Wednesday, March 02, 2011

Իրանի խորհրդարանը վճռել է պատժել ռեֆորմիստական շարժման առաջնորդներին

Իրանական Fars գործակալությունը հաղորդում է, որ մարտի 2-ին Իրանի խորհրդարանում ընթերցվել է փետրվարի 14-ին Իրանում տեղի ունեցած ժողովրդական ցույցերի և ռեֆորմիստական շարժման առաջնորդների մասին հետաքննիչ հանձնախմբի զեկույցը:

Լուրերի համաձայն, հիշյալ զեկույցը պետք է ընթերցվեր մարտի 1-ին, բայց խորհրդարանի նախագահության անձնակազմի անդամ Ջասեմ Սաեդին հայտարարել էր, որ այդ զեկույցում ընդգրկված են բազմաթիվ գաղտնի տեղեկություններ, և եթե դա պիտի խորհրդարանի բաց նիստի ընթացքում ընթերցվի, ուրեմն մի շարք հապավումներ պետք է արվեն: Այդ իսկ պատճառով, հետաքննիչ հանձնախմբի զեկույցի ընթերցումը հետաձգվեց մարտի 2-ին:

Մարտի 2-ին խորհրդարանի պատգամավոր Մուհամադ Էբրահիմ Նեքունամը բոլոր պատգամավորների համար ընթերցեց հանձնախմբի պատրաստած զեկույցը: Զեկույցի համաձայն, փետրվարի 14-ի ցույցերը հրահրվել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Իսրայելի կողմից: Նաև հայտարարվել է՝ «Բոլոր այն անհատներն ու կայքերը, որոնք փետրվարի 14-ի ցույցերը քաջալերել ու քարոզել են, համարվում են Իրանի Իսլամական Հանրապետության թշնամին ու գտնվում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Իսրայելի ճամբարում»:

Զեկույցի ավարտին նաև նշված է. «Խորհրդարանը պահանջում է Միր Հուսեյն Մուսավիի և Մեհդի Քարուբիի հետապնդումն ու պատժումը, և այլևս ոչ մի արդարացում այդ գործում ընդունելի չէ»:
Հատկանշական է, որ ամիսներ առաջ Իրանի դատական իշխանության նախագահ Սադեղ Լարիջանին, անդրադառնալով Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդներին հետապնդելու ու պատժելու՝ հնչած ցանկություններին, հայտարարել էր, որ այդ գործում դատական իշխանությունն անզոր է, և հարցն ուղղակի վերաբերվում է Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին:
Հարկ է նշել, որ, ըստ Մեհդի Քարուբիի խորհրդական Մոջթաբա Վահեդիի, ռեֆորմիստական շարժման առաջնորդները ձերբակալվել են հենց Այաթոլլահ Խամենեիի ցուցումով:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը