Friday, February 18, 2011

Մարզիկների փախուստը կանխելու նպատակով իրանական թեքվանդոյի հավաքականը չմեկնեց Հոլանդիա

Իրանական կայքերի փոխանցմամբ, Իրանի Մազանդարան նահանգի թեքվանդոյի հավաքականը Իրանի մարմնամարզական կազմակերպության արտասահմանյան խորհրդի կողմից թույլտվություն չի ստացել մասնակցելու Հոլանդիայում կայանալիք միջազգային մրցաշարին:

Մինչ այդ էլ իրանական բազմաթիվ հավաքականներ, առանց բացատրության, թույլտվություն չեն ստացել մասնակցելու եվրոպական երկրներում տեղի ունեցող մրցաշարերին:

Իրանի թեքվանդոյի նախկին չեմպիոն ու Մազանդարան նահանգի թեքվանդոյի խորհրդի նախագահ Ֆեյզոլլահ Նաֆջամը, անդրադառնալով այս լուրին, հայտարարել է. «Մենք այդ արգելքի պատճառով միլիոններ ենք կորցրել, որովհետև չվերթի տոմսերը գնել էինք, հյուրանոցը ապահովել էինք, բայց հանկարծ հայտարարել են, որ մեր հավաքականը իրավունք չունի մասնակցելու Հոլանդիայի միջազգային մրցաշարին: Հավանաբար նախկինում իրանցի մարզիկների փախուստը ու այլ երկրներում ապաստան ստանալն է այդ որոշման գլխավոր դրդապատճառը»:

Հատկանշական է, որ Ահմադինեժադի պաշտոնավարության տարիներին մեծ թափ է ստացել իրանցի մարզիկների փախուստը, երբ նրանք ազգային հավաքականներով մեկնում են եվրոպական մի երկիր ու այլևս չեն վերադառնում: Բացառություն չէ մարզական լրագրողների փախուստը ևս, որոնք պետական գործակալությունների կողմից մարզական լուրեր հաղորդելու նպատակով ճամփորդում են իրանական մարզական հավաքականների հետ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը