Sunday, April 15, 2007

Ապրիլի 6-ը եւ ռուսական խայթը

Անցեալ շաբաթւայ ընթացքում, երբ իր աւարտին էին հասնում իրանական նոր տարւայ արձակուրդները, ռուսական որոշ լրատւամիջոցներ շեփորեցին, թէ ԱՄՆ-ն պատրաստւում է ապրիլի 6-ի առաւօտեան ժամը 4-ին հարւածել Իրանի ատոմական մի քանի կենտրոններ, որը պէտք է շարունակւէր շուրջ 12 ժամ: Ըստ ռուսական լրատու ցանցերի յայտարարութեան՝ այդ յարձակումը պիտի անւանւէր «Խայթ»:Մի քանի օր նախքան յայտարարած ժամկէտը՝ այդ շշուկը տարբեր միջոցներով տարածւեց ժողովրդի լայն զանգւածի մէջ ու որոշ առհասարակ քաղաքական խաղերին անծանօթ խաւերի մօտ մտահոգութիւն առաջացրեց:

Այս տեսակ շշուկներ մի քանի տարի է, որ անընդհատ տարածւում են Իրանի դէմ՝ ժողովրդին սարսափի մատնելու եւ իշխանութեանը իր ատոմական ծրագրերից յետ մղելու նպատակով: Բայց, այս անգամ կարելի է ասել, որ տարածւած շշուկը տարբեր բնոյթ ունէր: Դրա իւրայատկութիւնն այն էր, որ այս անգամ այսպէս ասած՝ Իրանի դէմ ԱՄՆ-ի ռազմական յարձակման շշուկը տարածել են ոչ թէ ամերիկեան ու անգլիական լրատւամիջոցները, որոնք ըստ տւեալների՝ կատարում են գրեթէ ամէն ամիս, այլ՝ ռուսական լրատու գործակալութիւնները, որոնց իշխանութիւնը ճանաչւած է որպէս Իրանի դաշնակից:Բոլորի համար հարց է առաջանում, թէ ինչու Ռուսաստանը այս անգամ դարձաւ Իրանի դէմ շշուկներ տարածող կենտրոնը:Պարզ յայտնի է, որ Խ. Միութեան փլուզումից յետոյ՝ Ռուսաստանը փորձում է վերագտնել իր նախկին գերակշիռ դերը՝ Միջին Արեւելքում եւ այն պահին, որ Իրանը Եւրոմիութեան հետ մէկ սեղանի շուրջ բանակցում է իր ատոմական աշխատանքների մասին, Ռուսաստանը իր տարածաշրջանային դերն ու շահերը կորցրած տեսնելով՝ մուտք է գործում որպէս միջնորդ: Երբ Եւրոմիութեան հետ Իրանի բանակցութիւնները փակուղու են հասել եւ ԱՄՆ-ի իշխանութիւնն էլ իր դիրքերը յայտնելով՝ պարզել է, որ դեռ մտադիր չէ ատոմական խնդրում ուղղակի բանակցել Իրանի հետ, Ռուսաստանն այս ոլորտում իրեն գտնում է միահեծան ու փորձում է օգտւել ամէն միջոցից՝ այդ դերը պահպանելու համար: Դրա աչքառու փաստն այն է, որ Ռուսաստանը դեռ չի աւարտել Բուշեհր քաղաքի ատոմակայանի իր խոստումները ու այդ կենտրոնի ատոմական վառելանիւթը պատանդ է Ռուսաստանում:Ռուսական տարածած շշուկը նաեւ առաջացրեց այն հարցը, թէ արդեօք ԱՄՆ-ն հարւածելո՞ւ է Իրանին եւ կամ ի՞նչ պայմաններում է, որ ԱՄՆ-ն կը դիմի ռազմական յարձակման:

Ըստ երեւոյթին, ամերիկացի նորպահպանողականները ցանկութիւն չունեն մօտ ապագայում մի այլ ճակատում պատերազմ սկսել, այն էլ Իրանի նման մի երկրի դէմ, որը ո՛չ Աֆղանստան է, եւ ո՛չ Իրաք: Բայց, եթէ ուզենք մտածել այդ ուղղութեամբ, պիտի ասել, թէ դրդապատճառներից մէկը, որ կարող է դրդել ԱՄՆ-ին Իրանի դէմ ռազմական յարձակում իրագործելու, այն կարող է լինել, որ Իրանը յայտարարի, թէ մտադիր է ատոմական ռումբ փորձարկել եւ կամ Ամերիկայում տեղի ունենայ մի ահաբեկչութիւն՝ սեպտ. 11-ի օրինակով եւ պարզւի, որ դրա յետեւում ներկայ է Իրանը: Հաւանական յարձակման դրդապատճառները բազմաթիւ կարող են լինել, բայց թէ արդեօք ներկայում ԱՄՆ-ում կա՞յ նոր պատերազմի տրամադրութիւն՝ պիտի ասել՝ ո՛չ:Խորքում ի՞նչ է Իրան-ԱՄՆ հակասութիւնը: Արդեօք Ատոմական Իրանը այնքա՞ն սպառնալիք է ԱՄՆ-ի համար, որ դա կանխելու նպատակով՝ Ամերիկան դիմի նոր պատերազմի: Արդեօք մեր տարածաշրջանում ատոմական Իրանը, որ ոչ մի հակամարտութիւն չունի իր հարեւան երկրների հետ, աւելի՞ ապառնալիք է՝ քան ատոմական Պակիստանը, Հնդկաստանը եւ Իսրայէլը, որոնք հողային հիմնական հարցեր ունեն իրենց հարեւան երկրների հետ: Մի պահ մտաբերենք, թէ ծայրայեղ մահմեդականները որ երկրներում են թրծւում՝ Իրանո՞ւմ թէ՝ Սաուդական Արաբիայում, Պակիստանում, Եգիպտոսում, Աֆղանստանում:Իմ կարծիքով՝ Ամերիկային երբեք չի մտահոգում ատոմական Իրանը, անգամ եթէ Իրանը ձեռք բերի ատոմական ռումբ, այլ ԱՄՆ-ին մտահոգում է հզօր եւ ուժեղ Իրանը: Բոլորը գիտեն, որ այս աշխարհում որեւէ երկրի համար դիւրին չէ իր թշնամու դէմ ատոմական ռումբի օգտագործումը, ուրեմն՝ ատոմական գիտութեանը ձգտող Իրանն է, որ մտահոգում է ԱՄՆ-ին:Աշխարհի գոյատեւման առաջին ազդակը էներգիան է, եւ նա է ուժեղ ու հզօր, որն իր ձեռքում առատօրէն ունի այդ կարեւոր ազդակի աղբիւրները: Ըստ գիտնականների յայտարարութեան՝ առաջիկայ հարիւր տարւայ ընթացքում քարիւղը հասնելու է իր աւարտին, անգամ եթէ բոլորովին չսպառւի, քանակապէս այնքան կը նւազի, որ այլեւս դերակատար չի լինի՝ որպէս տնտեսական ու քաղաքական ուժի ազդակ:Իրանը դա քաջ գիտակցում է ու ամէն գնով փորձում է ձեռք բերել ապագայի տնտեսա-քաղաքական ուժի ազդակի գիտութիւնը: Արդեօք եթէ Իրանը մտադիր լինէր ատոմական ռումբով ոչնչացնել Իսրայէլը կամ հարւածել Ամերիկային, այն, ինչ ամէն օր քարոզում են արեւմտեան լրատւամիջոցները, աւելի դիւրին չէ՞ր, եթէ իր նաւթային մեծ եկամուտով տարեկան մի քանի ատոմական մարտագլխիկներ գնէր ատոմական սեւ շուկայից ու դրանցով իրագործէր իր նպատակը եւ բոլորին անակնկալի բերէր:

Ուրեմն՝ Իրանը ձգտում է ապահովել ապագան՝ ձեռք բերելով այն գիտութիւնը, որ փոխարինելու է այսօրւայ ուժի ազդակին՝ նաւթին:ԱՄՆ-ն ամէն միջոցից օգտւում է, որ խոչընդոտներ առաջացնի Իրանի համար, օրինակ՝ ցեղային փոքրամասնութիւններին կառավարութեան դէմ ոտքի հանելով, զանազան միջազգային դատարանների միջոցով Իրանի դէմ դատ յարուցելով, տնտեսական բոյկոտներ առաջացնելով, բանկային յարաբերութիւնները խզելով եւ այլն: Ճիշտ է, որ այս բոլորը ներքին առումով ցնցում է առաջացնում երկրում, բայց այս պահին նահանջն էլ շահ չի ունենայ Իրանի համար: Այս բոլորի ելքը, օրինակի համար, կարող է լինել երկկողմ բանակցութիւն՝ Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ, այն, ինչ որ, ըստ երեւոյթին, երկու երկրների ղեկավարութեան ցանկութիւնն է՝ թաքնւած ամենօրեայ երկկողմ ամբաստանութիւնների յետեւ:Ամերիկայի իշխանութիւնը նրանով հանդերձ, որ օգտւեց ռուսական ապրիլմէկեան սուտից, բայց, ըստ ամենայնի, չի ցանկանում, որ այս ընթացքում նաեւ հզօր դիրք գրաւի Ռուսաստանը եւ կարծես դա էր պատճառը, որ ամերիկեան լրատւամիջոցները լուր տարածեցին, թէ մօտ ապագայում Իրանի եւ ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարները հանդիպելու են միմեանց՝ Իրաքի խնդրի մասին բանակցելու նպատակով:Բանակցութիւնն է կարեւոր. թէ դրա թեման ինչ է լինելու՝ դա երկրորդական է:

Ալիքի Էջերում....


0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը