Tuesday, November 25, 2008

Վաղանցի՞կ յոյսեր

Արթին Առաքելեան

Ինչպէս, որ սպասում էինք, Բարաք Օբաման, երկարաշունչ ընտրապայքարից յետոյ, ի վերջոյ դարձաւ Սպիտակ տան առաջին «Սեւ» նախագահը: Օբաման յաջողեց իր «Փոփոխութիւն» նշանաբանով յաղթել իր տարեց եւ փորձառու մրցակից՝ Ջոն Մաք Քէյնին: Յարկ է նշել, որ Օբամայի յաղթանակի գլխաւոր հովանաւորն էր հենց ԱՄՆ-ի գործող նախագահ Ջոջ Բուշ կրտսերը: Բուշն ու իր վարչակարգը, իրենց, այսպէս ասած, ծայրայեղական քաղաքականութիւնների պատճառով, Սպիտակ տան կարմիր աթոռը նւիրեցին աւանդական իրենց մրցակից՝ Դեմոկրատական կուսակցութեանն ու դրա թեկնածու՝ սեւամորթ Բարակ Օբամային: ԱՄՆ-ի այս շրջանի ընտրութիւններն, ինչպէս, որ բացականչում էր հենց ինքը Օբաման, իրօք պիտի փոփոխութիւնների ու նորութիւնների ընտրութիւններ անւանել: Առաջին նորութիւնը կարելի է ասել կանանց դերն էր: Առաջին անգամւայ համար մի կին սենատոր իր թեկնածութիւնն էր յայտնել, մասնակցելու համար 2008-ի ընտապայքարին. նա Հիլարի Քլինթոնն էր, որը եւ ներկուսակցական ընտրութիւնների արդիւնքում իր տեղը զիճեց սենատոր Բարաք Օբամային: Կանանց դերը նաեւ աչքառու էր Հանրապետական կուսակցութեան մօտ, երբ Մաք Քէյնը կանանց քւէն շահելու նպատակով, որպէս իր տեղակալ, նշանակեց Սարա Փէյլինին: Բայց 2008-ի ԱՄՆ-ի ընտրութիւնների երկրորդ եւ գլխաւոր նորարարութիւնը պիտի համարել Օբամայի ներկայութիւնը: ԱՄՆ-ի պատմութեան ընթացքում, առաջին անգամ լինելով, մի սեւամորթ սենատոր, ոչ միայն մասնակցեց ընտրութիւններին, այլ նաեւ ընտրւեց որպէս ԱՄՆ-ի 44-րդ նախագահը: Սա ինքին նշանակում է, թէ ԱՄՆ-ն նոր փուլ է մտնում, եւ Ամերիկացի ընտրազանգւածը, գոնէ հասարակական ոլորտում, այլեւս կառչած չի նախկինից աւանդ մնացած սովորութիւններին ու նորմերին:
ԱՄՆ-ում հնչած «Փոփոխութեան» կարգախօսը, չսահմանափակւելով միայն Ամերիկայի տարածքում, տարածւեց աշխարհով մէկ, վարագելով բազմաթիւ անհատների: Այդ «վարագումների» շարքում մի կերպ նաեւ «վարագւեց» Իրանի նախագահ՝ Մահմուդ Ահմադինեժադը, եւ նա Իրանի 30 ամեայ Իսլամական Հանրապետութեան պատմութեան ընթացքում, դարձաւ առաջին նախագահն, որը մէկ օր անց շնորհաւորական ուղերձ յղեց ԱՄՆ-ի նորընտիր նախագահին:
Իրանում, թէ հասարակութեան եւ թէ դիւանագիտական մակարդակներում, աւելի քան մէկ տարի է ինչ խօսւում եւ քննարակւում է ԱՄՆ-ի նախագահական ընտրութիւնների թեման: Իրանի հասարակութեան մեծամասնութիւնն, ինչպէս ամբողջ աշխարհում, ցանկանում էր Օբամային տեսնել որպէս ԱՄՆ-ի նախագահ: Չէ որ նա «Փոփոխութիւն» էր քարոզում...:
Դիւանագիտական ոլորտում, առհասարակ, պարզ չէին արտայայտւում թէ ցանկանում են, ո՞ր թեկնածուին տեսնել որպէս ԱՄՆ-ի յաջորդ նախագահը, բայց անուղղակի կերպով՝ հարցազրոյցների ընթացքում, խօսում էին ի շահ Օբամային: Թեեւ այդպէս էր, բայց նախագահ Ահմադինեժադն ամիսներ առաջ, մի հարցազրոյցի ընթացքում Օբամայի յաղթանակն անհաւանական էր տեսնում, այսպէս նախատեսելով, թէ «ԱՄՆ-ի ուժային կառոյցները թոյլ չեն տայ մի սեւմորթ դառնայ Ամերիկայի նախագահ»: Բայց գոնէ այսօր պիտի ասել, որ նախագահը սխալւում էր:
Պիտի հարցնել, թէ արդեօ՞ք Օբաման, որը նախընտրական շրջանում ասում էր թէ պատրաստ է Իրանի ղեկավարութեան հետ առանց նախապայմանների բանակցել, իսկապէս կարողութիւնն ունի իր քարոզած փոփոխութիւնները, նաեւ արտաքին քաղաքականութեան մէջ գործադրել, ու դրական յարաբերութիւններ ստեղծել Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ: Արդեօ՞ք նախագահ Ահմադինեժադը, իրօք հաւատացել է Օբամայի խօստացած փոփոխութիւններին, թէ՞ փորձում է, Իրանում տաբու դարձած ԱՄՆ-ի հետ յարաբերութիւնների հարցի նախաձեռնութիւնն իր ձեռքն առնելով, Իրանի առաջիկայ նախագահական ընտրութիւններում իր դիրքերն ամրացնել:
Նախ պատասխանեմ առաջին հարցին: Ճիշտ է, որ Իրանում, առհասարակ դիւանագէտները ցանկանում էին Օբամային տեսնել, որպէս ԱՄՆ-ի նախագահ, բայց փակ շրջանակներում գոնէ, շատ էլ չէին ցանկանում Օբամային: Ճիշտ է իրականում որեւէ իրանցի դիւանագէտ չենք կարող գտնել, որը հրապարակաւ պաշտպաներ Հանրապետական Մաք Քէյնին, բայց ըստ որոշ մեկնաբանների տւեալներով, Իրանի վերնախաւը, մի կերպ Հանրապետականներին աւելի էր գերադասում քան Դեմոկրատականներին, այն էլ մի քանի պատճառով. նախ այն, որ Դեմոկրատականների առհասարակ մշակած քաղաքականութիւնները, հակառակ Հանրապետականներին, աւելիով հիմնւած է «նուրբ քաղաքականութեան» վրայ, ինչը, Հանրապետականների մօտ «կոշտ» է: Երկրորդն այն, որ Հանրապետականներն, որը ամենուրեք խօսում էին ռազմական յարձակումի մասին, եւ դա միջազգային ոլորտում վնասում էր նաեւ ԱՄՆ-ի վարկին, Աֆղանիստանում եւ Իրաքում անավարտ մնացած պատերազմի, ու նաեւ միջազգային տնտեսական տագնապի հետեւանքով, անկարող էին մնացել Իրանի վրայ ռազմական յարձակում իրականացնելուց եւ փորձում էին իրանին տնտեսական շրջափակումներով մեկուսացնել աշխարում, որը եւ փաստերն ապացուցում են այն իրականութիւնը, թէ իրանին յաջողւել էր դիմադրել այդ շրջափակումներին: Բայց հակառակ Հանրապետականներին, Դեմոկրատները, որոնց վարկը միջազգային մակարդակում բարձրացել է Օբամայի շնորհիւ, Իրանին մօտենալու են աւելի «նուրբ» ձեւերով: Մինչեւ այսօր, աշխարհը քննադատում էր Իրանի հանդէպ Բուշի որդեգրած ծայրայեղական դիրքորոշումները, ու դատապարտելով դրանք Իրանի հարցում չեր միանում ԱՄՆ-ին: Բայց այս պայմաններում, երբ Օբամայի համբաւը միջազգային է դարձել, Դեմոկրատները կը փորձեն աւելի նուրբ միջոցներով, բազմաթիւ երկրներին իր հետ միաւորելով, հաշւի նստել իրանի հետ, այն ինչ իրավիճակը նախկինից աւելով կը դժւարացնի Իրանի համար: Մինչ այսօր Իրանը շահում էր ԱՄՆ-ի վարչակարգի ծայրայեղական յոխորտանքներից, բայց պայմանները կը դժւարանան այն ժամանակ, երբ նոր կառավարութիւնը, որը բնականաբար հաւատարիմ է մնալու ԱՄՆ-ի պետական շահերին, առանց յոխորտանքների, եւ «փոփոխութիւն» քարոզելով, դիմադրելու է Իրանի հետ: Ուրեմն մի խօսքով, պայմանները Բարաք Օբամայի նախագահութեան ժամանակաշրջանում աւելի կը դժւարանան Իրանի համար: Ճիշտ այդ պայմաններում է, որ իրանի վարչակարգը, ԱՄՆ-ի ճնշումներին դիմադրելու նպատակով, ինքը նաեւ պիտի որդեգրի «փոփոխութեան» քաղաքականութիւնը:
Գալով Իրանի առաջիկայ նախագահական ընտրութիւններին, որը 2009-ի գարնան աւարտին է տեղի ունենալու, եւ դրա կապը ԱՄՆ-ի նորընտիր նախագահի հետ, պիտի ասել, որ ըստ մեկնաբանների, Օբամայի ընտրութեան հետեւնքով, իրանում ցանկալի կը դառնան այն թեկնածուներն, որոնք աւելի չափաւոր քաղաքականութեան կողմակիցներ են: Այդ հարցին անդրադարձել ենք նախկինում, եւ բնականաբար Իրանի նախագահական ընտրութիւնների սեմին դրան աւելի մանրակրկիտ կանդրադարնանք:
Ինչ որ է, վերջում պիտի ասել, թէ հակառակ Իրանում գործող բոլոր քաղաքական կողմերին, որոնք փորձում են Իրան-ԱՄՆ յարաբերութիւնների մասին, իրենց արտայայտւած թեր ու դեմ կարծիքներով, իրանի ընտրազանգւածի, եւ ինչու չէ նաեւ միջազգային հանրութեան մօտ վարկ ապահովել իրենց համար, Իրան-ԱՄՆ յարաբերութեան լուծման բանալին միայն ու միայն գտնւում է Իսլամական Յեղափոխութեան առաջնորդ Այաթոլլահ Խամենէիի ու Իսլամական Յեղափոխութեան Պահապան Խորհրդի մօտ: Պարզ ասած, նմանատիպ հարցերը վեր են երկրի նախագահի իրաւասութիւններից: Բայց թէ իրանի վարչակարգն ի՞նչ դիրք է որդեգրելու ԱՄՆ-ի նոր կառավարութեան նկատմամբ եւ Ամերիայի իշխանութեան հետ յարաբերութիւններ մշակելու հարցում, ոչ մէկին պարզ չէ, եւ միայն մնում է այն, որ ԱՄՆ-ի հետ յարաբերութիւն սկսելու կողմնակիցներն իրանում յոյս ունեն, թէ նախագահի կատարած քայլերը, համահունջ են Առաջնորդի եւ պահապան խորհրդի հետ, եւ հակառակը՝ յարաբերութիւնների հակառակորդներն այն կարծիքի են թէ նախագահն գործել է իր նախագահական սահմաններում, եւ ԱՄՆ-ի հետ յարաբերութիւն մշակելը, համահունջ չի երկրի Առաջնորդի տեսակէտների հետ:
Այդ իրավիճակում մեզ մնում է միայն զննել առաջիկայ ամիսներում տեղի ունեցող քաղաքական անցուդարձները, որոնց միջոցով ի վերջոյ կը պարզւի թէ Օբաման եւ իր կառավարութիւնն ի՞նչ քաղաքականութիւն կորդեգրեն Իրանի նկատմամբ, եւ արդեօ՞ք իրանի նախագահի, այսպէս ասած, յոյսերը, որոնք պատճառ դարձան որպէս Իրանի առաջին նախագահ շնորհաւորել ԱՄՆ-ի նորընտիր նախագահին, վաղանցիկ են, թէ՞ իրօք կարելի է մի ինչ որ յոյսեր փայփայել:

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը