Իրանի բարեկարգչական առաջնորդներից՝ Միր Հոսեյն Մուսավին, Kaleme լրատվական կայքի հետ հարցազրույցում, արձագանքելով վերջին 10 օրերի ընթացքում, իրենց դեմ ուղված իշխանական համակարգի ու պահպանողականների ծանր մեղադրանքներին, ասել է. «Նրանք օգտագործում են տոտալիտարների քարոզչական միջոցները: Այդ քարոզչությունը շատ նման է Ստալինի ու Չաուշեսկուի համակարգերի քարոզչությանը: Այս 10 օրերը լավ միջոց էր, որ ժողովուրդը նմանների ինքնության հետ ծանոթանա: Այսքան սուտ և մեղադրանքներ, որ ուղղվեցին մեզ, ցույց տվեցին, թե նրանց իսլամը ինչպիսին է: Սրանք ստախոսության մեջ գերազանցել են նացիստական քարոզչամեքենայի հեղինակ՝ Յոզեֆ Գեբելսին: Այս մարդիկ սուտն ու հերյուրանքը իրենց սնահավատ կրոնն են դարձրել: Իհարկե, այս բոլորի գլխավոր արմատը՝ իշխանության որոշ շրջանակների դիտանկյունն է, որով բնութագրում են ժողովրդին: Այդ շրջանակներում ժողովուրդն առհասարակ դիտվում է որպես ոչխար, և ճիշտ այդ դիտանկյունից է, որ նման մեծ ստեր են հորինում: Նրանք դեռ չեն հավատում, որ մեր ժողովուրդը զգացում և գիտակցություն ունի: Նրանք անգամ սարսափում են այն պատկերացումից, որ ամբողջ ժողովուրդը կարող է քաղաքացիական իրավունքի տեր լինել:»
Հարկ է նշել, որ բարեկարգչական մեկ այլ առաջնորդ՝ Մեհդի Քյարուբին վերջին օրերին նաև հայտարարեց, որ չի վախենում դատարան ներկայանալուց, միայն թող այդ դատավարությունը բացահայտ լինի: Քյարուբիի հայտարարությունից հետո, դատական իշխանության ղեկավարը հայտարարել էր, որ երկրի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ներկա իրավիճակում չի ցանկանում, որ բարեկարգչական պարագլուխները ձերբակալվեն:
Վերջին օրերին իշխանական պահպանողականները, իրենց անգամ Աստծու դերում տեսնելով, հայտարարել էին, որ Աստվածն էլ չի ներելու Մուսավիին, Քյարուբիին ու Խաթամիին:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment