Monday, March 07, 2011

Ադրբեջանը Ղարաբաղի հարցի կարգավորման խնդրում կողմ է Իրանի միջամտությանը

Իրանական IRAN օրաթերթին պատկանող INN լրատվական կայքը հարցազրույց է ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովի հետ, որում դեսպանը քննարկել է Ղարաբաղի հակամարտության հարցն ու նաև Իրան-Ադրբեջան հարաբերությունները:

Ախունդովը այն հարցին, թե այս պահին ինչպիսի՞ն են Իրանի և Ադրբեջանի տնտեսական հարաբերությունները, պատասխանել է. «Իրանն ու Ադրբեջանը եղբայրներ են: Նրանց միջև առկա տնտեսական հարաբերությունները դրական են և տարեկան հասնում են մոտ 500 միլիոն դոլարի: Էներգիայի ոլորտում հարաբերությունները օր-օրի զարգանում են: Ադրբեջանի տարածքով իրանական գազը Եվրոպա հասցնելու մասին բանակցությունները դեռ շարունակվում են, և Ադրբեջանը պատրաստ է այդ ուղղությամբ համագործակցել Իրանի և այլ երկրների հետ: Ադրբեջանը նաև Իրանի հետ երկաթգիծ կառուցելու շուրջ նոր պայմանագիր է ստորագրել, որը կարելի է երկու երկրների միջև ստորագրված պայմանագրերի մեջ ամենակարևորը համարել»:

Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը, անդրադառնալով Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին, նշել է. «Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրները քննարկվում են Մինսկի խմբի շրջանակներում, բայց մի հարց կա, որն անհանգստացնում է Ադրբեջանին, և դա այն է, որ Շուշիում և Աղդամում գտնվող մեր մզկիթները սրբապղծվում են ու օգտագործվում է որպես անասունների գոմ: Այս պահին բանակցությունները չի կարելի ո՛չ դրական համարել, ո՛չ էլ բացասական, բայց Ադրբեջանը մտադիր է դիվանագիտական ճանապարհով լուծել հիշյալ հիմնախնդիրը: Թեև ադրբեջանական բանակը հզոր է, և մենք հնարավորություն ունենք ռազմական ուժով հետ գրավել մեր տարածքները, բայց Ադրբեջանի իշխանությունները դեռ շարունակում են դիվանագիտական հնարքներ՝ հարցը կարգավորելու համար:

Իրանը ցանկություն է հայտնել Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում իբրև միջնորդ հանդես գալ, ինչը ընդունվել է Ադրբեջանի կողմից: Բայց Հայաստանի իշխանությունները դա չեն ընդունում: Իհարկե, Իրանի և Հայաստանի միջև քաղաքական ու տնտեսական սերտ հարաբերություններ գոյություն ունեն, և մենք այդ հարաբերություններին միջամտելու կարողություն չունենք»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը