Tuesday, November 25, 2008

Ինչպէ՞ս Հայերը օգնեցին Թուրքերին

Արթին Առաքելեան

Պատմութիւնն, առհասարակ, այնքան ուսուցանելի կողմեր ունի որոնք ընթերցելով մարդ մի կերպ կարծես նաեւ կեանքի դասեր է քաղում դրա իւրաքանչիւ էջից: Այդ ընթացքում բացառութիւն չի կարող լինել Հայ ժողովրդի պատմութիւնը, որը գլխաւորաբար մեր համար ունի շատ ուսուցանելի դասեր: Բոլոր ժողովուրդների համար, եւ այդ թւում նաեւ հայերի համար, անհրաժեշտ է, գոնէ մէկ անգամ, կարդալ իր ժողովրդի, ազգի, երկրի ու քաղաքակրթութեան պատմութիւնը, դասեր քաղելով, ծանօթանալ իր ազգի պատմական յաջողութիւնների, ու ինչու չէ նաեւ գլխաւոր սխալների ու բացթողումների հետ:
Այս նախաբանից յետոյ, այս յօդւածում նպատակ ունեմ թռուցիկ կերպով ակնարկել մեր վերջին 100 ամեակում տեղի ունեցած երեք պատմական դրւագների, որոնք կարելի է ուսուցանելի համարել (գոնէ իմ համար այդպէս է եղել): Ուրեմն այս գրութիւնն ոչ պատմագիտական ծանրակշիռ յօդւած է եւ ոչ էլ ես պատմաբան լինելու հաւակնութիւն ունեմ, պարզապէս այս շաբաթ ցանկացայ քաղաքական վերլուծութեան փոխարեն մի քիչ էլ անդրադառնալ պատմութեանը, մի առարկայ, որը միշտ հետաքրքրել է ինձ բայց երբեք ինձ չի յաջողւել աւելի լուրջ ուսումնասիրութեան թեմայ դարձնել դա:
Մեր պատմութիւնից կարելի է բազմահազար դասեր քաղել, այն էլ այնպիտի դրւագներից, որոնք այս յօդւածում բերւած դրւագների համեմատութեամբ շատ աւելի կարեւոր եւ ճակատագրական են եղել: Բայց այստեղ մեջբերւած դրւագները, մի քիչ տարբերւելու է միւսներից, այն պատճառով, որը այս դրւագներում մէջբերւել են այն բաժինները, որտեղ հայերը լուրջ օգնութիւն են ցուցաբերել Թուրք ժողովրդին, պատմութեան ընթացքում իրենք դիրքերը ամրապնդելու գործում:
Ինչոր է անցնենք բուն թեմային:

Առաջին դրւագ՝ Հայերը Օսմանեան կայսրութեան «լաւագոյն» ծառայողները

Հայերը շատ կարեւոր դեր ու նշանակութիւն են ունեցել Օսմանեան կայսրութեան եւ յատկապէս արքունիքի մեջ: Օսմանեան արքունիքի մեծտոլոս «Ամիր»-ները (իշխան) հայեր են եղել: Հայ իշխաններն առհասարակ Թագաւորական արքունիքում զբաղւում էին հարկահաւաքով: Այդ իշխանները ժամանակի ընթացքում, իրենց հարստութեան շնորհիւ կարեւոր պաշտօններ ապահովեցին իրենց համար: Այդ իշխանների մեծամասնութիւնն ապաշնորհ անհատներ էին, բայց մի քանիսը նաեւ դրական բարեկարգումների հեղինակներ հանդիսացան:
Նախ թոյլ տւէք մի փոքրիկ ցանկ ներկայացնել Օսմանեան կայսրութիւնում աշխատող ազդեցիկ հայ իշխաններից ու նրանց գործունեութիւնից:

Իշխան Սեղպոս եւ Իշխան Շնորք – 1720-ին Պոլսում մի քանի դպրոցներ շինեցին հայերի համար: Նշելի է, որ 70 տարի անց, կրկին անգամ հայ իշխանների միջոցով, Պոլսում հիմք դրւեց առաջին որիւորդաց դպրոցը:

Իշխան Աբրահամ – Նա 1824-ին Թուրքիայի առաջին տպարանը հիմք դրեց:

Իշխան Յովհաննես Դուզեան եւ Իշխան Մկրտիչ Ջեզայերլեան – Թուրքիայի մաքսատները լիովին աշխատում էին նրանց վերահսկողութեան տակ:

Իշխան Դադեան – 1795-ից սկսեալ Թուրքիայի սպառազինութիւնն ու վառոդի պահեստները վերահսկում էին Դուզեան տոհմի միջոցով:

Իշխան Դուզեան – Նա արքունիքում զբաղւում էր ոսկրչութեամբ, եւ յետոյ նաեւ դրամահատութեան պաշտօնը ստանձնեց:

Իշխան Յարութիւն Բըզջեան – Երբ Իշխան Դուզեանը թագաւորի կասկածների հետեւանքով մահւան դատապարտւեց, նրան փոխարինեց Իշխան Բըզջեանը: Նա նաեւ Պոլսում Հայկական ազգային հիւանդանոցը հիմք դրեց:

Իշխան Յովհաննես Բեկդադեան – Նա արքունիքի կողմից նշանակւել է որպէս թղթի ու պայթուցոկ նիւթերի գործարանների պատասխանատու: Բեկդադեանը նաեւ յաջողեց ստղծել մի այնպիտի գործիք, որի օգնութեամբ հնարաւորութիւն էր ստեղծում դիւրութեամբ ծակել հրացանների խողովակները: Նաեւ Բեկդադեանի հսկողութեամբ Թուրքիայում հիմք դրւեց կաշւի, կողիկի ու երկաթաձուլութեան գործարանները:

Այս ցանկը հնարաւոր է աւելիով ընդարձակել, որը եւ այս էջերի սահմաններից դուրս է: Միայն պիտի նշել, որ հայերը բոլոր պայմաններում, անգամ Աբդուլ Համիդ Բ-ի ժամանակ, որը հայերը խիստ ճնշումների տակ էին ապրում, հայ իշխանները, շարունակաբար կարեւոր դիրքեր էին զբաղեցնում, որոնցից էին բազմաթիւ նախարարներ, հանրայայտ բժիշկներ, ճարտարապէտներ, լուսանկարիչներ, ուսուցիչներ, երաժշտագէտներ, թատերագէտներ, դատախազներ, մամուլի գործիչներ եւ այլն:
Նշելի է, որ 1832-ին ֆրանսացի Ալեկսանդր Բլաքի միջոցով հիմք դրւեց Թուրքիայի առաջին օրաթերթը: Դրանից յետոյ թուրքիայի միակ մամլոյ գործիչնենը հայեր էին: Հայերը երկու տեսակ թերթ էին տպագրում, առաջինը հէնց հայերէն, եւրկրորդը թուրքերն, բայց հայերէն տառատեսակով: Որոշ թուրք պաշտօնատարներ օրւայ լուրերից տեղեկանալու նպատակով հայերէն լեզու էին սովորում, եւ մեծ տոկոսն էլ հայերէն այբենարանը սովորելով փորձում էին կարդալ այն թերթերը, որոնք տպագրւում էին թուրքերէն, բայց հայերէն տառատեսակով: Այդ իսկ պատճառով հայերէն լեզում մեծ տարածում էր գտել այն օրւայ թուրքիայում եւ անգամ 1860 թւականին Ֆուադ Փաշան եւ Ալի Փաշան առաջարկեցին օսմանական հին այբենարանին փոխարինի հայերէն այբենարանը: Նարնք իրենց առաջարկը խորհրդարան ներկայացրեցին, եւ եթէ այնօրւայ խորհրդարանի տագնապները մի քիչ ուշ տեղի ունենար վստահաբար այդ առաջարկը կը հաստատւեր պատգամաւորների կողմից:
Այս բոլորից յետոյ այն գլխաւոր օգնութիւնն, որը հայերը այդ ժամանակաշրջանում թուրքերին ցուցաբեցին այն է, որ 1828-ին երբ Ռուսական բանակը հասել էր Պոլսի դարպասներին եւ քաղաքը չգրաւելու դիմաց 15 միլիոն ռուբլ տուգանք էր պահանջում: Այն ժամանակ Օսմանցի թագաւոր Սուլթան Մահմուդը, իր թագաւորական պահեստում անգամ այդքան գումար չուներ: Նա երկիրը փրկելու համար դիմում է Իշխան Յարութիւն Բըզջեանին, որը այն օրերին դրամահատման մենաշնորհն ուներ: Բըզջեանը սուլթանին օգնելու նպատակով, թագաւորական դրամահատարանի բոլոր արծաթնեն ու պղինձները հաւաքագրեց ու դրանցից դրամ հատեց, յետոյ դրանք այնօրւայ շուկաներում վաճառեց, ու այդ վաճառքից գոյացած ոսկիներով կարողացաւ ռուսական բանակի պահանջած տուգանքը վճարել ու փրկել երկիրը: Եւ այսպիսով, այնօրւայ Թուրքիան փրկեց հայ իշխանը:
Այն ժամանակւայ հայ իշխաններն այնքան կարեւոր դիրքեր էին գրաւել, որ կամաց կամաց որոշ թուրք շրջանակների մտահոգութեան պատճառ դարձան: 1860 թւականներից սկսեալ, թուրք իշխանները հայերին սահմանափակելու նպատակով փորձեցին այլեւս նրանց կարեւոր դիրքեր չյանձնել: Առհասարակ պատասխանատուներին թուրք էին նշանակում, եւ հայերին նշանակում էին որպէս նրանց օգնականները: Որոշ պատմաբանների մօտ կայ նաեւ այն տեսակէտը, որ հայոց ցեղասպանութիւնը նաեւ ուներ տնտեսական դրդապատճառներ, երբ թուրքերը հայերին երկրից հեռացնելով ու կոտորելով, գրաւում էին նրանց բոլոր ունեցւածքը:
(Այս բաժնի համար, որպէս աղբիւր օգտագործւել է Հ. Աճառեանի անաւարտ մնացած «Հայերի դերը Օսմանեան Կայսրութեան մէջ» ուսումնասիրութիւնը)

Երկրորդ դրւագ՝ հայերի անմիաբանութիւնը

Երբ թուրքերը Օսմանեան կայսրութեան տարածքներում սկսեցին զանազան ճնշումներով, սանձել հայերին եւ նրանց հեռու պահել կարեւոր դիրքերից ու պաշտօններից, հայերը նաեւ դիմեցին պայքարի զանազան միջոցներին: Ինչպէս գիտէք այդ պայքարների արդիւնքում Արեւմտահայաստանում տեղի ունեցաւ հայ-թուրք զինեալ պայքար նաեւ: Բազմաթիւ ֆիդաեական շարժումներ, փորձում էին պաշտմանել հայութեանն ու հայկական գիւղերը: Բայց ճիշտ այդ պայմաններում, հայերն ինչպէս միշտ... միաբանւելու փոխարէն դարձան անմիաբան եւ ներքին քաշքշուկների հետեւանքով նաեւ անկարող մնացին ինքնապաշտպանւելուց:
Անմահանուն Գարեգին Նժդեհն այդ մասին այսպէս է գրում. «Հայկական կուսակցութիւնների քաղաքական պայքարը խորապէս պառակտեց հայ ժողովրդին՝ թուլացնելով նրա դիմադրական ուժն այն պահին, երբ, Թուրքիայում տեղի ունեցող յեղափոխական իրադարձութիւններին համապատասխան, հայութիւնից պահանջւում էր լինել համերաշխ, միակուռ, ընդունակ ինքնապաշտպանութեան: Հայութեան ակտիւ տարրերը, ի ուրախութիւն մեր արտաքին թշնամիներին, այդ օրերին, երբ սուլթանական բռնակալութեան դէմ պայքարող Երկրի հայերը նրանց աղաչում էին ուղարկել ղեկավար ուժեր ու զինամթերք, իրենց ժամանակը եւ ուժը վատնում էին ներքին ճակատում: Բռնկւած ներքին հակամարտութեամբ՝ նրանք թշնամուն հնարաւորութիւն ընձեռեցին անզիջում եւ անպատիժ շարունակել հայերի ոչնչացման քաղաքականութիւնը»:
Այս դրւագը նորութիւն չի հայերիս համար, եւ պատմութեան գրքերը թերթրլով տասնեակ նման դրւագներ կարելի է մէջբերել: Կարծես ըստ երեւոյթի այսօր նաեւ մենք հայերս չենք կարողացել դաս առնել նման դրւագներից, եւ շարունակաբար շարունակում ենք վարւել այնպէս, ինչպէս էր անցեալ դարում:
(Այս բաժնի աղբիւրն է՝ Գարեգին Նժդեհի Հատընտիր, էջ 682, Երեւան, 2006թ.)

Երրորդ դրւագ՝ Ռոմանտիզմ

Ռոմանտիզմը վատ բան չէ, եւ առհասրակ անհատներ ունեն իրենց իդէալն որը հարմար պայմաններում ձգտում են իրականացնել դրանք: Բայց երբ խօսքը քաղաքականութեան եւ ռազմավարութեան մասին է, թոյլադրելի չէ առաջնորդւել ռոմանտիզմով, այլ պիտի լինել իրատես: Այս մասին ՀՀ Առաջին Հանրապետութեան վարչապետ Ա. Խատիսեանը իր գրքում յիշատակում է մի ուշագրաւ դրւագ: Խօսքը 1919-ի Փետրւարին Արեւմտահայաստանի եւ Հայաստանի նորանկախ Հանրապտութեան միացումի մասին է, երբ այդ միացումի հետեւանքով հայերը իրենց պահանջներն են ներկայացնում թուլացած եւ պառակտւած Թուրքիային: Նա գրում է. «Դժբախտաբար, եթէ ճիշտ ու անհրաժեշտ էր երկու Հայաստաններու միացման գործողութիւնը, սահմաններու վերաբերմամբ հայ ժողովուրդը, յանձին իր ղեկավար շրջանակներու, մեծ սխալ գործեց չափազանց մեծ պահանջներ առաջադրելով, առանց հաշւի առնելու իր ուժերն ու միջազգային կարելիութիւնները: Մենք մինչեւ ԿԻԼԻԿԻԱ պահանջելով անկարելի դարձուցինք որեւէ բանաւոր համաձայնութիւն ոչ միայն Թուրքերուն հետ այն պահուն, երբ անոնք տկար էին եւ անոնց հետ դեռ կարելի էր խօսիլ, այլ նաեւ շահագրգռւած մեծ պետութիւններու հետ: Ճիշտ է, մեր մէջ կային քաղաքական գործիչներ, ինչպէս Ռուբէն Տէր Մինասեանը, Քաջազնունին, որոնք չափաւոր պահանջներու կողմնակից էին, բայց ճնշող մեծամասնութիւնը «զիջումներու» մասին լսել անգամ չէր ուզեր:
Ամէն պարագայի տակ պէտք է ըսել, թէ Հայաստանի սահմաններու մասին Երեւանը անհամեմատ աւելի չափաւոր ու զուսպ էր, քան մեր գաղութները Փարիզի գլխաւորութեամբ, որոնք ոտար, յաճախ անպատասխանատու մարդոց ներշնչումներուն ենթարկւելով անկարելիութեանց ետեւէն ինկան եւ երբեմն կատարւած իրողութեանց առջեւ դրին նաեւ Հայաստանի կառավարութիւնը:»
Սա ինքին խօսուն դրւագ է, ուր ներկացրել է Խատիսեանը, եւ ցաւով է գրում այդ մասին:
(Այս բաժնի աղբիւրն է՝ Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը, Ալ. Խատիսեան, Լիբանան, 1968թ.)

Եզրափակում

Այս երեք դրւագներով փորձեցինք պատմական օրինակներով ներկայացնել մեր պատմութեան մէջ տեղի ունեցած այն դէպքերի մասին, որի արդիւնքում մեր ժողովուրդը զրգանքներ է ստացել: Նախ օտարամօլութիւնը, կամ օտարին աւելի լաւ ծառայելը, երկրորդը գլխաւոր թշնամու դէմ պայքարելու ժամանակ ներքին քաշքշուկներն ու անհամաձայնութիւնը, եւ երրորդն էլ ստեղծւած հարմար առիթը ճիշտ չօգտագործելը, երբ մեծամասնութիւնը տառապում է ռոմանտիզմով:
Հարցը հետեւեալն է, թէ այսօր՝ 21-րդ դարում, մենք հայերս մեր պատմութիւնից դաս առել ենք, թէ կրկին անգամ, պատմութիւնից անտեղեակ լինելու բերումով, կրկնում ենք նոյն պատմական սխալները:
Դրա պատասխանը թողնում ենք ընթեցողներին:

2 Պատգամ:

Anonymous said...

Հետաքրքրական յօդուած մըն է Արթին:

Ինչպէս նաեւ քու գրած վերլուծական գրութիւններդ:

-------------------------------------------- said...

Շատ հետաքրքրական եւ ճիշտ յօդուած մըն է :Այս նիւթի շուրջ կարելի է կարդալ Արա Ակինեանի "Յաղթանակի Ճամբան" խորագիրով գիրքը որ Պէզճեան Ամիրայի կեանքի մասին շատ գեղեցիկ վէպ մըն է:
Յաջողութիւն

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը