝ հունվարի 12-ին, դուրս են գալու Սաադ Հարիրիի գլխավորած կառավարության կազմից: Գործակալության մատուցմամբ, «Հիզբոլլահը» նաև պատրաստել է կառավարության անդամ իր 11 նախարարների հրաժարական նամակը, որը կառավարությանը կհանձնվի նույն օրվա երեկոյան:
Ի դեպ, հիշյալ նախարարների հրաժարականով Լիբանանի կոալիցիոն կառավարությունը լուծարվելու է:
Շրջանառվող լուրերի համաձայն, «Հիզբոլլահի» հրաժարականի գլխավոր դրդապատճառը Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով զբաղվող դատարանի աշխատանքներն են:
Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի կողմից ձևավորված վերոհիշյալ դատարանը շուտով հրապարակելու է իր վճիռը Ռաֆիկ Հարիրիի սպանության գործի առնչությամբ, որով, ենթադրվում է, մեղավոր են ճանաչվելու Լիբանանի «Հիզբոլլահ» խմբակցությունն ու Իրանի իսլամական հեղափոխության պահակազորը:
2010-ի դեկտեմբերի 20-ին Իրանի առաջնորդ Այաթոլահ Խամենեին հայտարարել էր, որ Հարիրիի գործով զբաղվող դատարանի արձակած որևէ վճիռ անվավեր է: Խամենեին հիշյալ դատարանի աշխատանքները ցուցադրական էր համարել: «Հիզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրուլահն էլ իր հերթին սպառնացել էր կտրել բոլոր նրանց ձեռքերը, ովքեր Հարիրիի սպանության գործում մեղավոր կճանաչեն «Հիզբոլլահի» որևէ անդամի:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment