Tuesday, February 08, 2011

Իրանում Նիդերլանդների քաղաքացուն թաքուն թաղել են

Ինչպես հաղորդում է Նիդերլանդների պետական ռ/կ –ը, Իրանում մահապատժի ենթարկված Նիդերլանդների քաղաքացի Զահրա Բահրամիին, առանց ընտանիքին տեղյակ պահելու, թաղել են Թեհրանից 400 կմ հեռավորության վրա գտնվող Սեմնան քաղաքում:
Այդ մասին Բահրամիի դուստրը՝ Բանաֆշե Նաջիփուրը, հայտնել է մարդու իրավունքների պաշտպան Սադեղ Նաղաշքարին: Ըստ Նաջիփուրի՝ փետրվարի 6-ին Իրանի անվտանգության ծառայությունից իրեն զանգահարել ու ասել են, որ իրենք Բահրամիի դիակը հողին են հանձնելու Սեմնան քաղաքում և Բահրամիի ընտանիքից միայն մեկ հոգի իրավունք ունի մասնակցել նրա հուղարկավորությանը: Իսկ որովհետև Սեմնան քաղաքը Թեհրանից 400 կմ հեռավորության վրա է գտնվում, ընտանիքի անդամները հնարավորություն չեն ունեցել մասնակցելու նրա հուղարկավորությանը:
Մարդու իրավունքների պաշտպան Սադեղ Նաղաշքարի համոզմամբ, Իրանի իշխանությունների նմանօրինակ արարքը ապացուցում է, որ Բահրամին մահապատժի է ենթարկվել քաղաքական մեղադրանքով, այլ ոչ թե թմրանյութերի պահպանման ու վաճառքի պատճառով, որովհետև մինչ օրս մահապատժի ենթարկված թմրանյութերի մաքսանենգներին նման կերպ հողին չեն հանձնել:
Այդ կապակցությամբ Նիդերլանդների ԱԳ նախարար Ուրի Ռոզենթալը նաև հայտարարել է, որ խորհրդակցության նպատակով Թեհրանից հետ է կանչել Նիդերլանդների դեսպանին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը