Արդէն մէկ ամիս է, ինչ ընտանիքով հաստատւել եմ հայրենիքում: Այս օրերին երբ զբաղւած եմ տանս հարցերով, նաեւ հետաքրքրւում եմ Երեւանի հասարակական ու քաղաքական անցուդարձերով: Վերջին ժամանակներում, երբ խորհրդարան են տարել օտարալեզու դպրոցների վերաբացման հարցը, հասարակութեան մէջ առաջացել է մի շարժում, որը կոչւում է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը»: Շարժումը բաղկացած է ակտիւ երիտասարդներից եւ պիտի ասեմ, որ գնահատելի աշխատանք են կատարում իրենց նպատակի համար:
Հասարակութեանը զուգահեռ, նաեւ որոշ կուսակցութիւններ փորձեցին կանգնել ժողովրդի կողքին, յայտարարելով թէ իրենք էլ դեմ են նման դպրոցներ վերաբացելու հարցում: Պարզապես հետաքրքիր է, որ այդ քաղաքական կուսակցութիւնները դպրոցների հարցում դեմ են օտարալեզու կրթութեան հետ, բայց հէնց նրանք իրենց հեռուստաալիքներով շարունակում են ցուցադրել ռուսերէն լեզւով ֆիլմեր ու մուլտիկներ: Այս հարցում միայն բացառւում են Հանրային Առաջին ալիքը եւ մասամբ Շանթ հեռուստաալիքը: Վերջերս նաեւ այդ շարքին է միացել «Երկիր Մեդիա» հեռուստաալիքը շնորհիւ «Ծովի Տիրակալ» կորեական հեռուստասեռիալով: Բայց դժբախտաբար թէ «Երկիր Մեդիան» թէ «Շանթը» եւ թէ հայկական այլ բոլոր հեռուստաալիքները օրւայ տարբեր ժամերում իրենց ծրագրերի բացը լրացնելու համար ցրում են ռուսերէնով վերապատրաստւած ֆիլմեր: Ճիշտ է, որ ներկայ պայմաններում բոլոր ֆիլմերը հայերէնի թարգմանելու հնարաւորութիւն չկայ, բայց միեւնոյնն է, եթէ դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը, սեփական մայրենի լեզուն պահպանելու նպատակով, մենք իրաւունք չունենք նոյն օտարալեզու մշակոյթը ֆիլմերի ու մուլտիկների միջոցով մտցնել ժողովրդի տները, ուր ապրում ու աճում են նաեւ մանուկներն ու պատանիները:
Պարզապես օտարալեզու դպրոցների դեմ լինելը լաւ ցանկութիւն կարող է լինել կուսակցութիւնների ու հեռուստաալիքների համար, բայց դրանք չեն կարող խօսքի սահմաններում մնան, այլ ցանկութիւնները բացականչելով տւեալ կուսակցութիւններն ու հեռուստաալիքները պատասխանատւութիւն ու պարտաւորութիւն են առաջացնում իրենց համար:
Ուրեմն եթէ դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացման հետ, նաեւ պիտի դեմ լինենք օտարալեզու եթերների հետ, կամ աւելի ճիշտ պիտի պայքարենք հայկական դպրոցներ ու եթերներ ունենալու համար:
0 Պատգամ:
Post a Comment