Մեր կամքից անկախ՝ ժամանակի մեջ հաճախ կորցնում ենք մեր ազգային դիմագծի որոշակի հատկանիշներ, առաջընթացի արագությունից մոռանում ենք մեզ հետ վերցնել մշակույթի այնպիսի շերտեր, ինչպիսիք ժողովրդական տոները, ծիսակատարություններն ու սովորույթներն են։ Այդ ամենը գոնե որպես պատմություն փորձում են պահպանել ազգագրագետները, իսկ վերակենդանացնել հաջողվում է միայն եզակի անհատների։ Գեղանկարիչ Լուսիկ Ագուլեցի Սամվելյանը այդ եզակիներից է, ով փորձում է իր անձնական օրինակով վարակել շրջապատին։ Նա կարծում է, որ իր կրած հայկական տարազը պակաս ժամանակակից չէ։ Իսկ բոլոր այն տոներն ու ծիսական սովորույթները, որոնք նա պահպանում է իր ընտանիքում, ազգային արժեք, եւ դրանք չի կարելի մոռացության մատնել։«Որպես արվեստագետ՝ ես ցավ եմ զգում, երբ տեսնում եմ, թե ինչպես է մշակույթը մոռացվում,–ասում է նա։–Այսօրվա ծեսերն էլ ոչ թե ինքնաբուխ են, այլ թատերականացված»։Վարդավառի կամ Պայծառակերպության տոնի նախօրեին տիկին Լուսիկը լրագրողներին ներկայացավ ցորենի հասկերից պատրաստված նուրի տիկնիկով, խաչբուռով, Անահիտ աստվածուհու եւ Աստղիկ դիցուհու հասկե կերպարներով, ծիսական ծառով, որ խնդում տոյք է կոչվում։
Այդպիսի ծիսական ծառով էլ, որը զարդարված էր մրգերով, Լուսիկ Ագուլեցին մտադիր է ձեւավորել Վարդավառի տոնական սեղանը։ Ծառի ձեւավորման հիմնական բաղադրիչը խնձորն է, որովհետեւ այդ օրը նաեւ խնձորի օրհնության օր է։ Ծիսական ծառը կրում է խաչի, տիեզերքի, պայծառակերպության, արականի եւ իգականի խորհուրդը։Գեղանկարչուհու մտահոգությունը կիսելով՝ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը խոսեց գալիք տոնի խորհրդի մասին։ Վարդավառը հատուկ տղ է գրավել տոնական տարեկան ցիկլում, քանզի մշակութային տարբեր գործընթացների ազդեցությամբ մի քանի տոների տարրեր է ներառել։ Սկիզբ առնելով հեթանոսական շրջանում՝ իբրեւ ցորենի բերքահավաքի ավարտը նշանավորող տոն՝ այն շարունակում է գոյատեւել նաեւ քրիստոնեական շրջանում։ Անգամ հեթանոս աստվածուհիների՝ Անահիտի ու Աստղիկի պաշտամունքը շարունակեց ապրել՝ ծպտյալ ձեւերով։ «Վարդավառի մեջ ներառված են նաեւ օգոստոսյան ամանորի շատ երեւույթներ,–ասաց ազգագրագետը։–Վարդավառը, փաստորեն, դարձավ շրջադարձային տոն։ Այն իր մեջ ունի տիեզերական եւ մարդու արարչագործության, նաեւ՝ հայ ժողովրդի ծագման, համաշխարհային ջրհեղեղի մասին պատկերացումները։ Բայց տոնի ամենակարեւոր տարրը ջուրն է։ Տիեզերքը հովանավորող ուժերի պաշտամունքը ջրախաղերի ձեւով էր արտահայտվում, լեռնային շրջաններում՝ նաեւ ուխտագնացություններով ու զոհաբերություններով՝ ընդհուպ մինչեւ 20—րդ դարի սկիզբը»։
Ջրին նվիրված ծիսակատարություններից այսօր գործնականում պահպանվել է միմյանց վրա ջուր լցնելու ծեսը՝ մանկական խաղի տեսքով։ Ըստ ազգագրագետի՝ Վարդավառն այսօր Հայաստանում շարունակում է տոնվել հատկապես երկրի հյուսիս–արեւելյան շրջաններում, որտեղ ջրերի ակունքների մոտ գնալու սովորույթ կա։ Որպես պատմական անդրադարձ՝ Հրանուշ Խառատյանը հիշեց, որ մինչեւ նախորդ դարի սկիզբը ամենաշքեղ վարդավառները տոնվում էին Կաթնաղբյուր կոչվող քառասուն աղբյուրների մոտ, որոնք նաեւ կոչվում էին «Անահիտի ստինքներ»։Եվ գեղանկարչուհին, եւ ազգագրագետը ափսոսանք հայտնեցին, որ վերջին հարյուրամյակը մեր մշակույթի մաս կազմող ազգային տոների համար կորստյան շրջան եղավ։ Որպեսզի պահպանվեն կամ ինչ–որ չափով վերականգնվեն, հարկավոր է իմանալ եւ ճանաչել դրանք։
Անուշ ՍԱՄՎԵԼՅԱՆ
«Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթ
0 Պատգամ:
Post a Comment