«Իրանի քրիստոնյաների լրատվական գործակալության» փոխանցմամբ, կիրակի՝ դեկտեմբերի 12-ին, Թեհրանի հարակից Վարամին քաղաքում ձերբակալվել են թվով 10 իրանցի քրիստոնյաներ: Ձերբակալվածները, որ կրոնափոխ մուսուլմաններ են եղել, հիշյալ օրը պաշտամունքի նպատակով ներկա են եղել Մուհամադ Մուհամադիի անունով մի հավատացյալի տանը, երբ անվտանգության ծառայությունները ներխուժելով՝ ձերբակալել են բոլորին: Ձերբակալվածների թվում են եղել նաև Մուհամադիի կինն ու 7-ամյա զավակը:
Հիշյալ լրատվականի մատուցմամբ, անվտանգության ծառայությունները ազատ են արձակել Մուհամադիի կնոջը և զավակին, իսկ գրավի դիմաց էլ ազատել են ևս 6 հոգուն, բայց կալանքի տակ են պահել Մուհամադ Մուհամադիին ու Ալի Քեշավարզիին:
Մուհամադիի կնոջ փոխանցմամբ, նրանք գտնվում են մենախցում, և իրենց չեն թույլատրում հանդիպել ձերբակալվածներին, նաև, ընտանիքներին սպառնալով, զերծ են պահում որևէ լրատվամիջոցի հետ խոսելուց:
Հարկ է նշել, որ, իսլամական շարիաթի համաձայն, կրոնափոխ մուսուլմանը համարվում է դավաճան և արժանի է մահապատժի: Վերջին տարիներին Իրանում մեծ տարածում են գտել քրիստոնեական բազմաթիվ դավանանքներ, որոնցից գլխավորը կարելի է համարել բողոքական եկեղեցու հոգեգալստյան ճյուղը: Իրանի իսլամական համակարգը քրիստոնեության տարածումը վտանգավոր է գնահատում իր համար ու փորձում է, խիստ արգելքներ սահմանելով, սահմանափակել քրիստոնեության տարածումը իր երկրում: Մարդու իրավունքների պաշտպան ակտիվիստները, կրոնի ընտրությունը խղճի ազատություն համարելով, լուրջ պայքար են ծավալում առկա սահմանափակումների դեմ: Նշենք, որ իսլամական համակարգը ոչ միայն պայքարում է քրիստոնեության դավանանքի տարածման, այլև անգամ մահմեդական ոչ շիա համարվող բազմաթիվ ճյուղավորումների դեմ: Կարելի է նշել, մասնավորապես, մահմեդական բահայական դավանանքին հետևող հավատացյալների դեմ ծավալվող արգելափակումներն ու ձերբակալությունները:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment