Thursday, July 19, 2007

Մի բարի գործ էլ մեզ համար արեք, վեհափա՛ռ

Եկեղեցական իմաստով թե այլապես, օրերս կարեւոր իրադարձություն է արձանագրվել Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում: Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ինչպես ավետում է Անթիլիասից ստացված պաշտոնական հաղորդագրությունը, միմյանց հետ հաշտեցրել է Ղպտի եւ Հաբեշ եկեղեցիներին, որոնք 40 տարուց ավելի խոր տարակարծության մեջ էին ու պայքարում էին միմյանց դեմ ոչ թե դավանաբանական, այլ «հատկապես վարչական խնդիրների շուրջ»: Հաղորդագրությունը հայտնում է, որ Արեւելյան ուղղափառ այդ երկու եկեղեցիների առաջնորդներին՝ Շնուդա 3-րդ եւ Աբբա Պաուլոս պատրիարքներին հաշտեցնելու ուղղությամբ նախապես շատ փորձեր են արվել քաղաքական թե կրոնական պատասխանատուների կողմից, որոնք մնացել են ապարդյուն: Սակայն Արամ Ա կաթողիկոսին հաջողվել է, շնորհիվ երկու առաջնորդների հետ ունեցած «մտերմիկ» իր հարաբերությունների ու «հարատեւ ճիգերու»:
Իսկապես պետք է ծափահարել Անթիլիասի գահակալին, որի հեղինակությունը, հատկապես Եկեղեցիների համաշխարհային խորհրդում երկար տարիներ ունեցած իր բացառիկ դիրքի շնորհիվ, մեծ է մանավանդ Արեւելյան ուղղափառ եկեղեցիների շրջանակում, որին ավանդաբար պատկանում է նաեւ Հայ առաքելական մեր եկեղեցին: Եվ հենց այս՝ Արեւելյան ուղղափառ եկեղեցիների ներքին միասնության տեսակետից, ինչպես նաեւ Հյուսիսային Աֆրիկայի իսլամական հոծ բնակչությամբ ու շարժումներով հագեցած միջավայրում այդ եկեղեցիների դիմադրողականությունը մեծացնելու առումով, կարեւոր է Արամ Ա կաթողիկոսի նախաձեռնությունը: Եվ շատ տեղին է արտահայտվել Արամ կաթողիկոսը, երբ հաշտությունը կայացնելուց հետո Ադիս Աբեբայում ի պատիվ իրեն Պաուլոս պատրիարքի տված հացկերույթի ընթացքում, ինչպես արձանագրում է հիշյալ հաղորդագրությունը, ասել է. «Սուրբ հոգին է, որ մեզ բոլորս մղեց այս բարի գործը իրականացնելու»:
Ավելորդ է ասել, որ Սուրբ հոգու կարիքն ունենք նաեւ մենք՝ մեր եկեղեցին, որ արդեն 51 տարի տառապում է երկփեղկման, հակաթոռության ու թեմական զուգահեռ կառույցների հակասություններից, դրանց բոլոր՝ վարչական, նյութական, հոգեւոր ու հոգեբանական վատ հետեւանքներով: Եվ քանի որ Արամ կաթողիկոսը, որպես իսկական հոգեւորական, գիտի գործել, առաջնորդվել Սուրբ հոգով, կարծում եմ, իրավունք ունենք նրանից ակնկալելու, որ կրկին մղում ստանա Սուրբ հոգուց եւ կատարի եւս մի բարի գործ, այս անգամ իր եւ մեր եկեղեցու համար: Այդ գործը նվազ կարեւոր չէ, քան Հաբեշ ու Ղպտի եկեղեցիների համերաշխ համագործակցությունը: Ավելին՝ այդ գործը հրամայական պահանջն է մեր ժողովրդի: Մանավանդ որ այլեւս բացարձակապես որեւիցե պատճառ չկա, որ ազատ եւ անկախ Հայաստանի պայմաններում, երբ մեր ժողովուրդը շատ ավելի կարիք ունի Հայաստան-սփյուռք եւ սփյուռք-սփյուռք միասնության, Հայ եկեղեցին չմիավորվի կրկին Մայր աթոռ Սբ. Էջմիածնի շուրջը: Դա իսկապես աստվածահաճո գործ է, եւ Սուրբ հոգին, որի հետ լավ հարաբերությունների ապացույցը տվել է արդեն Անթիլիասի գահակալը, վստահաբար պիտի օգնի դրա իրականացմանը:


ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
«ԱԶԳ» Օրաթերթ



1 Պատգամ:

Anonymous said...

Բարի գործ մը կատարած է Արամ Ա. Կաթողիկոսը: Ձեր առաջարկը՝ միացնելու Անթլիասի աթոռը Էջմիածնի բարի գործ մըն է, որուն իրականացման համար ջանքեր եղած են, սակայն սպասուած արդիւնքին չեն հասած:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը