Monday, February 14, 2011

Հզոր պայթյուն Իրանի «Ֆորդո» ատոմակայանի մոտակայքում


Փետրվարի 11-ին Իրանի Ղոմ քաղաքում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որը սարսափեցրել է տեղացիներին:

Իրանի լրատվական գործակալությունների հաղորդմամբ, պայթյունի պատճառը Ղոմ-Սալաֆչեգան գազամուղի վթարն է եղել: Իրանի գազային էներգիայի ընկերությունը իր հրապարակած հայտարարության մեջ, նշել է, որ Ղոմ-Սալաֆչեգան գազամուղը տեխնիկական պատճառներով վթարվել ու պայթել է։ Փրկարար ջոկատների ջանքերով հնարավոր է եղել չեզոքացնել հրդեհը:

Բացի պաշտոնական հրապարակումներից, Ղոմ քաղաքում բնակվող մի շարք բլոգերներ ևս փորձել են արձանագրել պայթյունի պահը: Նրանք նշել են, որ առավոտյան ժամը 6:00-ի սահմաններում հզոր պայթյունի պատճառով Ղոմ քաղաքը ցնցվել է, ինչը տևել է 10-15 վայրկյան:

Բլոգերների հաղորդմամբ, ժողովուրդը ենթադրել է, թե երկրաշարժ է, բայց երբ սարսափած մարդիկ փողոց են դուրս եկել, հսկայական կարմրանարնջագույն լույս են տեսել երկնքում, որը լուսավորում էր Ղոմ քաղաքը:

«Անդիշե Սաբզ» բլոգի հեղինակը այդ պահից լուսանկարներ ու մի տեսանյութ է տեղադրել իր բլոգում: Նա իր բլոգում գրել է. «Երբ ուժեղ ցնցումից արթնացա, նախ ենթադրեցի, որ երկրաշարժ է, բայց հետո հասկացա, որ ցնցումները ինչ-որ պայթյունի հետևանքով են: Բարձրացա տանիք ու տեսա մի հսկայական կարմրանարնջագույն լույս, որ դեպի երկինք էր բարձրանում: Հաջորդ օրը լուրերից տեղեկացա, թե պայթել է գազամուղը, բայց դա բնավ գազի պայթյունի նման չէր: Հնարավո՞ր է, որ «Ֆորդոյի» ատոմակայանն էր պայթել: Չէ՞ որ այդ պայթյունը շատ նման էր ատոմային պայթյունի»:

Ավելացնենք, որ պայթյունի ականատեսները հայտնում են, թե առաջին պայթյունից հետո 20 րոպեների ընթացքում երեք նմանօրինակ պայթյուն է տեղի ունեցել նույն ուղղությամբ:

Հատկանշական է, որ պայթյունը տեղի է ունեցել Ղոմ քաղաքի արևմտյան հատվածից 25 կմ հեռավորության վրա, որը շատ մոտ է Իրանի ուրանի հարստացման երկրորդ ամենամեծ՝ «Ֆորդո» կոչված ատոմակայանին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Առնչվող տեսանյութ

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը