Tuesday, March 15, 2011

Հորդանանի թագավորին հրավիրելը Իրանում վիճաբանության առիթ է դարձել

Իրանական Tehran Emrooz օրաթերթը հաղորդում է, որ Նովրուզի առիթով Իրանի նախագահի կողմից Հորդանանի թագավոր Մալեք Աբդուլլահին Թեհրան հրավիրելու փաստը լուրջ վիճաբանությունների առիթ է դարձել:

Ըստ օրաթերթի՝ Իրանի խորհրդարանի մի շարք պատգամավորներ նախագահին բողոքել են. «Քանի որ Հորդանանի թագավորը արաբական մյուս իշխանավորների նման դեմ է ժողովրդի ցանկություններին, նրան Նովրուզի առիթով Իրան հրավիրելը դեմ է մեր որդեգրած՝ իսլամական արթնությանը աջակից լինելու դիրքորոշմանը: Բացի այդ, Հորդանանի թագավորը սերտ հարաբերություններ ուներ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնին Մուբարաքի հետ և Իսրայելի հետ էլ խաղաղության պայմանագիր է ստորագրել»:

Tehran Emrooz-ի համաձայն, Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաոլդին Բորուջերդին հայտարարել է. «Եթե Հորդանանի թագավորը Թեհրան այցելի, խորհրդարանն անպայման հակազդելու է»:

Հարկ է նշել, որ Իրանի նախագահը իրանական նոր տարվա՝ Նովրուզի առիթով շուրջ 20 երկրների ղեկավարների հրավիրել է Թեհրան: Ահմադինեժադը մտադիր է իրանական Նովրուզը մեծ շուքով նշել Աքեմենյան թագավորներին պատկանող «Թախթ Ջամշիդ» շրջանում, ինչը ևս խիստ քննադատությունների առիթ է դարձել:

Լուսանկարում՝ Իրանի նախագահի գրասենյակի ղեկավար Ռահիմ Մաշային և Հորդանանի թագավոր Մալեք Աբդուլլահը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը